Tsov Alizé Ծովինար Բանուչյանը Հարթակ ակումբում

23244075_10209766007926264_489180876333266860_n
Մայիսի 10-ին, ժամը՝ 13:00
Հարթակ Գեղարվեստում ակումբ
Մասնակիցներ՝ սովորողներ, դասավանդողներ, այլք/ նախապես մասնակցության հայտի ներկայացմամբ/…
Ես ինձ չէի ների եթե այս օրերին ՀՀ-ում չլինեի։ Գժվելու էներգետիկա, մինչև աստղեր հասցնող։ Մայիսի 8֊ին Հայաստանը կազատագրվի, ինչպես Շուշին ազատագրվեց։ 2018֊ ի մայիսի 8, մի օր, որ կարող ենք շնորհակալություն հայտնել և մեր ծնողներին, և մեր էրեխեքին։ Մի հաղթական օր, որ մի քանի սերունդ վերջնականապես կդարձնի մեկ բռունցք։ 💓 #ՊաթոսախեղդԼինեմ #մեռնեմքեզժողովուրդ
Ծովինար Բանուչյանի ֆեյսբուքյան էջից

Ծովինար Բանուչյանի մասին և ստեղծագործություններից՝

2009-ին Ավարտել եմ Երևանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանություն բաժինը
2010-2012 ուսումս շարունակել եմ Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքի Պոլ Վալերի համալսարանի ժամանակակից արվեստի ֆակուլտետում:
2014-2016 տեղափոխվել եմ Փարիզ և ուսումս շարունակել Ինալկո ինստիտուտում, արվեստ և գրականություն բաժնում:
Այժմ phd եմ անում ( թեզ) Փարիզ 8 համալսաանում, թվային արվեստում, որտեղ իմ սուսումնասիրության թեման վիրտուալ և իրական մարմինն է ինտերակտիվ արվեստում:
Ֆրանսիայում ուսմանը զուգահեռ ունեցել եմ տարբեր աշխատանքներ. երեխա խնամելուց մինչև հուշանվերներ վաճառել,ցուցահանդեսներ կազմակերպելուց մինչև գրադարան,բայց ամենաշատը ինձ հարստացրել են գրադարանում աշխատածս երեք տարին, որտեղ հասցնում էի ծանոթանալ գրականության, որ հեղափոխել է մարդու իրավունքը, նախագահների կենսագրություններին և կամ Ֆրանսիայում մեծ աղմուկ բարձրացրած դատական գործընթացներին, թեմաներ, որ ինձ միշտ հետաքրքրել են:
Բացի այդ, գրադարանումժամանակ էի ունենում գրելու, երբ ընթերցողների հոսքը քիչ էր, ձանձրանալու փոխարեն գրում էի: Հրատարակված գրքեր’ «Տե՛ս, որ լռում եմ», Անտարես 2008, բանաստեղծություններ, պատմվածքներ։ «Երեք Քաղաք», Անտարես 2017, բանաստեղծություններ։

Երբ ես լրագրող էի, բոլորը լրագրող էին, և այդպես է մինչև հիմա…

Երբ ես դայակ էի, լավ գիտեի, թե ինչքան են բալիկները կարոտում իրենց ծնողներին: Հաճախ նա լալիս էր իմ գրկում, չնայած, որ խաղում էինք շատ…

Երբ կոշիկ էի վաճառում, գիտեի, թե ինչպիսին են բարձրակրունկ նախընտրող կանայք. նրանք վերևից էին նայում բոլորին կոշիկը փորձելու առաջին վայրկյանից, որովհետև ցանկալի էին, գեղեցիկ և մտքում արդեն տղամարդու հետ էին ու նույնիսկ հաճոյախոսություններ էին ստանում…

Գիտեի նաև, թե ինչքան են հոգնում մեծահասակները քայլելիս, շատ էի նայում մարդկանց ոտքերին, համեմատում նրանց կոշիկները, այսինքն՝ նրանց…

Երբ ես հուշանվերներ էի վաճառում, ինձ ստիպում էին ստել, որ մանեժներն, ասենք, ոչ թե չինական են, այլ ֆրանսիական, փափուկ խաղալիքները ձեռքի աշխատանք են, իսկ տիկնիկները՝ գերմանական: Ես ստում էի, ինչ խոսք, և ինձ հավատում էին հատկապես չինացիները ու գնում էին մաքուր չինական հուշանվերներ Փարիզից…

Երբ օգնականն էի մի հայտնի երաժշտի և արխիվացնում էի նրա ստեղծագործությունների ցանկը, օրվա մեծ մասը մենք զրուցում էինք, և ես շատ լավ էի վարձատրվում՝ զրուցելու համար… երբեմն ինձ թվում էր, որ օգնում եմ նրան պարզապես մենակ չլինել…

Հիմա աշխատում եմ իրավաբանական գրադարանում, երբեմն տեսնում եմ անկիրթ դատավորներ, փաստաբաններ, որ երազում են արդարադատություն, իրավաբաններ, որ ձևացնում են, թե օրենք են սերտում, դասախոսներ, որ գրքեր են գրում, ուսանողներ, որ պատրաստվում են աշխարհը փոխել՝ սելֆի անելով: ժամանակը սպանելու համար հաճախ ես կարդում եմ նախագահների կենսագրություններ, գրականություն, որ հեղափոխել է մարդու իրավունքը և նույնիսկ սկսել եմ օրենսգիրք գրել՝ տխրելու իրավունքի մասին:

Երբ ես գրող եմ, գիտեմ միայն, որ մարդկանց պաշտպանելու ամենալավ ձևը նրանց մասին լռելն է…

 

Երբեք չմեռնել…

Իմ երևանը հիմա քո ներսում
իրեն ավելի սիրել է տալիս,
իմ Երևանում ես էլ չեմ մրսում,
մրսելս ո՞րն է էս գժված հալիս…

Մի քիչ էլ մնամ, գուցե խենթանամ,
գուցե գրավեմ բոլոր բակերը,
որտեղ կամենամ այնտեղ կմնամ,
ու էլ պետքս չի փողոց փակելը…

Ու մինչև Սարյան, մինչև Փարպեցի
մինչև Սպենդիարյան ու կամ էլ Պուշկին
ես մինչև հոգուս խորքը հարբեցի,
ես մինչև սիրտս գնացի ուշքից…

Եվ այս աստղերի տակ քեզ խոստացա
երբեք չմեռնել…

Ծով alizé 
28.04.2018
Երևան

Երջանկությունը

Վերջալույսի հետ այս կիրակին էլ հոգին է փչում,
ու պատուհանս մինչև կփակեմ, քամին այս գարնան
ներս է սողոսկում, ու ձեռքիս գիրքը ծանր է շնչում,
մի քանի էջ էլ, ու այս էջերը միրաժ կդառնան…

ու անդառնալի այս միրաժները կմեխվեն մտքիս,
ու նա կլինի իմ կերպարներից խենթը ամենա,
ու ամեն անգամ կպայծառանան գծերը դեմքիս,
երբ որ ինձ գտնի, երբ որ շուրթերս շոշափի հենց նա…

և հենց քո գրկում նորից կսկսվի գլխապտույտը,
կչարախոսի բախտը ականջիս, որ քեզ չեմ տեսել,
դու կպարեցնես ինձ քո ձեռքերին, ամեն պտույտը
ինձ կհամոզի, որ մեզ վաղուց է կյանքը անտեսել…

այդ պատճառով է, որ ինձ ապրելը երազ է թվում,
քեզ հետ պարելը նման է անվերջ երգող մանեժի,
և երազելը քո մասին արդեն երկար է տևում,
բայց երազում է միայն, որ սերը երբեք չի մերժի…

երջանկությունը…
Ծով alizé
18.03.2018

Քո քաղաքում

Քո քաղաքում իմ ժամանակն ավարտվում է,
ինչու՞…նույնիսկ հրեշտակը իմ չգիտի,
քո քաղաքում հրեշտակները պարտվում են,
քո քաղաքը, որ բացակա տեղն իմ գիտի…

Բայց այդ տեղը դու կլցնես մեկ ուրիշով,
ու լուռումունջ կփշրվեն իմ իրերը,
և չի մնա ինձնից ոչ տուն, ոչ գիրք, ոչ շոր,
և չի փրկի ճամպրուկներս նվիրելը…

Եվ չեն փրկի մեզ անծանոթ այդ բակերը,
մեզ չեն փրկի փողոցները ժամադրության,
քո քաղաքն է, դռներն իմ առաջ փակելը
կվերածես անմեկնելի սովորության…

Քո քաղաքն է խառնարանը այդ լրբերի,
թող քեզ լինի, դու ինքդ քեզ չես հավատում,
գոնե մի օր արցունքները իմ սրբեիր,
համոզվեիր, որ քաղաքում իմ չեն ատում…

23.03.2018
Ծով alizé

 

****

Քեզ ինչ…

Ինչպես կախվածություն բարակ իմ մատներից,
քեզ հիշելիս անգամ չեն ամրանում ձեռքերս,
ձեռքերը իմ սառած, որ միշտ են մատնել ինձ,
մինչև անգամ ծաղրել ճշմարտություն հերքելս…

և ուժ չկա այդքան…որ գլուխս պահեմ
ու ծնկներիս դնեմ ու լամ ու լամ ու լամ
և թուլանամ այնքան, ծնկներիցս սահեմ
ու անկումի ուժով դեպի վիհը սուրամ…

և երբ արցունք չկա, չկա էլ լացելու,
չկա մեկը` հույս ունենամ զարմացնելու,
քեզ ինչ` թե ուր հասա…

13.04.2018
Ծով alizé

 

Ինչպես«նահանջնառանցերգի…»

 

Ծերանում է ժամանակդ, մանր բանից տխրել էլ չի լինում,

Հիմար բանից ուրախանալ ու կամ կռիվ սարքել չեղած բանից,

Հին քաղաքում ընկերներդ քեզ չեն սպասում, նորում՝ գալիս, գնում,

Ու մնում է միայն ճանապարհը, որով հեռացել ես տանից…

 

Ճանապարհը, որով դու անցել ես երկար, միանվագ երգի նման,

Անցորդներին բարևել ես ու խուսափել պատմել քո քաղաքից,

Մտածել ես, որ հուշերդ լավ կլինի միշտ անցյալում մնան,

Կարոտներդ խեղդել, դիտավորյալ ուշացել ես պատարագից…

 

ԻՆչպես «նահանջն առանց երգի», դու փորձել ես միշտ աննկատ մնալ,

Մինչդեռ նրանց թվացել է, թե քո մասին շատ բան գիտեն,

Պետք է կյանքում այնպես ապրել, որ երբ ուզես անհետանալ,

Քեզ գտնելը դժվար լինի, քաղաքներդ քեզ չմատնեն…

Ապրածի ու չապրածի միջև

Ես ողջ գիշեր ժամանակ եմ սպանել,

Դեգերել եմ ապրած ու չապրածի միջև,

Դիմակներս պատռել, երազներս քամել,

Ու քայլել եմ լուսաբացը մինչև:

 

Ես ծխել եմ հույսը, տանիքներին պարել,

Ու մայթերին թողել կոշիկներս բոլոր,

Ու դռներին սիրո նամակներ եմ շարել

Ու ժպտացել հարբածներին մոլոր:

Պոռնիկներին կոնֆետներ եմ տվել,

Անտունու հետ ես կիսել եմ հացս,

Կեսգիշերվա մենությանը տրվել

Ու անձրևին վստահել եմ լացս:

Ես ողջ գիշեր ժամանակ եմ սպանել,

Դեգերել եմ ապրած ու չապրածի միջև.

Դիմակներս պատռել, երազներս քամել

Ու քայլել եմ լուսաբացը մինչև:

 

Կյանքը այստեղ է

Կյանքը այստեղ է, ուր ուշանում եմ,

Ուր նախաճաշել երբեք չեմ հասցնում,

Ուր չեմ տեսնում, որ արդեն գարուն է,

Ուր ժամանակին չեմ անդրադարձվում…

Կյանքը այստեղ է, ուր ինձ լքում են,

Լքում են ներսից, մինչ ես սպասում եմ,

Կյանքը այստեղ է, որտեղ թքում են

Իմ հայացքի մեջ, մինչ արտասվում եմ…

Կյանքը այստեղ է, այս պատերի մեջ,

Այս անզորության կաղապարներում,

Ուր տառապանքը թվում է անվերջ,

Ուր պատրանքներ են իմ շուրջը պարում…

Ես երբեք մեռնել չեմ կարողացել,

Բայց գիտեմ՝ մի օր կավարտվի խաղը,

Ու եթե այսօր ինձ չես մոռացել,

Ընկե՛ր իմ, փորձի՛ր մոռանալ վաղը…

 

«Ընկերները»

Երբեք հենց այնպես ոչ ոք այս կյանքում քեզ չի գա այցի,

Հեռացումներից դու միշտ էլ սպասիր ինչ-որ ետ դարձի,

Այդ անունները մեկ-մեկ քո մտքով կգան ու կանցնեն,

Որ քո խունացող հիշողության մեջ հուշեր արթնացնեն…

Կհիշես ցավով կամ էլ ժպիտով, կգտնես կամ ոչ,

Նրանք կթվան քեզ շատ կարևոր կամ հյուրեր անկոչ,

Եվ կիսատ բառեր, խոսքեր կամ երազ կլսես աղոտ,

Ու քո մեջ քեզնից անկախ դու կզգաս մի քաղցր կարոտ…

Որ քեզ լքեցին, որ քեզ փրկեցին, մատնեցին կամ էլ,

Որ քեզ ներեցին կամ սովորեցրին հիշաչար լինել,

Այդ ընկերները, որ ինչ-որ մի լույս թողեցին քո մեջ,

Կլինեն կյանքում երբեք չթերթված, անավարտ մի էջ…

 

«Քո մասին»

Քո մասին էլ ոչինչ չեմ գրում,

Չեմ հիշում, թքած, թե ուր ես,

Քեզ սիրում եմ ու քեզ չեմ սիրում,

Միևնույն ես հիմա, երբ լուռ ես:

Քեզ ատում եմ ամբողջ սրտով,

Ու ինչքան էլ հիմա տառապեմ,

Ես հրճվում եմ այս կորստով,

Ի՞նչ արած, մի քիչ պարապ եմ:

Ես հասել եմ մինչև շունչդ,

Ծխելուդ մեջ խեղդվել արդեն,

Համբուրել եմ վիզդ, դունչդ,

Աչքերդ շուրթերովս թարթել:

Սիրեցի քեզ այնքան, որ էլ

Ուժ չունեմ քեզ այդքան տրվելու,

Քո մասին էլ ոչինչ չեմ գրել,

Քո մասին էլ չի գրվելու…

12. 03. 2017

Մեկը մի քիչ տեղ տար, տեղավորվեինք մենք էլ
ձեր քաղաքում` զոռով մեզ օտարած,
ձեզ թողնեինք փաբեր ու բարձրահարկ շենքեր,
իսկ մեզ` փողոցները սիրահարված…

Թող լինեինք ձեզնից էլ թույլ, մեզնից ուժեղ
ու պարեինք տանիքներին Երևանի,
մեր պարելուց կյանքում մարդ չի տուժել,
իսկ գիշերվա քամին… բան չէր անի…

Մի քիչ մեզ տեղ տվեք ձեր քաղաքում,
եթե դեռ սիրտ ունեք զարմանալու,
մենք էլ թագավորենք ավերակում,
միևնույն է , երկար չենք մնալու…

Ախր դուք մեզ չեք խնայի, երազելը
ձեզ օտար է, մեզ չեք հավատալու,
մեր հետևից հեշտ էր ավելի վազելը,
մեզ ընդառաջ գալը ձեռք չի տալու:

Մի քիչ մեզ տեղ տվեք, տեղավորվենք մենք էլ
ձեր քաղաքում` զոռով մեզ օտարած,
ձեզ կթողնենք փաբեր ու բարձրահարկ շենքեր,
իսկ մեզ` փողոցները սիրահարված…

20.02.2018
Ծով alizé

«Ես չգիտեմ»

Ահա նորից ես դառնում եմ նույն կետին
ու այս անգամ մինչև հոգուս խորքը թաց,
իմ խոսքերում չկան իմաստներ հետին,
բայց քո սիրտը ինձ այդպես էլ չկարդաց:

Դու կարծում ես դեռ կարող եմ վստահել
ուրիշ մեկին թուլությունս գլխահակ,
իմ ափերից վաղուց ձեռքերդ սահել
ու դարձել են զարկերակներիս պահակ:

Ես չգիտեմ քանի կյանք դեռ ինձ մնաց,
ինչի՞ համար պիտի ուզես ինձ դատել,
կամ իմ առաջ, կամ քո առաջ կամ նրանց,
ում ես երբեք ոչ սիրել եմ, ոչ ատել …

Ես քեզ սիրում եմ․․․ՎԵՐՋ

Չեմ հիշում նման դեպք, որ ինչ-որ մեկը սիրի ձեռքերիս փոսիկները, նույնիսկ դժվարանում եմ բացատրել, թե դա հենց որ տեղն է, կարծեմ բութ մատի վերևն է ընկնում, մինչև դաստակ, նույնը ուսերին հպվող փոսիկներն են ոսկորոդ մասից մի վայրկյան վերև, դրանք արդեն լցված են համբույրներով։

Մի քանի րոպեից նա կգա։ Երկար պատրաստվել եմ, որ ամեն ինչ փչացնի։ Կխառնի մազերս, շրթներկս համբույրներով կմաքրի, աննկատ կհանի ականջօղերս, որ ավելի ուշ անակնկալ վերադարձնի (նա միշտ այդպես է անում, և ամեն անգամ ես մոռանում եմ այդ հնարքը), կքաշքշի զգեստիցս, անպայման կշեշտի, որ այս մեկը չի տեսել, չնայած հազար անգամ տեսել է։

— Հույս ունեմ սիրո մասին չեմ խոսում հիմա։ Կան պատմություններ, որ չես ուզում ուրիշինը լինեն։ Մտածում ես՝ գոնե ոչ մեկի սրտի հետ չխոսի, ոչ մեկի չհիշեցնի ինչ-որ անցած թանձրացած պատմություն, ոչ մեկի չպատկանի այդ պատմությունը, ոչ մի բառով, ոչ մի պատեհությամբ, ոչ մի ձև, ոչ մեկինը չլինի այն, ինչ քոնն է, նա, ով քոնն է։
— Ինչի՞ մասին ես խոսում հիմա։
— Մեր մասին։
— Ինչու՞ պիտի լինի ուրիշինը։
— Իսկ եթե հանկարծ շփոթվեմ ու մեր մասին գրեմ։
— Մի՛ գրիր, աշխատիր չգրել, լավ կլինի, որ ես չդառնամ քո հերթական ներշնչանքը։
— Չգիտեմ։
— Ինձ գրելով չսպառես, խնդրում եմ։
— Դե՛ չգիտեմ։
— Կոչնչացնեմ քեզ։
— Չի ստացվի։
— Ինչու՞ չի ստացվի։
— Արդեն մեկ անգամ ինձ ոչնչացրել են, հիմա ես ուրիշ եմ․․․
— Շանսատակ կանեի քեզ ոչնչացնողին։
— Որովհետև նույնիսկ քո ամենագժված պահին իմ ծիծաղը գալիս է, չմտածե՛ս, թե մեծ պատասխանատվություն եմ քեզ տալիս, բայց ես քեզ եմ սիրում, միշտ քեզ եմ սիրել։
— Դեռ կհասցնես լաց լինել։
— Էհ․․․
— Ի՞նչ ես ծիծաղում։
— Լավ եմ անում։

Սկիզբը միշտ այդպես է, նրանց համար քեզ հետ կապված ամեն ինչ նոր է, քեզ հետ կապված ամեն ինչ՝ հետաքրքիր, նրանց համար քո ամեն մի ցանկությունը անհնար մի բան է թվում, որը նրանք անպայման հնարավոր կդարձնեն, նրանց համար քեզ հետ կապված ամեն ինչ կարևոր է, բայց նրանց համար ․․․իսկ Նրա դեպքում ամեն ինչ այլ է։

Նա չի փորձում ինձ հենց այնպես հաճոյանալ, ինձ սուտ խոստումներով չի զարդարում, նույնիսկ խոստովանել է, որ չգիտի՝ խոստանալը լավ բան է, թե ոչ, բայց նրա խոստումներին ես վստահում եմ մի պարզ պատճառով․ մենք երազել գիտենք, և այդ խոստումները սուտ չեն քանի դեռ հավատում ենք, և այդ խոստումները սուտ չեն լինի, որովհետև հավատում էինք։ Երբեք, երբեք չեմ փորձի այլևս հիասթափվել նույն դատարկ բաներից։ Այն, ինչ այդպես էլ տեղի չի ունենում բոլորովին պարտադիր չէ, որ դառնա իմ հերթական թույլ տեղը։

— Ու՞․․․
— Ու ի՞նչ․․․
— Չգիտեմ, ես չէի կարդա․․․
— Խնդրեցի, որ չկարդաս․․․
— Չդիմացա․․․դե՛, թող սիրեմ քեզ, քո թույլ տեղերը, ինչու՞ ես ուզում անպայման գրել մեր մասին։
— Եթե վերջանա․․․
— Չի վերջանա։

Մենք կարող ենք նրա հետ մտքով հայտնվել Կուբայում, ես կարող եմ հագնել իմ արևադարձային զգեստը, նրա համար մինչև ուշ գիշեր պարել, և մեզանից ոչ ոք կասկած անգամ չի ունենա, որ այդ ամենն իսկապես տեղի է ունեցել։ Մենք կարող ենք Իտալիայի կորած մի գյուղում ունենալ տուն, Սուրբ ծննդյան տոներին գյուղի բոլոր երեխաներին նվերներ բաժանել, իսկ հետո հասնել մինչև ամենահեռու ու բարձր կետը և հրավառության ժամանակ սեր անել, մտքով, և մեզանից ոչ ոք կասկածի տակ չի դնի այդ ամենի իսկությունը։

Մենք հասել ենք նաև Բեռլին, ճամփորդների անցուդարձի, գնացքների շառաչյունի ու հրաժեշտների, հանդիպումների ճիշտ կենտրոնում երկար համբուրվել ենք,կարծեմ ժամը յոթն անց կես էր, նույնիսկ ժամը կմտաբերենք, եթե պետք լինի նա մի գերմանացի տատիկի կօգնի գնացքից իջեցնել ճամպրուկը, մենք կհիշենք, որ տատիկն ամեն դեպքում Անգլիայի թագուհու ոճով էր հագնված, և մեզանից ոչ ոք չի մտածի, որ դա անհնար էր։ Որտեղ ասես չենք համբուրվել, նույնիսկ Բռուկլինի կամրջի վրա, եթե ճիշտ եմ հիշում հենց այդ օրն էլ նրա սիրտը ճաքեց երջանկությունից։

— Սե՛րս
— Ի՞նչ
— Հո երջանի՞կ չես։
— Չէ, գժվե՞լ ես։ Ամեն ինչ հսկողության տակ է։
— Ես մեր փոխարեն կլինեմ, դու վտանգավոր ես, մի հարմար պահի մեզ կլքես։
— Չեմ լքի։
— Այս գրողի տարած քաղաքում շատ դժվար է երազելը․․․եթե քեզ չգտնեի, երևի մեռնեի։
— Հիմարություն։
— Այս անգամ մինչև մազերիդ ծայրը համբուրելու եմ, չվախենա՛ս․․․
— Ինչի՞ց․․․
— Շատ եմ սիրելու, այնքան, որ քեզ թվա, որ դրանից շատ այլևս չի լինի։

Նրա գրկում անհնար է մեղքի զգացողություն ունենալ։ Նա կարողանում է զարկերակս ճիշտ ժամանակին կարգի հրավիրել՝ համբույրներով իհարկե։ Անարդար է այսքան սիրված լինելը, անարդար է այսքան սիրուց գժվելը նրանց հանդեպ, ովքեր չգիտեին դա ինչ է, կամ թողել են անցյալում ու չարացել, առանձնացել և կորցրել հմտությունը գեղեցիկ ապրելու։

— Շատ ես մտածում ուրիշների մասին։
— Չեմ մտածում։
— Մտածում ես․․․նրանք, նրանց․․․հերն էլ անիծած։
— Է․․․
— Քեզ ասել եմ արդեն՝ ուրիշներից ինձ չպատմես։
— Չէի պատմում։
— Իմ ուրիշը դու ես, ամեն անգամ դու ուրիշ ես։
— Վե՛րջ տուր։
— Իսկ եթե պարզապես վերնագիրը դնես ես քեզ սիրում եմ ու վերջ։
— Դե լավ էլի։
— Այ այսպես

«Ես քեզ սիրում եմ»

ՎԵՐՋ

Ես կհասկանամ, որ մեր մասին է։

24.03.2018
Ծով alizé

 

Քլոեի վերջին զգեստը․․․
(Քլոեին)

Վստահ չեմ, որ գիտեմ կարոտն ինչ է։ Հազվադեպ եմ կարոտում այն ինչ հեռու է, նրան, ում գրկել չեմ կարող, աշխատում եմ չկարոտել։ Այնքան եմ սովորել արդեն չկարոտելուն, որ նույնիսկ վատ լուր լսելիս չեմ կողմնորոշվում՝ արդյոք իսկապես տխրում եմ, արդյո՞ք իսկապես կորցնում եմ, ի՞նչ կարող եմ անել։

Հաճախ եմ ասում, որ կարոտել եմ, դե դա մարդկանց դուր է գալիս․ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի օրվա հնարավոր հանդիպումը հնարավորինս հասանելի է դարձնում։ Արդյո՞ք Քլոեին կարոտում եմ, չգիտեմ, վստահ չեմ, ավելի շուտ գիտեմ՝ չեմ կարոտում․․․մի հարց կա, որ նման դեպքերում մտքիս է գալիս․ ինչի՞ս է պետք։ Չգիտեմ՝ ինչպես է ստացվել, որ ես քարացել եմ, բայց Քլոեն ասում էր, որ քարի ներսում անգամ ծաղիկներ կան։

Քլոեն այնքան էլ գեղեցիկ չէր, այսինքն՝ ինքն էր ասում, որ գեղեցիկ չէ, և այնքան էր ասել, որ հավատացել էի։ Ուներ կապույտ-մոխրագույն կամ կանաչ աչքեր ( զարմանալի է, բայց այդ նույն աչքերից նրա մորաքրոջ աղջիկն էլ ուներ), շիկահեր էր, այտերը՝ վարդագույն, քիթը ՝ նման այն քթերին, որ ոչ մեծ են, ոչ փոքր, ոչ սուր, ոչ կլոր,բայց ինչ-որ ընդգծված բնավորություն ունեն ու կարծես թե շատ բան գիտեն։ Բարձրահասակ չէր, կարծեմ ցածրահասակ էլ չէր, չեմ հիշում, բայց շատ արագաշարժ էր։ Նրա հետ զբոսնելն ամենահաճելի զբաղմունքը չէր, անտանելի էր նույնիսկ, պատահել է հետ եմ ընկել ու կես ճանապարհից շեղվել՝ նրան թողնելով իր արագ ու անհավասար քայլերի հետ շատախոսելով։

Ես կուզեի, որ նա քիչ ավելի տարբեր լիներ։ Ասենք ամեն հիմար բանից աչքերը չարցունքոտեր, կամ չծիծաղեր այնպես, որ անհնար թվար հանգստացնելը , մանավանդ, որ չէր հիշելու՝ ինչի վրա է ծիծաղում, բայց դա այլևս ինձ չի վերաբերվում, չնայած երբեք էլ չի վերաբերվել։

Քլոեն մարդկային առումով թերություն չուներ։ Ի՞նչ է մարդկային առումը, չեմ կարող ասել։ Նկատի ունեմ՝ նրան կարելի էր համարել բարի, կամեցող, ընկերասեր, հյուրասեր, շռայլ նույնիսկ, նաև ժպտերես էր։ Ճիշտն ասեմ, դա էլ էր ինձ հունից հանում։ Նրան կարող էիր ասել, որ շուտով կմեռնես և նա ապուշի նման կժպտար։

Ես նրա համար աշխատում էի, այսինքն՝ ինձ վարձել էին պարզապես, որ Քլոեն մենակ չլիներ։ Կազմակերպում էի նրա ժամանցը, ուղեկցում էի նրան թատրոն, համերգ, կինո, փորձում էի նրա օրը հետաքրքիր դարձնել, չնայած նա միշտ ինչ-որ բան մտածում էր չձանձրանալու համար և հաճախ հենց նա էր իմ օրը հետաքրքրիր դարձնում։ Այդ աշխատանքին ես գնացել էի ավելի լավը դառնալու համար, իմ դեպքում ճիշտ է ասել՝ լավը դառնալու համար։ Ես միշտ կասկածներ եմ ունեցել, որ մարդկանց ավելի շատ սեր եմ խոստանում, քան կարող եմ տալ, և որ իմ տաղանդներից մեկն է ամեն անգամ մանրակրկիտ հետևելը, որ ամեն ինչ սիրուն լինի, ընդհուպ մինչև տառապանքը։

Քլոեն տառապանքի մասին ոչինչ չգիտեր, բայց գիտեր մարմինն ինչպես է ցավում, ներսից։ Նա աշխատում էր չտառապել, քանի որ նրա դեպքում դա հակացուցված էր, երբեմն նույնիսկ ափսոսում էր, որ ինչպես հարկն է չի հասցրել կյանքի բոլոր հաճույքներից, այդ թվում և տառապանքից օգտվել։

Նրա երազանքներն իմ աչքերում շատ սովորական էին, աններելի տասնյոթ տարեկանի համար․ հանդիպել սիրելի երգիչներին, նրանցից ոմանց ուղեկցել հյուրախաղերի ժամանակ, բայց արի ու տես, որ նա ինչ-որ մի ձև գտել էր այդ երազանքները իրականացնելու համար և ամեն անգամ այնքան երջանիկ էր վերադառնում, կարծես երջանիկ լինելը նման արտոնություններից հետո պարտադիր պայման էր։

Նրա պատմությունները զվարճալի էին ինձ համար, քանի որ որպես կանոն դրանք բոլորովին զվարճալի չէին, ծիծաղելու բան չկար, բայց նա այնպես էր կչկչում, որ վարակվում էի, իհարկե հաճախ նաև նյարդայնանում։
Իսկ մազակալները՝ գունավոր ծաղիկներ, մեկը մեկից վառ ու բոլորովին ոչ ներդաշնակ, համենայնդեպս ըստ իմ ճաշակի, զգեստների թիթեռները, վարդագույն, դեղին, վարդագույն, դեղին, ամեն մատին մի գույն ու փայլուն թարթիչներ, անտանելի էր, բայց շատ նման նրան և շուտով՝ նաև ակնահաճո։

— Քլոե՛, դու երկար չպետք է թափառես ինտերնետում, դա քեզ հոգնեցնում է, մայրդ ասել է․․․
— Իսկ դու ինչի՞ համար ես։
— Չհասկացա։
— Եթե դու այստեղ ես, իսկ ես ինտերնետում, ուրեմն ձանձրանում եմ։
— Ինձնի՞ց։
— Քեզ հետ։
— Այ քեզ բան, շատ պետքս է, գիտես քեզ համար հե՞շտ է զբաղմունք գտնելը։

Ու բարձը շպրտում եմ վրան։ Հետո նա, հետո ես, հետո բռնկվում է բարձային պատերազմը, ես հաղթում եմ, որովհետև նա էլ ուժ չունի։ Ծանր է շնչում, բայց չի մոռանում շնչակտուր կչկչալ։

— Լա՞վ ես։
— Ըհըն։
— Վստա՞հ։
— Լավ եմ։
— Չե՞ս ձանձրանում։
— Ուզում եմ քնել։
— Գնա՞մ։
— Կարո՞ղ ես «Ալիսը հրաշքների աշխարհում»-ը կարդալ։
— Դե լավ էլի, ե՞րբ ես մեծանալու։
— Գիտես, որ երբեք։

․․․

Աշնանը նրա տրամադրությունը շատ փոփոխական էր․ սիրալիր էր, մի քանի վայրկյան անց ոչ ոքի չէր ուզում տեսնել, բայց հետո բացատրում էր, թե վերջապես լավ է զգում, վախենում է՝ երկար չտևի։ Հաճախ նա ուզում էր, որ ես պատմեմ իմ արկածները, իսկ իմ ապրածը արկած համարելը չգիտեմ ինչքանով էր ճիշտ, քանի որ դրանք հիշելն անգամ ծանրանում էր սրտիս։

Երբեմն ստիպում էր, որ խոսեմ իմ սերերի մասին, հատկապես, երբ գամված էր լինում անկողնուն։ Տպավորություն էր, որ պատմություններիս միջոցով ուզում էր պարզապես դուրս պրծնել այդ սենյակից, որն ինձ ի դեպ իմ մանկապարտեզն էր հիշեցնում այնքան շատ էին փափուկ խաղալիքները, ուզում էր դուրս պրծնել ու մտովի ապրել իմ պատմածը։

— Ըստ քեզ ի՞նչ է սերը։

Ինչ ապուշ հարց և որքան էր սիրում նա կրկնել ու կրկնել այս հարցը։

— Գիտես, այնքան եմ սիրել, որ չեմ կարող հստակ ասել, թե ինչ է։
— Ինչպե՞ս կարելի է այդքան սիրել։
— Խնդիրն այն է, որ սկզբում լինում է մեկը, ով ամեն ինչ փշրում է, հետո փշրված լինելը քեզ դուր չի գալիս, և դու ինքդ քեզ սովորեցնում ես լինել փշրողը, իսկ հետո արդեն ամեն ինչ շփոթում ես սիրո հետ, որովհետև չես կարողանում սահմանում գտնել և քանի որ նախընտրում ես, որ այդ պատմությունները հանկարծ ու չկրկնվեն և ինքդ էլ մի քիչ ավելի տարբեր լինես, որևէ կրկնության դեպքում վերադառնում է վախը, որ քեզ կլքեն, ստիպված դու ես լքում․․․

— Նայի՛ր, այս նոթատետրում բոլոր իմ սերերն են․․․
— Ախ Քլոե՛, այս անհասանելի աստղիկներից ինչ սեր․․․
— Բայց ես նրանցից ոչ լքվել եմ, ոչ էլ լքել․․․
— Դե՛, դե՛, ուզում ես ասել, որ երբեք չե՞ս սիրահարվել։
— Կա մեկը, մեր քոլեջից է, կարծում էի արդեն ինձ մեռած է համարում, բայց վերջերս էր ծաղիկներ ուղարկել, մի բացիկ էլ կար, վրան գրել էր՝ շուտ վերադարձի՛ր, կարոտում ենք քո ժպիտը․․․բայց քանի որ հոգնակիով էր, ենթադրում եմ, որ ինձ համար ուրիշ զգացմունք բացի ընկերականից չունի։
— Չգիտես։
— Գիտեմ։
— Չես կարող իմանալ, մինչև չհարցնես։
— Ե՞ս․․․հարցնե՞մ, արդյոք զգացմունք ունի, թե ոչ, նույնիսկ ժամադրության չեմ կարող գնալ։
— Կարող ես Քլոե՛․․․եթե ուզես, միայն ասա՛ ինձ։
— Այնքան կկարմրեի, գույնս տեղը կգար․․․․հահա․․․
— Հիմա էլ ես կարմիր․․․
— Կարծում եմ, եթե դագաղի մեջ էլ լինեմ, ու նա գա, ես էլի կկարմրեմ․․․․շատ եմ ամաչում, ամենաշատը ամաչում եմ, որովհետև գիտեմ, որ երբեք ինձ չի սիրի․․․նաև ամաչում եմ, որ ինձ կարող է մեռած տեսնել։
— Մեռնելու մեջ ամոթ բան չկա, ու դու չես մեռնելու, այնպես որ ամաչելու բան չունես։ Լավ է, արդեն կարգին կատակներ ես անում․․․կյանքի հետ կատակելը կարող է լինել մահաբեր, իսկ այ մահվան հետ կատակելը հաճախ ապրեցնում է։ Ինձ դուր ես գալիս։

․․․

Դեկտեմբերին նա դարձավ տասնութ տարեկան։ Բազմաթիվ անակնկալներ ուներ, նվերներ, հյուրեր, այդ օրը կարծես նորից ծնված լիներ։ Ես օրինակ նրա համար դարձել էի մեծ արջ։ Մի անգամ խոստովանել էր, որ կուզեր ինձ ծիծաղելի դրության մեջ տեսնել, և ես որոշել էի կատարել նրա ցանկությունը։ Բոլորն ինձ քաշքշում էին, ուզում էին գրկել, ինձ էին մոտեցնում զզվելի մռութները․․․նույնիսկ մի քանիսը արջի ներսում թաքնված նիհար մարմինս այնպես հրեցին, ընկա հատակին, ու Քլոեն մի լավ զվարճացավ․․․ճիշտն ասած, երբ արջ ես, մի քիչ դառնում ես մարդատյաց, մանավանդ, որ քո ծննդյան օրը չէ, իսկ այդ բոլորը չգիտես ինչու քեզ են որսում։ Կարևորը Քլոեն այդ օրն իսկապես երջանիկ էր։

Եվ այդ օրից հետո նա սկսեց կարել իր զգեստը, վերջինը, ինչպես ինքն էր ասում։ Մոռացել եմ հավանաբար պատմել, որ Քլոեն հաճախ ինքն իր համար զգեստներ էր կարում։ Դրանք թիթիզ, փայլփլուն, վառվռուն, անհասկանալի, փոռիկավոր զգեստներ էին՝ նման կտորի վրա հավաքած էկզոտիկ այգիների։ ՈՒլունքաշար թութակներ, ծաղիկներ, նույնիսկ ծառեր, երբեմն էլ անհասկանալի կենդանիներ ոչ մի բանի նման։
Այս մեկը դեղին էր, ավելի շուտ՝ կիտրոնագույն։ Կրծքավանդակի տակից մինչև կոճեր շերտերով տարածվում էին լայն փեշերը, ձեռքերին, դաստակի մոտ իրար վրա հավաքվող կտորներն ամրացված էին հավերժության ապարանջանով, որ կարմիր գույնի հյուսված հաստ թել էր և Քլոեի համար ծառայելու էր, որպես տարբերանշան։ Նա վախենում էր մահից հետո անճանաչելի դառնալ, բայց նրան թվում էր, որ գոնե առաջին մի քանի օրը կլինի նույն զգեստով ու կարմիր թելերից ինքն իրեն կճանաչի, իսկ թե ինչու էին դրանք հավերժության ապարանջանները, դժվար է ասել, և այլևս իմաստ չունի ափսոսալը, որ չեմ հարցրել։

․․․

Հետո եկավ ամենասարսափելի ամիսը՝ հունվարը։ Հիվանդանոցից տուն, տնից հիվանդանոց․․․ցավից գալարվում էր, ճչում, եղունգները սեղմում մեջքիս, և ես ամաչում էի, ամաչում էի հանկարծ ու ցույց տալ, որ ինձ էլ իր ձեռքերն են ցավեցնում։ Փսխում էր դեղերը, մերժում էր սրսկումները, իսկ մարմինն այլևս չէր հանդուրժում քիմիան, որովհետև նույնիսկ բժիշկներն էին փաստում, որ պետք է որոշ ժամանակ դադար տալ․․․դատարկվել էր, հոգնել, օրեցօր մեծանում էր տագնապը, որ ոչ թե կմեռնի, այլ որ կգնա բոլորովին դատարկված ու մահին ոչինչ չի ունենա ասելու։
․․․

Փետրվարին ինչ-որ կարճատև հրաշքներ տեղի ունեցան, մեզ մոտ արթնացավ հույսը, որ նա հաղթահարում է , մենք նույնիսկ օվկիանոս գնացինք, նա երկար պառկեց ավազին, խոստովանեց, որ երկար ընդմիջումից հետո հավատում է, որ նորից կպառկի ավազի վրա և որ նկատի չունի երկնային կյանքը։

․․․
— Ուզու՞մ ես խորհուրդ տամ քեզ։
— Իհարկե չեմ ուզում։
— Ինչու՞։
— Քո տված խորհուրդն ի՞նչ պիտի լինի, Քլոե՛։
— Դե լսի՛ր, եթե մեռնելու լինես, հավատա՛, որ ուրիշ կյանք կա ու չես մեռնի։
— Այ քեզ բան, ինչու՞ պիտի մեռնեմ, դու էլ չմեռնես, գործազուրկ կդառնամ։
— Հա-հա-հա։
․․․

Մարտը․․․միշտ էլ այս գրողի տարած ամիսը եղել է անկանխատեսելի։ Մենք Քլոեի հետ պարելու ենք գնացել, հասկանու՞մ եք, պարելու․․․ես նրա մայրիկի ոտքերն եմ ընկել ընդամենը մեկ ժամով մեզ թույլ տալ գնալ բար, խմել եմ Քլոեի ուզած խմիչքը, որ չէր կարող փորձել ու համբուրել եմ նրա շուրթերը, որ համը զգա, ժամանակ եմ տվել նրան , ընդամենը հինգ րոպե որոշելու ապրելու է, թե ոչ, և նա ձեռքը, դնելով սրտին վստահեցրել է, որ ապրելու է։ Նա փաստաթուղթ է ստորագրել, որ ապրելու է՝ շատ լավ իմանալով, որ չապրելու դեպքում ստիպված է լինելու դրախտի դռների մոտ գիշերային պահակ աշխատել։

Մարտը․․․այդ ամիսը, որ մեզ տարավ ծաղիկ հավաքելու, անձրևի տակ Քլոեի պարտեզում ձվածեղ ուտելու, Քլոեի սիրած տղայի պատուհանի տակ՝ You are too good to be true երգելու, նույն ջանասիրությամբ նետեց անկողին ու քացով խփեց բոլոր հնարավոր տեղերին և ամեն անգամ ավելի ուժգին։ Այդ օրերին ես ատում էի Քլոեին։ ինձ թվում էր, թե նա էլ իմ հիվանդությունն է, անբուժելին, ես ուզում էի, որ նա ազատվի այդ ցավերից, որ ես ազատվեմ իմ ցավից, որի անունն էր Քլոե։
․․․

— Լսի՛ր, քեզ մի խնդրանք ունեմ։
— Քլոե՛․․․․գիտես, եթե չկարողանամ, մերժելու եմ։
— Պիտի կարողանաս։
— Ի՞նչ է։
— Այն զգեստը, որը ես դեռ չեմ ավարտել, վերջինը, շատ քիչ բան է մնացել, մի քանի ծաղիկ, երկու թիթեռ, որոնցից մեկի մի թևը՝ պոկված, և այն արջուկը, որը դու էիր իմ ծննդյան օրը․․․ես քեզ կբացատրեմ՝ ինչ է պետք անել, խնդրում եմ․․․ինձ մոտ չի ստացվի․․․
— Քլոե՛, ես երբեք ձեռքս ասեղ չեմ վերցրել․․․ես կոճակ կարել չգիտեմ․․․ես ատում եմ այդ մանր բաները, եթե ուզում ես, կարող եմ որևէ մեկին պատվիրել, որ շատ արագ ավարտի այն, միայն թե ինձ անհնարին բաներ մի՛ խնդիր։
— Չես հասկանում․․․սա վերջինն է․․․ես միշտ մտածել եմ, որ այդ զգեստը ավելի շուտ կավարտեմ, քան կավարտվի կյանքս․․․ես այն չեմ կարող ուրիշին վստահել բացի քեզանից․․․ այն կարող է լինել թերի․․․ բայց դա հենց այն զգեստն է, որը ես հագնելու եմ իմ դագաղի մեջ, օգնիր ինձ չպարտվել կյանքին։
— Քլոե՛, խնդրում եմ, այդքան կամակոր մի՛ եղիր, ինչ տարբերություն , թե ինչ կհագնես․․․
— Հասկացի՛ր, եթե հանկարծ ոչ մի դրախտ էլ չլինի, ես այդ հողի տակ ինձ բոլորովին նվաստացած կզգամ, եթե իմ զգեստը, գոնե իմ զգեստը դրախտի չնմանվի․․․
— Չեմ կարող։ Ների՛ր, իմ ուժերից վեր է․․․արդեն ասեցի, ես ասեղ բռնել չգիտեմ․․․
․․․

Նույն օրը, երբ նա քնած էր, ես վերադարձա զգեստի հետևից։ Քլոեի մայրիկի օգնությամբ, նրան նախապես տեղեկացրած, որ կարող է միայն բանավոր խորհուրդներ տալ, կյանքումս առաջին անգամ ամբողջ գիշեր ես զարդարում էի ինչ-որ մեկի զգեստը, այն ինչ-որ մեկի, որին հետո պիտի չկարոտեի։ Այդ զգեստն իսկապես նման էր դրախտի, և, երբ Քլոեն վերջապես հագավ այն,մարդկանց թվում էր, թե խառնել են հասցեն։

«Ինչ գեղեցիկ է»,-ականջիս շշնջաց Քլոեի սիրելին և մի փունջ դեղին կակաչներ դրեց նրա ձեռքերին, նա նույնիսկ համբուրեց Քլոեի ճակատը, և բոլորը տեսան, թե ինչպես ձեռքերով շոյեց նրա զգեստի ծաղիկները՝ կարծես համոզված, որ դա միակ միջոցն է վերջապես խոստովանելու, որ սիրում էր։

Սևազգեստների մեջ շողշողում էր Քլոեի վերջին զգեստը՝ դեղին, գունավոր ծաղիկներով, թիթեռներով ու տարօրինակ կենդանիներով, որոնց ուղեկցում էր ինձ պատկերող արջուկը։

Մի թևանի թիթեռն անգամ ուրախ տեսք ուներ և երբեմն թվում էր, թե Քլոեն իսկապես կարմրել է, թե նա իսկապես սկսել է ամաչել, որ մեռած է։

26.27.03.2018
Ծով alizé

 « Եթե քաղաքից ավազի հոտ գա »
(պատմվածք)Դա կարող էր լինել 2010 թվականի ամառը, ավելի կոնկրետ հունիսի տասնչորսը։ Նա կարող էի լինել ես, բայց հիմա դժվար է հավատալ, որ կարող էի, քանի որ այն ժամանակվա քսան տարեկան աղջիկն ու ես իմ խորին համոզմամբ իրար հանդիպելիս նույնիսկ բարև չէինք տա։Համենայնդեպս ես նրան չէի նկատի, իսկ նա իմ ետևից երկար կնայեր՝ շփոթված ու մի քիչ էլ նեղսրտած։ Նրան պայմանականորեն կարելի է անվանել Ու, հավատացե՛ք անունները մեր օրերում այնքան էլ կարևոր չեն, քանի որ շատ հաճախ դրանք մեզ ավելի շատ են պատասխանատվության ենթարկում, քան որևէ այլ բան կամ մեկը։ Լավ կլինի, որ խուսափենք պատասխատանվությունից, գոնե գրելիս, չնայած որ գրելը շատ դեպքերում ինքնին ամենամեծ պատասխանատվությունն է։Այդ տարի Ուի մազերը հասնում էին մինչև ուսերը, նա շատ նիհար էր, նման այն նիհարներին, որոնց ուժեղ քամու ժամանակ արգելված է դուրս գալ։ Զարմանալի է, որ այդպիսի օրենք դեռ չկա։ Ճակատին ոչ շատ կարճ մազափունջ էր, որ երբեմն մազակալով հետ էր տանում ուշադրությունը որևէ բանի վրա կենտրոնացնելու համար։Նրա պատմածում աչքերն իհարկե կանաչ էին, բայց դեռ քսան տարեկանին հատուկ փայլով օժտված, որն արդեն կարելի էր մի քիչ խնայել և ինչ-որ հարմար տուփի մեջ պահել հարկ եղած դեպքում հայացքին ավելացնելու համար։ Ոչ ոք Ուի աչքերին այնքան չի նայել, որքան ես, և ես լավ գիտեմ, որ այդ փայլը հետզհետե վերանում էր, փոխարենը հայացքը կարող էր լինել ավելի ինքնավստահ, ավելի խորը, ավելի կասկածամիտ, ավելի խուսափող, ամեն ինչ էլ կարող էր լինել, միայն առանց փայլի շռայլ չափաբաժնի։Նա գալիս էր փոքր երկրից դեպի մեծ երկիր, փոքր քաղաքից՝ մեծ քաղաք։ Արդյո՞ք հնարավոր է հասկանալ այդ տարբերությունը, եթե ամեն քայլափոխի չհարցնեն՝ որտեղից ես գալիս։ Երևանից, Ուն գալիս էր Երևանիից, և այդ օրն այնքան հոգնած էր, որ հիմա մտովի նրան պատկերացնելիս, կասկածներ ունեմ, որ ոտքով էր գալիս։

Առաջին օրը նա պետք է հյուրընկալվեր իր հայրիկի ընկերներից մեկին և վերջինիս համար շոկոլադ ու կոնյակ էր բերել, բայց քանի որ Փարիզ հասել էր երեկոյան և տանը, որտեղ պիտի գիշերեր ոչ ոք չէր ապրում ( դա հայրիկի ընկերոջ գրադարան տունն էր, որը ծառայում էր որպես աշխատասենյակ, իսկ հյուրերի համար փոքրիկ սենյակ կար) և քանի որ հանկարծ սով զգաց, որոշեց, որ կոնյակը բավարար է, շոկոլադն ինքն էլ կարող է ուտել և սկսեց ագահորեն ուտել, մինչև որ կգար Ազատության հրապարակում ( հավանաբար Երևանում է) իր հետ կռիվ տված ընկերը, որն այժմ տեղափոխվել էր Փարիզ։ Բայց Փարիզում արթնանալը Ուին դեռ չէր սպառնում, հաջորդ օրը դեռ ուշքի չեկած գնում էր հարավ․․․Մոնպելյեում էր ապրելու։

— Ինձ դուր է գալիս Փարիզը։ Այստեղ շատ են համբուրվողները,- ասում էր։

Հետո հարավն էր, իսկ հարավում ամեն ինչ ավելի հեշտ է, մանավանդ երբ ծով կա։ Ընդհանրապես ավազի հոտով քաղաքներն ուրիշ են։ Մարմինդ ավելի հանգիստ է, հեծանիվդ՝ լավագույն ընկերդ, մազերդ երբեք չես չորացնում, քո կարճ շրջազգեստից միշտ ավելի կարճը կա, և ոչ ոք ագահաբար չի նայում, գրքերը կարդացվում են ավելի շուտ, որովհետև ամեն ինչ քթի տակ է ՝ այգին, գրադարանը, համալսարանը, բակի նստարանն ու տունը։

Հարավում փող չունես, արև կա, տրամադրություն չունես, նեղլիկ փողոցներ կան, վախեցած ես, ամենամոտ բար կա, որտեղի մատուցողն արդեն ծանոթ է ու ոնց էլ չլինի մի ժպիտով գլուխ կհանի քո խնդիրներից։ Հարավում բոլորը գեղեցիկ են, սերը նման է տաք ասֆալտին պառկած դպրոցական զույգի, որին վաղուց չեն նկատում անցորդները, որովհետև դա նրանց երիտասարդությունն էր։

Բայց հարավը ունի նաև իր վտանգները, իսկ Ուն գալիս էր մի քաղաքից, որտեղ անդադար զգուշացնում են վտանգների մասին և անդադար ուշանում են ինչ-որ բանից ։ Այդ պատճառով դասերից հետո նա սովորաբար մնում էր իր փոքրիկ բնակարանում և լույսից պաշտպանվելու համար փակում դրսի փեղկերը ու մտովի վերադառնում Երևան՝ հասկանալու համար, թե այդ ինչից պիտի զգուշանար, հետո ինչ որ մենակ էր։

Ահա թե ինչու որոշեց չզգուշանալ․․․ոչ մի բանից․․․հենց այդպես մի օր շատ պատահաբար նա հայտնվեց մի գինետանը, որտեղ նույնքան պատահաբար պարզվեց, որ ինքը սիրում է սպիտակ չոր գինի, որ ինքը կարող է իր ջարդված ֆրանսերենով հիմարություններ պատմել և չհայտնվել հիմար կարգավիճակում, որ ինքը կարող է առաջինը հրավիրել պարի և այդքանով փակել հեքիաթի հաշիվը, որ ինքը մոխրոտի շորերով անգամ կարող է նմանվել արքայադստեր, որովհետև այստեղ ոչ մեկից թույլտվություն չեն հարցնում սիրահարվելուց առաջ և դիտավորյալ կոշիկներ չեն թողնում՝ հույսով, թե իրենց կգտնեն։

Բայց դե այս ամենը չափազանցված է, որովհետև ժամանակի հետ հիշողությունները խառնվում են իրար, հաճախ նույնիսկ երազածդ է իրական թվում, պատկերացրածդ դառնում է փորձ, դիմախաղ, դիմագիծ, ամեն ինչ անհետանում է, իսկ ես այնքան համոզված եմ խոսում, կարծես Ուն ինձ հետ ինչ-որ կապ ունի։

Բայց նա ինձ հետ ոչ մի կապ չունի, այն իմաստով, որ Ուն ես չեմ, նրան առաջին անգամ հանդիպեցի Փարիզում, իսկ հետո արդեն նա շատ հանգիստ կպատմեր իր ողջ կյանքը, և ամեն անգամ ինչ-որ մի դետալ մոռացած կլիներ նախապես, հետո լրացնելու կամ մոռանալու համար։

Դա այն ժամանակն էր, երբ Փարիզում արթնանալը արդեն սպառնալիք չէր, այլ պատիժ, համենայնդեպս՝ նրա համար։ Մոնպելյեից հետո Փարիզ տեղափոխվելը Ուի խոսքերով գրեթե մի մոլորակից մյուս մոլորակ տեղափոխվել էր։

2013- ի հունվարն էր, Լյուքսեմբուրգյան այգում մետաղյա աթոռի վրա նստած էր Ուն ու հավանաբար չէր նկատել, որ մրսում է։ Ուի բարակ թիկնոցը մատնում էր, որ պահարանում տաք վերարկու չունի։ Կոշիկները՝ նույնպես վաղ գարնանային էին, ինչ-որ բան հուշում էր, որ ծովի մոտից է գալիս և սովոր չէ Փարիզյան մոխրագույնին։

— Ինձ մոտ ոչինչ չի ստացվում։
— Ի՞նչ չի ստացվում։
— Դե ասեցի ոչինչ։
— Ի՞նչ ես անում Փարիզում։
— Եկել էի կարևոր գործով, բայց չեղարկվեց, հիմա պիտի ժամանակ գլորեմ մինչև աշխատանք գտնեմ։
— Մնալու տեղ ունե՞ս։
— Ունեմ։
— Իսկ սառնարանու՞մ․․․
— Դատարկ է, բայց ոչ թե նրա համար, որ փող չունեմ, այլ որովհետև դրսում եմ սնվում։
— Պարզ է, քեզ որևէ մեկը օգնու՞մ է։
— Ինձ միշտ որևէ մեկը օգնում է, և դա ինձ շատ է խանգարում։

Երկրորդ անգամ ես նրան տեսա պատահաբար։ Դե նկատի ունեմ առաջին անգամից հետո առանց պայմանավորվելու։ Շատ պատահաբար, այնքան, որ այդպես չի լինում։ Քայլում էի դեպը Rue de Rivioli, Սենի վրայի կամրջով անցնելիս հայացքս ընկավ գետի մոտի աստիճաններին, որտեղ կարելի էր տեսնել կամ սիրահար զույգերի, կամ մենակների, կամ էլ «կորսված, հարբած երիտասարդության»։ Ճանաչեցի նրա կարմիր երկար բրդյա շարֆը, որը բոլորովին չէր համապատասխանում գարնանային թիկնոցին։ Հին ծանոթի դեմքով իջա աստիճաններով, նստեցի նրա կողքին ու զարմացած, որ հանկարծակիի չեկավ, վերջապես հարցրի․

— Որտեղի՞ց ես։
— Երևանից։
— Երևան․․․
— Հայաստանը գիտե՞ս․․․
— Ախ, այո, իհարկե, մայրաքաղաքն է։
— Ճիշտ այդպես։
— Ի՞նչ էիր անում Մոնպելյեում։
— Սովորում էի։
— Լա՞վ էր։
— Այո, բայց հիմա մեկ ուրիշ բան պիտի փորձեմ։
— Ի՞նչ էիր սովորում։
— Ապրել․․․նաև․․․
— Այստեղ ընկերներ ունե՞ս։
— Չեմ ուզում։

Ինձ թվաց կոկորդիս ինչ-որ բան կանգնեց։ Ընկերներ չի ուզում։ Այ քեզ բան, հույս ունեմ՝ չի մտածում, թե փորձում եմ ընկերանալ։ Որոշեցի նախապես զգուշացնել, որ․․․

— Ես ընկերանալ չեմ ուզում։
— Ծխու՞մ ես։
— Ահա։
— Կտա՞ս մի հատ, եթե ունես իհարկե։
— Իհարկե։ Ների՛ր որ հարցնում եմ։
— Ի՞նչ ես հարցնում։
— Դու ինչու՞ ես այդքան մենակ թվում։
— Մենակ եմ թողել ինձ։
— Ինչու՞ չես ուզում ընկերներ։
— Այստեղ չեմ ուզում։

Երրորդ հանդիպումը նա ինձ չմերժեց։ Նրա փոքրիկ սենյակը ինձ գրադարան էր հիշեցնում, չնայած ասում էր, որ իր գրքերը չեն։ Պատուհանն այնքան մոտ էր դիմացի շենքին, որ կարող էիր մի շենքի տանիքից մյուս շենքի տանիք թռնել։ Նրա զգեստները կախված էին գրապահարաններից, իսկ մեծ հայելու վրա սև թանաքով գրված էր՝ դու գեղեցիկ ես։ Պարզվեց, որ առաջ նրա հետ կարելի էր անդադար ծիծաղել։ Սկսում էր ինչ-որ բան պատմել, ծիծաղում էր, իսկ հետո դադար տալիս ու անցնում ուրիշ պատմության։ Նրան ընդհատելու ցանկությունը միայն նախորդ պատմության ավարտը իմանալու համար էր, բայց նրան չէր լինում համոզել, որ ավարտի․․․նախորդ պատմությունը ։ Ասում էր, որ մոռացել է՝ ինչի մասին էր խոսում։ Տպավորություն էր, որ դրանք հորինված պատմություններ են, որ այդպես էլ երբեք չեն ավարտվելու։

Նրա միջոցով անհնար էր պատկերացնել՝ ինչպիսին է Երևանը։ Եթե ինձ հարցնեին՝ ինչ եմ լսել Երևանի մասին Ուից, ապա ես հաստատ մի բան կարող էի ասել․ այնտեղ նա թողել էր իր առաջին սերը, դժվար էր հասկանալ իսկապե՞ս ինչ-որ մեկի մասին էր խոսքը, թե՞ Երևանն էր այդ սերը։ Երբեմն նայում էր ինչ-որ ուղղությամբ ու փիլիսոփայում, ինչպես մի անգամ․

— Քաղաքները միշտ մեզ սիրահետում են, եթե նույնիսկ մեզ է այդպես թվում․ մեկը ժամանակ է անցկացնում, մյուսն ուզում է քեզ պահել, բայց դու չես կարող մնալ, մյուսը քեզ վռնդում է, որովհետև ուրիշին է սիրում,իսկ այդ ուրիշը գալիս, գնում է, երբ սիրտը տա, մյուսը Փարիզն է, նկատե՞լ ես, որ այս քաղաքը սիրտ չունի և ես կարծում եմ, որ հենց այս մեկն էլ վերջնականապես խելքս կտանի։

Վերջին անգամ Ուին տեսա Rue Soufflot-ի վրա։ Ասեց, որ գրադարանում է աշխատում, սիրահարված է, արդեն տաք վերարկու ունի և կոշիկներ՝ ամեն եղանակին հարմար։ Շուտով մի քանի օրով մեկնելու էր Երևան, նվերներ էր գնում։

— Երջանի՞կ ես, — հարցրի։

Պարզվեց, որ Ուն երջանիկ լինել չի սիրում, ասեց, որ պարզապես զգուշանում է և սկսել է գիշերները քնել, այդ էլ նրա համար, որ մաշկը թարմ մնա։ Ասեց, որ իր գիրքը պիտի լույս տեսնի, չգիտեի, որ գրում է։

— Եվ այն տուփը հիշու՞մ ես, որի մեջ աչքերիս փայլն եմ պահում։
— Հիշում եմ։
— Ես այն պահում եմ միայն այն օրերի համար, երբ համոզված եմ, որ նայելու են աչքերիս մեջ, իսկ երջանիկ ես կլինեմ միայն եթե․․․եթե քաղաքից ավազի հոտ գա։

Վերջ

Ծով alizé
10.03.2018

 

— Ջեննի՛, մի խնդրանք ունեմ քեզ:
— Մի խնդրանք, մեծ բան չի, դե՞…
— Առանց զգուշացնելու չգնա՛ս:
— Ի՞նչ է փոխվելու, եթե զգուշացնեմ:
— Վստահ չեմ, որ ինչ-որ բան կփոխվի, բայց գոնե ինձ նվաստացած չեմ զգա:
— Դատարկ բաներ են:
— Դատարկ բաներ չեն, լսի՛ր ուշադիր, մարդիկ կան, քո դատարկ բաներից մեռնում են:
— Երանի նրանց ուրեմն… ինչքան փորձեցի մեռնել, չստացվեց, ես ինձ իսկապես նվաստացած եմ զգում:
— Լուրջ եմ խոսում:
— Իզուր:
— Դու հավանաբար համոզված ես, որ, երբ մարդիկ հեռանում են առանց զգուշացնելու, նախապես ծրագրում են այդ հեռացումը, նախապես հավաքում են բոլոր կարևոր իրերը, փաստաթղթերը, մի քանի տեղ սովորականից ավելի ուժեղ շեշտում են «մինչ հանդիպում»-ը:
— Նման մի բան:
— Բայց երբեմն նրանք չգիտեն, որ հեռանում են:
— Հիմա ի՞նչ ես հեռանում եմ ու չգիտե՞մ այդ մասին:
— Այո:
— Ինչ հաջողություն:
— Մի՛ ծիծաղիր, ես քեզ լավ գիտեմ, արդեն վստահ եմ, որ ավեի լավ, քան որևէ մեկը:
— Եվ ի՞նչն է քեզ ստիպում մտածել, որ ես հեռանում եմ:
_ Դու սկսել ես ոչինչ չնկատել Ջեննի՛, նույնիսկ այն, որ բոլոր սեղանների վրա քո սիրած սպիտակ կակաչներն են: Նշանակում է ` դու արդեն այստեղ չես, նշանակում է` մի օր չես գա:
— Հըմ… տարօրինակ է, բայց ես իսկապես չեմ նկատել այս կակաչները, մինչդեռ դրանք Պարոն Միլլերի սիրած ծաղիկներն են, ոչ թե իմ և, եթե անկեղծ, ների՛ր իհարկե, բայց այսքան սպիտակ կակաչ վերջին անգամ նրա հոգեհանգստին եմ տեսել:

Ջեննի և Միլլեր/ հատված/
Ծով alizé

Ծովինար Բանուչյանի հարցազրույցները՝

Բարև ես եմ

Դիմանկար. Ծովինար Բանուչյան

Արդյունքներ՝

Սովորողների խճապատումները

Tv mskh-ի ֆոտոշարը

«Սուրհանդակ» ռադիոն «Հարթակ» ակումբից

Հետաքրքիր հանդիպում

Ծով Alize’-ը «Հարթակ Գեղարվեստում ակումբում»

 

 

Реклама

1 комментарий в “Tsov Alizé Ծովինար Բանուչյանը Հարթակ ակումբում

  1. Уведомление: Մայիսյան 13-րդ հավաք․ ամփոփում | Մարգարիտ Սարգսյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s