Կարևոր է յուրաքանչյուրը

Յուղաներկով արված նկարում երեխան մոր հետ գիրք է կարդում։ Նրանք նստած են մեջք մեջքի տված, երկուսի ձեռքում էլ գիրք կա, մայրը հետևում է, թե ինչ է անում երեխան։

Սեմինարից հետո․

Ինչպե՞ս երեխաների հետ խոսել հաշմանդամության մասին

Երեխաները մեծահասակներին հաճախ են նման հարցեր տալիս՝ «ինչո՞ւ նա չի խոսում», «ինչո՞ւ չի քայլում», «այն ի՞նչ է նրա ականջին դրված» և այլն։ Հաշմանդամություն ունեցող երեխաներին էլ կարող են այս հարցերը հետաքրքրել հաշմանդամություն ունեցող այլ մարդկանց հանդիպելիս։

Երեխաների հարցերին հարկավոր է մատչելի պատասխաններ տալ, խուսափել սուտ պատասխաններից կամ «չարություն է արել, դրա համար էլ չի կարողանում քայլել» շարքից։ Երեխաները պետք է սովորեն ընդունել մարդկանց բազմազանությունը՝ չկապելով դա որևէ հանգամանքի հետ։

Հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին խոսելիս խուսափեք սխալ տերմիններից, որպեսզի ձեր երեխան ևս դրանք չօգտագործի։ Օգտագործեք «Դաունի համախտանիշ», «աուտիզմ», «սայլակ օգտագործող մարդ», «խոսելու դժվարություն ունեցող մարդ» և այլ տերմիններ։

Խուսափեք կարեկցական տոնից կամ ձեր երեխային հաշմանդամություն ունեցող մարդկանց որպես հիվանդ, շարունակ օգնության կարիք ունեցողների ներկայացնելուց։ Երեխան պետք է փորձի հասարակության բոլոր անդամներին տեսնել լիարժեք մարդկանց կարգավիճակում։

Եթե հաշմանդամություն ունեցող ձեր փոքրիկին հետաքրքիր է, օրինակ, թե իր մանկապարտեզի խմբի այն աղջիկն ինչո՞ւ է ակնոց դնում, ապա նրան հորդորեք հարցնել այդ մասին։ Սովորեցրեք բարեկիրթ լինել և առանց վիրավորելու հարցեր տալ։

Եթե փողոցում նկատում եք, որ ձեր երեխային հետաքրքրում է առջևից սայլակով տեղաշարժվող կինը, ապա կարող եք խոսել առանց նրա հարցին սպասելու։ Կարող եք, օրինակ՝ ասել, թե որոշ մարդիկ դժվարանում են կամ չեն կարողանում քայլել, դրա համար էլ նրանց հարմար է սայլակ օգտագործել այնպես, ինչպես հեռու տեղ գնալիս դուք մեքենա կամ օդանավ եք նստում։

Հաշմանդամության մասին ճիշտ պատկերացում ձևավորելու նպատակով կարող եք խաղեր, գրքեր, ներկելու ալբոմներ, մուլտեր օգտագործել։ Դրանց հերոսները կօգնեն հասկանալու, թե հաշմանդամության ինչ տեսակներ կան։

Խուսափեք կարծրատիպեր ձևավորելուց։ Այն, որ ձեր հարևանը չի տեսնում, չի նշանակում, թե չի էլ լսում։ Ձեր երեխային հաշմանդամության մասին պատմելիս նշեք նաև այդ մարդկանց ձեռքբերումների, հասարակական, անձնական կյանքի մասին։ Կարող եք, օրինակ՝ ասել, որ Մարին սայլակ է օգտագործում, քանի որ չի կարողանում քայլել, ու նա սայլակով է հաճախում երգի պարապմունքների։ Այս օրինակը ձեր երեխային ցույց կտա, որ այս կամ այն խնդիրն ունենալը չի նշանակում, թե մարդիկ փակվում են տանն ու ոչնչով չեն զբաղվում։

Երբ խոսքն անտեսանելի հաշմանդամություն ունեցող մարդու մասին է, որի գործելակերպը զարմացրել է ձեր երեխային, պատմեք, որ մարդիկ կարող են ունենալ հաշմանդամություն, ինչը պարտադիր չէ, որ տեսանելի լինի բոլորին։ Եթե անտեսանելի ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարդը, օրինակ, խնդրում է ձեզ ծանր բան վերցնել իր փոխարեն, գտեք հարմար առիթ պատմելու տարբեր դժվարությունների մասին, որոնք մարդիկ կարող են ունենալ։

Երեխաները հաճախ կարող են հարցնել, թե ինչո՞ւ է նման բան պատահել այս կամ այն ծանոթ մարդու հետ։ Ասացեք նրան, որ որոշ մարդիկ մյուսներից տարբեր են ծնվում, որոշ մարդիկ էլ կյանքի ընթացքում են առողջական խնդիրներ ձեռք բերում։ Ասացեք՝ բոլորի հետ էլ կարող է պատահել, որ մի օր սկսեն ավելի թույլ տեսնել ու ակնոց դնել, կամ ոտքերը հաճախ ցավեն ու սայլակ օգտագործեն։

Նույն կերպ վարվեք, երբ հարցերը վերաբերում են հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց։ Ասացեք, որ մարդիկ կարող են տարբեր կերպ վարվել միևնույն իրավիճակում, տարբեր կերպ արձագանքել, չափազանց լուռ կամ փոքր-ինչ աղմկոտ լինել, չանել մի բանը այնպես, ինչպես մարդկանց մեծ մասը։ Փորձեք երեխայի մեջ չստեղծել անհարկի վախեր, նրա ներկայությամբ մի ծաղրեք որևէ մեկի հոգեկան առողջությունը, ոչ էլ հիվանդությունների անվանումները որպես վիրավորանք օգտագործեք։

«Ինչո՞ւ է նա այդպես քայլում» հարցին կարող եք պատասխանել՝ ասելով, որ բոլոր մարդիկ տարբեր են՝ բարձրահասակ կամ ցածրահասակ, կարճ կամ երկար մազերով, սևամորթ կամ սպիտակամորթ, իսկ այդ մարդն էլ մյուսներից տարբեր է քայլում։ Երեխաներին պետք չեն բժշկական տերմիններ, մասնագիտական բացատրություններ կամ բարդ նախադասություններ։ Վստահ եղեք, որ ձեր պարզ պատասխանները նրանց կբավարարեն։

 

Աղբյուրը՝ http://www.disabilityinfo.am