Թող քո խոսքը ժլատ լինի, իսկ լռությունը՝ պերճախոս.Մանկավարժական գործիքներ

18620023_1887674431515349_8995895085260182667_n Ուսուցման, մանկավարժության մեջ միշտ քննարկման նյութ է սանը, սովորողը: Քննվում է նրա վարքը, հոգեբանությունը, ձևակերպվում են սովորողի բնութագրման ձևերը, ցանկությունները և այլն: Հարց՝ իսկ ինչպիսի՞ն պետք է լինի ուսուցիչը, իսկ ինչպե՞ս կուզենար սանը, սովորողը տեսնել իր ուսուցչին, ինչպիսի՞ն է ուսուցիչը սանի, սովորողի պատկերացումներում: Ինչպե՞ս է խոսում, ինչպե՞ս է նայում, ինչպե՞ս է ժպտում, լռում, բարկանում, հագնվում, քայլում, խաղում, ուտում, նստում, շոյում և այլն: Ի՞նչ ճանապարհով է ուսուցիչը դառնում սովորողի համար հեղինակություն:

Մանկավարժական հեղինակությունը հիմնականում կառուցվում և ստեղծվում է ուսուցչի վարքով, նրա խոսքի տեխնիկայով, ձայնով, դիմախաղով, ժեստերով, նրա կազմակերպած և ստեղծած մթնոլորտով, միջավայրով, վարքի կոկիկությամբ, հոգեբանական դադարներով,  և այդ շարքը կարելի է անվերջ թվարկել:

Ուսուցիչը իր խմբի/դասարանի/ կրթադաստիարակչական, քաղաքացիական հղկման  ընթացքի  հիմնական կազմակերպիչն է: Օրինակ՝ ինչպիսի՞ պատրաստվածություն կունենան  սովորողները ուսումնական պարապմունքների՝ հանրակրթական, արտադրական, ստեղծական մտածողության ու  պատրաստվածության, ակտիվ ինքնավարության,  ի՞նչ աստիճանի սոցիալական ակտիվություն կդրսևորեն և բարքերին հաղորդակից կլինեն, կախված է հենց ուսուցչից:

Սաների ուսուցումը և դաստիարակությունը բարդ և բազմաշերտ ընթացք է, գործողությունների շղթա, որը պահանջում է ոչ միայն հատուկ կազմակերպում, հատուկ հմտությունների, ջանքերի կիրառմամբ, անհատական՝ յուրաքանչյուրին ուղղված ջանքերով, այլ նաև հոգեբանական այնպիսի կարողություններ և հմտություններ, որոնք կլինեն մանկավարժորեն հիմնավորված ու կիրառելի:

Մասնավորապես հոգեբանական առանձնահատկությունները վերաբերում են էքսպրեսիվ խոսքին: Ուսումնական պրոցեսում ուսուցիչը անընդհատ գտնվում է խոսքային հաղորդակցման մեջ: Եվ այն համգամանքը, թե ինչպես է ուսուցիչը կարողանում կիրառել այդ կարողությունը/խոսքային/, ինչպիսին են նրա  այդ կարողության առանձնահատկությունները, հմտությունները գործունեության հաջողությունները, կախված են նրա պատրաստվածությունից:

Էքսպրեսիվ խոսքը ներառում է ներքին /բովանդակային/, ինչպես նաև խոսքի արտաքին առանձնահատկություններ, որոնք ուղեկցվում են արտաքին դիտման համար մատչելի, ընդգծված /էքսպրեսիվ/ արտահայտչամիջոցներով՝  դիմախաղով /միմիկայով/ և մնջախաղով /պանտամիմիկայով/:

Փորձառու ուսուցիչը ոչ միայն հետևում և պատասխանատու է այն ուսումնական գործունեության համար, որ  իրականացնում ու կազմակերպում է, այլ նաև պետք է ուշադրությամբ հետևի, գրանցի սովորողների արձագանքները՝ հոգնածությունը, ձանձրույթը, անհնազանդությունը, անուշադրությունը, այդ թվում՝ միաժամանակ պետք   է  վերահսկի նաև իր վարքը՝ խոսքը,  ոչ վերբալ դրսևորումները՝ կեցվածքը, դիմախաղը, ժեստերը:

Վարքի դրսևորման կարևոր պահանջներից մեկը մարդու բնական, անկեղծ լինելն  է: Երբ մարդը անկեղծ չէ, դա միանգամից նկատելի է դառնում: Մարդու իրական դեմքը անհատականության իմիջն է, որը մասնավորապես դրսևորվում է դիմախաղով:

Մասնագետները պնդում են, որ եթե խոսքի միջոցով ինֆորմացիայի  7 % է փոխանցվում, ձայնի տոնի, առոգանության բարձրացման  միջոցով՝ 38% ,  իսկ դիմախաղի, մնջախաղի,  ժեստերի, կեցվածքի միջոցով՝ 55 %:  Այլ կերպ ասած՝ կարևոր է դառնում ոչ թե ասելիքը՝ որպես մանկավարժական խնդիր, այլ «ինչպե՞ս»-ը, կերպը, մատուցման ձևը: Պատահական չէ, որ Ցիցերոնը իր աշակերտներին ասում էր. «Հոգու բոլոր գործողությունները պետք է ուղեկցվեն ժեստերով, ձեռքերի ոսկորներով, մատներով, ամբողջ ձեռքով դեպի առաջ, ոտքերը հողին հարվածելով և հատկապես աչքերի հարուստ միմիկայով: Ժեստերը մարմնի լեզուն է, որը հասկանում են անգամ վայրենիներն ու բարբարոսները»: Ուսուցչի մանկավարժական արվեստի ցուցանիշներից է  համարվում  նրա  հաղորդակցության գործիքները՝ վերբալ և ոչ վերբալ:

Դիմախաղը որպես մանկավարժական  գործիք

Դիմախաղը դեմքի մկանների շարժում է, որն արտահայտում է ներքին հոգեկան վիճակը, ապրումները, սեփական մտքերի, զգացմունքների, տրամադրության, իրավիճակի արտահայտման  արվեստ է դիմային մկանների խաղի/շարժման/ միջոցով: Անկառավարելի դիմախաղը մատնում է մարդու հոգեվիճակը: Ով որ տիրապետում է իր դիմային մկաններին, նա կարող է թաքցնել իր զգացմունքները: Դիմախաղին տիրապետելը կոչվում է միմիկայի /միմոսային/ արվեստ:

Անկառավարելի դիմախաղը անհրաժեշտ է մի շարք մասնագիտություններում,  որոնք իրենց  բովանդակությամբ ունեն փոխհարաբերություն կամ փոխազդեցություն մարդկանց հետ: Դիվանագետի դեմքի արտահայտությունը հայտնի է ամբողջ աշխարհին իր զսպվածությամբ:

Մանկավարժի համար շատ կարևոր է տիրապետել իր դեմքի արտահայտությանը և գիտակցել, տիրապետել և կիրառել երեխաների հետ աշխատողի դիմախաղի պայմանական բնութագրերը:

Հաճախ դեմքի արտահայտությունը և հայացքը ավելի մեծ ազդեցություն են ունենում սովորողի վրա քան խոսքերը: Հետազոտությունները ցույց են տվել , որ եթե ուսուցչի դեմքը անշարժ է,  մատուցված ինֆորմացիայի 10-15%-ը կորում է:  Ժեստն ու դիմախաղը նպաստում են ինֆորմացիայի ավելի լավ յուրացմանը՝ բարձրացնելով էմոցիոնալ նշանակությունը: Սովորողները կարդում են ուսուցչի դեմքը՝ կռահելով նրա վերաբերմունքը, տրամադրությունը: Չպետք է մոռանալ, որ ուսուցիչը  պետք է բացառի  խմբասենյակ բերել իր  տնային հոգսերից վաստակած դիմակը: Պետք է դիմախաղում պատկերվեն և ժեստերով  արտահայտվի միայն այն, ինչ վերաբերում է գործին և նպաստում է ուսումնա-դաստիարակչական խնդիրների իրագործմանը:  Ուսուցչի դիմախաղին ներկայացվող պահանջներ՝

  1. Լինել թափանցիկ, բաց աշխարհի և սովորողների հանդեպ, լինի հասանելի, չլինել «հրեշի» կերպարով, որպեսզի սովորողը անարգել դիմի նրան:
  2. Լինել ադեկվատ, համապատասխանել մանկավարժի որակներին. դա թույլ է տալիս սովորողին առանց վախի փոխազդել, հաղորդակցվել ուսուցչի հետ, այսինքն՝ ուսուցիչը տեսնում և ճանաչում է սովորողի «ես»-ը:
  3. Լինել պոզիտիվ, կառուցել դրական դրսևորումներով, մտքերով, ասոցիացաներով հումանիստական հաղորդակցություն:

4.Լինել խորաթափանց, խորագետ,  քանի որ ուսուցիչը գործ ունի երեխայի հոգեկանի հետ, դրա նուրբ դրսևորումների, նրա անհատականության զարգացման, այլ կերպ ասած՝ դա աշխատանք է հոգու հետ:

Ուսուցիչը /դասվար, կազմակերպիչ, դասավանդող/ կարող է  գործի դնել երևակայությունը, առանց երևակայության այս ամենը հօդս կցնդի. նա իր սովորողների հետ կարող է մշակել համապատասխան դիմախաղի, հոգեբանական դադարների այբուբեն, որի կիրառմամբ առանց լարումի կարող են գրանցել պարապմունքի արդյունավետությունը, կարգապահությունը, հերթապահությունը, խոհանոցից օգտվելու կարգը, ճամփորդության ընթացքը և այլն:

Մեծ դիապազոն ունի դիմախաղը, գլխավոր դերում են աչքերը և հոնքերը: Բոլորս գիտենք, որ հոնքերը բարձրացնելիս մենք արտահայտում ենք մեր զարմանքը, դրանք կիտելիս մենք վհատվում ենք, ժպիտով հայտնում ենք մեր գոհունակությունը, կախ շուրթով նեղացվածությունը, և այդպես կարելի է թվել:

Դադարը /հոգեբանական/ խոսքում՝ որպես մանկավարժական գործիք

Հոգեբանական դադարը հաղորդակցմանը կյանք ու միտք է տալիս, դրանց ենթատեքստն է հաղորդում:

«Թող քո խոսքը ժլատ լինի, իսկ լռությունը՝ պերճախոս»: Ահա այս «պերճախոս լռությունն է» հոգեբանական  դադարը, որը շփման, հաղորդակցման շատ կարևոր միջոց է և խոսում է առանց բառերի, բառերը փոխարինում է հայացքով, դիմախաղով, ճառագայթումներով, ակնարկներով, հազիվ նշմարելի շարժումներով և գիտակցված ու ենթագիտակցված շփման կամ հաղորդման միջոցներով: Պատկերացրեք սովորողների արձագանքը իրավիճակին, նաև դրա զարգացումը: Դադարը, լռությունը չի ենթարկվում ոչ մի օրենքի, մինչդեռ նրան են ենթարկվում խոսքի բոլոր օրենքները:

Փաստ է, որ սովորողները գնահատում են իրենց ուսուցչի զսպվածությունը, պարզությունը, բնականությունը՝ անկեղծությունը, խենթությունը՝ լավ առումով, խաղային, իրավիճակային, արկածային միջավայր ստեղծելու կարողությունը և որ ամենակարևորն է՝ երևակայությունը և հավեսը:

Ոչ վերբալ մանկավարժական գործիքների չափից ավելի կիրառումը, ի դեպ, կարող է հանգեցնել նեգատիվ ազդեցությունների: Ոչ տեղին դիմախաղը, չափից ավելի ժեստերը, ուսուցչի լարված անընդհատ շարժը խմբասենյակով վանում և մերժողական հոգեբանական արձագանք է առաջացնում սովորողների մոտ: Այն ապակենտրոնացնում է նրանց ուշադրությունը, նրանք ավելի վատ են ընկալում,  յուրացնում նյութը և հակառակվում են ուսումնական գործընթացին:
Ուսուցիչների ավելի հաճախ հանդիպող զգացմունքային վիճակներից նշվում են էմոցիոնալ անհավասարակշռությունը, վրդովմունքը, ագրեսիվ պահվածքը, դժգոհությունը, լարվածությունը: Եթե ուսուցիչը ունի նմանատիպ հատկանիշներ, ապա դա արտացոլվում է նրա միմիկայի, ժեստերի, խոսքի, պարալինգվիստիկ  արտահայտությունների մեջ /կոպտություն, չափից ավելի քննադատողականություն, սոցիալական տարբերության ընդգծում/:

Ոչ վերբալ  փոխազդեցության հնարավոր նեգատիվ հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է դրա մշակումը և ճիշտ օգտագործումը մանկավարժական գործունեության մեջ: Ոչ վերբալ շփման ձևերի տիրապետումը օպտիմալացնում է ուսուցչի փոխազդեցության համակարգը աշակերտների վրա, ստեղծում է բարենպաստ պայմաններ, համատեղ գործունեության ստեղծական մթնոլորտ:
Ուսուցչի դեմքի արտահայտությունը նրա հոգեկան իրավիճակի հայելին է: Դրական դիմախաղը տրամադրում է շփման: Այդ  ոչ պակաս կարևոր հատկությունը բացում է երեխայի համար հնարավորություն՝ դիմելու ուսուցչին ցանկացած հարցով, խորհրդով, օգնության, զրուցելու կամ բարի խոսքի համար:
Անգնահատելի է դիմախաղի, ժեստերի և մնջախաղի դերը նաև վերբալ հաղորդակցման համար: Այն միայն լրացնում է ուսուցչի և սովորողի շփումը: Հայտնի է, որ ուսուցչի խոսքը պետք է լինի ոգեշնչող, ներթափանցող, անկեղծ, վստահություն  ներշնչող, պետք է ստեղծի մթնոլորտ, միջավայր:

Փոքր-ինչ իմ փորձի մասին

Մանկավարժության մեջ եմ ավելի քան յոթ տարի, ուսուցչությանս բնագավառն է ռեժիսուրա, դերասանի վարպետություն, բեմական խոսք առարկանները Ավագ դպրոցում, իսկ ազդեցության դաշտը՝ մասնավորապես Հյուսիսային դպրոց-պարտեզը:

Որպես անհատ՝ ունեմ հարուստ դիմախաղ, ոչինչ չի ստացվում ինձ մոտ թաքցնել, դիմապատկերս փաստում է իրավիճակի արձագանքի մասին: Մանկավարժության մեջ էլ դա անխուսափելիորեն կիրառում է գտնում,  խոսքի մեջ էլ շատախոսություն  չեմ կիրառում, ձայնս ցածր է, խոսքս զուսպ, բայց դիպուկ, հարուստ դադարներով, որոնք խոսքիս կշիռը մեծացնում են: Գուցե դա թատերական կրթության ձեռքբերումներից է, բայց սովորողների հետ շփման մեջ որևէ ձանձրույթի, տարաձայնության դրսևորում չեմ գրանցել: Խոսքի մեջ դադարները ցնդելու ազդեցություն ունեն սովորողների վրա, հանկարծ որսում ես նրանց ուշադրությունը, դիմախաղը, հոգեկանի արձագանքը: Ստեղծվում է մի մթնոլորտ, որտեղ երևակայությունն է, խոսքը, ժեստը, դադարը, ակցենտը, խաղը: Մանկավարժական ազդեցության հրաշալի գործիքներ են որոնք ես ամեն օր կիրառում եմ:

 

 

Աղբյուրներ`

1.«Մանկավարժություն» Բորդովսկայա, Ի.Վ, Ա. Ա., Ս. Պետերբուրգ 2005
2. «Մանկավարժական ուսումնասիրությունների ներածություն» / խմբագրությունը Ա. Ս. Ռոբոտովայի, Տ.Վ. Լեոնտևի 2008
3. «Մանկավարժական հիմունքներ» Զյազյուն, Ի. Ա., Կրիվոնոս, Ի. Ա., Տարասևիչ, Մոսկվա 1989
4. «Մանկավարժական նախագծում», Կոլյոսնիկովա Ի. Ա., Մ.Պ. Գոռչակովա- Սիբիրսկայա

Մոսկվայի Ակադեմիա 2006
5. «Մանկավարժների դաստիարակչական գործունեությունը»  Կոլյոսնիկա, Ի. Ա., Բորիտիկո, Ն. Մ., Պոլյակով, Ս, Դ. Մոսկվայի Ակադեմիա 2008

6. «Մարմնի լեզու» Պիզ

Էքսմո 2006
7. «Ուսուցչի դիմանկարը հետազոտող գիտնականների, հոգեբանների և հենց սովորողների կողմից որպես մի  հավաքական կերպար» Սինելնիկովա, Տ.Ա. // Մանկավարժական վարպետություն.Միջազգային գիտական համաժողով, Մոսկվա 2014
8. «Մանկավարժի պրոֆեսիոնալ աշխարհի ձևավորում» Ֆռոլովսկայա, Մ.Ն. 2009

9.Մ.Չեխով « Դերարարի տեխնիկայի մասին»

10.Ն. Ֆոմենկո «Մանկավարժի դիմախաղի ազդեցությունը սովորողների վրա ուսումնադաստիարակչական ընթացքում»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s