Բազմաթիվ գուշակությունները Նոր տարվա անբաժան մասն էին կազմում: Ջավախքում նոր տարուն տնից առաջին անգամ դուրս գալիս հայրը գոմ էր մտնում տնեցիների ուղեկցությամբ , ձին քաշում գոմի մեջտեղը, և բոլորն անհամբեր սպասում էին, թե ձին ինքնուրույն ո՞ր ոտքը առաջինը կբարձրացնի: Աջը բարձրացնելը մեծ բարեբախտություն էր գուշակում, ձախը`ձախորդություն: Նույն Ջավախքում հունվարի 1-ն առհասարակ «բախտ-փորձուկ» էր: Երիտասարդ տղաներն ու աղջիկները նախորդ օրը թխված «ղառղռի կլիկները»` կլոր, փոքրիկ հացիկները դնում էին կտուրներին կամ դեզերի վրա և հետևում, թե դրանք կտցող ագռավները ք՞ր կողմը կթռչեն. Այդ կողմից էլ սպասվում էր հարսնացուն կամ փեսացուն: Կիպրոսի հայերը նույն գուշակությունն անում էին եղան հետ.հունվարի 1-ի առավոտյան տանտերը գոմ էր մտնում, լայանտերև թփով հարվածում պատերին, մսուրին, բոլոր ընտանի անասուներին, աապա երկու կլոր խմորեղեն հագցնում սիրելի եզան կոտոշներին, այդ խմորեղեններին երկու վառվող մոմ փակցնում և եզանը դեպի դուռը հրում. Եթե եզը դռան սեմը աջ կճղակով անցներ` բարի նշան էր, եթե ձախ` վատ, չարագուշակ: Ուստի ամեն ջանք գործադրում էին, ար եզը աջ կճղակով անցներ:
Այլ վայրերում գիշերը, երբ տնեցիները նստում էին մոմի լույսի ներքո և մոմի լույսից պատերին գծագրվում էին ստվերները, այդ ստվերների ձևերով, լուսավորության ու դժգունության աստիճանով գուշակում էին դրանց տիրոջ լուսավոր կամ մութ, անորոշ ապագան տվյալ տարվա համար: Աղջիկներն էլ ձուն մաքուր լվանում էին, ,մի թասի մեջ ճերմակ ձվի կողքին դնում էին ածուխ ու հինա և գիշերը թողնում թոնրի շրթին: Եթե առավոտյան ձուն կարմրած լիներ, ենթադրում էին, որ այն դնող աղջիկն այդ տարի կարմիր բախտի կարժանանա, այսինքն ` կամուսնանա, սևանալու դեպքում սև բախտ էր սպասվում, նույնիսկ` մահ: Աղջիկների ճակատագրի գուշակության մեկ այլ ձև էր այն սովորությունը, երբ նրանք գիշերը երեք անգամ ավլում էին թոնրի պատերը և այդ նույն ավլելը գիշերը դնում իրենց բարձի տակ: Եթե առավոտյան ավելի ճյուղերից ոչ մեկը ջարդված չէր լինում` լավ ճչակատագրի էր գուշակվում:
Գոըշակություններից զատ, մի շարք միջոցներ էին ձեռնարկում հաջողություններն ապահովելու: Նախ, խուսափում էին որևէ մեկին փոխ տալ, հատկապես` թթխմոր, դրամ, առհասարակ ծախս չէին անում: Առավոտյան տան դուռն առաջինը տան մեծն էր բացում, որ նա ծատ տարիներ իր տանից անպակաս լիներ: Առավոտյան վաղ նոր բերած ջուրը հեղում էին տան անկյուններում` տան առատությունն ապահովելու համար, նույն նպատակով յոթ տան աղբանոցից փայտի խշուրներ էին հավաքում և գցում իրենց աղբանոցը, միմյան ցնվերներ էին տալիս, հատկապես մեծերը` փոքրերին: Վաղ առավոտյան տան մեծը մատուցարանի մեջ շարում էր հաց, գինի, մեղր և չորս խնձոր, որոնց վրա չորս մեղրամոմ էր վառվում:Մատուցարանը տանելով տան չորս անկյունները` ասում էր. «Անուշ արեք, ովքեր չեք երևում, շնորհավոր Նոր տարի»: Ապա դուրս էր գալիս և աղոթում Աստծուն, խնդրելով, որ ամբողջ տարին իր տան համար անցնի այնպես քաղցրությունով, ինչպես քաղցր էմատուցարանը, տուն մտնում, տան բոլոր անդամներին հրավիորւմ ճաշակելու հացից ու մեղրից, ասելով` «Էսպես քաղցր պառավես»: Մեղրից խաչաձև քսում էր դռան ճակատին և վառած մեղրամոմի ծխով սևացնում քսած տեղը, մի կարմիր շոր կապում և ներս մտնելով` երեխաներին բաժանում նրանց համար թխված խմորեղենները: Դրանից հետո, մինչ նա «կաղնդում» էր հավերին, տան տղամարդը «կլկլաներն» առած մտնում էր գոմ` նախապես գոմի դռան վերևը մեղրով խաչ քաշելով, գոմեշների աջ եղջյուրին մի-մի կլկալ անցկացնում, բերաններին մի քիչ մեղր քսում:
Նոր տարվա գիշերը Նոր նախիջևանցիները վախենում էին «Խոնջոլոզների» և «Առայիմ-թառայիմ» -ների երևալուց: Խոնջոլոզները տանիքներում, կտուրի տակ ապրող էակներ էին, պատռված հագուստներով, որոնց ծվեններից երկաթե գնդեր էին կախված: Եթե նարնցհաջողվում էր որևէ մեկին բռնել, նստում էին նրա վրա և ճնշում իրենց ծանրության տակ: Առայիմ-թառայիմները պատկերացվում էին երկաթե երկար եղունգներով, երակր ու սպիտակ մազ-մորուքով: Սրանք հիշեցնում էն պարսկահայերի «Խլվլիկը» :
Որոշ տեղեր Նոր տարվա հետ հմայում-հեռացնում էին բոլոր չարիքները: Այսպես, տան անդամներից մեկը բարձրանում էր տանիք և այնտեղ սկասում աղմուկ հանելՙ փայտով, կացնով, որևէ սուր բանով: Ներքևից մեկը հարցնում էր.
-Ի՞նչ ես անում:
_ Մուկ եմ բռնել,-պատասխանում էր վերևինը:
_Ու՞ր պիտի ուղարկես:
_Ստամբուլ (պատսասխանը պիտի պարունակեր որքան հնարավոր է հեռու երկրի անուն): Որոշ դադարից հետո վերսկսում էր աղմուկը, կրկնվում էր հարցը:
-Ի՞նչ ես անում
-Ցավ եմ կտրում:
_Ո՞ւր պիտի ուղարկես:
Ինգլիզ (Որքան անհասանելի է երկիրը, այնքան լավ, սակայն կարող էր ուղարկել նաև մոտիկ թշանամի կամ նույնիսկ որևէ չսիրված մարդու տուն):
Այս երկխոսությունը կարող էր շարունակվել այնքան, մինչև տան բոլոր կարիքները, չարիքը ուղարկեին, հեռացնեին:
Տան դուռը երբեք չէր փակվում: Առավոտ շուտ կարող էին սկսվել այցելությունները:Բոլոր հյուրերը խիստ ցանկալի էին: Այցելում էին տոհմի մեծերին, ծնողներին, խնամիներին, հարևաններին, քավորին, գյուղապետին, քահանային: Նշանված աղջկան «փայ» էին ուղարկում փեսացուի միջոցով: Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն տուն չէին մտնում, առնվազն մի խնձոր էին ավելացնում սեղանի բարիքներին՝ բարեկեցության և երկարակեցության մաղթանքներով: Թե տնեցիները, թե այցելուները տուն մտնում էին աջ ոտքը առաջինը մտցնելով, այլապես ձախորդություններն անպակաս կլնիեին:
Уведомление: Ամանորի ծես. Նախագիծ | Անուշ Աթայան
Уведомление: Ամանորյա ծես. նախագիծ | 3-1 դասարան