Մարիա Կոլբովա #2

2018-01-09 11.33.18

Սպիտակի նախագծի մասին

Մ.Կ.

-Համլետի նախագծերը շատ լավն էին, Սպիտակի համար նախագիծը բավականին հետաքրքիր էր: Ինչու՞ Սպիտակ, քանի որ այնտեղ շատ են խնձորենիները, իսկ խնձորենին ծաղկում է սպիտակ ծաղիկներով:

Համլետը քաղաքը նախագծել էր լեռների, բլուրների վրա: Հողային հատվածը թողել էր ծառերի, սպիտակ խնձորենիների համար, քանի որ տեղի հողը շատ բերրի է: Սովորաբար հայերը չեն մտածում դրա մասին, կառուցում են հողի վրա, կարծես չգիտեն հողի արժեքը, իսկ հողը Հայաստանում քիչ է: Օրինակ՝ Բուլղարիայում 24 տոկոսը քար է, իսկ էստեղ ճիշտ հակառակն է՝ ընդամենը 24 տոկոս է հողը: Դրա համար միշտ ասում եմ` Բուլղարիայի գեղեցկությունը այլ է, Հայաստանինը` այլ: Հայաստանը կարծես քանդակ լինի, լրիվ ուրիշ գեղեցկություն է, իսկ Բուլղարիան կլորիկ, նուրբ կին է՝ լեռները ցածր են, անտառ, կանաչ , ծաղիկներ….այսինքն` լրիվ այլ գեղեցկություն:
Համլետը պնդեց, որ Ջիմ Թորոսյանը, Աշոտ Ալեքսանյանը միանան, քանի որ առանց նրանց մասնակցության ոչինչ չի լինի: Չգիտեմ` ինչու այդպես արեց, բայց էդպես էլ եղավ. Ջիմը և Աշոտը միացան: Հետո միայն հասկացա, որ Ջիմը կարծես «шеф мафии»…., բոլոր տեղերում կա այդ մաֆիան, Ջիմը տասը տարի քաղաքի գլխավոր ճարտարապետն էր և այլն….

Նրանք եկան, ամեն ինչ փոխվեց՝ հանկարծ սկսեցին խոսել, որ մրցույթ է, և իրենց նախագիծն ընտրվեց այդտեղ, այնինչ մրցույթ չկար, նման հասկացողություն Ակադեմիան չուներ:

Ակադեմիան ընտրեց Ջիմի արվեստանոցի նախագիծը. նրանք շատ ծանր մի հրապարակ էին գծել: Համլետը նույնիսկ կատակում էր, ասում էր` գիտե՞ս, Մարի, այդ կլորը որտեղից են վերցրել, դա քո ականջօղերն են, նրանք այնքան էին դրանք հավանել, որ կիրառել են իրենց նախագծում:

Երկրորդ տեղում արդեն Համլետի նախագիծն էր:

Համլետը շատ վատ վիճակում էր` խորը հիասթափված, իսկ ակադեմիայի տնօրենը նկատել էր, որ Համլետը տաղանդավոր է: Մի քանիսից ես իմացա, որ Համլետը ցանկություն ունի մնալու ևս մի քանի օր, քանի որ առաջիկայում բիենալեն է, և ինքը ցանկություն ունի դրան մասնակցելու:

/Բուլղարիայում աշխատելու մասին/

Ակադեմիայի տնօրենը Համլետին աշխատանքի առաջարկ է անում, որն է՝ աշխատանք Ակադեմիային կից նախագծային ստուդիայում: Իհարկե տնօրենը չգիտեր իմ և Համլետի սիրավեպի մասին, այլապես նման առաջարկով հանդես չէր գա, քանի որ չէր ուզենա իր սպիտակ ստրկուհուն կորցնել, իսկ Համլետն ասաց, որ իրեն հետաքրքիր չէ ակադեմիայում աշխատանքը, իսկ եթե գա, եթե համաձայնի, ապա միայն ինձ համար: Ոչ ոք չգիտեր իմ ու Համլետի կապի մասին, միակ մարդը ով տեղյակ էր, դա իմ ամուսինն էր: Ես նրան տեղեկացրել էի, որ իմ կյանքում այլ տղամարդ կա, ու մենք պետք է ամուսնալուծվենք, տեղափոխվել էի իմ դստեր սենյակ:

Երկու օր անց հեռագիր ստացանք, որ Համլետ Խաչատրյանը համաձայնել է ու սպասում է պայմանների ներկայացմանը: Այստեղ է, որ հայտնվում է Աշոտ Բլեյանը, ով Արատեսի պատվիատուն էր: Արատեսի նախագիծը առաջին և վերջինն էր, որտեղ ես ու Համլետը փորձեցինք միասին աշխատել: Ես ուսուցիչների տներն էի նախագծում: Նախագծման համար իրեն արվեստանոց էին տրամադրել, մենք այնտեղ էինք ապրում, հետո իհարկե տեղափոխվեցինք ավելի հարմար մի վայր: Համլետի գծագրիչները ակադեմիայից էին, նա հաճախ էր լինում այնտեղ և հաճախ էր զայրանում նրանց վրա, քանի որ նրանց աշխատանքը չէր գոհացնում Համլետին: Եղավ մի պահ, որ ես Համլետի գծագրիչն էի ` որպես գծագրող էի աշխատում: Նախագծերի որակի գնահատման կոմիսիայի ընթացքում, որտեղ աշխատում էր իմ ծնողների մի լավ բարեկամ, հանկարծ տեսնում եմ, որ իմ գծագրած շենքերի ճակատները այլ են, փոխված են: Հարցնում եմ մեր բարեկամին` ո՞վ է փոխել, իսկ Համլետը ծիծաղում է և ասում` եթե հայերի տան ճակատային մասը կամարաձև չլինի, ապա այլ կերպ հնարավոր չէ: Անում ես կամար, ապրում են ուրախ, գոհունակ ….Դե, արդեն հասկանալի էր, որ ինքն է փոխել և ուզում էր արդարանալ:

Բայց մեկ է, դա անընդունելի էր՝ մենք ապրում ենք, միասին, քնում ենք իրար հետ, ճաշում ենք միասին ու մի ակնարկ անգամ չի անում, որ փոխել է իմ գծագիրը: Այնինչ ինքը պլանը շատ հավանել էր և դրանից հետո տների նախագծման մեջ միշտ կիրառում էր այդ եղանակը, որ շատ մատչելի ու հրաշալի լուծում էր: Ես շատ էի զայրացել, հա համաձայն եմ, որ ինքը տաղանդավոր է, բայց ես էլ պրոֆեսիոնալ եմ, 25 տարի աշխատել եմ, 45 մրցույթի եմ մասնակցել, 5-6 մրցանակ ունեմ, և սա չի ասում ու փոխում է իմ նախագիծը….Ես հասկացա, որ չեմ կարող աշխատել նրա հետ: Այնտեղ մնացինք մենք երկու տարի, իսկ հետո ամեն ինչ փլուզվեց: 1989թ. նոյեմբերին ակադեմիան աղքատացավ, գումար չկար, հետևաբար չկար նաև աշխատանք: Համլետը որոշեց, որ պետք է Բուլղարիայից տեղափոխվենք: Մեքենայով, կանգառներով՝ Պուտչ, Ռումինիա, Մոլդովա, Ուկրաինա:

Ք. Ն

— Ձեր աղջիկը այդ ընթացքում ձեզ հետ միասի՞ն էր:

Մ.Կ.

-Չէ, աղջիկս 21 տարեկան էր: Մենք ապրում էինք արվեստանոց-ատելիեում, իսկ ինքը` մի քանի թաղամաս այն կողմ: Իմ մեքենայով գնում էր աշխատանքի, իհարկե դրանից հետո այդ մեքենան Համլետը վաճառեց և նորը գնեց՝ մերսեդես, դա էլ մի ուրիշ զավեշտալի պատմություն է: Երբ վերադարձանք Հայաստան, այստեղ այդ մեքենան այն ժամանակ հնարավոր չէր պահել` ոչ ավտոմասեր կային, ոչ համապատասխան վառելիք, և դա մի պատմություն էր, թե ինչպես էր Համլետը այն ուզում վաճառել: Ընդհանրապես…..ստացվեց, որ կարծես նվեր արեց էդ մեքենան:

/Հայաստան վերադառնալու մասին/

Մենք վերադարձանք, Արմենը մեզ հետ էր ապրում , հանգստյան օրերին նաև Մարիամն էր գալիս, Համլետը բերում էր, իսկ երկուշաբթի ուղեկցում մոր մոտ: Լինում էին նաև ընթացքներ, որ Արմենը ևս գնում էր մոր մոտ:

Կար նպատակ, կար մեր ակադեմիայի ղեկավարից առաջարկ, որ էստեղ` Հայաստանում, ակադեմիան ունենա իր մասնաճյուղը: Ամեն ինչ արվեց, որ դա չկայանա, ես չեմ կարող ասել մանրամասները, բայց երկարատև էին ջանքերը, փորձերը մինչև 2005-2006 թվականները: Առաջարկը ներկայացվեց անգամ Հրաչյա Աճառյանի անվան համալսարանի ռեկտորին՝ Ավագ Խաչատուրովիչին, բայց երբ հասավ արդեն նյութական մասին, չհամաձայնեց: Համլետը առաջարկում էր, որ Պոլիտեխնիկի հետ համատեղ միջազգային վկայական տրվի, իսկ այդ ժամանակ Իրանից և այլ երկրներից ավելի շատ ուսանողներ կգան: Բայց, ավաղ, փոքր գումարների պատճառով ինչպես միշտ համաձայնության չեկան, իսկ ինձ թույլ չտվեց, որ ես խոսեմ, իսկ այդ ժամանակ ես այնտեղ իսպաներեն էի դասավանդում: Ինքը հոգնեց այդ պայքարից, այդ ժամանակ էլ առաջարկ ստացավ Արցախից և գնաց թողեց այդ նախագիծը, միտքը:

Ես էլ 1995թ.-ից զբաղվում էի լեզուներով՝ իսպաներեն, բուլղարերեն:

/Դեգերումներ…,Բուլղարիա, Ուկրաինա…/

Այդ շրջանում շատ ճարտարապետներ առևտրով էին զբաղվում: Մենք փորձեցինք, գնացինք Բուլղարիա, այնուհետև Կիև, որտեղ մնացինք երեք տարի: Կիևում կար մեր Բուլղարիայի ակադեմիայի մասնաճյուղը, որի ղեկավարը հայ էր՝ Ուկրաինայի հայ. ես ճանաչում էի: Ծանոթացրեցի Համլետին նրա հետ: Մենք ուզում էինք օճառի բիզնես անել, վաճառել, սակայն` տեսնելով հայերին, տրվելով նրանց գաղափարին, որն էր կոշիկ արտադրել ու Վենեցիայում վաճառել, ողջ գումարը ներդրեց այնտեղ, իսկ նրանք էլ խաբեցին կամ, ինչպես հայերն են ասում,
գցեցին: Առաջին տարին այնտեղ ես զբաղվում է Արմենի խնամքով, Արմենը մեզ հետ էր, իսկ հետո Արմենը վերադարձավ: Վերադառնալուց հետո, ուզում եմ ընդգծել, որ Արմենին Աշոտ Բլեյանը տարավ իր դպրոց: Դա հրաշալի մոբինացիա էր, փորձ՝ սահմանափակ կարողություններով երեխաները, Արմենի դեպքում կույր և մյուս երեխաները, ովքեր չունեն ընդգծված որևէ խնդիր, սովորում են նույն միջավայրում: Դա հրաշալի լուծում էր, օգտակար բոլորի համար: Հետո ես շատ հաճախ էի Արմենին դասերից հետո վերցնում և տեսնում էի էդ լուծման կարևորությունը: Համլետը շատ էր ուրախացել, շատ ոգևորվել էր Աշոտի այդ քայլից: Արմենը շատ ընկերներ ձեռք բերեց, իսկ դա Համլետին երջանկացնում էր:

Ես Համլետին շատ եմ ներել իր կոպիտ բնավորության համար:

Ք. Ն.

-Նա կոպի՞տ էր:

Մ.Կ.

-Տանը միայն, ընտանիքի հետ: Ընկերների հետ` նուրբ, համբերատար, ուշադիր….:Թեև դա էլ կախված էր տրամադրությունից, թե ինչպիսին այն կլիներ:

Ք.Ն.

-Ի՞նչը կարող էր զայրացնել, հունից հանել, կոպիտ դարձնել Համլետ Խաչատրյանին:

Մ.Կ.

-Ես միշտ կարծում էի` դժբախտությունը: Էս հիվանդ օրերին էլ. ինքը ասում էր` այս ինչ պատիժ ա՝ հայրս էդպես, Արմենը էսպես, ես էսպես, հիմա էլ պուճուրը՝ Արեգը, սա պատիժ ա: Ես էլ փորձում էի մեղմել, ասում էի` ինչու՞ ես էդպես ասում, սա փորձություն է, Աստված քեզ փորձության է ենթարկում, պետք է համբերես:

Իհարկե, նա ճիշտ էր, դա կարմա էր, պատիժ….

Համլետը շատ մտերիմ էր Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի հետ, նաև աշխատել էր Վազգեն Ա-ի մոտ: Երբ մտնում ես Մայր Աթոռ ետին մուտքից, այնտեղ կա առաջնորդարանի շինություն, որը Համլետի նախագիծն է:

Համլետի ամենամեծ երազանքն էր կառուցել եկեղեցի Երևանում: Նա մասնակցեց մրցույթի, սակայն քանի որ առաջին փուլին չէր մասնակցել, իրավունք չուներ անցնել երկրորդ փուլ: Բացի այդ, տվյալ շրջանում Վազգեն Ա կաթողիկոսը շատ ծանր հիվանդ էր և նախագիծը ընթացք չունեցավ և փակվեց: Ես կարծում եմ, որ պետք է գոնե նախագիծը նայեին, այն շատ հայկական էր ու գեղեցիկ: Այն, ինչ որ կառուցվեց, խոսքը Գրիգոր Լուսավորչի մասին է, հայկական չէ, այլ է, շատ նման է ճարտարապետի՝ Քյուրքչյանի, ում ես անվանում եմ Թյուրքչյան, սիլուետին: Մեկ է, մարդիկ գնում են Սուրբ Սարգիս, չդարձավ այդ եկեղեցին ժողովրդինը, թեև որպես լավագույն աշխատանք, արժանացավ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի մրցանակին: Տվյալ մրցանակի համար Համլետը «Երևան» հյուրանոցի վերականգնման, վերակառուցման համար ևս առաջադրվել էր:

Ես իրեն ասում էի, որ մրցանակը քեզ չեն տալու, մրցանակը տալու են Քյուրքչյանին եկեղեցու համար: Զայրանում էր, ասում էր` դու քո գործը նայիր, չի կարող պատահել: Նա ծայրահեղ լավատես էր, երեխայի պես հավատում էր հեքիաթներին…..

Ք.Ն.

-Համլետը իր աշխատանքներից, իրագործված աշխատանքներից, ո՞րն էր, որ ավելի շատ էր հավանում:

Մ.Կ.

-Ինձ թվում է` Ղարաբաղի՝ Ստեփանակերտի Ազգային ժողովի շինության коппола- է: Համլետը շատ հավանում էր, քաղաքի մաքրությունը և այլն, սակայն ասում էր` մեկ է, Ստեփանակերտը գյուղաքաղաք է, սիլուետ չունի: Եկեղեցին օրինակ` փոխանցում է սիլուետ, այդ առումով Համլետը փորձել է քաղաքին սիլուետ հաղորդել, օրինակ` այնտեղ մի դպրոցի նախագծի մեջ փոքրիկ Աշտարակ է ներառել, որը շատ սիրելի է ու բացառիկ հմայք է հաղորդում դպրոցին, փողոցին, քաղաքին:

Համլետը շատ տաղանդավոր էր, նա ուներ սուր զգացողություն. նա և՛ հրաշալի նկարում էր, որը շատ կարևոր է ճարտարապետի համար, բայց նաև շատ կարևոր է ինժեներական հմտությունները, պատկերացումը, և՛ օժտված էր, և՛ , և՛:

Ես շատ եմ հավանում այդ գործը, չնայած բոլոր աշխատանքներն եմ հավանում Համլետի: Սկզբում նա կիսվում էր իր նախագծերով, մտքերով, սակայն աստիճանաբար սկսեց խուսափել: Ասում էի` ինչու՞ւ չես կիսվում, վախենու՞մ ես, ասում էր` հա, վախենում եմ…

Նա այնքան տաղանդավոր և ուժեղ էգո էր, բայց ոչ միայն տաղանդավոր էր, այլ նաև սարսափելի աշխատասեր էր, շարունակ թուղթ ու մատիտը ձեռքի տակ եկեղեցիներ էր գծում… Դա իր երազանքն էր…Այդպես էլ մնաց….

Մարիա Կոլբովա #1 տե՛ս այստեղ

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s