Մեր օրերի փախրջին: Էդվարդ Ժամակոչյան

Օրն սկսեցինք Գյումրու քաղաքապետարանից, իսկ բացի դրանից, իմ օրակարգում ունեի ևս երկու շատ կարևոր հանդիպում «Մշակութային Գյումրի» նախագծի շրջանակում՝ հանդիպում-հարցազրույց Ժակլին Սարգսյանի և հանդիպում-հարցազրույց Մուշուրբի վարպետ Էդիկ Ժամակոչյանի հետ:

Ժակլինի հետ իհարկե հանդիպեցինք դպրոցում, եղանք արվեստանոցում և նախատեսված զրույցը կայացավ:

Ժամն է, որ պետք է գնամ վարպետի տուն՝ զանգում եմ, չի պատասխանում, զանգում եմ որդուն, կին է վերցնում, ա~յ քեզ բան, ի՞նչ է պատահել: Վերջապես հարսի հետ խոսեցի և հայտնեցի մտահոգությունս, ասացի պայմանավորված հանդիպման մասին: Հարսիկը հայտնեց, որ վարպետը վատառողջ է, անկողնում պառկած է: Ես խնդրեցի, որ ևս մեկ անգամ խոսի և հայտնի, որ Երևանից ենք եկել, հենց փոքր-ինչ լավ զգաց, թող հայտնի, կմոտենանք:

Անցավ մի քառասուն րոպե, վարպետ Էդիկը զանգ տվեց:

-Քնարի՛կ, շո՛ւդ  էգեք, քանի ոդի եմ կայնել:  Դու հմի ուրդե՞ղ ես:

-Ջիվանի փողոցում:

-Ինչո՞վ գուկաս:

-Դե տաքսիով, որ շուտ հասնեմ:

-Դե շոֆեռին կսես, որ բերի Մուշուրբի վարպետ Էդիկի տուն:

-Եղավ, անպայման:

Զանգ, տաքսի:

-Բարև՛ ձեզ, մեզ հարկավոր է արագ հասցնել Սունդուկյան 108, Մուշուրբա սարքող Էդիկի տուն:

-Էդ որտե՞ղ է, ի՞նչ սարքողի:

-Մուշուրբա՛ կլկլան բաժակ:

-Չգիտե՛մ, էդիգ ի՞նչ է:

-Ա~յ, զավեշտ: Մենք Երևանից եկել ենք, որ տեսնենք վարպետին, տեսնենք Գյումրու խորհրդանիշներից մեկը: Դուք տեղացի եք, ո՛չ փողոցը գիտեք, ո՛չ վարպետին, ո՛չ էլ բաժակը:

-Քուրի՛կ ջան /ուշքս գնում է, որ ինձ էդպես են դիմում՝ զայրանում եմ/, ես տասներկու տարի էստեղ չեմ, չիդեմ: Հեսա կգտնենք:

Մի կերպ տեղ հասանք:

-Բարև՛ ձեզ, բա ինչո՞ւ եք հիվանդացել, ի՞նչ է պատահել:

-Հե~չ, թոդոլ ինֆակդ է խփել, էդիգ շատ լուրջ է, բայց կանցնի:

-Վարպե՛տ Էդիկ, փախրչի՞, թե՞ ժեշտանչի:

-Չէ՛, փախրջի՛, այսինքն՝ պղնձագործ, ժեշտանչիգը ըդիգ ուրիշ բանա լռիվ:

-Էդ թիթեղագործն է:

-Հա՛, էդիգ թիթեղագործն է, գիդե՞ս պեչկի տռուբեքը, այ ըդիկ իրենք կենեն:

-Ծնունդով որտեղի՞ց եք:

-Որ ըսեմ Լոս Անջելոսից, կhավադա՞ս:

-Չէ՛, կարող է Էրզրումից եք:

-Ծնունդով Գյումրիից եմ:/ Աշխատում է արծաթե մուշուրբայի վրա, մկրատով բաժակի եզրերն է կտրում, մշակում/

-Վարպե՛տ Էդիկ, շատ ուրախացա, որ Ձեր շնորհը փոխանցել եք Ձեր որդուն:

-Հա՛, էս փոքրս է, մեծը չէ,  չունի հավես, նախ մեծս ստեղ չէ, մեծը Մասկվա է, չկա ըդպես տունըմ, օր Ռուսաստանի Դաշնությունում  մեգմ չունենա: Ցավալի վիճագ է Հայաստանում, պատկերցնեք գը: Շատ դժվար է, շատ: Ինչխոր հայերս երկրորդ սորտի մարդ էղնինք:  Ո՞վ է ձեզի թույլ տվել, երբ օր հայերը թատրոն ունեին, ռուսները ծառերի վրա ման գուկային:

-Ինչի՞ց եք սովորաբար պատրաստում, էդ ի՞նչ նյութ է՝ պղի՞նձ է:

-Էսիգ արծաթ է:

-Ընդհանրապես ի՞նչ նյութից եք պատրաստում:

-Լատոն, պղինձ, արծաթ, արույր, մի ժամանակ մեխլյոր կար, շատ կավառնի մետաղ էր:

-Ինչո՞ւ է Մուշուրբա կոչվում:

-Էդ թուրքերեն  բառ չէ: Ո՞վ էր՝ մի անգամ ասեց, չեմ հիշում, արաբերեն է, եթե չեմ սխալվում, խմել կնշանակե բառը՝ մուշուրբ: /Մուշուրբա բառը չկա ոչ Հր. Աճառյանի «Արմատական բառարանում», ոչ էլ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի»-ում, ինչը վկայում է բառի շատ ուշ շրջանում կատարված փոխառության մասին: Մուշուրբա բառն ունի արաբական ծագում mi(e)šrebe=mašrapa, որը թուրքերենից է անցել հայերեն բարբառներին: Պոլսի բարբառում հայտնի է մօրշուփա-moršupa, Վանի բարբառում մուշուրբա ձեւերով, որը, ըստ ակադեմիկոս Հր. Աճառյանի, նշանակում է «ըմպանակ, ջրի թիթեղեայ մեծ բաժակ» (Թուրքերէնի ազդեցութիւնը հայերէնի վրայ եւ թուրքերէնէ փոխառեալ բառերը Պօլսի հայ ժողովրդական լեզուին մեջ…, էջ 21; Թուրքերէնէ փոխառեալ բառերը Պօլսի հայ ժողովրդական լեզուին մեջ…, էջ 241): /

-Գիտեմ, որ հորից եք ժառանգել արհեստը՝ Սուրենից:

-Սուրենին  կճանչեի՞ր դու:

-Կարդացել եմ:

-Մի քիչ, հա՞:

-Հա՛, հայրիգը….Ես է~~~, ինչքան հաց բիդի ուդեմ, որ վարպետ Սուրեն դառնամ: Բոլոր ճյուղերում հայրս ուժեղ էր, շա~տ, լավ որսորդ էր:

-Դուք Ձեր աչքը բացել եք ու Ձեր վարպետ հայրիկին եք տեսել Մուշուրբա սարքելիս:

-Չէ՛, հայրիգս աշխատել է շոգեքարշային դեպոյում, իսկ սովորել է էս արհեստը իրա հայրիգից՝ իմ պապիկից: Իրանք  Էրզրումից գաղտած են եղել,  1895-96 թ-ին են գաղտել, ճիշտ չեմ կարող ասել, էդ ժամանակ են գաղտել: Էրզրումը գիդեք, չէ՞, դե  որ գիդեք, էլ ինչ ըսեմ:

-Գործիքնե՞րն էլ հայրիկինն են: Էստեղ մի երգու մուրջ կա, որոնք,  մենք ենք պատրաստել, մնացածը էրզրումից են: Էս մկրատն էլ է Էրզրումից, մի հադ էլ կա ընդեղ , էլի էրզրումից:

Վարպետ Էդիկը և որդին աշխատում էին, Էրզրումից բերված գործիքներով՝  8 «չագուչ» և երկու մկրատ:

-Ազգանունը՝ Ժամակոչյան, որտեղի՞ց, կարծես թե դա կապում է եկեղեցու հետ, կա՞ն ձեր ազգում եկեղեցականներ:

-Հա՛, մեր ցեղում ժամհար ենք ունեցել, այդտեղից էլ Ժամակոչյան ազգանունը: Իհարկե, մի փոքր տարօրինակ է, որ իրանք, էղնելով պղնձագործներ, էդ ազգանունն են վերցրել, բայց դե ըդիկ էնքան շուտվա բան է, որ հմի հեչ մարդ էլ չի կրնա ըսե, թե ինչի, փաստն էնիգ է, որ մերոնք վախտին գաղտել են Էրզրումից: Էդ վախտ երկու ախպերով սաղ Հայաստան ման են եկել, վերջն  էլ էկել են Ալեքսանդրապոլ : 1906 թ. ծնվել է  ստեղ իմ հայրը` Սուրեն Ժամակոչյանը: Ու  իրանց արհեստով կաշխտեին, կզբաղվեին փախրջիությամբ: Ալեքսանդրապոլում` Միլիտոս ու Վահան Ժամակոչյանները շատ  արագ կարողան գը ապրուստի, տան ու խանութի տեր դառնալ: Հետո իրենց կուլակաթափ կենեն ու խանութները կկորցնին:

Պապերիս Մուշուրբեն կլկլոց չուներ, ըդիգ հերս է հորինել:

-Գործի մեջ ամենադժվարը ի՞նչն է:

— Հո՛ւմքն է, դժվարությամբ է ճարվում:

-Մենք չունե՞նք:
-Մե՞նք: Սաղ կրեցին ֆուռերով տարան, ծախեցին Իրանում, Թուրքիայում էլ չգիդեմ որտեղ:

-Ինչքա՞ն նյութ է անհրաժեշտ մի Մուշուրբի համար:

-Դե, արծաթի համար 400 գրամ, իսկ արույրի, պղնձի համար չեմ հաշվել՝ մե լիստ ըմ:

-Առաջ 600 դրամ էր, հիմա 6000 դրամ է:

-Ինչքա՞ն ժամանակ է հարկավոր մեկ մուշուրբա պատրաստելու համար:

-8 ժամ:

-Ի՞նչ  կարևոր առանձնահատկություն պետք է ունենաս էս արհեստի համար:

-Համբերություն:

-Աշակերտներ չունե՞ք:

-Չէ՛, սրանից մե տասը տարի առաջ ունեի, բայց հիմա չէ: Համբերություն չունին: Տղես է հիմա սովորել, աշխատում, հետո էլ իր որդին կշարունակի ու էդպես կգնա:

-Արհեստագործական դպրոցում է՞լ չեք դասավանդի, չեք կարծում, որ դա շատ կարևոր է, որ արհեստը չմեռնի, գաղտնիքներն են էլ փոխանցվեն:

— Չէ: Կուշդ եմ: Գաղտնիք չկա: Էդ երկու ծագն է իրար դիմաց, ու երբ ջուրը լցվում է բաժակի մեջ, պղպջակներ  առաջանան գը, ու  հենց պղպջակներն էլ արձակում են էդ անսովոր գլգլոցը՝ բուլ-բուլ-բուլ-բուլ…

-Վարպե՛տ Էդիկ, Հայաստանում միայն դո՞ւք եք և միայն Գյումրիո՞ւմ է, որ պատրաստվում է մուշուրբա:

-Հա՛, ե՛ս եմ: Ուրիշ տեղ չկա: Կան էլի պատրաստողներ, բայց ընոնք մե լիստից չեն սարքե, մե քանի կդորից կհավաքեն:

/Շարունակ մուրճի հարվածներն են լսվում՝ չխկ-չխկ-չխկ… /

-Էս ձայները չեն խանգարո՞ւմ տնեցիներին, չեն բողոքո՞ւմ:

-Չէ՛, սովոր են: Փոքր թոռս՝ Անահիտը, հենց մե ուրիշ ձայն կլսե, կարթնընա, բայց էս ձենին սուս կքնե: /Աչքերը թացոտվեցին/:  Քանի ես կամ, կաշխատեմ, որ իմ ձագերը լավ ապրեն, հե~չ բանի կարիք չունենան:

-Շնորհակալ ենք, վարպետ ջան զրույցի համար: Մենք գնանք, առողջացե՛ք, շե՛ն մնացեք:
-Մյուս անգամ առանց զանգելու կգաք ու նկարներն ու զրույցն էլ հետդ կբերես:

Չխկ-չխկոց, սև ճաքճքած ձեռքեր ու հումորով լի թաց աչքեր, ջերմությամբ լցված տուն….սա մնաց զրույցից:

1945թ ծնված 73-ամյա Էդիկ Ժամկոչյանը Գյումրիի խորհրդանիշ համարվող «մուշուրբա» (կլկլան բաժակ) պատրաստող միակ վարպետն է:

Հարցազրույցը՝ Քնարիկ Ներսիսյանի

Տեսանկարահանումը՝ Քնարիկ Ներսիսյանի, Լուսինե Բուշի, Գոռ Խլոյանի

Լուսանկարները՝ Գոռ Խլոյանի

Խմբագրմանը մասնակցեցին՝ Վահրամ Թոքմաջյանը, Քրիստինե Շահբազյանը

Оставьте комментарий