Կարևոր է յուրաքանչյուրը

Մատիտ

Սեմինարից հետո

Դպրոցը հետաձգելու կամ երեխային նույն դասարանում թողնելու մասին

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների դեպքում հաճախ ենք բախվում այն խնդրին, երբ ծնողները մտավախություններ են ունենում երեխային ճիշտ ժամանակին դպրոց տանելու հետ: Օրինակ` եթե նա դեռ լավ չի քայլում, և ծնողը գիտի, որ մեկ տարի անց երեխան ավելի ինքնուրույն է լինելու, գերադասում է սպասել:

Ծնողները սովորաբար իրենց ուշադրությունը սևեռում են երեխայի առողջական խնդիրներին, և, որպես կանոն, դրանից տուժում է ոչ թե երեխայի կրթությունը, այլ զարգացումը: Այնինչ որքան շուտ երեխան իր տարիքային խմբում հայտնվի, այնքան շուտ կզարգանա, ինքնուրույնություն ձեռք կբերի: Եթե նույնիսկ ուսուցիչները ոչինչ չանեն, երեխան կզարգանա իր ընկերների հետ շփումից: Ապացուցված է, որ գիտելիքների ծավալի 40%-ը երեխան ստանում է ընկերներից:

Շատ ծնողներ պնդում են, որ երեխան մնա նույն դասարանում, կրկնի դասընթացը, տառերն ավելի լավ սովորի և այլն: Հարկ է նշել, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունեցող երեխաների ծնողներն էլ երբեմն նույն կարծիքն են ունենում և մտածում են, որ նույն դասարանում պետք է թողնել, որպեսզի, օրինակ` տառերն ավելի լավ սովորի: Սա ծնողի հոգեբանություն է, և կապ չունի` երեխան հաշմանդամություն ունի՞, թե՞ ոչ:

Ինչ խոսք, սա լավագույն որոշումը չի կարող լինել, որովհետև երեխան պետք է իր տարիքային խմբի, իր ընկերների հետ մեծանա: Տարրական դպրոցի չափորոշիչը 1-4-րդ դասարանների համար մեկն է, և երեխան կարող է դա 4 տարիների ընթացքում հաղթահարել: Որևէ սարսափելի բան չկա նրանում, որ տառերի կեսը երկրորդ դասարանում սովորի: Փոխարենը երեխան կմեծանա իր խմբի, իր հասակակիցների ու ընկերների հետ, անընդհատ նոր խումբ մտնելով հոգեբանական խնդիրների հաղթահարման անհրաժեշտություն չի լինի, ու կկարողանա կենտրոնանալ իր դասերին:

Դասարանական յուրաքանչյուր խումբ լուրջ փորձություն է ցանկացած երեխայի համար, առավել ևս` հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում: Խումբ, դասարան, միջավայր փոխելը դժվարություն է, որը նա պետք է որպես մարդ հաղթահարի, հետո անցնի իր դասերին: Երեխայի համար ամենակարևորն իր ընկերներն են: Եթե երեխան իրեն հարմարավետ է զգում դասարանում, լուծում է ընկերների խնդիրը, դրանից հետո արդեն կարողանում է ավելի շատ ուշադրություն դարձնել դասերին:

Սակայն, եթե այնուամենայնիվ ծնողը պնդում է, որ երեխան պետք է կրկնի դասընթացը, դա նրա իրավունքն է: Առաջին դասարանի համար ամրագրված դրույթ ունենք, որ ծնողի համաձայնությամբ երեխան կարող է երկրորդ անգամ կրկել ուսումնական ծրագիրը, օրինակ` եթե երեխան 200 և ավելի ժամ բացակայություն ունի: 200 և ավելի ժամը ոչ միայն բացակայություն է դասապրոցեսից, այլ նաև ընկերների շփումից, միջավայրից ու սոցիալականացումից: Սա բացակայություն է կրթական ամբողջ փաթեթից:

Այս իմաստով մեծ աշխատանք պետք է կատարել ծնողների հետ: Չի կարելի ասել` երեխայիդ մեզ տուր, և մենք կզբաղվենք նրանով: Սա սխալ մոտեցում է, որովհետև ծնողը ևս պետք է սովորի ապրել իր երեխայի հետ: Մենք պետք է ծնողին տեղյակ պահենք, թե ինչ ենք անում իր երեխայի հետ դպրոցում գտնվելու ժամանակ: Երեխայի` նույն դասարանում մնալու որոշումը պետք է համատեղ ընդունվի` թիմի, ծնողի և երեխայի մասնակցությամբ: Ամենակարևորը` պետք է հաշվի առնել երեխայի ցանկությունը:

Ցանկացած դեպք անհատական քննարկման կարիք ունի ու միանշանակ պատասխաններ տալ, լուծումներ գտնել հնարավոր չէ:

Բացակայությունների քանակից բացի, երեխային նույն դասարանում կարող է թողնել նաև վատ առաջադիմությունը: Սակայն այս բոլոր կանոնակարգերն անհատական լուծումներ պետք է ստանան: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի համար ուսուցման անհատական պլանը (ԱՈՒՊ) հիմնարար փաստաթուղթ է, և նրա առաջադիմությունն էլ պետք է ըստ դրա գնահատվի: Սա նշանակում է, որ այդ երեխաների մի դասարանից մյուսը փոխադրելու հարցը կարգավորվում է ԱՈՒՊ-ի գնահատականի հիման վրա:

Ինչ վերաբերում է վատ առաջադիմության պարագայում երեխային նույն դասարանում թողնելուն, պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի հետ ներառական կրթություն իրականացնող դպրոցում մի ամբողջ թիմ է աշխատում:

Շատ կարևոր է, և օրենքով ևս ամրագրված է, որ ծնողը ոչ թե պարզապես պետք է ստորագրի երեխայի ԱՈՒՊ-ը, այլ պետք է մասնակից լինի դրա մշակմանը և իրականացմանը:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և հատկապես մտավոր խնդիրներ ունեցող երեխաների պարագայում մենք ասում ենք, որ նրանց գիտելիքների գնահատումը պետք է կատարվի ըստ անհատական ուսուցման պլանի: Եթե սպասվելիք արդյունքներին չեն հասնում, սա նշանակում է, որ սխալ, երեխայի կարիքներին չհամապատասխանող մշակում է եղել: Անհատական ուսուցման ճիշտ պլանով սովորող երեխան չի կարող դրական արդյունքների չհասնել: Հակառակ դեպքում ինչի՞ համար է անհատական պլանը:

Մենք բոլորս պետք է սովորենք փոքր քայլերի արվեստը: Չենք կարող բառեր, նախադասություններ չարտասանող երեխային միանգամից տառեր սովորեցնել: Երեխան պետք է իր զարգացման բոլոր փուլերով անցնի՝ բառեր արտասանի, փոքր նախադասություններ կազմի, պատմի և այլն: Երեխայի անհատական ուսուցման պլանում նպատակները շատ հստակ պետք է դրվեն` հենվելով երեխայի նախնական կարողությունների վրա:

Աղբյուրը՝ http://www.disabilityinfo.am