Չասված խոսքեր, չասված ներկա բառեր շատ կային

11146204_841858362556810_6860076779733857921_n

Համլետ Խաչատրյանի մասին զրույցների շարք

Զրույց ճաևտարապետի որդու՝ Արմեն Խաչատրյանի հետ

Զրուցավար՝ Քնարիկ Ներսիսյան

Հայր, եղբայր, ընկեր… Համլետ Խաչատրյանը ո՞վ էր քեզ համար: Ինչպե՞ս էր կառուցված Համլետ և Արմեն շփումը:
— Իր կերպարը շատ հակասական էր, կային և՛ շատ ավանդական դրսևորումներ, տաբուներ, թեմաներ, որոնց մասին չէր խոսում, և՛ կար հակառակը` հումոր, ուրախ պատմություններ, ընկերական էլեմենտներ:
Չասված բաներ կային, կային չխոսված թեմաներ… մի խոսքով` մեդալն ուներ երկու երես:

Ի՞նչն էր, որ ամենաշատն էր ուրախացնում իրեն:
— Կոնկրետ՝ թոռնիկները: Իր սիրած անեկդոտներից էր, որ ապարանցին ասում է՝ իմանայի թոռն էսքան լավ բան է, միանգամից թոռ կունենայի: Ինքը կոնկրետ էդպես էր: Աղջկաս հետ` Սոնայի, շատ կապված էր. առաջին թոռն էր, իրենք, այսպես ասած, «ոսկե ժամանակ» ունեցան: Սոնան առաջինն էր, պապին էլ աշխույժ էր, երկուսն էլ էմոցիաների առումով անզուսպ էին:

Ինչո՞վ էր զբաղվում թոռնիկներ հետ:
— Զբոսանք, այցելություն ընկերների տուն. աշխատանքի բերումով էլ եթե այցելություններ էր ունենում, Սոնային իր հետ վերցնում էր: Նկարում էին շատ, հետո էդ նկարները միասին վերլուծում էին, քննարկում էին, գնահատում էին, Սոնան միշտ գիպսեր էր ներկում պապիկի հետ: Ունեին իրենց զբաղմունքները: Կոնֆլիկտներ էլ էին ունենում:
Սոնան գիտե՞ք, ոնց է` тормоз չունի. եթե ինքը որոշել է խաղալ, կամ եթե որոշել է լկստվի, ինքը մինչև վերջ, մինչև ծեծ չուտի, չի հանգստանա: Դե, պապիկը սկզբում իրեն մի լավ երես տվեց, բայց հետո ինքն էլ հասկացավ, որ դեմը չի կարում առնել, զանգում էր, ասում՝ եկեք, տարեք, տեռորիստ է,տեռոր է անում: Բայց էդ տևում էր մեկ օր, առավոտը էլի նույնն էր:

Դուք և քույրիկը ի՞նչ էիք սիրում ամենաշատը անել հայրիկի հետ:
— Մերոնք` ծնողներս, 1986թ. բաժանված էին. իրենք 35 տարեկան էին: Պապան միշտ չէ, որ մոտ էր, սահմանափակ էին հանդիպումները: Հետո մի պահ Հայաստանում չէր էն դժվար տարիներին, ինչպես շատ շատերը: Հիմնականում հանդիպում էինք weekend-ներին (հանգստայն օրերին), գնում էինք հասարակական վայրեր, այգի, երբեմն ռեստորան, ինչը այդ ժամանակ սակավ էր ու տպավորվել է: Հիմա էդ առումով բազմազանությունը շատ է: Գնում էինք Սևան, Դիլիջան. իր ընկերների հետ եմ ընկերություն արել, տարբեր տեղեր գնացել:

Հայրիկի մասնագիտական դաշտը, հայացքը ի՞նչ ազդեցություն է ունեցել Ձեզ վրա:
— Իր մասնագիտական դաշտից դուրս էի, բայց իհարկե, խոսվում էր դրա մասին։ Ինքը շատ ծանր էր տանում, չէր համակերպվում, չէր ընդունում… Դժվար է իրականում, երբ որ մարդը զգում է իր մեջ պոտենցիալ…

— Իրականում ճարտարապետությունը հասարակության զարգացման առաջին արտացոլանքն է։
Դա, իրոք, արտացոլում է հասարակության զարգացումը, թե ինչ փուլում է գտնվում: Երբ որ հայտնվում է մի անհատ, որը փորձում է ինչ-որ բան փոխել ու կարդինալ, ըստ իս դա հա՛մ դժվար է, հա՛մ էլ երևի պետք էլ չէ, որովհետև դա էվոլյուցիայի ուղիղ խախտում է։ Չգիտեմ` ինչքանով ես իրավունք ունեմ էդ մասին խոսելու, բայց օրինակ Թամանյանը ինքը հայտնվեց` իբրև անհատ, ինքը ամբողջ քաղաքը շուռ տվեց, ամբողջ տրամաբանությունը, ամեն ինչը փոխվեց…., բայց դրանով չստեղծվեց: Այսինքն` այսօր ունենք մի վիճակ, որ էդ մարդու ստեղծածը այնուամենայնիվ չի սերտաճել, այսինքն՝ մենք էսօր շարունակում ենք քանդել մեր քաղաքը, որոնել, փնտրել, այսինքն` էվոլուցիոն ուղին խախտվեց: Կարող է Թամանյանը ստեղծեց հանճարեղ կառույցներ, բայց էդ անհատի ստեղծածը չյուրացվեց, չմերվեց հասարակության հետ: Քանի որ ճարտարապետության կրողը հասարակությունն է, ստեղծվեց անդունդ հասարակական պատկերացման և անհատի ստեղծածի մեջ:
Ինքը` պապան, սա շատ ծանր էր տանում, թեև ես ու ինքը էս առումով էդքան համակարծիք չէինք:
Ինքը հատկապես վերջում մտածում էր, որ կարելի է ներգրավել մի մարդու-անհատի, ով սա կկառուցի, կդառնա կառույց, ես էլ ասում էի, որ պետք է հասարակությունը հասնի դրան, պատրաստ լինի, մերվի դրա հետ, նոր դա արվի, որովհետև դա կարող է մի օր քանդվի կամ չպահպանվի, չյուրացվի, չգիտեմ, կեղտոտվի, դառնա աղբանոց. էնքան էդպիսի ձևեր կան՝ ցանկացած լավ բան ապականելու, էնքան ձևեր կան` արագ ու հեշտ: Եթե հասարակությունը ուզում է քանդվի, դե, վերջիվերջո թողտվությունն էլ ցանկության դրսևորում է, կամ կամքի բացակայության դրսևորում, անտարբերությունն էլ է գործողություն: Հիմա եթե իրենք, մենք ուզում ենք էդպես տենալ մեր քաղաքը, էդպես էլ տեսնում ենք: Չէ՞ որ եթե ամեն մի շենքի հետևում հասարակությունը կանգներ… Հասարակությանը պետք էր ընդամենը մեկ անգամ կանգնել, ընդամենը մեկ անգամ….և որ էդ մի անգամը կանգներ, հաջորդ անգամները չէին լինի:
Հիմա ընդհանուր աշխարհում այնքան արագ է մրցավազքը, որ ժամանակ կորցնելը շատ ցավալի է, ինչքան ժամանակ ես կորցնում, էդքան հետ ես մնում, ինչքան հետ ես մնում, էդքան դժվար է սկսել, ինչքան դժվար է սկսել, էդքան պետք է շատ վազես, ու ինչքան արագ վազես, մեկ է, էլի հետ ես մնալու… Բայց մի օր կհասնես:
Պապան շատ կարևորում էր մարդու արմատը, հնությունը, պապի տունը, ավանդույթները ճարտարապետության, միջավայրի ձևավորման մեջ, ինչին ես համաձայն եմ, որովհետև ամենակարևոր բանը էդ փորձի կուտակումն է՝ քաղաքի կառուցման, ցանկացած ոլորտի մեջ, ինչը մեզ մոտ, ցավոք սրտի, լավ չի ստացվում: Դա բերում է անընդհատ եղած գիտելիքի, փորձի` հոգևոր, մշակութային պաշարի զրոյացման, restart-ի, չգիտակցման, զրոյից սկսելու, հինը նորով փոխելու, հինը փայլունով, ճղճղանով փոխարինելու…Ինձ թվում է, որ մեր ազգը ունի շատ չասված բաներ, չխոսացած թեմաներ, ազգային չխոստովանված կոմպլեքսներ, որոնք փորձում են հույժ ձևերով իրացնել` սև X6-ով:

— Հայրիկը ի՞նչ հայացք ուներ այս ամենին:
— Հայրս շատ հետաքրքիր էր. ինքը կարողանում էր ամեն ինչին մասշտաբային նայել: Էդ շատ կարևոր է, գիտե՞ք: Ե՛վ բիզնեսի, և՛ ամեն ինչի մեջ կա երկու հիմնական ուղղություն՝ ընդհանուրից մասնավորին և մասնավորից ընդհանուրին: Վերևից նայողը միշտ շահում է, այսինքն՝ ով որ ընդհանուրից է գալիս մասնավորին, շահում է, ճիշտ գործողություններ է իրականացնում` գլոբալից լոկալը: Էս առումով մենք ունենք խնդիր, պետք է գլոբալից գնալ լոկալը: Հայրս որ ջղայնանում էր, ասում էր` գավառական մտածելակերպ: Հայրիկը ուներ խնդիրներին նայելու համակարգված ձև, երբեմն ես էլ չէի հասկանում:
Իր մտքերը առանձնահատուկ էին, միշտ տարբերվող էին, մոտեցումները կտրուկ էին, ռադիկալ բաներ կային, իր բանվորություն էլ էր էդպիսին՝ հա-ն հա էր, չէ-ն`չէ:

 — Ըստ որդու` ըստ Ձեզ, հայրիկը ի՞նչ թողեց ֆիզիկական և հոգևոր հարթակներում:
— Ինձ համար դժվար կլինի գնահատել, ոչ թե որ ես մասնագետ չեմ, այլ… բազմաթիվ բաներ թողեց, չեմ ուզի հիմա թվարկել, բայց այնպիսի մարդ էր, ով իր գործով ապրում էր` նվիրյալ էր, ոչ մի բանի առաջ չէր կանգնում հանուն իր գործի: Անընդհատ կխոսեր-կխոսեր, կպտտեր-կպտտեր իր միտքը: Էդ էլ է շատ կարևոր. վերջիվերջո մտքերը պիտի եփվեն մարդու մեջ, որ հետո իրենք արդեն ձև ընդունեն, կարծրանան, դառնան միտք, որ ունի ձև և մոտենում է իր կատարման փուլին: Ինքը կարողանում էր իր մտքերը առանց ձանձրանալու եփել, շրջանառել, քննարկել, զարգացնել:
Այնուամենայնիվ, ինքը նաև ինովացիոն մոտեսումների կողմնակից էր, հիմա դժվար է ասել՝ այ, եթե ինքը էստեղ լիներ, դրսում լիներ, ո՞նց կլիներ, ինչ կլիներ, բայց ամեն դեպքում ինքը ինովացիաների կողմնակից էր:
Ես հիշում եմ, որ ինքը մի մրցույթի էր մասնակցել, մի նախագիծ էր արել։ Օսլոյի օպերային շենքի մրցույթ էր, հեռակա մասնակցել էր, ու իր նախագիծը ինովացիոն էր` Հյուսիսային ծովի մեջ, ապակեպատ, կլոր շինություն էր, որ ծովի հետ կարծես միաձուլվում էր` դառնալով օրգանիկ մի բան: Մրցույթի կայքում, մինչև մրցույթի հաղթող դառնալը, նախագծի սլայդ-շոուն առաջին հորիզոնականում էր։ Հենց մտնում էիր կայք, առաջինը դա էր երևում` կլոր, ապակեպատ, ծովի ալիքների մեջ. դա իրենց այցեքարտն էր գլխավոր էջի վրա: Հետո սակայն նորվեգացիները հաղթեցին. ազգային ամբիցիաների հարց կար… համենայնդեպս, հայրիկը էդպես էր ասում, որ Օսլոյի օպերային շենքը պետք է նորվեգացի նախագծի: Ամեն դեպքում շատ հետաքրքիր նախագիծ էր:
Հետո ճապոնացիների համար էր արել մի հետաքրքիր նախագիծ, ուղղակի դա էն մութ ու ցուրտ տարիներն էին, էլի օպերային շենք էր Նարա քաղաքում, եթե չեմ սխալվում: Վատ տարիներն էին, երբ փոստային առաքումը շատ վատ էր, ուղղակի մրցույթի վերջնաժամկետից ուշացավ… նախագիծը ուշացավ, ճապոնացիները զանգեցին, ֆորմալ մասը հաղթեց, ահագին` մոտ երկու շաբաթ ուշացել էր, փոփոխել չստացվեց:
Շվեցարիայում էլ ավելի շատ ռեստավրացիայի գործեր էին: «Ֆրանկ Մյուլեր» կոնցեռնի սեփականատիրոջ կառույցներն էր վերակառուցում: Սեփականատերը ձեռք էր բերել մի ամրոց, որը դարձավ գործարան, որի վերակառուցմանը հայրիկը մասնակցեց: Մի քանի անգամ երկու շաբաթով մեկնեց Շվեյցարիա. 2004-2006 թթ էր:
Ստեփանակերտում քաղաքի ողջ կենտրոնը` հրապարակը, Ազգային ժողովի շենքը, կառավարության շենքը, ազատամարտիկների համար շենքեր էին նորակառույց: Վարչապետ Անուշավան Դանիելյանի նախաձեռնությամբ հայրիկը հրավեր ստացավ Ստեփանակերտի կենտրոնը կառուցապատելու: Իհարկե, բաներ կային….հորս ու շինարարների միջև կար բախում, ճարտարապետը անում է նախագիծ, իսկ սովորաբար շինարարները իրականացնում են, կառուցում են էնպես, ինչպես կարողանում են, ինպես հարմար է։ Էստեղ էլ կա շահերի բախում: Իհարկե, էդ ամեն ինչը իր բոլոր նախագծերում կար, մի տեղ մի քիչ շատ, մի տեղ մի քիչ` քիչ: Միշտ ասում էր` էս ինչ բանը փոխել են, էս ինչ բանը սենց են արել…. և այլն:
Էդ առումով մի զավեշտալի պատմություն կա. պապան Վարդապետյանի հետ մի ընդհանուր ընկեր ունեին` Վիկտոր անունով, ով տուն է գնել Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում…Խնդրում է, որ գնան նայեն, ինչ կարող են անել ինտերիերը և այլն… ու Համլետը, ինչ-որ դիզայների է հետը տանում, որ ավելի շատ կազմակերպչական մասը անի, ինքն էլ հետևի: Մի օր էլ գնում են, Համլետը տեսնում է, որ ներսում պատ են շարում, գնում է ոտով խփում՝ արա էս ի՞նչ եք անում, ո՞վ է ձեզ թույլ տվել սենց բան անել…, Ոտքով էլ որ խփում է, էդ երկու շարք ցածր բարձրությամբ պեմզաբլոկները ընկնում են: Պտտվում է էս մարդկանց` դուք ո՞վ եք ընդհանրապես, ո՞վ է ձեզ էստեղ էդպիսի բաներ թույլ տվել… Կանգանծներից մեկին` դու ո՞վ ես: Էս մարդը ասում ա` ես էս տան տերն եմ…
Պարզվում է, որ հարկը խառնել են: Ինքը մտածել է, թե հերթական արհեստավորների դեպքերից է։ Տանտերն էլ շշկռված նայել է, մտածել է, թե քաղաքապետարանից են եկել​, էս ովքե՜ր են՝ եկել իր տունը քանդում են։ Երկու պապի մտել են ու տունը քանդում են:
Սովետական շրջանում էլ կազմել է Պարույր Սևակ գյուղի գլխավոր հատակագիծը (1980), Նոր Սպիտակի գլխավոր հատակագիծն ու մանրամասն հատակագծման (1989) նախագծերը։
Սպիտակի հետ կապված երկու հատակագիծ արվեց, բայց իրականում երկուսն էլ չիրականացվեց, կիսատ մնաց, էնտեղ թնջուկային հարցեր կային, ավելի ճիշտ իրականացվեց մասնակիորեն, այսինքն` շահերի, խմբերի բախում էլի…, իրականությունը թղթի վրա և իրականությունը տարբերվում են: Գիտեք ոնց՝ մի շենք սարքելը մի բան է, իսկ հատակագիծ իրականացնելը տասն անգամ ավելի բարդ է։ Մի հատ շենք եք սարքում՝ կա շինարար, կա ճարտարապետ, և կա պատվիրատու, կա երեք կողմ, դե, արդեն հատակագծի դեպքում կլինեն հայուրավոր կողմեր, հարյուրավոր դեմ կարծիքներ, շահեր, խնդիրներ և այլն: Գլխավոր հատակագիծ նախագծելը և իրականացնելը շատ բարդ խնդիր է, էն էլ մեր իրականության մեջ, որտեղ նորմատիվները բավականին հին են, նոր ստանդարտներ՝ խելամիտ ու ճիշտ ուղղությամբ չկան, ի շահս մարդու չկան, կամ մշակվում են, կամ թերություններ ունեն. մի խոսքով` շատ բարդ է…
Ինքը ավելի շատ լիբերալ մոտեցումների կողմնակից էր, համենայնդեպս վերջին շրջանում այդպիսին էր: Կարծում էր, որ քաղաքաշինության մեջ պետք է գործեն շուկայական հարաբերությունները, բայց, դե, Հայաստանը էդ առումով բարդագույն երկիր է, շուկայական հարաբերությունները էստեղ չեն իրացվում: Քանի որ շուկան չի աշխատում, ընդհանուր շուկայական հարաբերությունները չեն կարողանում լինել դոմինանտ շինարարության, քաղաքաշինության մեջ, ու դա իր հետևանքներն է թողնում: Եթե լինեին ազատ, շուկայական հարաբերություններ, շուկան իրենը կձևավորեր:

— Ովքե՞ր էին Համլետ Խաչատրյանի ընկերները:
— Համլետը շրջապատի մարդ էր, բոլորի հետ ուներ շփման եզրեր, գտնում էր: Շատ էին արվեստի մարդիկ, բիզնեսի, գիտական, ֆիզմաթ դպրոցի դասընկերները, ուսանողական ընկերություն, գրողներ, նկարիչներ, ճարատարապետներ, երաժիշտներ, երգիչներ, մանկավարժներ. շատ տարբեր էին:

— Ո՞ր շրջանում էր ավելի գնահատված Համլետ Խաչատրյանը՝ Խորհրդայի՞ն, թե՞…
— Սովետական շրջանում շատ մրցույթներ է հաղթել, երևի առավել գնահատված է եղել սովետական շրջանում: Մի կողմից՝ նայում ես` սովետ էր, փակ էր և այլն, բայց (ըստ իս, ինքը չի ասել) էդ շրջանում ինքը ավելի գնահատված էր: Օրինակ՝ Լեյպցիգ քաղաքում ինքը սովետական տաղավարի ճարտարապետն էր: Տաղավարը շատ մեծ է եղել, եթե նայենք՝ երբ է եղել, իր տարիքը… Դա երևի եղել է 1982-83 թթ, ինքը եղել է 32 տարեկան, իսկ դա ուրիշ կարևորում է։ Շատ լուրջ խնդիրներ են եղել 3 միլիոնանոց քաղաքում, դրված էր նախանձախնդրություն, ու ինքը ներկայացնում է էդ հսկա տաղավարը:

— Խնդրում եմ` ամբողջացրու հայրիկի կերպարը:
— Ինքը ամեն ինչին նայում էր ճարտարապետի, արվեստագետի աչքով, դա լրիվ ուրիշ հայացք է, կոմպոզիցիայի հայացք է, ինքը տեսնում է, տպավորվում է, հետո ինքը գիտի` ինչը ինչին ձևափոխել, ինչը ինչ տրանսֆորմացիայի կարող է ենթարկվի, ինչ դառնա: Սա շատ-շատ կարևոր հայացք է, հունար է, որը ցանկացած մարդու հաջողության բանալիներից մեկն է։ Եթե էդ հայացքը, էդ անալիզը, տեսլականը կան, էդ մարդը դառնում է զորեղ:
Մեր տանը մոտ երկու հազար հատ պլաստինկաներ կային` դասական երաժշտւթյան: Տանել չէր կարողանում ռաբիսը, թշնամաբար էր վերաբերում: Նեղվում էր, ինքը տեսակով ազգայնամոլ չէր, բայց մշակութաբանական առումով շատ խանդոտ էր, ագրեսիվանում էր, ջղայնանում էր: Իրականում նեղվում էր, որ մերոնք էին գնում դեպի էդ: Փոխանակ մերը զարգացնեին, էնտեղից ինչ-որ ելևեջ էին բերում:
Աշխույժ էր, էներգիայով լի, բարդ էր իր հետ վիճելը, միանգամից սուր կոնֆլիկտի էր վերածում: Ուտել, խմել, քեֆ անել, ճամփորդել: Շատ սկզբունքային էր մասնագիտական դաշտում` անզիջում էր, նվիրյալ: Ինքը հայ էր, հայրենասեր, շատ էր սիրում ազգային ճարտարապետությունը` Ոսկեդարը, Միջնադարը, շատ լավ գիտեր հոշարձանները: Մի շրջան ինքը աշխատել է Պատմության և մշակույթի հուշարձաննների պահպանության և օգտագործման վարչության նախագծային ինստիտուտում, ու շատ լավ գիտեր հուշարձանները, շատ կարևորում էր: Գիտեր դրանց պատմությունը, նախապատմությունը: Շատ հետքաքրքիր, ուրույն, բեկվող, նուրբ, ֆանտաստիկ լավատես… նեղանալ գիտեր, տևում էր… Էնպես չէր, որ դու էդ կզգայիր, պետք է անալիզ անեիր, որ զգայիր, էնպես չէր լինում, որ չխոսեր, բայց կնկատեիր, որ պասիվացել է, որ հարցնեիր, կասեր՝ չէ, չեմ նեղացել, ինչից նեղանամ… բայց դե նեղացած էր: Չէր բարձրաձայնում երբեք:
Կային, շատ չասված բաներ կային, չասված բառեր կային, էդ բառերը ներկա էին, որոշ առումով էդ չասված բաները իրենց հետքն ու հետևանքներն ունենում էին:

— Կարո՞ղ ենք դա կապել նաև վերջին շրջանում գլուխ բարձրացրած հիվանդության հետ:
— Նաև, նաև, նաև… ժամանակի առումով շատ էր բաց թողած:

— Իր հանդեպ անփո՞ւյթ էր:
— Չէ, ես չէի ասի, որ անփույթ էր: Ուղակի կային բաներ որոնք իրեն հետաքրքրում էին, և կան բաներ, որ իրեն չէին հետաքրքրում: Ա՜, ինձ ի՞նչ է եղել… ֆանտաստիկ լավատես էր, էդ իր ամենակարևոր հատկանիշներից մեկն է, մինչև վերջին օրը ասում էր՝ ինձ ինչ է եղել, հեսա ոտի ելնեմ, ես իմ հարցերը կլուծեմ, էսինչը էսպես կանեմ, էնինչը ընպես, ինձ ինչ է եղել որ…. Գնում էր էդ երկրորդ վիրահատությանը, որ աներ ու թռչեր Ղազախստան: Ասում էի՝ այ պապ, սպասիր… Ուր, ոնց… ինքը էնքան լավատես էր, որ երբեմն իր իրականությունը փոխում էր, ֆոկուսից դուրս էր գալիս:
Ինքը շատ ռիսկով մարդ էր, շատ….ամենակարևոր հատկանիշներից, ինչը օգնում էր իրեն նաև արվեստի մեջ: Ինքը սահմանափակված չէր։ Իսկ անհամարձակությունը բերում է սահմանափակության, վախը ինքը գծում է սահման, որ մինչև էս սահմաը չկա վախ, իսկ դրանից հետո կա վախ: Ինքը մարդ էր, որ վախ չուներ, ու էդ իրան շատ օգնում էր ստեղծագործելիս: Եթե ինքը վաներ համարձակ մտքերը, իրա ստեղծագործություններն էլ կլինեին կանխատեսելի: Էդ շատ կարևոր էր: Էդ երկրորդ վիրահատությանն էլ էդպես գնաց, պնդեց, գտավ: Թեև, եթե չգնար գուցե հնարավոր լիներ կյանքը ավելի երկարացնել, չնայած որ ամեն ինչ, ինչ հնարավոր էր անել, մենք արեցինք:

Оставьте комментарий