Հոգևոր զրույցներ: Հայր Ավետիս Դանիելյան

28833218_627844507562861_571292653_n

 

Հոգևոր զրույցներ նախագիծ. Տեր Ավետիս քահանա Դանիելյան

Ք.Ն.

-Հա՛յր Ավետիս, այցի նպատակը հոգևոր զրույցների շարք ստեղծելն է այն  մարդկանց հետ, ովքեր՝ ըստ մեր հասարակության  հոգևորի պատկերացումների,  մոտ են կանգնած դրան: 

Տեր Ավետիս

Ինչի՞ մասին ես ուզում զրուցել:

Ք.Ն.

Ձեր գործունեության, եկեղեցու և համայնքի կապի մասին: Կա՞ եկեղեցու սպասավորների և համայնքի հետ կապ: 

Տեր Ավետիս

-Կաթողիկեի լսարանը շատ լավն էր, Հովհաննեսինը նեղ է: Կաթողիկեն շատ ազատ եկեղեցի էր, լավ առումով՝  սերը շատ էր: Երբ եկա էստեղ, հասկացա, որ էստեղ շատ մութ ա:

Ք.Ն.

-Համայնքի՞ց է:

Տեր Ավետիս

-Համայնքից է ու էլի շատ գործոններ կան: Մենք երբ Կաթողիկեում պատարագ էինք անում, էդ դասական եկեղեցու բաժանումը չկար: 1936-ին քանդել էին, մնացել էր ավագ խորանը սեղանի հետ, ժողովուրդը անմիջապես քահանայի ոտքերի տակ էր հավաքված: Չկար ատյան, նավ, գավիթ և այլն: Բոլորս կպած էինք իրար՝ ես՝ Սուրբ սեղանից, խորան, ժողովուրդն էլ՝ ինձ, ու էդպես ռեակցիան շղթայական կապով գնում էր հասնում ինստիտուտում պատի տակ  նստած մարդկանց: Էդ ժողովուրդը և՛ անձրևին, և՛ձյանը, և՛ արևին մասնակից էր: Իրականում երբեմն դրսում ավելի տաք էր ձմռանը, քան եկեղեցու ներսում:  Էնքան լավ էր. այդ 17-18 տարում էդ ժողովուրդը սկսեց ճանաչել իրար, սիրել, դարձավ եկեղեցու համայնքը:  Հետո նույն համայնքը տեղափոխվեց Սուրբ Աննա՝ իր հովիվով, եկեղեցով:

Գիտեք՝ մի անգամ չի եղել, որ պատարագ չանեմ: Լինում էին օրեր, որ ասում էի՝ ա՛յ մարդ, ախր էս տաք անկողնուց ո՞նց վեր կենամ գնամ, բայց չէի կարողանում մոռանալ, որ մարդիկ գալիս են, իսկ  Կաթողիկեի դուռը երբեք փակ չէ լինում, ասում էի՝ ա՛յ Տեր Ավետիս, էլի սկսեցիր աշխարհային, աշխարհիկ մտածել՝ ցուրտ ա, շոգ ա, վեր կաց գնա՛: Գնում էի ու չէի փոշմանում:

Ք.Ն.

-Մեր որոնածը հենց դա է, որ մարդու և եկեղեցու, պատարագիչի ու քահանայի կապը եկեղեցու հետ իրական լինի: Ճանապարհին հենց դրա մասին էինք խոսում:

Տեր Ավետիս

-Պետք է քահանան անկեղծ լինի ոչ թե մարդկանց հետ, այլ Աստծո հետ: Չէ՞ որ ինքը տեսնում ա քո  սրտի մեջ, դե մի հատ դու խոստովանիր: Երբ խոստովանությունը լինում ա, Աստված իրոք քո հայրն ա դառնում, ավելի ես սիրում, մեկ-մեկ ջղայնանում ես, ասում ես լավ ինչո՞ւ…., բայց պատարագի ժամանակ մեկ էլ զգում ես, թե ինչ խաղաղություն ա իջնում վրադ, Տերը ասում ա, դու երբեք չես լսում իրան, բայց միևնույն ժամանակ խոսում ա, դու զգում ես իրան, իր ներկայությունը. ես ասում եմ այն, ինչ զգացել եմ:

Բայց ես ձեզ նաև կասեմ, որ ես հիմնավոր, մոլեռանդ հավատացյալ չեմ:

-Էդ դեպքում ինչո՞ւ եք ընտրել հոգևոր ծառայությունը:

Տեր Ավետիս

-Ես չեմ ընտրել, իսկապես, չկարծես, թե շաբլոն բան եմ ասում, ես չեմ ընտրել՝ ինձ են ընտրել, լուրջ եմ ասում: Իմ մայրը որբատան երեխա է եղել, հայրս 6 տարեկան չկայի, մահացավ, քեռիս էր, որ էլի որբատան երեխա՝ սովետական դաստիարակությամբ, որին մանկատնից միանգամից տարել էին Մոսկվա՝ Օտար լեզուների ինստիտուտ: Քեռիս փառք Աստծո ողջ է, նա հետախույզ էր և դրա համար չամուսնացավ: Նրան մանկատնից միանգամից տարել էին Մոսկվա՝ Օտար լեզուների ինստիտուտ, հետո ծառայություն՝ Եգիպտոսում, Քենիայում, Պարսկաստանում և այլն: Էս ընտանիքից ի՞նչ պետք է դուրս գար: Հայրս արմատներով Էրզրումցի էր և նրա գենում կային քահանաներ՝ Տեր Դանիելյաններ: Խորհրդային տարիներին Տերը դուրս մնաց, բայց ես հետաքրքրվեցի, իմացա, որ Տեր Դանիելը մեր ցեղից է, հորաքույրս շատ էր պատմում էդ մասին ու իմ հետաքրքրությունները ավելի ուժգին էին դառնում:  8-9-րդ դասարան էի ու սեր առաջացավ: Մորս  երբ ասացի, որ գնալու եմ ճեմարան, մայրս պատկերացնում էր, որ դա Աֆղանստան կռիվ գնալու պես մի բան է  ու միանգամից զանգ էր տվել եղբորը՝ օգնության:

Հետաքրքիրն այն էր, որ քեռիս չհակառակվեց իմ որոշմանը, ասաց, որ կարևորը ես իմ ճանապարհը գտել եմ, ու դա շատ գովելի է:

Մայրս էդ պատասխանին չէր սպասում:

1979թ-ին ես գնացի Էջմիածնի Գևորգյան ճեմարան:

Լավ էի սովորում, ճիշտ է, գերազանցիկ չէի, բայց սովորում էի: Այդ տարի ճեմարանի 1-ին, 2-րդ, 3-րդ կուրսերի սվորողները հիմնականում Սիրիայից, Իրաքից, Լիբանանից էին ու հայերեն չգիտեին: Վազգեն վեհափառը, ուսումնասիրելով իրավիճակը, իր պահանջով ինձ տեղափոխել տվեց միանգամից երրորդ կուրս: Վազգեն վեհափառը հավանել էր շարադրությունս, ու բախտս բերեց: Մեկ-մեկ բախտս բերում ա, մինչև օրս…

Քահանայի գործը քարոզելն է, մեր նյութը մարդն է…

Ք.Ն.

-Ինչպիսի՞ն է այսօր հոգևոր կրթությունը, ճեմարանը ի՞նչ կադրեր է տալիս:

Տեր Ավետիս

-Չեմ կարող ասել, որ այսօր կիրթ են դուրս գալիս ճեմարանից: Մեր բախտը բերեց, մենք ունենինք մի քանի հոգևորական դասախոսներ, որոնց մեծ մասը ծնվել էին Արևմտյան Հայաստանում, Պոլսում և այլն: Այսօր, թե ես հիշում եմ իմաստուն խորհուրդներ, դրանք Հայկազուն, Սիոն սրբազաններից, Երուսաղեմից Մամփրե վարդապետի  և այլոց շնորհիվ է, ովքեր անգամ տարիքով մեծ էին վեհափառից: Նրանք հետաքրքիր էին իրենց վարքով, բարքով, ասելիքով, արդեն օրինակ էին, բայց, ցավոք, հիմա էդպիսի սերունդ չկա, եթե հիմա հիշենք վերջիններից, երևի եպիսկոպոս Պոզապալյանն է, ինքն էլ, ցավոք, շուտ մահացավ: Նրանք մանկավարժ դաստիարակներ էին, ովքեր ազդու էին իրենց ամբողջականությամբ:

Այսօր էլ ունենք իհարկե սրբազաններ, հոգևոր առաջնորդներ՝ Պարգև, Աջապահյան, Կճոյան, ովքեր կանգնած են, հասու են իրենց քահանաներին մի քիչ ավել, մի քիչ պակաս:

 

-Ա. Բ. Կարո՞ղ է ճեմարանը հենց վանքում լինել, վանքի մեջ:

Տեր Ավետիս

-Ի դեպ, նման առաջարկ եղել է ժամանակին, կար միտք, որ նման նախագիծ պետք է իրականացվեր Հաղարծինում, սակայն սովետմիության ժամանակներն էին, ոչ ոք հանձն չառավ դրա իրագործումը:

Ա.Բ.

-Կար նման նախագիծ, էդպիսի փորձեր արվեցին, ինքս էլ մասնակից եմ եղել Եզնիկ սրբազանի հետ մենք  փորձեցինք, ջանացինք  Հաղպատում: Եթե պատկերացնենք, Հաղպատը և ևս տաս այդպիսի վանքեր, իրենց վանահայրերով  կարող է չէ՞ ստացվել:

Տեր Ավետիս

-Իհարկե, ես համաձայն եմ:

Ք. Ն.

-Ի՞նչ է անում եկեղեցին, քահանան, որ ժողովրդի և եկեղեցու օտարում չլինի: Անընդհատ քննադատում ենք, անհանգտանում ենք, որ  աղանդները շատանում են, բայց չէ՞ որ նրանք հատիկ-հատիկ, անհատ-անհատ աշխատում են, թակում են դուռը և դիմում: 

 

Տեր Ավետիս

-Ճիշտն ասած, ես դեմ եմ, որ գնամ ժողովրդի տները, մարդը չի գալիս, չի ընդունում բացարձակ: Լինում են դեպքեր, երբ լինում եմ շատ կոշտ, ասենք եկել են մկրտության՝ մաստակը բերանի մեջ, ասում եմ՝ չի կարելի, պատշաճ ներկայացեք, ասում է՝ ես հավատացյալ չեմ, ես եկել եմ ուղղակի ավանդույթի համար: Դե հիմա պատկերացրու, որ գնում ես էդ մարդու տուն, դուռը թակում ես, բացում է՝ դու փարաջայով կանգնած ես, և ինքը քեզ ասում է՝ ի՞նչ ես ուզում: Ի՞նչ պետք է ասեմ, ասեմ, որ եկել եմ քեզ Տիրոջ արքայությո՞ւն տանեմ, եկել եմ հայ եկեղեցու օրենքնե՞րը սովորեցնեմ: Ո՞նց անենք, դու ասա:

Ք.Ն.

-Ես կուզենայի, որ իմ դուռը թակեր քահանան և ցանկություն հայտներ խոսելու. ինձ համար դա մեծ պարգև կլիներ: Ըստ իս, դա ճիշտ ճանապարհ է:

Տեր Ավետիս

-Ես էլ կուզենայի, որ դուռը թակեի ու իմ առջև կանգնած լիներ մի մարդ, ում համար իմ այցը պարգև է:  Շատ կուզենայի նման պարգևի արժանանալ: Տե՛ս, դու քահանային քահանա ես ճանաչում, այլ ոչ թե տերտեր: Դու չես տրվում որևէ բամբասանքի, չես տարվում այն խոսակցություններով, թե որ քահանայի կամ սրբազանի հետևից ինչեր են խոսում: Մարդկանց մեծ մասը, երբ առիթ է լինում, շփման հնարավորություն, կամ այցելում ես տները, իրենք սկսում են բամբասանքներից, այնինչ դու գնացել ես, որ Ծաղկազարդի խորհուրդը ներկայացնես, որ գան մասնակից լինեն, բայց իրենք գիտեն, հայ ժողովուրդը ամեն ինչ գիտի, իմաստուն ժողովուրդ է, պետք չի իրեն որևէ բան սովորեցնել:

Ա.Բ.

-Կարո՞ղ  է եկեղեցու օրացույցը դառնալ դպրոցական, հանրակրթական օրացույց: Կան էդ ծեսերը՝ ազգային, եկեղեցական, բայց հասարակությունը մեկ է՝ դրանց անհաղորդ է: Հանրությունը մեծ թվերի մեջ դրանց հաղորդակից չի, փոքր թվերի մեջ է հաղորդակցվում, այսինքն՝ եկեղեցով չի, դպրոցով էլ չի, թող էլի դպրոցը բաց լինի, բայց որո՞նք են էդ տոները, ծեսերը, ո՞րն է կրթության բովանդակությունը: Չէ՞ որ  էդ օրացույցը, որ մտցրել է եկեղեցին,  կյանքի կազմակերպում է: Ստացվեց, որ հասարակությունը այլ կյանք, այլ կազմակերպում  ունի՝ երկու տարբեր կազմակերպում: 

Տեր Ավետիս

-Ես երեսուներկու տարվա քահանայության գործունեության մեջ եմ, կարող եմ փաստել, որ վերջին քսան տարում մեր ժողովուրդը կարդալ չի սիրում: Ինչպես 1988-ին էր գալիս հարցնում՝ Խաչվերաց տոնը ի՞նչ է նշանակում, նույնպես այսօր էլ գալիս է ու նույն հարցն է տալիս: Ախր չէ՞ որ այդքան գրքեր տպեցինք, Մայր Աթոռից բերեցինք, բաժանեցինք…

1985-ին, երբ Ճեմարանում ես իմ դիպլոմայինն էի գրում, ինձ հարկավոր էր  Մաղաքիա Օրմանյանի ծիսական բառարանը, որը Մատենադարանում փակ արխիվի մեջ էր, ես դիմումով մի կերպ ձեռք բերեցի, բայց այսօր այնքա՜ն շատ ու հասանելի է հոգևոր գրականությունը: Մեկ է, հայ ժողովուրդը չի սիրում կարդալ:

Մեր ազգի լավագույն շրջանը եղել է Կիլիկյան շրջանը, ոչ թե 5-րդ դարը՝ Ոսկեդարը: Որքան շատ է շփումը աշխարհի հետ, այնքան մեծ է աշխարհայացքը: Ինձ համար առավել մեծ մանրանկարիչ չկա, քան Թորոս Ռոսլինը, որովհետև նա հարաբերվել է տարբեր ազգերի հետ, շփվել է, ճամփորդել է: Նույնը կարող եմ ասել երաժիշտների մասին, շատ սիրուն շարականներ կան, բայց ես կառնաձնացնեմ Ներսես Շնորհալուն՝ էլի Կիլիկյան շրջան: Ուրիշ ճաշակ է, քիմքը ազնվացել է ժողովրդի:

Ես չգիտեմ՝ ինչ կարելի է անել, որ եկեղեցին ոչ թե որպես առարկա մտնի դպրոց, այլ մի այլ անունով, մի այլ կազմակերպմամբ:

Ա.Բ.

-Տեսեք, դպրոցում անցնում են երաժշտություն, եկեղեցու պատմություն առարկաները, սակայն հոգևոր երգը, շարականը դուրս է մնում: Կարո՞ղ ենք ասել, որ հոգևոր երգով, շարականով կարող ենք հասնել սովորողին, քաղաքացուն, ընտանիքին:     

Տեր Ավետիս

-Ժամերգության ժամանակ մենք երգեցինք  Շնորհալու «Նայեաց սիրով» շարականը:

Եթե նորմալ լսողությամբ երեխան սովորի 4-5 րոպեում՝ ոչ ավել, կյանքում չի մոռանա, կամ «Առավոտ լուսոյ»:  Դուք լավ նկատեցիք՝ երգողը երկու անգամ է աղոթում: Պատմիչ  Կորյունը պատմում է, երբ որ Մաշտոցը ստեղծեց հայոց նշանագրերը, մեր երանելի երկիրը ավելի երանելի դարձավ, քանի որ եկեղեցիները բացվում էին, ծերերը և կանայք, երիտասարդները, օրիորդները մայրենի լեզվով շարականներ երգելով՝ դուրս էին գալիս:  Ի՞նչ ստացվեց, ստացվեց որ երգը ժողովրդին  կապեց  եկեղեցուն:

Եղել է դեպք, օրինակ, երբ Ճեմարանի ուսանող էի, Ավագ շաբաթվա պատարագի ժամանակ երիտասարդ մի աղջիկ մոտեցել է ու հարցրել, թե արդյո՞ք երգելու ենք Ներսես Շնորհալու «Նոր ծաղիկը», այնինչ այդ շարականը տարվա մեջ մի քանի անգամ ենք երգում:

Ա.Բ. 

-Կրթահամալիրում, Սուրբ ծնունդին ընդառաջ, մեր կրտսեր դպրոցները սովորեցին վեց Ավետիսներ ու միասնական մեր Մարմարյա սրահում կատարեցին. դա տեսնել էր պետք՝ այնքան սիրով ու գեղեցիկ կատարեցին: Ամենահուզիչ բաներից է: Ինչու եմ նշում սիրով, որովհետև մեզ մոտ բացառված է վարչական ճնշումը, մահակը և այլն, դրանք չեն աշխատում, չենք օգտագործում:  Ավետիսները այնքան մաքուր էին, այնքան ընկալելի, որ հասան սովորողին, ուսուցչին, ընտանիքին: 

Տեր Ավետիս

-Այո, երգից հետո էլ բացվում է պատմությունը, որովհետև Ավետիս ենք տալիս, որովհետև Հիսուսն է ծնվել, տեքստերը, դրանք կդրոշմվեն ու կմնան մինչև կյանքի վերջ:

Ա.Բ.

-Մենք մեր սովորողներին ուզում ենք  մոտեցնել պատարագին՝  շարականներով, հոգևոր երգերով, ավետիսներով: Ուզում ենք հստակեցնել էդ ճանապարհը: 

Տեր Ավետիս

-Տեսեք՝ ինչ կարող ենք անել՝ ձեր ընտրությամբ մի կիրակի սովորողների 10-15 հոգանոց խումբ կարող է մասնակից դառնալ պատարագին, և «Հոգին Սուրբ» շարականը մեր երգչախմբի փոխարեն կարող են կատարել նրանք: Այսինքն՝ սովորողները հա՛մ երգն են սովորում, հա՛մ գիտեն, թե երբ պետք է երգեն, հետո իրենք զգում են, որ իրական ծեսի մեջ են, որ իրենք վստահված են ու էդպես ձուլվում են եկեղեցուն:

Ա.Բ.

-Բացի հոգևոր երգերից, պատարագից, ի՞նչ գործողություններ կան, որոնք կարելի կլինի կիրառել:

Տեր Ավետիս

-Կարող են խորանում մոմակիր լինել, կարող են Առաքյալի թղթից ընթերցում անել:

Ա.Բ.

-Առանց Կտակարանի կլինի՞ մոտենալ պատարագին: Ով ինչ ուզում է,  կարդա, ես ինքս ինձ համար պետք է առանձին ընթերցեմ:   Ես երկու ճանապարհով եմ մոտեցել՝ ընթերցելով և հոգևոր երգի ճանապարհով: Ես հաճախ եմ ընթերցում, ընթերցում եմ նաև ոչ ինձ համար,  իսկ ես դրան պատրաստվում եմ խնամքով: Մի քանի անգամ ձայնագրում եմ, լսում, ապա տեղադրում եմ իմ բլոգում: Քանի որ ես շատ նյարդային եմ և կարող եմ   ուրիշի խոսքին խիստ մոտենալ, ապա մյուսը ինչի՞ պետք է հանդուրժի:

Այ, դուք ժամերգության ժամանակ մեջքով պտտվում եք, խոսքը փոխվում է:

Տեր Ավետիս

-Ես անկեղծ կլինեմ, մենք համարյա չենք պատրաստվում: Դե տարիներ շարունակ, ամեն օր նույն տեքստերն ենք կրկնում, աչքերը փակ էլ կարող ենք կատարել: Դե առավոտյան ժամերգություն ենք անում ժամ ու կես, բայց ովքեր են այցելում, շարունակ նույն մարդիկ: Գյուղացու համար էլ նույնն է, քաղաքացու համար էլ: Գյուղացին ոնց կարող է թողնի իր գրոծը ու գա ժամերգության, նույն էլ՝ քաղաքացին: Վերջերս երկու շաբաթով բացակայեցի երկրից, մասնակից եղա պատարագի, որը տևեց ընդամենը 45 րոպե:  Մենք   երեք-չորս ժամ կարող ենք  պատարագ անել, երգել այնպիսի շարականներ, ասենք՝ Ստեղի և Ծանր շարականներ, որոնք որ շատ արևելյան են: Եկեղեցուն նոր Կոմիտաս է հարկավոր…..Հոգևորը, եկեղեցին ռեֆորմի կարիք ունի:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s