Տնից տուն. Մարդիկ, ճակատագրեր

На данном изображении может находиться: один или несколько человек, люди стоят и на улице

Եղեգիսի/ Նախկին Ալայազ/ բնակիչ, Նախիջևանի շրջանի Զնաբերդ գյուղից գաղթած գրադանավար՝  80 ամյա Նուշիկ Փանոսյանի հուզիչ պատումը՝ այստեղ:

 

Բնիկ հայկական տարածք Նախիջևանը Ադրբեջանին բռնակցվելուց հետո արհեստածին այդ հանրապետության վարած հայատյաց քաղաքականության հետևանքով իսպառ հայաթափվեց հայոց պատմական հայրենիքի նշանավոր հատվածներից ևս մեկը:

Դեռևս 20-ական թվականներին՝ այսպես կոչված Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ստեղծման առաջին տարիներին, նախ պետական մակարդակով արգելվեց տարածքից 1918-20 թթ. բռնագաղթած հատկապես խոշոր հայկական բնակավայրերի բնակիչների վերադարձը իրենց հայրենի օջախները: Արդյունքում դարասկզբին Նախիջևանի բնակչության բացարձակ մեծամասնությունը (շուրջ 45 տոկոս) կազմող հայության թիվը զգալիորեն նվազեց՝ կազմելով ընդամենը 20-21 տոկոս: Այնուհետև նույն հատուկ քաղաքականության հետևանքով հայերի թիվը տարիների ընթացքում ավելի ու ավելի նվազեց, իսկ 1988 թ. նոյեմբերյան դեպքերի նախօրյակին կազմում էր ընդամենը 1,5 տոկոս:

Կես տոկոսը կազմում էին Նախիջևան, Ջուլֆա քաղաքներում և պատմական Գողթն գավառի տարածքի շուրջ մեկ տասնյակ գյուղերում (Ցղնա, Փառակա, Ռամիս, Բիստ և այլն) պահպանված հայության բեկորները (շուրջ 1200 մարդ), իսկ մոտ 1 տոկոսը (մոտ 2000 մարդ՝ շուրջ 450 ընտանիք) բնակվում էր պահպանված միակ հայաբնակ խոշոր բնակավայրում՝ Ազնաբերդ գյուղում:

Ազնաբերդը (բարբառով՝ Ըզնաբերդ, սխալ գրությամբ՝ Զնաբերդ, օտար անվանմամբ՝ Ազնաբյուրդ) տեղադրված էր Վայքի լեռնաշղթայի հարավային ստորոտին, պատմական Վասպուրական աշխարհի Նախճավան գավառի հյուսիսային մասում՝ Նախիջևան քաղաքից 35 կիլոմետր հյուսիս-արևմուտք: Գյուղը գտնվում էր պատմական Վասպուրական, Սյունիք, Այրարատ աշխարհների մի յուրօրինակ հանգույցում:

Ազնաբերդցիներն ավանդաբար զբաղվում էին այգեգործությամբ, խաղողագործությամբ, անասնապահությամբ, հացահատիկի մշակմամբ, ծխախոտագործությամբ, մեղվաբուծությամբ, շերամապահությամբ և տարբեր արհեստներով: Գյուղն ուներ գինեգործական կոմբինատ, գործում էին միջնակարգ դպրոցը, հիվանդանոցը, ակումբը, գրադարանը, մանկապարտեզը:

Ազնաբերդի դպրոցը հիմնադրվել է 1903 թ. սեպտեմբերի 23-ին (Հայաստանի ազգային արխիվ, ֆ.101, ց.1, գ.52, թ.10): Սկզբնական շրջանում գործելով որպես տարրական դպրոց՝ հետագա տարիներին դարձել է միջնակարգ կրթության ծաղկուն մի օջախ (աշակերտների թիվը հասնում էր 500-700-ի, ուսուցիչներինը՝ 25-30-ի), որի շրջանավարտներից շատերը, հետագայում ստանալով բարձրագույն կրթություն, գիտության, կրթության, պաշտպանության, սպորտի, առողջապահության և այլ ոլորտների բարձրորակ մասնագետներ էին դառնում: Նրանց թվում են եղել Հայրենական մեծ պատերազմում զոհված բանաստեղծ Թևան Խաչյանը և լեգենդար սպա Աբիսակ Բալասանյանը, պատմական գիտությունների դոկտոր Ռաֆայել Մանուկյանը, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ժորա Ամիրջանյանը, երկրաբանական գիտությունների դոկտորներ Վանիկ և Էդուարդ Բարսեղյանները, բժշկական գիտությունների դոկտոր Ռոլանդ Մեհրաբյանը, Հայաստանի և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Ռաֆայել Մեհրաբյանը, Հայաստանի վաստակավոր արտիստ, թառահար Ռաֆայել Վարդանյանը և այլք: Արմատներով ազնաբերդցիներ են նաև հայկական ֆուտբոլի աստղ Արկադի Անդրեասյանը, վաղամեռիկ շնորհաշատ երգչուհի Վարդուհի Վարդանյանը:

Գյուղի անունը ստուգաբանվում է հին հայերենի «ազն» (ցեղ, ազգ, տոհմ, սերունդ) և «բերդ» արմատներով, բառացի նշանակում է «ազգի բերդ», «ցեղի բերդ», «տոհմաբերդ»: Այս ստուգաբանությունն այնքան միանշանակ է, որ միանգամայն անիմաստ են դառնում ստուգաբանությունների այլ փորձերը (օրինակ՝ Ընծաբերդ, Ձնաբերդ և այլ ձևերից բխեցնելը): Ի դեպ, բնիկ հայկական Ազնաբերդ անունը կրող աշխարհագրական այլ վայրեր էլ են եղել պատմական Հայաստանի տարբեր գավառներում (օրինակ՝ բերդ և գյուղ Չորրորդ Հայք աշխարհի Հաշտյանք գավառում, հնավայր Տարոն աշխարհի Սասուն գավառում, լեռ Սյունիք աշխարհի Արևիք գավառում):

Բնակավայրի անվանումը անցյալի պատմաաշխարհագրական, ազգագրական, տեղագրական բնույթի բոլոր հեղինակավոր ուսումնասիրողների (Ղևոնդ Ալիշանի, Երվանդ Լալայանի և այլոց) երկերում, պատմաբան Արգամ Այվազյանի՝ Նախիջևանի պատմությանն ու հուշարձաններին նվիրված աշխատանքներում, հայկական հանրագիտարաններում, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների քառահատոր բառարանում բացառապես հիշատակվում է Ազնաբերդ ձևով: Սակայն 20-րդ դարի սկզբներից, հավանաբար դպրոցի ոչ տեղացի ուսուցիչների և հոգևորականների կողմից, շրջանառության մեջ է դրվել Զնաբերդ սխալ ձևը (ըստ երևույթին նրանք, լսելով «Ըզնաբերդ» բարբառային արտասանությունը, գրաբարի «զ» նախդիրով ձևերի գրության և արտասանության համաբանությամբ, գրավոր տեքստերում Զնաբերդ են գրել Ըզնաբերդ կարդալու միտումով (ինչպես՝ զգինի-ըզգինի, զհաց-ըզհաց և այլն): Սակայն իրականում Ազնաբերդի խոսվածքում անշեշտ «ա» ձայնավորը վեր է ածվում «ը»-ի («առավոտ» բառը դառնում է «ըռավոդ», «արածելը» «ըրաձիլ», «աղանձելը»՝ «ըղանձիլ», «արիշտան»՝ «ըռըշտա՚» Արիստակես անձնանունը՝ Ըռըստակյես, Աղավնաձոր գյուղանունը՝ Ըղնածոր և այլն): Ահա այս նույն օրինաչափությամբ էլ գրաբարյան Ազնաբերդ ձևը բարբառում դարձել է Ըզնապեռթ, որից էլ թյուրիմացաբար առաջացել է Զնաբերդ ձևը. սա սխալ է այն առումով, որ կարդացվում է ոչ գոնե բարբառային Ըզնաբերդ արտասանությամբ, այլ անորոշ և իմաստազուրկ Զընաբերդ ձևով (ինչպես զմուռս-զըմուռս, զնդան-զընդան, զնգալ-զընգալ և այլն):

Այսպիսով, գյուղանվան գրական ճիշտ ձևը Ազնաբերդն է, բարբառային ձևը՝ Ըզնաբերդը, իսկ գրության մյուս ձևերը (Զնաբերդ, Ազնաբյուրդ, Ազնաբյուրտ, Ազնաբիրթ և այլն), անշուշտ, սխալ են, աղավաղված կամ օտարահունչ:

Գյուղանվան մեզ հայտնի ամենահին հիշատակության մասին տեղեկություն է տալիս Ղևոնդ Ալիշանը իր նշանավոր «Սիսական» աշխատության մեջ: Այդ վավերագիրը քաղված է Իտալիայի Ճենովա քաղաքի Սուրբ Բարդուղիմեոս հայկական եկեղեցու բակում գտնվող ազնաբերդցի մի վաճառականի՝ Անանիայի որդի Հայրապետի 1697-ին թվագրվող տապանաքարից: Ալիշանը միաժամանակ նշում է, որ թեև հնագույն սկզբնաղբյուրներում հիշատակված չէ Ազնաբերդի անունը, այնուամենայնիվ գյուղը հայկական շատ հին բնակավայր է.

«[Խոքի] Արևելակողմն վիճակին է ձոր երկայնեալ ի Հիւսիսէ ընդ Հարաւ գետակն զոր ի դէպ է կոչել Ազնաբերդ՝ ոչ ժամանեալ յԵրասխ՝ սպառի ընդ երկրաւ. յորոյ գլուխս կայ փոքրիկ և նոր գիւղն Գարաղուշ, կիսով փարսախաւ ի Հարաւ Մ. Լիզբերդի: Նոյնչափ հեռի է յիւրմէն Ազնաբերդ, Ազնապիւրտ կոչեցեալ յայլազգեաց, ի կիցս երկուց վտակաց գետակին. անունն և աւերակք շինից կամ փոքրիկ գիւղից՝ ի Հարաւ կուսէ նորին, յայտ առնեն զի նշանաւոր բերդ և աւան եղեալ է ի հնումն, թէպէտ և ոչ ի հին ցուցակին և ոչ առ պատմիչս գտանեմք զդա յիշատակեալ. բայց անակնկալ իմն հանդիպմամբ գտանի յիշատակարան մի դամբանական ի տար աշխարհի, ի Գենուա (Ճենովա) քաղաքի Իտալիոյ, որ ընդ անուան գեղջն՝ ցուցանէ ևս զայն Գողթան գաւառի պատշաճեալ յþԺԷ դարու. և է այս արձան սղալագիր, ի Ս. Բարդուղիմէ եկեղեցւոջ Հայոց, յամի 1687, Հայրապետի ուրումն.

 

Այս է տապան Հայրապետին,

Որ է որդի Անանիային.

Սա յերկրէն է Գոխտան տանին,

և ի գեղջէն Ըզնայբերթին.

Վախճանեցաւ Հայոց թվին

Հազար հարիւր էրէսուն իւ վեցին,

և ապրէլի քսան և յնգին:

Ով յանդիպի այս տապանին,

Հայր մեր յերկինըս շնորհին

Վասն սիրուն Քրիստոսին:

 

Բնակիչք Ազնաբերդի բնիկ Հայք են և ոչ գաղթականք (տունք 43 առ Շոբենիւ և ոգիք 224), ընդ որս և 10 տուն մահմետականաց»: (ՂԱլիշանՍիսականՎենետիկՍՂազար, 1893, էջ 505):

Նշանավոր պատմաբան-աշխարհագրագետի կարծիքն էին հաստատում Ազնաբերդի տարածքում պահպանված պատմական հուշարձանները: Դրանք 9-13-րդ դարերին և ավելի վաղ շրջանների՝ ընդհուպ մինչև Ք.ա. 2-3-րդ հազարամյակներին են վերաբերում (Ա. Այվազյան, Նախիջևանի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1978, էջ 62-63): Այս փաստերը վկայում են, որ Ազնաբերդի տարածքում տարբեր ժամանակների հայկական բնակավայրեր են եղել, սակայն դրանք, հնարավոր է, կրել են նաև այլ անվանումներ:

Ազնաբերդի պահպանված պատմաճարտարապետական հուշարձաններից կանգուն էին Սուրբ Գրիգոր եկեղեցին (Ժամ), Սուրբ Հովհաննես (Սռվանես) և Սուրբ Հակոբ (Սրգագոփ) մատուռները, իսկ Սուրբ Թովմա Առաքյալի վանքը (Վանք, Թոփառաքել) և Սուրբ Հռիփսիմե մատուռը ավերված էին: Կային նաև մի քանի հնավայրեր և գյուղատեղիներ, երկու գերեզմանատ, բրոնզի դարի չորս բերդ, որոնցից ամենամեծն ու նշանավորը Ճահուկ (Չալխանի) բերդն էր՝ Ճահուկ (Քամարավոր) լեռան վրա: Սուրբ Գրիգոր եկեղեցում պահպանվել էին Հարություն և Հակոբ Հովնաթանյանների որմնանկարներից (17-րդ դարի կեսեր), որոնք ստեղծվել էին այն ժամանակ, երբ Շահ Աբասի կազմակերպած բռնագաղթից (1604 թ.) տասնամյակներ անց գյուղը կրկին վերականգնվել էր: Տարածքում կային նաև վաղ շրջանի (9-10-րդ դարերի) խաչքարեր: Այսօր, ցավոք, Նախիջևանի տարածքի մյուս հուշարձանների ճակատագրին են արժանացել նաև մեր պատմության այս բոլոր լուռ վկաները:

Ազնաբերդի պատմական հուշարձանների տարածքում պահպանվել էին նաև վիմագիր և որմնագիր արձանագրություններ: Դրանք հիմնականում Ս. Գրիգոր եկեղեցու, մատուռների տարածքներում, որմերում և որմնախորշերում տեղադրված խաչքարերի, տապանաքարերի վիմագրություններն են, ինչպես նաև եկեղեցու որմնանկարների մակագրությունները: Արժանահիշատակ է, որ Ս. Հովհաննես մատուռի մուտքի կամարի վրա պահպանվել էր նաև մատուռի (ըստ արձանագրության՝ եկեղեցու) շինարարության մասին արձանագրություն (1651): Որոշ վիմագրերում պահպանվել էին Ազնաբերդի խոսվածքի հետքերը (Ըռըստակէս, Ավուն(իս), (Ա)միր(ի)ճան, Ըզնաբերդ, քվօրն, անօրն, ուստայ):

Ազնաբերդի ողջ պատմության ընթացքում, ինչպես Հայաստանի բազմաթիվ այլ բնակավայրերում, նրա վիմագիր արձանագրությունները անխնա ոչնչացվել են, իսկ խորհրդային իշխանության առաջին տարիներին գյուղի նոր դպրոցը կառուցվել է Արևմտյան գերեզմանատանը պահպանված քաղկեդոնական (հունադավան) հայերի հունատառ արձանագրություններ ունեցող տապանաքարերով:

Ազնաբերդը Վայոց ձորի և հյուսիսային Նախիջևանի (պատմական Ճահուկ-Շահապունիք գավառ և Նախճավան գավառի հյուսիսային մաս) մյուս տեղաբնիկ գյուղերի հետ գտնվում էր պատմաազգագրական միևնույն շրջանում:

Թեև տարածքի հայ բնակչության գերակշիռ մասը խոսում է Խոյի բարբառով, սակայն Վարդենիսի և Զանգեզուրի լեռնաշղթաների միջև ընկած լեռնային այս տիրույթում դարերի ասպատակումներից և բռնագաղթերից, մասնավորապես 1604 թ. շահաբասյան հայտնի բռնագաղթից, մասամբ պաշտպանվելով, գոյատևել են նաև տեղական հինավուրց բարբառով խոսող բնակավայրեր (Վայոց ձորի մարզի Աղավնաձոր, Արենի, Արփի, Գնդեվազ, Գնիշիկ, Խաչիկ, Կեչուտ, Չիվա, Ռինդ, Հորս, Վերին Ազնաբերդ, մասամբ՝ Եղեգիս, Զեդեա, և Արարատի մարզի Եղեգնավան գյուղերը, մինչև 1988-ը՝ նաև Նախիջևանի Ազնաբերդ և Օծոփ գյուղերը), որոնց բնակիչներն իրենց անվանում են «հին հայեր»՝ ի տարբերություն տարածքում Խոյ-Սալմաստից վերաբնակվածների շառավիղների՝ «թազա հայերի»:

Ըստ ավանդական միահատկանիշ դասակարգման՝ այս խոսվածքը պատկանում է հայ բարբառների արևելյան խմբակցության «ում» ճյուղին և ունի պայթական բաղաձայնների երկաստիճան ձայնեղազուրկ համակարգ, իսկ ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի մշակած բազմահատկանիշ վիճակագրական սկզբունքների կիրառմամբ՝ միջակա դիրք է գրավում Արարատյան, Արցախի և Ջուղայի բարբառների միջև և գիտական գրականության մեջ անվանվել է Վայոց ձորի միջբարբառ (ԱՎարդանյանՎայոց ձորի միջբարբառըԵրևան, 2004):

Ազնաբերդցիներն ավանդապահ էին և նախնյաց սովորույթների հանդեպ խիստ հարգալից վերաբերմունք ունեին: Թեև խորհրդային շրջանում հավատքը պահպանվում էր հիմնականում կանանց շրջանում, ազգային-հոգևոր կարևոր տոներն ու ծիսակատարությունները այնուամենայնիվ մեծ խանդավառությամբ և բազմամարդ հավաքույթներով էին նշվում: Ժողովրդական տոնացույցի սիրված տոներն էին Սուրբ Ծնունդը, Նոր տարին, Սուրբ Սարգիսը, Տյառնընդառաջը, Ծառզարդարը, Զատիկը, Համբարձումը, Վարդավառը, Սուրբ Աստվածածինը, Խաչվերացը, Գյուտ խաչը, ինչպես նաև Աշխատավորների միջազգային օրը և Հաղթանակի օրը:

Տոները նշվում էին ծիսական հնամյա ուտեստներով և Ազնաբերդի հայտնի կարմիր գինիով: Թեև վաղուց չէր գործում եկեղեցին, ավանդաբար գոյատևում էին նաև հարսանեկան, հուղարկավորության, կնունքի և կենցաղային մյուս ծեսերը:

Ամենամեծ ժողովրդականություն վայելող տոնը Խաչվերացն էր՝ նախնիների հիշատակի օրը, որ բարբառով Խրով էր կոչվում տոնի ծիսական գլխավոր ուտեստի՝ թոնրի մեջ ամբողջական խորոված զոհաբերված ուլի անունով:

Հատկապես մեծ հանդիսավորությամբ և ավանդական բազմամարդ ուխտագնացությամբ էր նշվում Հայ առաքելական եկեղեցու Գյուտ խաչի տոնը: Ուխտագնացները տոնի օրը՝ հոկտեմբերի 26-ի մոտակա կիրակին, անցկացնում էին պատմական Շահապոնք գավառի Շամեն գյուղատեղիում գտնվող Ս. Խաչ վանքում (Օծոփ գյուղի մերձակայքում): Զորավոր այդ սրբավայրը բազմաթիվ մաշկային հիվանդություններ բուժելու պատճառով կրում էր նաև Քամո (բարբառով՝ «քամու») խաչ անունը: Շաբաթ լույս կիրակի գիշերը կամ լուսադեմին ուխտավայր էին հասնում ոչ միայն հյուսիսային Նախիջևանի, սահմանակից Վայոց ձորի և Սյունիքի հավատացյալ հայությունը, այլև մեծաթիվ քրդեր ու ադրբեջանցիներ: Ուխտավորները լուսադեմին զոհաբերություն-մատաղ էին մատուցում, ապա մոմավառությունից և աղոթքներից հետո երգում, ժողովրդական նվագարանների մեղեդիների տակ պարում էին մինչև ուշ երեկո:

Գյուտ խաչի տոնակատարությունները Հայաստանում ավանդաբար նշվել են մեծ հանդիսություններով և ուխտագնացություններով՝ մանավանդ դեպի այն վանքերն ու տաճարները, որոնք կրել են «Սուրբ Խաչ» անունը: Շամենի Ս. Խաչ վանքն էլ նման մի ուխտավայր էր, ուր պահպանվում էին հոգևոր այս տոնի խորհուրդները:

Անմոռաց այդ օրերին տողերիս հեղինակը մի բանաստեղծություն է նվիրել հայրենի սրբավայրին՝ Շամենի Սուրբ Խաչ վանքին.

 

Դեղնաճերմակ լեռների մեջ,

Լուռ, ամայի ձորերի մեջ,

Որդեկորույս դաշտերի մեջ

Շամենի վանք Քամո խաչն էր,

Ամենազոր Քամո խաչն էր:

 

Վաղուց գմբեթն էր խոնարհվել,

Կամար ու սյուն՝ քանդվել-թափվել,

Բայց առավել էր զորացել.

Շամենի վանք Քամո խաչն էր,

Ամենահաս Քամո խաչն էր:

 

Լույսն ու հույսն էր տառապյալի,

Մուրազատուն՝ անմուրազի,

Ճարն ու դարմանն էր հիվանդի.

Շամենի վանք Քամո խաչն էր,

Ամենագութ Քամո խաչն էր:

 

Ազնաբերդցիներն իրենց հող ու ջրին ամուր կառչած մարդիկ էին, նրանց չէին ընկճել ո՛չ անցյալ դարերի բռնագաղթերն ու հարստահարումները, ո՛չ թուրքերի դարասկզբի ավերիչ ներխուժումները, ո՛չ էլ խորհրդային շրջանում Ադրբեջանի վարած սպիտակ ցեղասպանության բացահայտ քաղաքականությունը, որին զոհ գնացին Նախիջևանի շուրջ յոթ տասնյակ հայ բնակավայրերը:

Ահա ինչ է գրում 1905 թ. մայիսի 10-15-ի դեպքերի մասին ժամանակակիցներից մեկը՝ պատմաբան Հովհաննես Տեր-Մարտիրոսյանը.

«…և Զնաբերդը, մի մեծ ու քաջ գիւղ, որը մինչև վերջն էլ կանգուն մնաց, չը նայած այն բանի, որ այդտեղ եղող 20 տան չափ թուրքերը դեռ ևս մայիսի 10-ին իրենց իրերով տեղափոխւելով շրջակա Կարաբաղլար և Խոկ գիւղերը, կազմակերպեցին մի շարք յարձակումներ Զնաբերդի դէմ:

Ճիշտ է, թուրքերը Զնաբերդի վրայ գործած յարձակումների ժամանակ կարողացան գիւղի հանդից քշել 300-ի չափ ոչխար, 140-ի չափ տաւար և սպանեցին երկու մարդ, բայց գիւղին մօտենալ անկարող եղան, և քաջ զնաբերդցին իր մեկուսութեան մեջ մինչև վերջն էլ մնաց անընկճելի» (Ա-Դո, Հայ-թուրքական ընդհարումը Կովկասում (1905-1906 թթ.), Երևան, 1907, էջ 83-84):

1918-20 թթ. թեև գյուղի բնակչությունը երկու անգամ գաղթել է, այնուամենայնիվ Ազնաբերդի ինքնապաշտպանության կազմակերպված ջոկատները օրեր շարունակ դիմադրել են թուրքական հրոսակներին՝ խաղաղ բնակչությանը պաշտպանելով անխնա կոտորածից և թալանից (ՀՍիմոնյանԱնդրանիկի ժամանակըԵրևան, 1996, էջ 208, 276):

1988 թ. ողջ ամռանն ու աշնանը գյուղի երիտասարդներից կազմված ինքնապաշտպանության ջոկատները կրկին գիշեր-ցերեկ հսկում էին տարածքը: Իսկ նոյեմբերի 22-ի մայրամուտին, երբ մերձակա ադրբեջանական գյուղերից հավաքված զինված ելուզակները հայտնվեցին գյուղի մատույցներում, արժանի հակահարված ստացան. սպանվեց 3 և վիրավորվեց 7 ադրբեջանցի:

Հայաստանից սպասվող կազմակերպված օգնության բացակայությունը, խորհրդային բանակի ադրբեջանամետ կեցվածքը, ինչպես նաև մայր Հայաստանին հասած անսպասելի մեծ արհավիրքը հուսալքեցին ազնաբերդցիներին: 1988-ի դեկտեմբերին նրանք թողեցին հայրենի եզերքը՝ երբևէ այնտեղ վերադառնալու անմար հույսը սրտներում…

Տեղահանությունից հետո ազնաբերդցիներն ամբողջությամբ բնակեցրին իրենց բնօրրանից ոչ հեռու գտնվող Վայոց ձորի Գյուլստան (Վերին Ազնաբերդ), մասամբ նույն մարզի Զեյթա (Զեդեա), Ալայազ (Եղեգիս) և Արարատի Շիդլու (Եղեգնավան) նախկինում ադրբեջանաբնակ գյուղերը, փոքրաթիվ խմբերով հաստատվեցին նաև հիշյալ մարզերի և Կոտայքի որոշ բնակավայրերում, ինչպես նաև Երևանում:

Ներկայիս այսպես կոչված Նախիջևանի Հանրապետության քարտեզներում այլևս չկա Ազնաբերդ անունը կրող բնակավայր: Ադրբեջանցի պատմահենները, արդեն չհավատալով իրենց իսկ աղճատած «Ազնաբյուրդ» ձևի մեջ «ադրբեջանական արմատներ» խցկելու երբեմնի նկրտումներին (իբր բխում էր «Ազիզ Նաբիին յուրդու»՝ «Ազիզ Նաբիի ամառանոց» անվանումից), գյուղն այսօր վերանվանել են… Չալխանկալա: Սակայն այս վերանվանափոխությունն էլ որքան տարօրինակ, այնքան էլ անհիմն և լկտի է նախորդի նման, քանի որ ընդամենը գյուղի տարածքում գտնվող հնագույն հայկական Ճահուկ բերդի (Ճահկաբերդ, Ճահկանբերդ) պարսկերեն անվանումից է հափշտակված:

Հայոց Նախիջևանն իր մայրամուտն ապրեց Ազնաբերդի անկմամբ, սակայն, ինչպես իրենց բնօրրանը կորցրած տարագիր ազնաբերդցիներից շատերն են համոզված, պայծառ մի օր Ազնաբերդից էլ կծագի նախիջևանահայության նոր արշալույսը…

Նյութի աղբյուրը՝  Անդին: Արտակ  Վարդանյան. «Նախիջևանի վերջին ամրոցը. Ազնաբերդ