Նախագիծն իրականացվում է Ստամբուլի Տատյան վարժարան հետ համատեղ
Նախգծի իրականացնող՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Գործընկեր՝ «Հրանտ Դինք» հիմնադրամ
Նախագծի նպատակն է
- Երևան-Ստամբուլ կրթական, մշակութային փոխանակումներ
- Կրթական փոխանակման ընթացքում իրականացվող նախագիծ
- Արևմտահայ հեղինակների ընթերցումներ, մոնոներկայացում
Մասնակից՝ Միլենա Թևատրո սյան
Հեղինակ՝ Միսաք Մեծարենց
Խորագիր՝ «Համբույրի մը մեջ…»
Ժանրը՝ word+Danse+ Painthing
Մոնոներկայացման շարքը՝
«Համբույրի մը մեջ…»
Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե,
Ըզգալ տո՛ւր ինծի գորովանքն ու հույս.
Պիտի գա մի օր, որ հոգիդ ավաղե
Արագ խուսափումն երազին այս լույս:
Եկո՜ւր. վաղը դուն գուցե՜ թարշամիս,
Եվ գուցե տենդով մը մեռնի հոգիս,
Մի՛ խամրեցըներ հույզը պաշտումիս:
Թո՛ղ որ նայվաքիդ ըմպեմ բոցը ջինջ,
Մոտեցի՜ր, քնքույշ ծաղի՜կը կյանքիս.
Համբույրի մը մեջ մոռնամ ամեն ինչ:
Ա՜հ, այս կյանքն աղվո՛ր որքա՜ն դանդաղ է:
Եկո՜ւր, ձանձրույթը հալեցուր հոգվույս.
Լույս երազի մը մեջ զիս թաղե,
Բե՜ր ինծի սըրտիդ գուրգուրանքը կույս:
Եկո՜ւր. վաղը դուն գուցե՜ թարշամիս,
Եվ գուցե տենդով մը մեռնի հոգիս,
Մի՛ խամրեցըներ հույզը պաշտումիս:
Թո՛ղ որ նայվաքիդ ըմպեմ բոցը ջինջ,
Մոտեցի՜ր, քնքույշ ծաղի՜կը կյանքիս.
Համբույրի մը մեջ մոռնամ ամեն ինչ:
Վայրկյան
Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի.
և համրագին գիրքը ձեռքես կ’իյնա վար.
երազներու պերճուհին է ու կ’անցնի,
ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար:
Ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար,
և ալիք մը թևը բացած կը վազե
գրկել ափունքն իղձիս ոսկի ավազե:
Ո՜վ քաղցրությունը նայվածքին իր ծաղիկ.
ո՜վ պերճությունը գընացքին իր հըպարտ.
ճամփուն վըրա՝ իր քայլերուն հետքը վարդ՝
ուր հեշտորեն կը հածի դեռ իմ մենիկ
Սիրտըս՝ բո՜ց մը՝ մըթնշաղին մեջ անհետ.
ԻՐԻԿՈՒՆԸ
Սա իրիկունն ըլլայի ես,
եւ հըպէի ճակտին ամէն անցորդի,
չքնաղագեղ ու նըւաղուն յամուրդի
սա իրիկո՜ւնն ըլլայի ես։
Սա իրիկունն ըլլայի ես,
լի երգովը թռչուններուն, մարդերուն,
ու տարրերուն աղաղակովը տրոփուն՝
սա իրիկո՜ւնն ըլլայի ես։
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես,
թոյլ, նազենի, շըղարշային, վարդաբոյր,
ու ծըփայի զերթ ոսկեսար վարագոյր
վըրան ամէն հոգիի։
Սա իրիկունն ըլլայի ես,
լի զանգակին ղօղանջներովն երկնաճեմ.
խնկապատար, օծուն, ջահուած Ժամի պէս
սա իրիկո՜ւնն ըլլայի ես։
Սա իրիկունն ըլլայի ես,
իմ անդորրիս մէջ ոգեւար աղջըկան
մարող ճրագին բոցեր տալու իմ ցոլքէս.
սա իրիկո՜ւնն ըլլայի ես։
Սա իրիկունն ըլլայի ես,
լի գոռ ծափովն ովկիանի ջուրերուն.
սիւքին ծաղիկ մեղեդիքովն ակաղձուն,
սա իրիկո՜ւնն ըլլայի ես։
Սա իրիկունն ըլլայի ես,
որ կը մարի սատափ բարձին վրայ ցայգուն.
թօթափող վարսքը գունագեղ ու ծփուն,
սա իրիկո՜ւնն ըլլայի ես։
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես,
համայնական, չքնաղ, քաղցրիկ, լուսագէս.
եւ ամենուն տայի հուրքէս, ոսկիէս։
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես։
ԴԵՂԻՆ ՎԱՐԴԵՐ»
Փթթեցե´ք միշտ, դեղին վարդեր, լքվա՜ծ վարդեր,
Խորհրդանիշն առանձնացած հոգիներու.
Միշտ կը հուզեք դուք իմ հոգիս խռովքով մ’աղու,
Անհուսության դալուկն հագած տժգույն վարդեր:
Անհուսության դալուկն հագած տժգո՜ւյն վարդեր,
Զձեզ հավետ պիտի սիրեմ ես սրտագին.
Ու միշտ սիրել պիտի չուզե իմ դառն հոգին,
Կարմիր ու ձյուն ճերմակ վարդերն ուրախաբեր:
Կարմիր ու ձյուն ճերմակ վարդերն ուրախաբեր
– Սուր հեգնանք մը ցավով ճմլած հոգիներու,
Ինծի երբեք անույշ հրապույր մը չեն ազդեր…
– Կույս ու զվարթ երանությամբ օծված վարդեր,
Երգեցե´ք միշտ ընկճվածի երգերն աղու,
Լքված հոգվոց դուք մըտերիմ, տժգո՜ւյն վարդեր:
ԳԻՇԵՐԻՆ ԵՐԱԶԱՆՔԸ
Աղջամուղջին մեջ գիշերը կ’երազե
Պայծառ այգուն վառ շրթները կեռասե.
Ու ցնծության լույս աստղերը կը ժպտին
Հրաշափառ գոգն հրճվանքի կապույտին.
Բայց երբեմն ալ մղձավանջի մը մեջ թունդ
Գիշերն այգը կ’երազե զերթ մեկ անդունդ.
Ու հևքեն վերջ ոռնումներու բիրտ հովին
Անձրևի հորդ արցունքները կը թորին։
ԵՐԱԶԻ ՊԱՀԵՐ
Լույսը մարած սենյակիս մեջ,
ուր կը հոսին գալար գալար
հորդ ալիքները մութին,
ու կ’անհետին
արծաթ շողերն երազի,
ես կը փնտրեմ մըտամոլար
ըղձանույշի ձեռքն այն փափուկ, երկնային`
որ պիտի տար ինծի ծաղիկն ըսփոփանքին:
Ես կը փնտրե՜մ,
ըսպասումեն հոգիս համակ պարտասած,
ու տենչանքով մշտահած.
ես կը փնտրեմ,
հորիզոնին վըրա նսեմ,
լույսի շող մը` զոր կը մարեն անդուլ վարանքն ու կասկած:
Ու տակավ,
կ’իջնե ձանձրույթն երազանքիս,
հանդիսավոր ու տրտում,
ու կը պատե իր մըշուշե պարուտակին մեջ հոգիս
անձկությունով անպատում:
Մըտածումը, ինչպես ճամփորդ ուղեկորույս,
կ’անցնի փութով, անձկագին,
երկարաձիգ, մերթ լուսավոր ու մերթ անլույս
ճամփաներեն իմ մտքին:
Ա՜հ, կը շտապեն, կը փախչի՜ն
ճամփաներու լույսերն ամեն,
հանկարծական խուճապի մը մատնըված,
ճառագայթի հազիվ վերջին
բիծ ու խաղեր կը համեն
քովը ճամփուն մթամած`
ուր համագրավ կը տարածվի վեհունի ցայգն համորեն:
Ես կը փնտրե՜մ,
պատըշգամբին վրա կանգուն,
զույգ մը աչքեր` մեղեսիկե, որոնց ճըրագը վառի
հոգվույս մեգ ու խավարի
անդոհության մեջ դժխեմ:
Պատըշգամբին վրա կանգուն,
ձեռքս հոգնաբեկ ճակատիս,
մինչ կը հոսի գիշերն ինչպես ծով անհուն
դեպի ափունքն երազիս`
ես կը սպասեմ հորդ ու վըճիտ լույսերուն,
որոնց բոցը պիտի ցոլա անծիր ցայգուն մեջ հոգվույս:
Սիրերգ
Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագի՜ն,
Հաշիշով օծուն ու բալասանով.
Լուսեղէն ճամբէն ես կ’անցնիմ գինով՝
Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագին…։
Համբոյրնէր կու գան հովէն ու ծովէն,
Համբոյր՝ լոյսէն որ չորս դիս կը ծաղկի,
Այս գիշեր Տօն է հոգւոյս՝ Կիրակի՜,
Համբոյրնէր կու գան հովէն ու ծովէն ։
Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի՜
Շրթունքս են ծարաւ միակ համբոյրին…։
Ցնծագին գիշեր է լոյս ու լուսին՝
Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի…։
Մերժում
Մեկ համբույրդ զիս պիտ ըներ երջանիկ
դուն զլացար ինձի շնորհն այդ գողտրիկ,
դժնե «ոչ» ըդ թքիր ինձի անտարբեր,
ես այն օրեն կը տառապիմ տարուբեր։
Դուն զլացար ինձի շնորհն այդ գողտրիկ
ու սևերու մեջ թաթխեցիր իմ մեղրիկ
ժպտիս ցոլքը, մերթ վառվռւն, մերթ հանդարտ
ես այն օրեն եղա թշվառ մը անբախտ։
Դժնե «ոչ» ըդ թքիր ինձի անտարբեր,
այդ «ոչ» ըդ սուր սրտես սորեց արյուններ:
Մերժումի այդ սառ լախտն, ավա՜ղ, վշտագին
գալարեցուց սևերու մեջ իմ հոգին։
Ես այն օրեն կը տառապիմ տարուբեր.
վիշտը սիրտըս իմ ըրավ քանդ ու ավեր,
այն օրեն, երբ սև բաժակըն այդ թույնի
ըմպեցի ես, սիրտըս բյուր բյուր կ՛արյունի։