Վիլյամ Սարոյան «Սովյալները»

“I always stopped when I knew what was going to happen next. That way I could be sure of going on the next day.” ―Ernest Hemingway

Վիլյամ Սարոյան

 

ՍՈՎՑԱԼՆԵՐԸ (Պիես)

 

Փոքրիկ սենյակ Մանհաթենի նրբանցքներից մեկում:       Սենյակում մի սեղան է դրված, վրան՝ հնաոճ նվագարկիչ ու ձայնապնակներ, մի աթոռ և թախտ:
ԳՐՈՂԸ սեղանի մոտ մեքենագրում Է:

Ամառային անձրևոտ օր է, ժամը չորսի մոտ։

Ներս է մտնում ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԸ: Գրողը շարունակում է մեքե­նագրել, երիտասարդ կապիտալիստը շրջում Է սենյակում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Չէի՞ք ցանկանա արդյոք «Սաթըրդեյ իվնինգ փոսթ» բաժանորդագրվել։
ԳՐՈՂ— Մի խանգարեք։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ—(Ինքն իրեն)։ Ի՞նչ է գրում։ (Գրողին)։ Ի՞նչ եք գրում։ (Ոչ մի պատասխան)։ Դեմ չե՞ք լինի, եթե ես մի փոքր երաժշտություն լսեմ։ Դրսում անձրև է։
ԳՐՈՂ— Ասացի՝ մի խանգարեք։

Երիտասարդ կապիտալիստը մոտենում է նվագարկիչին, տեղադրում է ձայ­նապնակը և լսվում է երաժշտություն: Մինչ երաժշտությունը շաունակվում է, ներս է մտնում մի երիտասարդ տխրադեմ ՄԵՔՍԻԿԱՅԻ ԱՂՋԻԿ, լսվում է երգը, իսկ երիտասարդը նայում Է նրան: աղջիկը դեմքով նման է սրբապատկերի:

Աղջիկ—(Լսելով երգը)։ Ծանոթ երգ է։ Հիշում եմ։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Իմ անունը Ջոն է։ Կարո՞ղ եմ ձեզ որևէ բան վաճառել։

ԱՂՋԻԿ—Սուս կացեք։ Սուս։

ԳՐՈՂ—(Ջղայնացած)։Վերջապես թողնելո՞ւ եք աշխատեմ։ (Հանկարծ շրջվում ու տեսնում է երիտասարդ կապիտալիստին և աղջկան: Երիտասարդ կապիտալիստը շատ վատ հագնված 17 —18 տարեկան տղա է: Աղջիկը շատ գեղեցիկ է)։ Այս ի՞նչ է։ (Տղային): Ո՞վ եք դուք։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ—Իմ անունը Ջոն է։

ԳՐՈՂ— (Աղջկան)։ Ներեցեք, ո՞վ եք դուք։

ԱՂՋԻԿ— Դոլորեսն եմ։

ԳՐՈՂ— Շատ լավ, հիանալի է։ Հիմա գուցե բարի լինեք հանգիստ նստել զրուցել և կամ թե իրար նայել, կամ չքվել էստեղից, կամ մեռնել, կամ ինչ որ կուզեք։ Ես գործ ունեմ անելու։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Ինչ ասեք կանեմ, բացի մեռնելուց։

ԳՐՈՂ— Շատ բարի։ Նախ անջատեք նվագարկիչը։ Ապրել եք ուզում՝ ապրեք, բայց ինձ այլևս չխանգարեք։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԻՍՏ— Մի՞թե երաժշտությունը կարող է խանգարել։

ԱՂՋԻԿ— (Երիտասարդ կապիտալիստին): Գնանք, նա ուզում է մենակ մնալ։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Ոչ, մնանք։ Դրսում անձրև է։ Նա ասաց, որ մենք կարող ենք նստել զրուցել։

ԳՐՈՂ— (Դառնալով գրամեքենային)։ Չեմ հասկանում, այս զարմա­նալի մարդիկ որտեղի՞ց են անվերջ հայտնվում։ Թե փող ունենայի կամ ուրիշ մի բան, հասկանալի կլիներ։ Բայց ես ոչինչ չունեմ նրանց տալու։ (Շրջվում է դեպի աղջիկը)։ Հեյ, դուք քաղցա՞ծ եք։

ԱՂՋԻԿ— Այո։

ԳՐՈՂ— Էդպես էլ գիտեի։ Ներողամիտ կլինեք, ես ոչինչ չունեմ ձեզ տալու։ Ես ինքս էլ քաղցած եմ։ Շա՞տ եք քաղցած։

ԱՂՋԻԿ— Երեկվանից ոչինչ չեմ կերել։

ԳՐՈՂ— Իսկ դո՞ւ, Սեմ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Ջոն, ոչ թե Սեմ։ Ես էլ քաղցած եմ։

ԳՐՈՂ— Բարի, Ջոն։ Երբվանի՞ց է, որ ոչինչ չես կերել։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Չեմ հիշում։ Գիտեմ, որ նախաճաշել եմ երեկ չէ առաջին օրը։ Հաշիվը կորցրել եմ։

ԳՐՈՂ— Գուցե թուլություն կամ գլխապտո՞ւյտ ես զգում։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Ոչ, միայն թե տագնապի մեջ եմ։ Ոչ ոք

չի ցանկան ում «Սաթըրդեյ իվնինգ փոսթ» բաժանորդագրվել։ Հա­զար ու մի խոսակցություններ եմ լսում պատերազմի մասին ու հաս­կանում եմ, որ աշխարհը քանդվում է։ Կուզեի իմանալ, թե այս ամենի վերջը ինչ է լինելու։

ԳՐՈՂ— Պարզ է։ Դու արդեն քաղցից զառանցում ես։ Չեմ կարծում, թե կարողանաս փողոց դուրս գալ ու մուրալ։ Կարո՞ղ ես։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Կամաչեմ։

ԳՐՈՂ— Իհարկե, կամաչես, ո՞վ չի ամաչի։ Այնինչ, եթե չմուրաս, հավանական է, որ ի վերջո աշխարհի մտահոգությունից ուշաթափվես ու մեռնես, եթե անշուշտ չգտնվի մեկր, որ քեզ օգնության հասնի։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Ես ոչ մի ողորմություն չեմ ուզում։

ԳՐՈՂ— Իհարկե ոչ։ Ողորմություն ուզող չկա։ Դու ինչ կցանկանայիք, քույրիկ, սե՞ր թե ողորմություն։

ԱՂՋԻԿ— Ի՞նչ։

ԳՐՈՂ— Ոչինչ։ Ամենքն էլ կհականան, որ քո ուզածը սերն է։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Չգիտեմ, թե ով եք դուք, բայց ձեր վերաբերմունքը շատ տարօրինակ է։ Գրո՞ղ եք, թե նման մի բան։

ԳՐՈՂ— Ես գրում էի, երբ դուք սենյակ մտաք։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Կարծեցի թե մեքենագրելու փորձ եք ձեռք  բերում, որպեսզի որևէ գրասենյակում աշխատանք ճարեք։ Քոլեջ ավարտած մի ծանոթ ունեմ, որը աշխատանք ստացավ մթերային խանութում, որովհետև մեքենագրել գիտեր։ Ամեն երեկո աշխատանքից հետո տիրոջ համար մի քանի նամակ էր մեքենագրում։

ԳՐՈՂ— Ես գրող եմ։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Պետք է որ հարուստ լինեք։

ԳՐՈՂ— Ունեցած-չունեցածս ահա այս սենյակում է։ Եվ այդպես արդեն յոթ տարի։ Ուտել ուզո՞ւմ եք։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Այո։

ԳՐՈՂ— (Ծածկելով մեքենան)։ Շատ լավ։ Վերցրու էս գրամեքենան, տար դիմացի տունը և մեկնումեկին ծախիր։ Ես կուղարկեի քեզ քաղաք, որ մեքենան գրավ դնես, բայց հինգ սենթ անգամ չունեմ, մետրոյի համար, իսկ ոտքով չի լինի, հեռու է։ Մինչև հետ գաս, էս աղջիկը շատ հնարավոր է քաղցից մեռնի։ Եվ դու էլ նույնը։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Ոչ, ես չեմ մեռնի, ոչ էլ նա։ Չէ՞։

ԱՂՋԻԿ— Չգիտեմ։ Ես այնքան երկար եմ երազել, որ չգիտեմ, թե ինչ է կատարվում շուրջս։ Կուզենայի մի քիչ երաժշտություն լսել։ Դա ինձ հիշեցնում է բաներ, որոնք ավելի կարևոր են, քան թե ունենալը կամ չունենալը։

ԳՐՈՂ— (Գնում է նոր ձայնապնակ)։ Շատ լավ։ Ահա ձեզ երժշտություն։ (Գրամեքենան տալիս է Ջոնին)։ Վազիր դիմացի տունը և բոլոր դռների զանգը տուր։ Աշխատիր հնարավորին չափ թանկ ծախել։ Հինգ տարի առաջ գինը վաթսուն դոլար էր։ Ծախիր հինգով, եթե հաջողվի, եթե չէ՝ աշխատիր չորսով ծախել, թե չորսով էլ չըստացվի, երեքով, թե երեքով էլ չեղավ․․․

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Կծախեմ երկուսով։ Իսկ եթե մի դոլար անգամ չտա՞ն։

ԳՐՈՂ— Հետ բեր անիծվածը։ Դոլարից մի պենս էլ պակաս չենք ծախի։ Էս փոքրիկ խարխուլ մեքենայով ես ստեղծել եմ մի քանի գրվածքներ, որ աշխարհի լավագույն չհրապարակված գործերից են։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Ես նման բան դեռ չեմ արել։ (Աղջկան)։ Ցտեսություն։

ԱՂՋԻԿ— Ցտեսություն

ԳՐՈՂ— Փողոցն անցնելիս զգույշ եղիր։ Լա՞վ ես տեսնում։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Հիանալի եմ տեսնում։ Ի՞նչ անեմ, եթե հանկարծ շատ փող ստացա, ասենք թե հինգ դոլար։

ԳՐՈՂ— Վազիր խանութ և ուտելու լիքը բան բեր։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Լավ։ Ուզում եմ իմանաք, որ անչափ երախտապարտ եմ ձեզ։

ԳՐՈՂ— Չարժե։ Ես էլ քաղցած եմ։ Եթե ապրեմ, նորից կշարունակեմ գրել։ Կուզենայի մի բան խմել, այսինքն վիսկի կամ նման մի բան, եթե իհարկե փող ձեռք բերիր։ Փոքր շշերն արժեն տասից երեսունհինգ սենթ։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Շատ բարի։ Ցտեսություն։

ԳՐՈՂ ԵՎ ԱՂՋԻԿ— Ցտեսություն։

Որոշ ժամանակ երկուսով երաժշտություն են լսում։

ԱՂՋԻԿ—  Ես հաց եմ սիրում, իսկ դո՞ւք։

ԳՐՈՂ— Ես էլ։ Խնձոր սիրո՞ւմ ես։

ԱՂՋԻԿ— Ի՜նչ հիանալի բան է խնձորը։ Ոչինչ չկա խնձորից լավ։

ԳՐՈՂ— Ես խաղող էլ եմ սիրում։ Խաղողը հատուկ նշանակություն ունի։

ԱՂՋԻԿ— Իսկապե՞ս։ Իսկ ո՞րն է դրա նշանակությունը։

ԳՐՈՂ— Խաղողից գինի են ստանում, իսկ դու գիտե՞ս թե ինչ է նշանակում գինին։

ԱՂՋԻԿ— Երանի՜ իմանայի։

ԳՐՈՂ— Գինին կյանք է, այժմ և հավիտյան։ Հավերժական կյանք։ Ահա թե ինչ է նշանակում գինին։ Երբ խաղող ես ուտում, զգում ես, թե ինչ հրաշալի է աշխարհի երեսին ապրելը։

ԱՂՋԻԿ— Օ, շնորհակալ եմ։

ԳՐՈՂ—(Զբաղվում է նվագարկիչով)։ Որտե՞ղ կուզենայիր լինել։

ԱՂՋԻԿ— Մի արևոտ տեղ։

ԳՐՈՂ— Դու քաղցած ես, ահա թե ինչ։ Անձրևոտ եղանակը ամենից հաճելին է։ Անձրևն արցունք է, իսկ արտասվելիս մաքրվում են։ Մի ծիծաղելի պատմություն պատմե՞մ։

ԱՂՋԻԿ— Պատմեք, բայց չեմ խոստանում ծիծաղել՝ շատ եմ տխուր։

ԳՐՈՂ— Ես ինքս էլ չեմ խոստանում ծիծաղել։ Բայց դե պատմությունը ծիծաղել է։ Երբ տասը տարեկան էի, մի օր գյուղ գնացի և գտա խաղողի մի մեծ այգի, հոյակապ կարմիր խաղողներով։ Անցնում էի՝ նայելով մի թփց մյուսը, չդիպչելով նույնիսկ մի հատիկ խաղողի։ Հանկարծ այգու տերը տեսավ ինձ ու «գող» ասաց։ Ու վռնդեց խաղողի այգուց։

ԱՂՋԻԿ— Դա՞ է պատմությունը։

ԳՐՈՂ— Այո։

ԱՂՋԻԿ— (Սկսում է լաց լինել)։ Ցավում եմ, բայց ասացի, չէ՞, որ չեմ խոստանում ծիծաղել։

ԳՐՈՂ— Ես էլ կուզենայի մեկ-մեկ այդպես լաց լինել։

ԱՂՋԻԿ— Չե՞ք կարողանում լաց լինել։

ԳՐՈՂ— Ոչ։

ԱՂՋԻԿ—(Լաց է լինում ավելի դառը լացով)։ Իսկ ես կարող եմ։

ԳՐՈՂ— Գիտեմ, որ կարող ես։ Քեզանից ավելի լավ լացող չեմ տեսել։ Մի անգամ կարդացի մի աղջկա մասին, որը տասնմեկ տարի շարունակ լաց է եղել։ Սիրածին սպանել էին պատերազմում, դրա համար էլ լաց էր լինում։

ԱՂՋԻԿ— Հետո ի՞նչ եղավ։

ԳՐՈՂ— Չգիտեմ։ Երևի դադարեց լաց լինելուց։

ԱՂՋԻԿ— Այդքա՞ն բան։

Գրող— Այո։

ԱՂՋԻԿ— (Նորից հեկեկալով)։ Լաց լինելուց ի՞նչ օգուտ։

ԳՐՈՂ— Ինչ որ իմաստով երևի բարերար է։ Կարծում եմ, դա նման է անպատասխան սիրո։ Նրբացնում է մարդուն։

ԱՂՋԻԿ— Չեմ հավատում։

ԳՐՈՂ— Ես էլ չեմ հավատում, բայց մի անգամ գրել եմ, որ դա է արցունքների իմաստը։

ԱՂՋԻԿ— Եթե դուք մեկին սիրեք, իսկ նա չսիրի ձեզ, մի՞թե ձեր լացը չի գա։

ԳՐՈՂ— Ոչ։

ԱՂՋԻԿ— Անսիրտ մարդ եք։

ԳՐՈՂ— Անսի՞րտ։ Ո՞ւմ հանդեպ։

ԱՂՋԻԿ— Աղջկա։ Ես սիրում եմ ձեզ։ Ինչո՞ւ լաց չեք լինում։

ԳՐՈՂ— Ես կարծում էի, թե դու նրան ես սիրում։

ԱՂՋԻԿ— Նրա՞ն։ Ո՞ւմ։

ԳՐՈՂ— Այն տղային։ Ջոնին կամ Սեմին, ի՞նչ էր նրա անունը։ Նա սիրում է քեզ։

ԱՂՋԻԿ— Ի՞նչ իմացաք։

Գրող— Ես գրող եմ։ Ես տեսա, թե նա ինչպես էր քեզ նայում։ Նա քաղցած է, ինչպես և դու․․․ Նա սիրում է քեզ, որովհետև դու շատ լավիկն ես։ Դու նրան հիշեցնում ես մի բան, որը նա չի կարող մտաբերել՝ խաղող կամ գուցե մի ուրիշ բան։ Հանկարծակի նա կհիշի և այն ժամանակ կասի, որ սիրում է քեզ։

ԱՂՋԻԿ— Ես ձեզ եմ սիրում։

ԳՐՈՂ— Դու պարզապես քաղցած ես։

ԱՂՋԻԿ— (Լաց լինելով): Դուք շատ անսիրտն եք։ Դուք ինձ չեք սիրում։

ԳՐՈՂ— Սիրում եմ։ Սիրում եմ քեղ շա՜տ, շա՜տ։

ԱՂՋԻԿ— Ոչ, դուք ինձ չեք սիրում։

ԳՐՈՂ— Բայց ես իրոք սիրում եմ։ Ես էլ նրա պես քաղցած եմ։ Նրանից էլ քաղցած։ Միայն նրա պատճառով է, որ մինչև հիմա չեմ ասել, թե որքան սիրելի ես ինձ համար։

ԱՂՋԻԿ— Հենց այնպես ասում եք։

ԳՐՈՂ— Լաց չլինես այլևս: Սպասիր մինչև որ մի բան ուտես։ Տեսնո՞ւմ ես էս փոքրիկ քարերը։ Ես դրանք հավաքել եմ Խաղաղ օվկիանոսի ափերից։ Առաջ ապրում էի Սան Ֆրանցիսկոյում։ Մի տես թե ի՜նչ սքանչելի քարեր են։ Դու էլ այս քարերի նման դուրեկան ես։

ԱՂՋԻԿ— Ւնձ չեք սիրում։

ԳՐՈՂԱ—Անհանգիստ եմ այդ տղայի համար։ Գրամեքենան ծախե՞ց, թե ոչ։ Սա է խնդիրը։

ԱՂՋԻԿ—Հուսով եմ, որ չի ծախել։ Եվ ոչ Էլ կծախի։ Հուսով եմ, որ նա կգողանա մեքենան և այլևս չի գա։

ԳՐՈՂ— Ւ՞նչ ես ասում, ուշքի եկ, ես սովից մեռնում եմ, դու նույն պես։

ԱՂՋԻԿ— Նույնիսկ եթե նա վերադառնա ուտելիքով, ես ոչինչ չեմ ուտի։

ԳՐՈՂ— Պարզ Է։ Ւսկ ես կուտեմ։

ԱՂՋԻԿ— Դուք շատ անսիրտն եք։ Ես Էլ կուտեմ։

ԳՐՈՂ— Հիմարություն կլիներ չուտելը։

ԱՂՋԻԿ— Ինչո՞ւ եք այստեղ ապրում, ինչո՞ւ չեք տեղավախվում մի ուրիշ տեղ, ուր ավելի լուսավոր է։

ԳՐՈՂ— Լույսն այստեղ բավական է։ Տեսնո՞ւմ ես այս քարերը։ Դու էլ սրանց պես․․․

ԱՂՋԻԿ— Ինչո՞ւ եք էլի նույնը ասում։

ԳՐՈՂ— Այս քարերր միակ բանն է սենյակում, որ ինձ է պատկա­նում, որ աստված ինձ տվել է։ Դու սրանցից յուրաքանչյուրի պես լավն ես։ Ապա նայիր դրանց, ի՞նչ ես տեսնում։

ԱՂՋԻԿ— Ոչինչ։

ԳՐՈՂ— Աստված իմ, մի՞թե էդքան քաղցած ես։

ԱՂՋԻԿ— Այո

ԳՐՈՂ— Ցավում եմ։

ԱՂՋԻԿ— Ինչո՞ւ։

ԳՐՈՂ— Որովհետև սիրում եմ քեզ։

ԱՂՋԻԿ— Չեք սիրում։

ԳՐՈՂ— Անձրևը դեռ գալիս է։ Միգուցե նա վա՞յր է ընկել փողոցում։ Դու դեռ քաղցա՞ծ ես։

ԱՂՋԻԿ— Ոչ։

ԳՐՈՂ— Ես էլ քաղցած չեմ։

ԱՂՋԻԿ— Ես ձեզ սիրում եմ։

ԳՐՈՂ— Լավ։ Մոռացիր։

ԱՂՋիԿ—Ես կսիրեմ ձեզ հավիտյան։

ԳՐՈՂ— Քո տարիքի աղջկա համար դա շատ երկար ժամանակ է։

Քանի՞ տարեկան ես։

ԱՂՋԻԿ— (Լաց լինելով) Դուք ծիծաղում եք ինձ վրա։ Տասնյոթ տարեկան եմ։

ԳՐՈՂ— Ներիր։ Հիասքանչ աղջիկ ես։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— (Վերադառնում է՝ գրամեքենան ձեոքին։ Դեմքը թրջված: Ժպտում է)։ Ձեր գրամեքենան ուզող չեղավ։

ԳՐՈՂ— Դե ի՞նչ, մնում է փող ձեռք բերելու մի ուրիշ հնար գտնել։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— «Սաթըրդեյ իվնինգ փոսթ» բաժանորդագրվող էլ չկա։։

ԱՂՋԻԿ— Մենք բոլորս կմեռնենք։ Շատ ուրախ եմ։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Ուրա՞խ։

ԱՂՋԻԿ— Այո։

ԳՐՈՂ— (Ջոնին): Մի անհանգստացիր, մենք չենք մեռնի։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Ես նույնիսկ մի տարի սովորել եմ բարձ­րագույնում։

ԳՐՈՂ— (Գրամեքենան դնում է սեղանի վրա, մի թերթ թուղթ է տեղադրում և սկսում տպել: Դիմելով աղջկան): Եթե հիսուն սենթ ունենայիր, ի՞նչ կնախընտրեիր՝ տապակած մի՞ս, թե հավ։

ԱՂՋԻԿ—Ես ոչինչ չեմ ուզում։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Թե փող ունենայի, ի՞նչ կուզենայիր, որ

առնեի քեզ համար։

ԱՂՋԻԿ— Ոչինչ չէի ուզենա։ Շնորհակալություն։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Ի՞նչ է պատահել։

ԱՂՋԻԿ— Շատ Հիմարն ես։

ԳՐՈՂ— (Վեր է թռչում ու դիմում աղջկան)։ էս քարերին նայիր․․․ Դու բոլորովին նման չես դրանց։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԻՍՏ— Նրան ի՞նչ է պատահել։

Աղջիկը նորից սկսում է լաց

ԳՐՈՂ— Պարզապես քաղցած է։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— (Աղջկան)։ Քեզ ի՞նչ է պատահել։

ԱՂՋԻԿ— Նա ինձ վիրավորեց։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Վիրավորե՞ց։ Ի՞նչ ասաց: (Գրողին)։ Լսեք, դուք շատ բարի գտնվեցիք, թույլ տալով մեզ պատսպարվել անձրևից, բայց չհամարձակվեք իմ ներկայությամբ վիրավորել աղջկան։

ԳՐՈՂ— Նստիր։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Դուք այգ իրավունքը չունեք։

ԳՐՈՂ— Նստիր։ Երկուսով նստեք, երաժշտություն լսեք, մի բանով զբաղվեք։        Ի՞նչ է, չե՞ք տեսնում, որ ջանում եմ գործս առաջ տանել։

Ներս է մտնում մի Ծեր Կին՝ տխուր ժպիտը մանկական դեմքին։

ԿԻն— Թույլ կտա՞ք մնալ այստեղ մինչև անձրևը կտրվի։

ԳՐՈՂ— (Առանց շրջվելու)։ Իհարկե։ Բայց ոչինչ չունեմ ուտելու։

ԿԻՆ— (Երիտասարդ կապիտալիստին)։ Հա՞յրդ է։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Ոչ։

ԱՂՋԻԿ— Դուք տեղ չունե՞ք մնալու։

ԿԻՆ— Ոչ։

ԱՂՋԻԿ— Ես էլ։

ԳՐՈՂ— Շատ բարի։ Բոլորդ էլ կարող եք էստեղ մնալ։ Եթե միայն

մի քանի րոպե լռեք, մնացեք ինչքան որ սրտներդ ուզի։ Անձրևը անվերջ չի տևելու։ Երբ դադարի, կարող եք գնալ ուր որ ցանկա­նաք։ Վստահ եմ, որ կկարողանաք գտնել․․․

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— (Կնոջը)։ Չե՞ք ցանկան ա բաժանորդագըրվել։

ԿԻՆ— Ւ՞նչ բաժանորդագրվել։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— «Սաթըրդեյ իվնինգ փոսթ»։

ԿԻՆ— Ոչ։

ԳՐՈՂ— Ահա թե ինչ․ ես կբաժանորդագրվեմ։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ—(Վեր ցատկելով)։ Իսկապե՞ս։ Առաջիկա վեց ամիսը դուք ոչինչ չեք վճարի։

ԳՐՈՂ— Վեց ամի՞ս։ Քեզ ի՞նչ օգուտ դրանից։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Սկզբում՝ ոչինչ։ Բայց եթե հաջողվի հավաքել բաժանորդագրման մի քանի թերթիկներ, ես կներկայանամ գրասենյակ և հնարավոր է մեկնումեկը ինձ պարտքով կես դոլար տա։

ԳՐՈՂ— Այդ դեպքում ես ութ-տասը անգամ կբաժանորդագրվեմ, տարբեր անուններով ու տարբեր հասցեներով։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Շատ շնորհակալություն։ Լրացրած թեր­թիկները մեծ տպավորություն կթողնեն։ Ինչո՞ւ պիտի ձեզ նման բարեսիրտ մարդը վիրավորի սրա նման հիանալի աղջկան։

ԱՂՋԻԿ— Ո՞ւմ է ով վիրավորել։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ—(Հանելով թերթիկները)։ Գուցե դո՞ւ էլ բա­ժանորդագրվես։

ԱՂՋԻԿ— Իհարկե։ Ութ-տասը անգամ։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Չգիտեմ թե ինչպես շնորհակալություն հայտնեմ։

ԱՂՋԻԿ— Չարժե։ Դու դեռ քաղց զգո՞ւմ ես։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Ոչ առաջվա պես։ Կարծում եմ, մեկնումեկը մի քիչ փող կտա ինձ պարտքով։ Հետո կվերադարձնեմ։(Ծեր կնոջը)։ Դուք ևս չէի՞ք ցանկանա բաժանորդագրվել։

ԿԻՆ— Իհարկե։

Գրողը, աղջիկը, ծեր կինը լրացնում են յուրաքանչյուրը ութ-տաս թերթիկներ և տալիս են երիտասարդ կապիտալիստին։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Արդեն ինձ լավ եմ զգում։ Կարծում եմ կարիք չկա հուսահատվելու։

ԳՐՈՂ— Ինձ էլ է այդպես թվում։

ԱՂՋԻԿ— Եվ ինձ։

ԿԻՆ— Եվ ինձ։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Կարծում եմ ամեն ինչ լավ կլինի։

ԳՐՈՂ— Ես էլ եմ այդպես կարծում։

ԱՂՋԻԿ— Անձրևը դեռ գալի՞ս է։

ԿԻՆ— Կարծեմ դադարել է։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ—Ծնորհակալություն, շա՜տ, շա՜տ շնորհակալություն։ Մնաք բարով։

ԲՈԼՈՐԸ— Գնաք բարով։

ԿԻՆԸ—(Աղջկան)։ Դու նրան ճանաչո՞ւմ ես։

ԱՂՋԻԿ— Ոչ։

ԳՐՈՂ—(Ծեր կնոջը)։ Մենք իրար սիրում ենք, քաղցից իհարկե, բայց սերը՝ սեր է, ինչից էլ որ ծագի։

ԿԻՆ— Թե այդպես է, ես գնամ։

ԳՐՈՂ— Մի շտապեք։

ԱՂՋԻԿ— Գնացեք, խնդրեմ։ Վախենում եմ, որ չկարողանամ երկար դիմանալ։

ԿԻՆ— Մնաք բարով։ (Գնում է։ Աղջիկը արագ մոտենում է գրողին։ Ծեր կինը վերադառնում է)։ Կարծում եմ, պետք է ձեզ ասել․ նա ընկած է աստիճաններին։

ԳՐՈՂ— Ո՞վ։

ԿԻՆ— Այն երիտասարդը։ Դե, մնաք բարով։ (Նույնպես ընկնում է)։

ԳՐՈՂ— Մնաք բարով։

ԱՂՋԻԿ— (Գրողին)։ Ողջույն։

ԳՐՈՂ— Ողջույն։ (Գրկում է աղջկան)։

ԿԻՆ— Չէի կարծում, որ այդքան մոտ եմ մահվանը։ Ներեցեք ինձ։

ԳՐՈՂ— Ոչինչ, ոչինչ։

ԱՂՋԻԿ— Սիրո՞ւմ եք ինձ։

ԳՐՈՂ— Դու այս քարերի նման հիասքանչ ես։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— (Ներս է մտնում)։ Ես այստեղ ոչինչ չե՞մ թողել

ԳՐՈՂ— Չեմ կարծում, բայց կարող ես նայել։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— (Նայում է շուրջը և հանկարծ տեսնում աղջկան)։ Գիտեի, որ մի բան թողել եմ։ Չե՞ս գա ինձ հետ։

ԱՂՋԻԿ— Խնդրում եմ, հեռացիր, մեռիր։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Լավ, ես կհեռանամ, բայց չեմ մեռնի։ Ւմ

առջև մեծ ապագա կա: Մնաք բարով:

ԿԻՆ— Գնաս բարով: Թերթիկները չմոռանաս վերցնել։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ— Չեմ մոռանա։

Բոլորը, բացի գրողից, ընկնում են գետնին։ Գրողը վերդառնում է իր աշխատանքին։ Ներս է մտնում ՄԱՀԸ։ Նա բարի դեմքով մի մարդուկ է։

ՄԱՀ— Այստեղ կենդանի մարդ կա՞․․․

ԳՐՈՂ— Ես ամբողջ ժամանակ ջանում եմ կենդանի մնալ․․․ Ո՞վ եք դուք։

ՄԱՀ— Ես մահն եմ։

ԳՐՈՂ— Ինչպե՞ս եք,

ՄԱՀ— Լավ եմ, շնորհակալություն։ Այս դիակները ես կտանեմ։ (Բարձրացնում է ծեր կնոջ դին, դուրս է տանում և գցում: Լսվում է տարօրինակ ձայն: Տանում է նաև երիտասարդ կապիտալիստին։ Հետ է գալիս աղջկան տանելու և գտնում է նրան գրողի գրկում:

Երկուսն էլ փռված են գետնին): Հիմա բոլորն էլ մեռած են։ Գործըս թեթևացավ։ Հետաքրքիր է, ի՞նչ էր գրում։ (Մոտենում է գրամեքենային, հանում է թուղթը և նայում): Ոչինչ չկա այս էջում։ (Նայում է մյուս էջերին): Այստեղ էլ ոչինչ չկա։ Բոլոր էջերն էլ մաքուր են։

ԳՐՈՂ— (Աղջկան)։ Դու որևէ բան հիշո՞ւմ ես։

ԱՂՋԻԿ— Քարերն ու խաղողը։ Իսկ դո՞ւք։

ԳՐՈՂ— Ես քեզ եմ հիշում։

ԱՂՋԻԿ— Դուք երջանի՞կ եք։

ԳՐՈՂ— Այո։ Ամենից շատ որտե՞ղ կուզենայիր լինել հիմա։

ԱՂՋԻԿ— Ես միշտ երազել եմ կյանքումս գոնե մի անգամ լինել Նյու Յորքում։

ԳՐՈՂ— Նյու Յորքում մեկ անգամ եղել եմ, կպատմեմ քեզ դրա մասին։

ՍԱՀ— Մի քիչ երաժշտություն լսեմ։ (Դնում է ձայնապնակը։ Լույսը խավարում է, մահը պառկում է հատակին):

ԳՐՈՂ— Նյու Յորքը շատ հեռու է, նույնիսկ երբ այնտեղ ես։ Եվ ամեն բանից մեծ է, հսկայական, նույնիսկ երբ աչքովդ ես նայում ու տեսնում։ Եվ դա աշխարհի ամենախավար ու ամենալուռ տեղն է։ (Բեմը միանգամից մթնում է, երաժշտությունը դադարում): Ձմռանը ամբողջ քաղաքը ծածկված է ձյունով և մարդիկ մեռնում են, ինչպես և ամռանը․․․

11— Վ. Սարոյան, Հ․ 2

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s