«Տատիկին դաջվածքները»

Ռեժիսոր՝ Սյուզան Խարտալեան

Շվեդական արտադրության լիամետրաժ վավերագրականը ռեժիսորի տատի պատմությունն է: «Խանում տատը մյուսների նման չէր: Մանկուց նրան որպես վատ կին եմ հիշում: Խուսափում էր ֆիզիկական շփումից: Նա մի տատ էր, որ երբեք չէր գրկում կամ համբուրում: Եվ ձեռնոց էր դնում` թաքցնելով իր ձեռքերն ու դաջվածքները` թաքցնելով իր գաղտնիքը»,- այսպես է իր տատին բնութագրում ռեժիսոր Սյուզան Խարտալյանը` ում կյանքի պատմությունն էլ ներկայացված է հենց «Տատիկիս դաջվածքները» ֆիլմում:

Ռեժիսորը այս ֆիլմով լույս է սփռում հազարավոր մոռացված հայ կանանց ճակատագրի վրա, որոնք փրկվել են Ցեղասպանությունից, բայց հարկադրվել են մարմնավաճառությամբ զբաղվել եւ դաջվել են` տեղացի կանանցից տարբերվելու համար: Ֆիլմը ցուցադրվել է Թուրքիայում, սակայն ռեժիսորն այլ ֆիլմի նկարահանումներով զբաղված լինելու պատճառով չի կարողացել ցուցադրմանը ներկա լինել: «Սակայն արձագանքն աննկարագրելի էր: Ես սկսեցի ստանալ հարյուրավոր նամակներ, խոստավանություններ, որ իրենց տատիկներն էլ են դաջվածք ունեցել: Իհարկե, չգիտեմ այդ նամակի հեղինակները ծպտյալ հայեր էին, թե թուրքեր»,- ասաց ռեժիսորը:

Սյուզան Խարտալյանն իր այս ֆիլմով քաղաքական հարցեր լուծել մտադրություն բնավ չունի, քանի որ արվեստը դրա համար չի կոչված: «Սակայն արվեստը կարող է խնդիրը վեր հանել, դրա մասին խոսել, ինչն էլ եւ փորձում եմ անել»,- ասաց ռեժիսորը, ով շուրջ քսան ֆիլմի հեղինակ է: Բոլոր ֆիլմերում էլ բացահայտորեն կամ սիմվոլիկ կերպով խոսվում է Հայոց Ցեղասպանության մասին: «Դա իմ ինքնության, ենթագիտակցության մեջ է: Այն ինձ հաճախ հալածում է»,- անկեղծացավ նա:

«Ոսկե ծիրան»-ն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնը մինչեւ հուլիսի 15-ը կշարունակի կինոտոն պարգեւել մեր հայրենակիցների համար :

 

Реклама