Խրախուսել և ոչ պատժել

5 տարեկաններ

Ուսուցման, մանկավարժության մեջ միշտ քննարկման նյութ է սանը, սովորողը: Քննվում է նրա վարքը, հոգեբանությունը, ձևակերպվում են սովորողի բնութագրման ձևերը, ցանկությունները և այլն: Կա մի դիտարկում. այն սովորողները, ովքեր անցել են կրթահամալիրի պարտեզով, ովքեր հեղինակային մանկավարժությանը ծանոթ են, նրանց վարքային դրսևորումները, ընկալումները այլ են, սակայն այլ է, երբ այլ դպրոցից կրթահամալիր է տեղափոխվում նոր սան:

Օրինակ 2017-2018 ուս. տարում կրթահամալիր եկած մի սովորողի հետ ունեցանք մի այնպիսի դեպք, որը շատ հուզիչ զարգացում ունեցավ: Տղան ուներ վարքային և ներառման խնդիրներ: Շարունակ դասընկերներին հայհոյում էր, հրմշտոցներ սարքում,  իսկ ամենախոցողը վերջինիս սանհանգույցում ծխելն էր և արբած դպրոց ներկայանալը:

Արտակարգ պատահարը վերջին դեպքի մասով գրանցելուց հետո կարկամել էինք, չգիտեինք ինչպես գործել, ինչ մոտեցում ցուցաբերել: Առաջին քայլը սովորողի հետ զրույցը եղավ, որը հուզիչ էր, պատասխան չկար, միայն լաց էր լինում, երկրորդ գործողությունը ծնողին հրավիրելն ու նրա հետ երևույթի քննարկումն էր: Սովորողը բարդ սոցիալական խմբից էր, ապրում էր մոր և հայրական պապիկի հետ, որի վարքի կրկնօրինակումն էր արտացոլվել դպրոցում:

Սովորողը նկատողություն չստացավ, դասընկերները եղածի մասին չիմացան, սովորողի հետ միայն փաղաքշական զրույցներ եղան, և նրան վստահվեց կրտսեր պարտիզպանի կոչումը. նա պատասխանատու էր դպրոցի կանաչ տարածքների, ջերմոցի, սարալանջի բարեկարգ վիճակի համար, օգնում էր դպրոցի պարտիզպանին: Ինչո՞ւ վստահվեց, քանի որ նրա համար այդ աշխատանքը սիրելի էր, տարվում էր այդ գործով, շաբաթ, կիրակին դժվար էր անցկացնում, որ կարող է պուրակը չորանա կամ այլ ազդեցություններ կրի: Սովորողը ներառվեց, նման դեպքեր, դժգոհություններ այլևս չլսվեցին, կոնֆլիկտներ, հրմշտոցի դեպքեր չեղան: Հիմա էլ նա սովորում է կրթահամալիրի Հյուսիսային դպրոցում:

Նման դեպքերում շատ կարևոր է դիտարկել ուսուցչին, նրա արձագանքը, լուծումները:

Հարց: Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի ուսուցիչը, իսկ ինչպե՞ս կուզենար սանը, սովորողը տեսնել իր ուսուցչին, ինչպիսի՞ն է ուսուցիչը սանի, սովորողի պատկերացումներում: Ինչպե՞ս է խոսում, ինչպե՞ս է նայում, ինչպե՞ս է ժպտում, լռում, բարկանում, հագնվում, քայլում, խաղում, ուտում, նստում, շոյում և այլն: Ի՞նչ ճանապարհով է ուսուցիչը դառնում սովորողի համար հեղինակություն:

Մանկավարժական հեղինակությունը հիմնականում կառուցվում և ստեղծվում է ուսուցչի վարքով, նրա խոսքի տեխնիկայով, ձայնով, դիմախաղով, ժեստերով, նրա կազմակերպած և ստեղծած մթնոլորտով, միջավայրով, վարքի կոկիկությամբ, հոգեբանական դադարներով,  և այդ շարքը կարելի է անվերջ թվարկել:

Ուսուցիչը իր խմբի/դասարանի/ կրթադաստիարակչական, քաղաքացիական հղկման  ընթացքի  հիմնական կազմակերպիչն է: Օրինակ՝ ինչպիսի՞ պատրաստվածություն կունենան  սովորողները ուսումնական պարապմունքների՝ հանրակրթական, արտադրական, ստեղծական մտածողության ու  պատրաստվածության, ակտիվ ինքնավարության,  ի՞նչ աստիճանի սոցիալական ակտիվություն կդրսևորեն և բարքերին հաղորդակից կլինեն՝ կախված է հենց ուսուցչից:

Հյուսիսային դպրոցում դրա հետ կապված ևս մեկ նախագիծ սկսեցինք՝ դիմախաղին ուղղված: Նախագիծը մեկնարկեց Հյուսիսային դպրոցի 5 տարեկանների խմբում: Սովորողները ուսումնասիրեցին դիմախաղը՝ որպես  վարքի արձագանք՝ աղմկելու, բղավելու, լացի այլընտրանք: Պատրաստեցին համապատասխան դիմակներ և սկսեցին խաղալ դրանցով. ստեղծվեց «Հորինուկ» թատրոնը: 

Ապրիլ ամսին Հյուսիսում եղավ մի նախադեպ, որ ծնողը երկարացված օրվա ճամբարում իր երեխայի հետ վեճի մեջ  ընկած մի սովորողի ականջն էր ոլորել, սպառնացել ու ահաբեկել ողջ դասարանին:  Ծնողի հետ առանձին հանդիպում կազմակերպվեց համապատասխան զսպողական բովանդակությամբ և արձագանքով: Մշակեցի մի ուսումնական փաթեթ-զրույց, որը և՛ ներկայացրեցի ծնողական համայնքին, և՛ մտա յուրաքանչյուր դասարան: Հանդիպում-զրույցները, թեստերը, ֆիլմերը, իհարկե, ազդեցություն ունեցան, սովորողները սկսեցին իրենց կողքից դիտել, դիտարկել: Վարքային դրսևորումներն անընդհատ վերահսկողության և ճկուն արձագանքի կարիք ունեն, դրանք պետք է միշտ ուսուցչի տեսադաշտում լինեն և վերլուծության ենթարկվեն, որպեսզի ճիշտ լուծումներ ունենան:

Սաների ուսուցումը և դաստիարակությունը բարդ և բազմաշերտ ընթացք է, գործողությունների շղթա, որը պահանջում է ոչ միայն հատուկ կազմակերպում, հատուկ հմտությունների, ջանքերի կիրառմամբ, անհատական՝ յուրաքանչյուրին ուղղված ջանքերով, այլ նաև հոգեբանական այնպիսի կարողություններ և հմտություններ, որոնք կլինեն մանկավարժորեն հիմնավորված ու կիրառելի: