Հեքիաթաթերապիա թերապևտիկ ուղղությունը հեքիաթների, պատմությունների կիրառումն է թերապևտիկ նպատակով /բառացիորեն՝ բուժում հեքիաթների միջոցով/:
Հոգեբանության մեջ հեքիաթները մուտք գործեցին 19-րդ դարի վերջում,իսկ լայն տարածում ստացան արդեն 20-րդ դարում, երբ հոգեբանական որոշ դպրոցներ սկսեցին ուսումնասիրել դրանք: Հետագայում հեքիաթներերը ավելի ու ավելի մեծ տարածում էին ստանում հոգեթերապևտիկ աշխատանքում :
Հեքիաթաթերապիա ուղղությունը ենթադրում է հոգեթերապևտիկ աշխատանքում հեքիաթի կամ այլ պատմությունների / առասպելներ, լեգենդներ, գեղարվեստական ստեղծագործություններ/ ընթերցում, հորինում, խաղարկում , վերլուծություն, ստեղծագործական աշխատանքներ պատմությունների հետ, ինչպիսիք են անավարտ հեքիաթների շարունակումը և հեքիաթների փոփոխումը, հեքիաթների բեմականացումը և նկարչությունը հեքիաթի թեմայով:
Սակայն այս գործընթացներին զուգահեռ հոգեբանական աշխատանքում կարևոր է երեխայի կամ մեծահասակի հետ հեքիաթի քննարկումը, իմաստավորումը, և թաքնված իմաստների համատեղ դուրսբերումը, ինչը թույլ է տալիս ավելի գիտակցված ձևով ընկալել պատմությունները և դուրս բերել պատմության առավել ռեսուրսային կողմերը :
Հեքիաթաթերապիա :Հեքիաթների տեսակները
Հեքիաթաթերապևտիկ աշխատանքում հեքիաթների տեսակների առավել ընդգրկուն դասակարգում առաջարկել է հոգեթերապևտ, հոգեբանության դոկտոր,Հեքիաթաթերապիայի ինստիտուտի տնօրեն Տ.Դ. Զինկևիչ-Եվստիգնևեան:
Եվ այսպես, ըստ Զինկևիչ-Եվստիգնեվայի հեքիթաները լինում են հետևյալ հինգ տեսակների.
- Գեղարվեստական, որի մեջ առանձնացնում ենք ժողովրդական և հեղինակային հեքիաթները: Գեղարվեստական հեքիաթները, ի սկզբանե ստեղծված չլինելով հոգեբանական աշխատանքի համար, կարող են ունենալ դիդակտիկ, հոգեշտկողական, հոգեթերապևտիկ և մեդիտատիվ նշանակություն:
- Դիդակտիկ հեքիաթներ
- Հոգեշտկողական հեքիաթներ
- Հոգեթերապևտիկ հեքիաթներ
- Մեդիտատիվ հեքիաթներ
Այս հեքիաթաներից յուրաքանչյուրը հոգեթերապևտիկ աշխատանքում ունի իր առանձնահատկությունները և կիրառական նշանակությունը:
Ժողովրդական հեքիաթներնառավել հին պատմություններ են, որոնց մեջ ևս կարող ենք տեսնել թեմատիկ տարբերություններ.
- Կենդանիների մասին հեքիաթներ, որոնք արտացոլում են մարդկանց և կենդանիների միջև հարաբերությունները: Այս հեքիաթները նպատակահարմար է օգտագործել մինչև հինգ տարեկան փոքրիկ երեխաների հետ, քանի որ մինչև այս տարիքը երեխաները հեշտությամբ նույնականանում են կենդանիների հետ:
- Կենցաղային հեքիաթներ, որոնք արտացոլում են ընտանեկան, կենցաղային հարաբերությունները, միջանձնային կոնֆլիկտների հաղթահարման ուղիները, պատմում են ընտանեկան խորամանկությունների մասին, ինչպես նաև տարբեր կենցաղային խնդիրներին հումորով վերաբերվելու ունակություն են ձևավորում:
- Վախենալու հեքիաթներ- սրանք կախարդների, չար ուժերի մասին հեքիաթներն են : Հետաքրքիր է ,որ նման վախենալու հեքիաթները շատ արդյունավետ կիրառվում են մանկական հոգեթերապևտիկ աշխատանքում վախերի, տագնապային խնդիրների պարագայում: Նման հեքիաթները նույնպես առավել արդյունավերտ ազդեցություն են ունենում որոշակի տարիքում`յոթ տարեկանից սկսած:
- Հրաշապատումներ կամ կախարդական հեքիաթներ. այս հեքիաթները կրում են իրենց մեջ երեխայի և մեծահասակների անձնային զարգացման համար կարևոր հաղորդագրություններ,
Ըստ ծագման , հեքիաթների հաջորդ տեսակը հեղինակային հեքիաթներն են, ինչպիսիք են Հ.Ք.Անդերսենի,Օ.Ուայլդի, Վ. Գաուֆի, Էռնստ Թեոդոր Ամադեյ Հոֆմանի, Ղ.Աղայանի, Հովհ. Թումանյանի ստեղծած հեքիաթները, որոնք, այսպես թե այնպես, կրում են իրենց ստեղծողի անմիջական ազդեցությունը կամ անձնային պրոյեկցիաները:Սրանց վերաբերյալ կա կարծիք, որ դրանք ազդում են, այսպես կոչված, կյանքի սցենարի ձևավորման վրա և կարող են նաև բացասական ազդեցություն ունենալ, օրինակ Անդերսենի Ջրահարսը կարող է ձևավորել կնոջ մեջ դժբախտ սիրո բարդույթը: Սակայն դրանց կիրառումը թերապիայում ևս կարող է արդյուանվետ լինել:Այսպես օրինակ, երեխայի կամ մեծահասակի սիրելի հեղինակային հեքիաթի վերլուծությունը կարող է խորքային տեղեկություն տալ նրա, ինչպես նաև կյանքի հանդեպ նրա դիրքորոշումների մասին:
Դիդակտիկ հեքիաթներ. այս հեքիաթները մեծամասամբ մշակվում են մանկավարժների կողմից և անունն արդեն հուշում է, որ դրանք կիրառվում են ուսուցանելու համար: Այս հեքիաթների միջոցով ուսումնասիրվող նյութը երեխաների համար առավել հետաքրքիր տարբերակով է ներկայացվում և ուսումնառության գործընթացը դարձնում է հաճելի: Այսպես` դիդակտիկ հեքիաթներում ուսուցանվող նյութը, որը` կախված երեխայի տարիքից, կարող է լինել յուրաքնաչյուր երևույթ, դառնում է շնչավոր, սկսում է ապրել և հարաբերվել իր շրջապատի հետ: Այս հեքիաթները իմաստավորում են ուսուցանվող գիտելիքը:
Հոգեշտկողական հեքիաթներ.արդեն անվանաումը հուշում է, որ նման հեքիաթները ուղղված են որևէ բան շտկելուն: Սրանք կիրառվում են երեխաների հետ, ովքեր ունեն հուզական, վարքային, շփման խնդիրներ: Այս հեքիաթները մեծ տարածում ունեն մանկական հոգեթերապևտիկ աշխատանքում: Սակայն ունեն նաև տարիքային սահմանափակում ` մինչև տասմեկ-տասներկու տարեկան: Այս հեքիաթների շնորհիվ հնարավոր է դառնում փոխարինել երեխայի ոչ էֆեկտիվ վարքը առավել արդյունավետ վարքով: Հոգեշտկողական հեքիաթների ստեղծման բանաձև կա. հոգեբանը ինքը կարող է ստեղծել նման հեքիաթ ըստ երեխայի առանձնահատկությունների / ընտրել հերոս, որը մոտ կլինի երեխայի առանձնահատկություններին` տարիք, սեռ, բնավորություն, նկարագրել հերոսի կյանքը, որը նման է երեխայի կյանքին, նկարագրել հերոսի դժվարությունները, որոնք համանման են երեխայի իրական կյանքի դժվարություններին, տալ լուծում /օգնականներ,երազ/, այսինքն` վարքի այլընտրանքային մոդել է տրվում, վերջաբան` հերոսը գիտակցում է ելքը և խրախուսվում է շրջապատի կողմից:
Հոգեթերապևտիկ հեքիաթներ.այս հեքիաթների գլխավոր նպատակը իրավիճակի, երևույթի խորքային իմաստը բացահայտելն է : Դրանց կառուցվածքը որոշակիորեն տարբերվում է մնացած տեսակներից: Այստեղ հեքիաթը կարող է անավարտ մնալ, ավարտվել հարցականներով, կարող է միանշանակ չլինել և երջանիկ ավարտ չունենալ` նպաստելով անձի ռեսուրսային կողմերի ակտիվացմանը: Թեմաները հիմնականում էքզիստենցիալ բնույթ ունեն`կյանք, մահ, իմաստ, սեր, ուղի: Կիրառվում են դեռահասության տարիքից սկսած:
Մեդիտատիվ հեքիաթներ. այս հեքիաթները դրական հուզական պատկերային հեքիաթներ են : Անվանումն արդեն իսկ հուշում է, որ դրանք նպաստում են հուզական լիցքաթափմանը, նաև ռեսուրսային կողմերի բացահայտմանը: Մեդիտատիվ հեքիթաների մի քանի ենթատեսակներ կարող ենք առանձնացնել.
- Մեդիտատիվ հեքիաթներ, որոնցում գերակայում են տարբեր զգայական պատկերները` տեսողական, լսողական, հոտառական, համային և շոշափական: Դրանք ուղղված են ներկային` այստեղ և հիմայում մարդու գիտակցման բարձրացմանը:
- Մեդիտատիվ հեքիաթներ, որոնք արտացոլում են հարաբերությունների իդեալական մոդելներ` ծնողների և երեխաների, ընկերների, մարդկանց և բնության, կենդանիների միջև: Այս հեքիաթները առավել արդյուանվետ են երեխաների և դեռահասների համար, ովքեր շրջապատի հետ ունենք բացասական սոցիալական փորձ: Դրանք օգնում են հասկանալ, որ գոյություն ունի հարաբերությունների այլընտրանքային մոդել, ինչը երեխայի մոտ ձևավորում է հավատ և վստահություն, որ ինքը երբևէ կկարողանա կառուցել նման հարաբերություններ շրջապատի հետ:
- Մեդիտատիվ հեքիաթներ, որոնք ուղղված են անձի ուժեղ կողմերի, ներուժի բացահայտմանը: Դա երկխոսություն է մարդու իդելական Ես-ի հետ, ներքին ձայնի, ներքին իմաստնության հետ:
Հեքիաթները,այսպիսով, լայն կիրառում ունեն ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների հետ հոգեբնական աշխատանքում: Դրանք արդյունավետ կարող են կիրառվել ուսուցողական, տարբեր հոգեբանական խնդիրների շտկման, հանգստացման և լարվածության դուրս բերման, կյանքի կարևոր կողմերի մասին պատկերացումների ձևավորման նպատակներով:
Уведомление: Մանկավարժության կենտրոն