Զրույցներ Համլետ Խաչատրյանի մասին. Ճարտարապետ Մհեր Մելքումյան
Զրուցավար՝ Քնարիկ Ներսիսյան
-Ինչպե՞ս, ի՞նչ հարթակում եք հանդիպել Համլետ Խաչատրյանին:
-Համլետի հետ հանդիպել եմ մասնագիտական հարթակում, համագործակցություն ձևով. մենք աշխատում էինք ղարաբաղյան նախագծի վրա, այնուհետև մասնագիտական շփումը վերածվեց նաև ընկերության: Մենք կես բառից իրար հասկանում էինք, շատ լավ ընկերներ էինք, հումորով, անեկդոտներով, կյանքային այնպիսի դրվագներ ենք ունեցել որ…., իսկ մասնագիտական պահանջները` որակի հարցում երկուսիս մոտ էլ մաքսիմալ էին:
—Հե՞շտ էր Համլետի հետ աշխատել:
-Համլետի հետ շատ հետաքրքիր էր, իհարկե, նա հարթ տեսակ չէր: Ես եկել էի Երևան, էդ ընթացքում Համլետը իր տունն էր նորոգում: Ձմեռ օր էր, էս վարպետները առաստաղի սվաղն արել են ու մտել ենք ներս, տեսնենք ինչ՝ տեղ-տեղ էդ սվաղը թափվել է: Նայում եմ ու մտքովս մի բան ա անցնում, ա՜յ, сволочи…
Էս վարպետներն էլ՝ թե՝ պարո՛ն Խաչատրյան, պարո՛ն խաչատրյան, հե՛չ չմտածեք, մենք մի բան կանենք, մենք կվերականգնենք մեր հաշվին: Համլետն էլ՝ թե՝ ա՛յ տղերք ջան, ոչ մի բան պետք չի, մի՛ նեղացեք, թող սենց մնա: Էս բանվորներն էլ մտածում են, թե մարդը նեղացել է, վիրավորված է՝ թե՝ պարոն Խաչատրյան, մենք ցանց կամրացնենք, վրայից նորից կանենք՝ մեր հաշվին: Համլետն էլ՝ այ ժողովուրդ ջան, թողեք էսպես մնա, ինձ էսպես ա դուր գալիս, ես այլ պլաններ ունեմ էս ստացվածի հետ:
Էդպես էլ արեց, ստացվել էր հետաքրքիր ֆակտուրա՝ հարթություն, որի վրա Համլետը երկինք ստացավ:
Եվ ես կարծում եմ՝ հրաշալի է ստացվել, ոչ ստանդարտ մտածողություն, ո՞վ է ասել, որ առաստաղը միայն պետք է հարթ լինի: Ես և Համլետը նմանօրինակ անեկդոտային պատմություններ շատ ունենք:
Գիտե՞ք նաև՝ ինչն է կարևոր, որ լինում էին պահեր, երբ Համլետը հենց տեղում՝ վարպետների հետ, սպոնտան լուծումներ էր գտնում, որոնք նախագծի մեջ արտացոլված չէին:
-Գիտեմ, որ նաև գործընկերությունից, աշխատանքային հարաբերություններից զատ նաև լավ ընկերներ եք եղել: Ինչպե՞ս եղավ այդ հասունացումը: Փոքր-ինչ այդ մասին պատմեք:
-Աշխատանքային մեր հարաբերությունները ամրացան նաև ընտանիքների հետ շփումով: Ցավոք սրտի, նաև ողբերգական պահերին, երբ անհրաժեշտ էր, Համլետն իմ կողքին է եղել: Ստեղծագործական ոլորտում համատեղ աշխատանքի ընթացքում միասին ստեղծել ենք Արցախի Կառավարության, Ազգային ժողովի, «Արմենիա» հյուրանոցի, Ազատամարտիկների փողոցի հինգ բազմաբնակարան շենքերը և թիվ 7 դպրոցը: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ինձ հանձնարարեցին մի հյուրանոցի վերակառուցումը՝ իբրև բնակելի տուն: Ես այդ ժամանակ անձամբ չէի ճանաչում Համլետին, իհարկե, լսել էի , տեղյակ էի արդեն Համլետի մասին, գիտեի, որ շատ էսքիզներ ունի հին փողոցների, շենքերի, հնի վերականգնմանն ուղղված: Ուներ Շուշիի «Խանի աղջկա» ամրոցի վերականգնման մի հրաշալի նախագիծ, որը միայն էսքիզով էլ ավարտվեց: Մեր վարչապետն էլ ընկերություն էր անում Համլետի հետ, ես էլ խնդրեցի, որ ինձ ծանոթացնի: Համլետը «գաղափաների ջրհոր» էր, մեր առաջին համատեղ աշխատանքը այդ բարձրահարկ շենքի վերակառուցումն էր:
-Նշված էսքիզները որտե՞ղ են:
-Չգիտեմ: Ես դրանք տեսել եմ, սակայն չգիտեմ՝ որտեղ են, լավ կլինի գտնել: Շուշիի փողոցների վերակառուցման էսքիզներից մի քանիսը ունեմ ինձ մոտ: Մի շվեյցարացու պատվերով հրաշալի նախագիծ էր արել՝ Ստեփանակերտում Բիզնես կենտրոնի շենքը, որը Ստեփանակերտի ամենագեղեցիկ շենքերից մեկն է, նաև նույն կազմակերպության համար գծել է հյուրանոցային համալիր: Շինությունները երկուսն էլ անմիջապես կառավարության շենքի մոտ են, բիզնես կենտրոնը ավարտել են, իսկ հյուրանոցային համալիրը դեռ վերակառուցման մեջ է, չեն վերջացրել՝ ընթացքի մեջ է:
Կարծում եմ՝ ինչ որ Հմալետը ստեղծել է, պետք է շատ լավ լուսանկարել և արխիվացնել, նույնը՝ նաև էսքիզները:
Համլետը շա~տ հումորով էր, անեկդոտային պատմությունները շատ-շատ են:
Մի օր Համլետն ասաց աշխատանքից հետո, թե՝ արի գնանք Շուշի, Պարգև Սրբազանի մոտ, կճաշենք, միասին կնստենք, կզրուցենք հետո կվերադառնանք: Ես սրբազանին ճանաչում էի խիստ պաշտոնական ձևաչափում: Մենք մեքենայով էինք, Համլետը կանգնեց խանութի մոտ, իսկ հետո մեքենան սկսեց բեռնել՝ գինի, օղի, էլ չգիտեմ ինչ, ասում եմ՝ ա՜յ Գամլետ, ախր հոգևորի մոտ ենք գնում, ի՞նչ գինի, ի՞նչ օղի: Համլետն էլ՝ թե՝ մի՛ անհանգստացիր: Եկանք, եկեղեցական սեղանի շուրջ վարչական մասը իրագործեցինք, զրուցեցինք, այնուհետև դրսում՝ տաղավարում, արդեն ավելի բաց, ավելի մտերմիկ, անեկդոտներով համեմված կտորը սկսվեց: Պարզվեց,որ սրբազանը ևս հումորով մարդ է: Հետո, իհարկե, ավելի մտերմացանք, երբ հանդիպում ենք, ասում եմ՝ սրբազան ջան, էս անեկդտը լսե՞լ եք, բայց էդքան էլ կոռեկտ չէ, ասում էր՝ воляй, ինքն էլ լավ ռուսերեն է խոսում: Իհարկե, այս ամենը սկսվեց Համլետի միջոցով, նրա ծանոթությունից հետո:
Մի անգամ էլ Համլետի հետ գնացել ենք մի նախարարի մոտ (ես արդեն էդ նախարարներից հոգնել էի), ասեցի՝ ես մեքենայի մեջ կսպասեմ, դու գնա, տես` ինչ է լինում, ես էստեղ կսպասեմ: Մեկ էլ տասը րոպե չանցած էս Համլետը եկավ: Նայում եմ` տրամադրությունը տեղն ա, դե, կարծես թե էդպես էլ պետք է լիներ, մեկ էլ ասում է՝ թե՝ գիտե՞ս, էս նախարարի հայրը ինչ իմաստուն մարդ ա եղել: Ապշած նայում եմ, ախր տասը րոպե հազիվ անցած լինի՝ հինգ րոպե գնալը- գալը, լավ հինգ րոպե էլ՝ զրույցը, էդ ի՞նչ են խոսացել, որ էս տեսակ մի եզրակացություն է արել: Ասում է՝ թե՝ այ Մհեր ջան, տղայի անունը դրել ա Շաշիկ:
Իմ կյանքում շատ դժբախտ դեպքեր էին եղել, ու ես մի քիչ այլ էի նայում ամեն ինչին: Նույն Համլետի վիճակը, հիվանդությունը ես չէի դիտարկում որպես ֆիզիկական երևույթ, ամեն ինչ մի տեսակ այդ նյութական միջավայրից դուրս է ինձ համար: Իհարկե, առաջ այդպես չէի մտածում, բայց…:
Համլետին մինչ հիվանդանոց ընկնելը հանդիպել էի աշնանը, բայց կարծես խուսափում էի, չէի ուզում իրեն տեսնել այդ անօգնական վիճակում, բայց երբ հանդիպեցի նրան, տեսա նրա թափանցիկ աչքերը….
Երբ Համլետի հետ սկսել էինք մեր առաջին գործը, նրան հանձնվեց ողջ ճարտարապետական մասը, իսկ ես պատասխանատու էի ինժեներական բոլոր բարդ կոնստրուկցիաների, կոմունիկացիաների և շինարարական մասի համար:
Այնպես եղավ, որ շենքի ճակատային մասը միասին մի գույն ենք ընտրել, քաղաքում հանդիպել էինք, մի օրինակ՝ 500-600 մետրից, տեսել էինք, ընտրել, ճշտել էինք՝ որտեղ կան այդ ներկերը, պարզել էինք, որ Դիլիջանում կան և պատվիրել: Համլետը երկարատև չէր մնում, գալիս-գնում էր:
Համլետը գալիս է Արցախ: Միասին գնում ենք, որ տեսնենք արդյունքը, գալիս է նաև Արցախի ճարտարապետաշինարարության նախարարը, ինչպես նաև շինարարները: Ժամը 19:00-ի հատվածում է, նայում ենք՝ ինչ-որ բան այն չէ, այ քեզ բա՜ն, շենքը կարծես վարդագույն լինի:
Համլետը բարկացած շինարարին ասում է՝ թե՝ էս ի՞նչ գույն ա, ախր ես սա՛ չեմ ասել: Շինարարն էլ երդվում ա՝ թե՝ ա՜յ պարոն Խաչատրյան, ինչ ասել եք, դա էլ արել եմ:
Ես եմ միջամտում ու ասում Համլետին , թե՝ ախր դեղին գույնի էր, ես նայել եմ….
էս նախարարն էլ այլ բան ա ասում, Համլետը ընդհանրապես վրդովվում ա, ոչ մի բառ չի ասում, պտտվում ու գնում ա: Ես էլ եմ ջղայնացել, ախր դեղին գույն էր, թե ինչի է վարդագույն դարձել, չեմ հասկանում, բայց ես չգնացի Համլետի հետևից, ասեցի թող խաղաղվի, հանգստանա ինքն էլ, ես էլ:
Առավոտը ժամը 11.00-ի հատվածում մեկ էլ Համլետը զանգում ա, թե՝ Մհեր ջան, արա էս ինչ եղավ, դեղին ա:
Պարզվում է, երեկոյի, մայրամուտի, արևի շողերի տակ շենքը իր գույնը փոխում է, տարբեր երանգներ է ստանում:
Ուզում եմ ասել, որ այս տեսակ արկածային պատմություններ իմ և Համլետի հետ շատ են պատահել:
-Է՞լ ինչից կարող էր նեղանալ, նյարդայնանալ:
-Նա շատ սկզբունքային էր, բայց դրա հետ մեկտեղ ինքը շատ լավ գիտեր, որ շինարարը халтурщик- ա, մեկ է, չի անելու, ինչպես նախագծված է: Օրինակ՝ ես էլ շենքեր ունեմ արված Հադրութում, որ նայեք ճակատները և այլն՝ ինչպես է նախագծում և ինչպես է իրագործումը, մեկը մեկի հետ կապ չունի:
Ազգային ժողովի շենքը, որ ես և Համլետն ենք նախագծել, կար նաև գմբեթի նախագիծ, որը պետք է նաև եկեղեցի հիշեցներ: Շենքը նոր չէր, դա բարձրահարկ մի կառույց էր, որը վերակառուցման արդյունքում պետք է փոխվեր և այլ ֆունկցիա ստանար: Ես ասում եմ՝ այ Համլետ, ի՞նչ գմբեթ, ախր եկեղեցու է նմանվում, եկեղեցի է հիշեցնում: Նա էլ՝ թե՝ էստեղ պատգամավորներ են չէ՞ մտնում, լավ կլինի Աստծուց մի քիչ վերցնեն, մի քիչ հոգևոր դառնան:
Շենքը երբ սկսեցին կառուցել, Համլետը մեկնեց արտերկիր, չեմ հիշում՝ որտեղ, բայց մեկնեց, սակայն ես մշտական կապի մեջ էի նրա հետ:
Առաջին դեմքի ներկայացուցիչները պնդում էին, որ համաձայն չեն գմբեթի հետ, թեժ քննարկումներ էին գնում: Ես Համլետին խնդրեցի, որ կոմպրոմիսի գնանք, քանի որ կարող ենք ամեն ինչ կորցնել: Գիտե՞ք ինչ է քաղաքականությունը..
Համլետը համաձայնեց: Շինարարության ժամանակ, քանի որ գմբեթը բավականին ծանր էր և բարձրության վրա այն ավելի բարդ էր հավաքելը, իր մետաղական կմախքով դրված էր հրապարակում՝ Ստեփանակերտի կնտրոնում: Ղեկավարությունը, որ տեսնում է գմբեթը հենց էդպես՝ իր մետաղական, կմախքային վիճակով, միանգամից հավանում է: Ասում են՝ էլ ոչինչ պետք չէ, ոչ մի ավելացում, էսպես թող մնա, էդպես էլ վերցրեցին ու տեղադրեցին:
Հեղինակն ո՞վ է՝ Համլետ Խաչատրյանը, օգնել է Մհեր Մելքումյանը:
Իհարկե ժողովուրդը չընդունեց այդ լուծումը, բայց չես կարող բոլորին բացատրել կամ պատմել իրողությունը, չես կարող ասել, որ սա ճարտարապետական որոշում չէ, այլ՝ տնօրինական: Չնայած ասում էր, Էյֆելյան Աշտարակն էլ ժողովուրդը չընդունեց միանգամից, թող Ստեփանակերտն էլ ունենա ոչ սովորական, տարբերվող մի բան:
Գմբեթի տեղադրումից հետո մենք Համլետի հետ միասին էլի լուծումներ տվեցինք, դետալներ մշակեցինք, քանի որ շենքը առանց տանիքի էր մնացել, միայն մետաղական խողովակներ էին, դրանց ավելացրեցինք դետալներ, ապակեպատ շերտ, որպեսզի անձրևաջրերը չլցվեին ներս:
Խորհրդային շրջանում մենք ունեինք «Ղարաբաղ» հյուրանոց, որը առաջարկ կա վերակառուցելու: «Հայ նախագիծն» է առաջարկով հանդես եկել, շվեյցարական մի կազմակերպություն.Համլետն էլ էր մասնակցում: Տեղացի մասնագետները նստել էին քննարկման սեղանի շուրջ, իսկ մասնակից հայտառուները՝ հետևում, էդ թվում՝ նաև Համլետը: Ես էլ նստել էի իմ ընկերոջ կողքին: Մի զավեշտալի բան եղավ. ինձ հեգնեցին, զարմացան, թե ես ինչու եմ հետևում նստել, այլ ոչ թե քննարկման սեղանի շուրջ:
Քննարկման նպատակն այն էր, որ այդ շինությունը, որը պետք է վերակառուցվի, և դրան հարակից կառուցվող շինությունը, պետք է արդյունքում դառնա հինգաստղանի հյուրանոց: Խնդիրն այն էր, որ այդ շինության առաստաղը 2մետր 60 սմ էր, իսկ հինգաստղանի հյուրանոցի առաստաղի բարձրությունը չէր կարող այդքան լիներ:
Ներկաները տանջվում են՝ ո՞նց, ի՞նչ, մեկ էլ Համլետը կանգնեց ու ասաց, որ ինքն առաջարկ կներկայացնի:
Հետո ստացանք Համլետի էսքիզները, նայում ենք՝ էսքիզի մեջ չորսհարկանի շինությունը չկա, էդ «Հայ նախագծի» առաջարկած կից կառույցի վրա Համլետը հավաքել էր հյուրանոցը: Ճիշտ որոշում, քանի որ և՛ սենյակների թիվը ավելի շատ կլիներ, և՛ կհամապատասխաներ հինգաստղանի հյուրանոցի ստանդարտներին:
Այսինքն՝ Համլետն էլի հանդես եկավ, առանձնացավ ոչ սովորական իր առաջարկներով, մտքերով, գաղափարներով:
Մենք միասին էլի մի նախագիծ ենք արել. մեծ էսքիզ՝ հսկայական, բարդ կոմպլեքսի՝ բացառապես մատիտով, երկու ժամում: Ի դեպ՝ մինչ մեզ առաջարկելը, այդ նախագծի վրա այլ մարդիկ էին աշխատել: Երբ հասել է իրագործման փուլը, առաջին դեմքի մակարդակով տեսել են, որ այնտեղ մի շարք շինարարական շատ լուրջ նորմեր են խախտված , դրանից հետո շտապ մեզ են ներկայացրել: Մենք էլ շուտ պետք էառաջարկով հանդես գայինք, քանի որ ֆինանսավորում կար, ամեն ինչ կար, բացի նախագծից: Երեկոյան, կառավարության հյուրերի սենյակում նստել ենք ես ու Համլետը և երկու թղթի վրա նկարում, ջնջում էինք, և ստացվեց: Ինչպես ասում էին, մուսան այցելել էր, իրար լրացնելով՝ արագ ստեղծեցինք:
Համլետի հետ ինձ հեշտ էր աշխատելը, բայց մենք հակասություններ ունեինք քաղաքականության վերաբերմունքի, հայացքների մեջ:
—Համլետը զրույցի ընթացքում ասաց, որ իմ ամենամեծ կորուստը Երևանն էր: Որպես գործընկեր, պարզապես ընկեր, ինչպե՞ս էր դրսևորվում Համլետի մոտ այդ անհանգստությունը, և դուք ի՞նչ կարծիքի եք այդ մասով:
-Այո, Երևանն էլ ունի այն ոգին, այն միջավայրը, ինչ առաջ: Զարգացման դինամիկան այլ ուղղությամբ տարավ:
Ես հիշում եմ, որ 1973-ին եկա Երևան՝ որպես Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանող, Երևանը այլ ոգի ուներ: Շատ տպավորված էի Սվերդլովի տների ճակատային լուծումներով: Դրանք Արարատ հյուրանոցի ետնամասում էին գտնում, թեև ներսը հանրակացարանային մի պատկեր էր, բայց ճակատային լուծումները շատ սիրուն էին: Հիշում եմ՝ Աբովյան փողոցով քայլելով գնում էի դասի, ետ էի գալիս: Ամբողջը քանդեցին…. Սվերդլովից ընկերներ ունեի, նրանք ասում էին, որ տան քարերը համարակալել են և է համապատասխան հրահանգ ստանալուց հետո պետք է այդ քարերը տեղափոխեն և վերակառուցեն, բայց քանի՜ տարի է անցել…, ոչ կառուցեցին, ոչ էլ կկառուցեն…: Դա դոնկիխոտյան պայքարն է ՝կռիվ հողմաղացի հետ:
-Երևանում ո՞ր հատվածն էր, որ Համլետի հետ քայլում էիք կամ Ձեզ երկուսիդ սիրելի էր:
-Համլետը շատ սիրում էր Օպերայի շրջական, Աբովյանի սկզբում մի թեյարան կար, դա և «Մեցցո» ակումբը: «Մեցցոյում» շատ լավ հյուրասիրում են, ես հիմնականում երբ ղեկին եմ լինում, չեմ խմում, դա իմանալով՝ Համլետը կանչեց տնօրենին և ասաց, որ իրենց խնձորի օղին ինձ համար առանձին լցնեն, որ ես ինձ հետ տանեմ: Շատ սիրում էինք քայլել Աբովյանով, Բաղրամյանով:
-Ձեր զրույցների բովանդակությունում ավելի շատ գերակշռում էր մասնագիտակա՞ն մասը:
-Չգիտե՞ք՝ հայ մարդիկ ինչ են խոսում, սկսում են մանրուքներից, ավարտում են համաշխարհային խնդիրներով:
Ո՞վ էր ասել՝ դժվար է կառավարել մի երկիր, որտեղ ամեն օր արթնանում են երկու միլիոն նախագահ: Մենք խոսում էինք ամեն ինչից, մեր թեմաները շատ տարբեր էին, խոսում էինք ամեն ինչից: