Քաղաք Աշտարակ, Պռոշյան 11/39:
Սա այն հասցեն է, որտեղ բնակվում է այսօրվա պատումիս հերոսուհին` 94-ամյա Քնարիկ Սիմոնյանը:
Տիկին Քնարիկը մասնագիտությամբ մանկավարժ է. 48 տարի դասավանդել է հայոց լեզու և գրականություն: Սկզբում դասավանդել է Կարբիի դպրոցում, այնուհետև Աշտարակի Գր. Ղափանցյանի թիվ 4 հիմնական դպրոցում, զբաղեցրել է նաև փոխտնօրենի, տնօրենի պաշտոնները, արժանացել է բազում խրախուսական կոչումների, մրցանակների:
Տիկին Քնարիկի հետ հանդիպումը կազմակերպեց Հյուսիսային դպրոցի դասվար Մարինե Մխիթարյանը, ով Ոսկեհատից է: Թեև հանդիպումը մի քանի անգամ հետաձգվեց, ինչը փոքր-ինչ նեղացրել էր ուսուցչուհուն, ինչևէ, այն փետրվարի փետրվարի 16-ին կայացավ:
Ինքս չգիտեի, որ իմ հերոսուհու անունը Քնարիկ է, անակնկալի եկա, երբ Մարինեն ուղարկեց տվյալները, և հանդիպումը էլ ավելի հետաքրքիր դարձավ:
Աշտարակում՝ Ներսես Աշտարակեցու արձանի մոտ, մեզ էր սպասում Ագրարային համալսարանի շրջանավարտ Ժորան՝ տիկին Քնարիկի հարևանը:
Ժորան ուղեկցեց մեզ բազմաբնակարան շենքի երկրորդ հարկը: Մինչ տիկին Քնարիկը մեր առջև կբացեր դուռը, աստիճաններին մեզ հանդիպեց Ժորայի հայրիկը, ով հպարտությամբ և սիրով մեկ-երկու տողով բնութագրեց-նկարագրեց տիկին Քնարիկին, որ մեծ, հետաքրքիր կին է և փոքր տարիքում այնքան է կարդացել, որ մի տարի կուրացել է:
Երկար թակելուց հետո վերջապես տիկին Քնարիկը դուռը բացեց: Մեր առջև կանգնած էր փոքրիկ, գլխաշորով, թափանցիկ աչքերով մի տատիկ:
-Համեցեք, ներս եկեք:
Մտանք ներս: Համեստ մի կացարան` լուսանկարներ, շատ գրքեր, տետրեր, թղթապանակներ, դեղորայք, սեղանին Կոկա-կոլայի շիշ և խաչբառեր:
Նախ տիարը ողջունեց, ներկայացրեց մեր այցի նպատակը:
Տիկին Քնարիկը ապրում էր համեստ մի բնակարանում, որը ամուսիններով՝ որպես ուսուցիչներ, ստացել էին Խորհրդային տարիներին:
-Տիկին Քնարիկ, շա~տ ուզում եմ, որ պատմեք Ձեր մասին, Ձեր տարիների գործունեության մասին, Աշտարակի մասին:
-Ի՞նչ պատմեմ, բան չունեմ պատմելու:
—Լավ, տիկին Քնարիկ, ի՞նչ կուզենաք, որ մենք իմանանք Ձեր մասին:
-Ոչինչ էլ չեմ ուզում պատմել:
—Գնա՞նք տիկին Քնարիկ:
-Չէ, մի գնացեք:
/Տիկին Քնարիկը վեր կացավ, գնաց իր փոքրիկ խոհանոցը, բերեց կտրատած նուռ, շոկոլադ, բաժակներ և հյուրասիրեց մեզ: Պարզվեց, որ Քնարիկ տատիկը շատ սիրում է Կոկա-Կոլա: Պատմեց, որ թոռնիկը այդ մասով մի երկտող է հորինել.
Որքան էլ դու խմես Կոլա
Երբեք չես ասի բոլա:/
/Դժվարությամբ, բայց տիկին Քնարիկը սկսեց խոսել, երբ մնացինք երկուսով:/
—Տիկին Քնարիկ, ինչպե՞ս եք սկսում Ձեր օրը:
-Դե արթնանում եմ, լվացվում եմ, հագնվում, մաքրում, ինչ-որ բան պատրաստում, ուտում, հետո անցնում եմ կարդալուն: Չեմ կարող չկարդալ: Ես 94 տարեկան եմ, ես շատ եմ աշխատել՝ համարյա 50 տարի: 48 տարի աշխատել եմ որպես գրականության և լեզվի ուսուցչուհի: Հետո ես սովորել եմ բացարձակ գերազանցիկ հա՛մ դպրոցում, հա՛մ ինստիտուտում. 4 գնահատական բացարձակ չեմ ստացել:
-Որտե՞ղ եք սովորել:
-Մանկավարժական ինստիտուտի լեզվի և գրականության բաժնում:
—Աշխատել եք Աշտարակո՞ւմ:
-Չէ, սկզբում Կարբիում եմ դասավանդել, հետո այնպես եղավ, որ Աշտարակ եկա:
—Ծնունդով Աշտարակի՞ց եք, թե՞ Կարբիից:
—Ո՛չ Աշտարակից եմ, ո՛չ էլ Կարբիից, ծնունդով Երևանից եմ:
—Ի՞նչպես եք հայտնվել Աշտարակում, պատմեք դրա մասին:
— Իմ կյանքի ապագա ընկերը`ամուսինս, Կարբիի դպրոցում էր աշխատում, հետո այնպես եղավ, որ միացանք, ինքն էլ էր մանկավարժ, լեզվի մասնագետ: Ափսոս կարճ ապրեց, ընդամենը 4 տարի միասին ապրեցինք: Էդպես եկա Աշտարակ…Երևանից Աշտարակ:
-Տիկին Քնարիկ, ինչո՞ւ եք էստեղ մենակ ապրում, երեխաներ ունե՞ք:
-Ամուսինս շուտ մահացավ: Ունեմ երկու տղա, հարսներ, թոռնիկներ, բայց նրանք այստեղ չեն, այցելում են, բայց ես ապրում եմ մենակ:
-Երկար եմ աշխատել, Կարբիից եկել եմ Աշտարակ, Մուղնի, Կարբիում և Աշտարակում եղել եմ նաև դպրոցի ղեկավար:
—Ո՞ ր դպրոցն եք ղեկավարել:
-Չեմ հիշում, վա~յ այնքան է անցել, չեմ հիշում….Ղափանցյանի դպրոցում, հա Գրիգոր Ղափանցյանի հիմնական դպրոցում: Շատ եմ աշխատել, մինչև հիմա էլ ինքս ինձ համար աշխատում եմ, հիմա էլ խաչբառերով եմ զբաղված:
Միշտ հանձնաժողովներում կրթության մասով ընդգրկված եմ եղել: Երբ ես Կարբիում դասավանդում էի, մի տեսուչ կար` Աշոտ Ամիրյան, եկավ իմ դասը լսեց: Դասի ավարտից հետո մոտեցա, ասացի՝ պրն. Ամիրյան, ուզում եմ Ձեր դիտողությունները լսել իմ դասի հետ կապված, որ հաջորդ անգամ չկրկնեմ: Ասաց՝ Ձեր դասը անթերի էր, պարապեք այնպես, ինչպես որ անում եք: Հետո արժանացա շնորհակալագրի, բարձր պարգևների, աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, ամեն ինչի, ինչ որ լավագույն ուսուցչին հասնում էր, ինձ հասավ:
Ես նվիրումով եմ աշխատել 48 տարի, ես չեմ աշխատել որևէ նյութական շահի, օգուտի, այլ իմ գիտելիքները ուրիշներին փոխանցելու համար:
-Տիկին Քնարիկ, դուք մանկավարժի ընտանիքո՞ւմ եք ծնվել:
-Չէ, հայրս դերձակ էր, իսկ մայրս տնային տնտեսուհի: Ես ազատ ժամերին օգնում էի հորս, ինքը ձևում էր, իսկ ես պատրաստում էի, օգնում էի, որ այցելուները փորձեն, չափ ու ձև էի անում:
Երկու եղբայր ունեի, քույր չունեի:
—Երևանում որտե՞ղ էիք ապրում:
-Ապրում էինք Ամիրյան 23 հասցեում՝ Չարենցի դպրոցին շատ մոտ: Գիտե՞ք Օֆելյա Համբարձումյանին, մենք շատ մոտ ենք եղել, մենք քրոջ թոռներ ենք: Ես Օֆելյային շատ եմ օգնել դասերը սովորելիս: Ես որևէ առարկայի հետ խնդիր չունեի, որևէ դժվարություն չունեի:
-Ինչո՞ւ ընտրեցիք հենց մանկավարժի մասնագիտությունը:
—Չգիտեմ…, հասկացա, որ դա է իմ կոչումը:
-Կա՞ն մարդիկ, ուսուցիչներ, դասախոսներ, որոնք կոնկրետ ազդեցություն են գործել Ձեզ վրա:
Այո: Ես մի դասախոս ունեի գրաբարի` Վարագ Առաքելյան, նա իմ կյանքում շատ մեծ դեր է ունեցել, այսինքն՝ շատ եմ սիրել գրաբարը, Արարատ Ղարիբյան՝ «Հայոց Լեզու» դասագրքի հեղինակը: Անգամ մի դեպք եմ հիշում, երբ Արարատ Ղարիբյանն իմ դասը լսեց և շնորհակալություն հայտնեց Վարագ Առաքելյանին:
Դեռ դպրոցական տարիքում շատ էի կարդում, շատ: Այնքան էի կարդացել, որ 8-րդ դասարանում կուրացել էի: Մի տարի կույր եմ եղել, դպրոց չեմ հաճախել : Հետո մայրս մատաղ արեց Սուրբ Գևորգ եկեղեցում, էն ժամանակ եկեղեցիները փակ էին, նրա կողքին օջախ արեց, աքլոր մորթեց , մատաղ արեց, բաժանեց: Էնտեղից աչքերս բացված տուն եմ վերադարձել. կուրությունս անցավ:
Գիրք չի եղել, որ չկարդամ:
-Կարդում եք միայն հայերե՞ն, թե՞ նաև այլ լեզուներով:
-Չէ, հայերեն, նաև գերմաներեն: Ես գերմաներեն շատ էի սիրում: Ինձ «Немка» էին ասում: Լավ էի տիրապետում գերմաներենին: Դասախոս ունեի, մեծ մարդ էր. ինստիտուտում գերմաներենի դասը ինձ էր տրամադրում, որ ես վարեի: Ես գրում էի, բացատրում էի, թարգմանում էի: Շատ եմ սիրում գերմաներենը, ինձ ասում էին՝ Немка , էս ո՞նց գրենք, էս ո՞նց կարդանք և այլն…վերջը…
-Ես լավ տղաներ ունեմ, մեկը Երևանում Գիտությունների Ակադեմիայում է աշխատում, գիտնական է` Գարեգին Թումանյան, մյուս տղաս էլ` Գարուշը, էլի ավարտած, իր որդիները՝ բարձրագույն ավարտած:
-Նշեցիք, որ շատ եք սիրում գրաբարը: Կընթերցե՞ք որևէ բան գրաբարով:
-Հա, Տերունական աղոթքը ասե՞մ։
-Ասե՛ք։
-Ո՞վ է այն հեղինակը, մանկավարժը որ Ձեր հերոսն է:
—Ես Թումանյան շատ եմ սիրել, Թումանյանը ոչ միայն գրող էր, այլ նաև մեծ բարերար էր, Թումանյանը այն մարդն է եղել, ով Սովյալներին Էջմիածնի վանքի բակում կերակրել է, փրկել է նրանց մահից…Ամենայն հայոց բանաստեղծը:
—Գիտե՛ս, գիրքը իմ պաշտամունքն է եղել, մենք քաղցած նստած ենք եղել՝ ես ու տղաս, հացի փող չունենք: Տղաս եկավ ասեց՝ մա՛մ, Րաֆֆու հատորները ուզող կա, արի ծախենք, հացի փող անենք: Ասեցի՝ Գարիկ ջան, գրքերին ձեռք կտաս միայն իմ մահից հետո, գիրքը էստեղից դուրս չի գա:
-Տիկին Քնարիկ, Ձեր այս պատումից հետո գիտե՞ք ինչը հիշեցի` Սարոյանի «Ցուրտ օրը» պատմվածքը, երբ գրողը սառչում է սենյակում, անընդհատ կասկածում է, որ գիրքը վառի, որպեսզի տաքանա և այդպես էլ ոչ մի գիրք չի այրում: Հիշեցի՞ք:
—Այո, մենք քաղցած նստած ենք եղել, բայց ես ոչ մի գրքի ձեռք չեմ տվել: Գիրքն իմ պաշտամունքն է , ասում եմ, չէ՞, այնքան եմ կարդացել, որ կուրացել եմ:
-Ձեզ այցելո՞ւմ են Ձեր աշակերտները:
-Այո, իմ աշակերտները ինձ հիշում են: Շատերը դե չկան, բայց ով էլ կա, այցելում է: Դե կես դար աշխատել եմ:
ՈՒրախ եմ, որ այցելել եք: Լավ է, որ ինձ Աշտարակում դեռ հիշում են: