Ֆրիդրիխ Նիցշե

Фото Ֆրիդրիխ Նիցշե.

Ֆրիդրիխ Նիցշե և Լու Սալոմե

 Փիլիսոփաների սրտակերը. Լու Սալոմե

Այս ռուս կինը խորաթափանց է ինչպես արծիվ, զորեղ՝ առյուծի պես
և միևնույն ժամանակ չափազանց կանացի է…
Ֆրիդրիխ Նիցշե

Այս հոդվածը նվիրված է մի կնոջ, ով իր մտավոր և անձնային որակներով, անկոտրում կամքով կարողացել է սևեռել իր վրա ժամանակի խոշոր մտածողների ուշադրությունը: Դժվար թե գտնվեր մի տղամարդ, ով ծնկի չգար նրա ուժի առջև: 20-րդ դարասկզբի գերմանացի գրող Կուրտ Վոլֆի բնորոշմամբ. «Վերջին 150 տարիների ընթացքում ոչ մի ուրիշ կին այնքան մեզ ազդեցություն չի ունեցել գերմանախոս շրջանակների վրա, որքան Լու ֆոն Սալոմեն»:

Լու Անդրեաս-Սալոմեն (1861-1937թթ.) ծնվել է Պետերբուրգում, գերմանական արմատներով ազնվականի ընտանիքում: 1880թ.-ին ուղևորվելով Շվեյցարիա և Իտալիա՝ Սալոմեն հայտնվում է ժամանակի ուսյալ կանանցից Մալվիդա ֆոն Մայզենբուրգի սալոնում, ով սերտ հարաբերությունների մեջ էր Գարիբալդիի, Նիցշեի և Վագների հետ: Երիտասարդ աղջիկը շշմեցնող տպավորություն է թողնում ամենքի վրա: Իրար ետևից ամուսնության առաջարկներ էին տեղում նրա վրա, բայց Սալոմեն սառնասրտորեն մերժում էր դրանք: 1882թ.-ին Նիցշեն ծանոթանում է նրա հետ ընդհանուր բարեկամի՝ Պոլ Ռեյոյի շնորհիվ: Սալոմեն իր հիշատակարանում նշում է, որ իրենց առաջին հանդիպման ժամանակ Նիցշեն ասել է. «Ո՞ր աստղերն արդյոք հանդիպեցրին մեզ»: Այս բարեկամությունը վերաճում է այսպես կոչված «մտավորականների եռյակի», ինչպես տեսնում եք լուսանկարում (1882թ.): Արդեն հասկանալի է, թե ինչպիսի իշխող դիրք ուներ այս հարաբերության մեջ 21-ամյա Սալոմեն, ով հաջողեցրել էր այսպես լծել երկու փիլիսոփաներին և մտրակով կառավարել նրանց:

Թեև Ռեյոյի և Նիցշեի կողմից ամուսնության առաջարկները Սալոմեն մերժել էր, բայց համատեղ ճամփորդությունների և գիտական զրույցների ընթացքում մտերմությունն աստիճանաբար սերտանում էր և Նիցշեի համար Սալոմեն երկար ժամանակ մուսա է հանդիսացել: Նիցշեն անդադար կրկնում էր, որ Սալոմեն իրեն հանդիպած մարդկանցից ամենախելացին է և համարում էր նրան իր փիլիսոփայության մարմնավորում, անգամ նրա բանաստեղծությունների համար երաժշտական կոմպոզիցիա է մշակում, որն անվանում է «Ձոն կյանքին»: Նիցշեագետները հակված են կարծելու, որ Նիցշեի «Այսպես խոսեց Զրադաշտը» գաղափարապես և գրական հորինվածքի առումով մեծապես ազդված է Սալոմեից: Երեք մտավորականների համակեցությունը թեև ծառայեց նրանց ստեղծագործական վերելքին, բայց Նիցշեն աստիճանաբար հիվանդագին լարվածության մթնոլորտ էր ստեղծում: Նա խանդի մոլեգին պոռթկումներ էր ունենում, չէր ցանկանում կիսել Լուին ո՛չ Ռեյոյի, ո՛չ մեկ ուրիշի հետ: Վերջիվերջո այս ընկերական դաշինքը կազմալուծվեց:
Նիցշեի և Սալոմեի հարաբերությունների խզման պատճառ է դառնում նաև Նիցշեի քրոջ՝ Եղիսաբեթի, Սալոմեի հանդեպ ագրեսիվ և թշնամական կեցվածքը: Նա անվանում էր Սալոմեին «արնախում գիշատիչ» և փորձում էր դուրս քաշել եղբորը նրա ցանցից: Փաստորեն, քրոջ մտահոգությունն անտեղի չէր. մի քանի տարի անց Ռեյոն իրեն զառիթափից ցած նետեց Շվեյցարիայում, իսկ Սալոմեի անհույս փեսացուներից մի քանիսն ինքնասպանության փորձեր կատարեցին:
Վերջիվերջո Նիցշեի աչքերից շղարշը վայր է ընկնում և նա անասելի դառնությամբ է լցվում Սալոմեի հանդեպ, սկսելով անվանել նրան «բացարձակ չարիք»: Ահա թե ինչ է գրել նա Սալոմեին իր վերջին նամակներից մեկում. «Ես լքում եմ քեզ բացառապես քո սարսափելի բնավորության պատճառով: Ես չեմ ստեղծել աշխարհը, ես չեմ ստեղծել Լուին, բայց եթե ես ստեղծելու լինեի քեզ՝ մի քիչ սեր կտայի քեզ իմ հանդեպ…»: Բաժանումից հետո սրտնեղած և աշխարհում իր տեղը չգտնող փիլիսոփան դառնության պահին ասել է իր հայտնի մտքերից մեկը, որը վստահաբար հասցեագրված է Սալոմեին. «Գնում ես կնոջ մոտ՝ մտրակը չմոռանաս վերցնել»:
Սալոմեի հաջորդ զոհը մոդեռնիստ գրող և փիլիսոփա Ռայներ Ռիլկեն էր, ով անդադար սիրային բանաստեղծություններ էր ձոնում նրան, հրաժարվում էր ամեն ինչից նրա կողքին լինելու համար, անգամ փոխեց իր անունը (Ռենե) հետևելով նրա հորդորին՝ բայց զուր: Սալոմեն հեռացավ նրանից, այս անգամ հարաբերություններ սկսելով Զիգմունդ Ֆրեյդի հետ, ով երկար տարիներ նրան մասնակից էր դարձնում իր հոգեվերլուծության պարապմունքներին և նույնպես հիացած էր նրանով:
Ամուսնանալու որոշումն անգամ Սալոմեն կայացրեց իմիջիայլոց. կապելով իր կյանքն արևելագետ Ֆրիդրիխ Կարլ Անդրեասի հետ: 40 տարվա համատեղ կյանքի ընթացքում նա այդպես էլ ամբողջովին չտրվեց նրան, ինչի պատճառով Անդրեասը ինքնասպանության փորձ կատարեց՝ իր կուրծքը դանակ խրելով: Զարմանալի է, բայց ամուսնական պայմանագրում հատուկ կետ էր մտցված, որ նրանց ամուսնական հարաբերությունները զուտ պլատոնական բնույթ են կրելու: Այս կնոջ կյանքը փաստորեն անցավ կղզիացած վիճակում, նա չունեցավ լիարժեք ընտանիք, զավակներ:
Այս ամենին հետևյալ բացատրությունն է տալիս շվեյցարացի հոգեվերլուծաբան Պոլ Բյերը. «Նա կարող էր հափշտակվել իր կողքին ներկա անձով միայն ինտելեկտուալ առումով, բայց երբեք իր հոգին չէր դնում այդ հարաբերության մեջ: Չի կարելի ասել, որ նա սառցասիրտ էր, բայց ունակ չէր հուզականորեն տրվելու դիմացինին: Հավանաբար, սրանում էր պարունակված նրա կյանքի ողբերգությունը: Նա ուղիներ էր փնտրում ազատվելու իր իսկ ուժեղ անձնավորությունից, բայց ապարդյուն:

Այսպես խոսեց Զրադաշտը

Տասը տարի լեռներում միայնակ ապրելուց հետո Զրադաշտը սարերից իջնում է մարդկանց մոտ, որպեսզի հայտնի նրանց Գերմարդու մասին: Նա զարմանում է, երբ հանդիպում է Աստծո մասին խոսող ճգնավորին: Չէ՞ որ աստված մեռել է: Քաղաքում Զրադաշտը տեսնում է լարախաղացի արվեստով հիացող ամբոխին և խոսում է նրանց հետ Գերմարդու մասին: Կոչ է անում մարդկանց հավատարիմ լինել հողին և չհավատալ ոչ երկրային հույսերին: Լարախաղացը ծաղրածուի ջանքերով ընկնում է և մահանում: Զրադաշտը վերցնում է նրա դին և հեռանում է: Նրան են հետևում օձը և արծիվը:

Տասներկու առակներում Զրադաշտը ծաղրում է կեղծ բարոյականությունը: Պատմում է երեք փոխակերպությունների մասին: Ոգին ուղտ է, որին բեռնում և լծում են: Տենչալով ազատություն՝ ուղտը վերածվում է առյուծի, որը փշրում է սովորույթների և բարոյականության հաստատված կարգը: Սակայն նա չի կարող դառնալ արարող առանց երրորդ փոխակերպության: Նա պիտի վերածվի մանկան:

Զրադաշտը անիծում է եկեղեցականներին, որոնք կոչ են անում սպանել մարմինը: Փառաբանում է զինվորներին, որոնք պատրաստ են գնալ մահվանն ընդառաջ և այդկերպ հաղթահարում են իրենց մեջ մարդուն: Պետությունը միֆ է, որի հաղթահարումը ևս կապված է նոր մարդու հայտնության հետ: Չարիքին բարիքով պատասխանելը հիմարություն է, քանզի փոքրիկ վրեժն ավելի մարդկային է վրեժի բացակայությունից: Մարդը նման է ծառի, որի սաղարթը վեր է խոյանում երկինք բարիքի ուղղությամբ, իսկ արմատները մխրճվում են չարիքի և մեղքի մեջ:

Մարդը մայրամուտն է այն տեսակի, որը շարժվում է դեպի Գերմարդը: Բոլոր աստվածները մեռել են: Եկել է Գերմարդու ապրելու ժամանակը:

Զրադաշտը հեռանում է իր քարանձավը: Տարիներ անց նա նորից վերադառնում է մարդկանց մոտ: Նա ունի նոր առակներ: Կրոնը բոլոր համայն ուղիղը ծռող միտք է: Հավասարությունը կեղծիք է: Բոլոր իմաստունները ծառայել են սնոտիապաշտությանը: Իսկական իմաստունը երբեք չի ապրել քաղաքներում: Նրա տեղը անապատն է: Պոետները չափազանց իգական են: Մակերեսային են և ոչ հետևողական: Միայն իշխանության կամքը կարող է նոր արժեքներ ստեղծել:

Իրեն չհասկացող ունկնդիրներին թողնելով՝ դառնացած հեռանում է:

Որոշ ժամանակ անց նա դարձյալ ճամփա է ընկնում: Խոսում է ծանրության ոգու մասին, որն ինչպես գաճաճը լծել էր իրեն և ուզում էր քարշ տալ իր անդունդը: Միայն արիությունն է փրկում փիլիսոփային: Այդ ծանրությունը բարին ու չարն են:

Ամեն բանի վրա իշխում է պատահականությունը: Իսկ երջանկությունը կին է: Մարդիկ ամեն բան փոքրացնում են: Գայլին դարձնում են շուն, իսկ իրենք իրենց՝ ձեռնասուն…

Զրադաշտը փառաբանում է հեշտասիրությունը, իշխանատենչությունը և ինքնասիրությունը: Սրանք բնական կրքեր են և կանխորոշելու են ազնվականության նոր տիպը: Ուժեղ լինելու համար հարկ է ունենալ լայն հոգի, որը ունակ է նետել իրեն ամենայն պատահականի մեջ: Նա փառաբանում է մարդու մեջ եղած ամենայն չարը, քանի որ դա մեծ ուժ է մարդու ձեռքին: Այս քարոզներից հետո գազանները կոչում են Զրադաշտին հավերժական վերադարձի ուսուցիչ:

Զրադաշտը ծերանում է: Նրա մազերը սպիտակում են: Նա հավատում է Զրադաշտի հազարամյա թագավորությանը: Մի օր օգնության կանչ է լսում: Տեսնում է մռայլ մարգարեին, երկու թագավորների և ավանակի, վերջին պապին, կամավոր չքավորին և ստվերին: Նրանք ուզում են գտնել բարձրագույն մարդուն:

Հոգնած Զրադաշտը վերադառնում է քարանձավ և գտնում է այնտեղ ցերեկը հանդիպած անցորդներին: Նրանց մեջ են օձը և արծիվը: Կազմակերպում է ընթրիք, որտեղ բոլորը խմում են գինի, ուտում են գառնուկներին և փառաբանում են Զրադաշտի իմաստնությունը: Բոլորը, անգամ ավանակը, աղոթում են: Զրադաշտը իր հյուրերին կոչում է «ապաքինվող» և փառաբանում է մեծ Կեսօրի գալուստը:

Առավոտյան Զրադաշտը լքում է քարանձավը:

 

Տես նաև Ֆրիդրիխ Նիցշե «Ողբերգության ծնունդը»

Հատվածները՝ Իրվին Յալոմի «Երբ արտասվեց Նիցշեն» ֆիլմից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s