Ժամերգությունը` հակաբացիլ աղմուկին

23515657_1689163781135771_64164333_n

Թբիլիսի մեկնող  նախագծային խմբի մասնակիցներից էի:

Երկու նախագիծ էի ներկայացնում. մեկը Դպրոց-պարտեզ կրթահամալիրային մոդելն էր, մյուսը՝ «Գետը համայնքում» նախագիծը:

Նախապատրաստական աշխատանքային շաբաթը լավ հարթակ էր մասնակիցների հետ ծանոթանալու համար, քանզի ոչ բոլորին գիտեի:

Մեր երթուղին անցնում էր Սևանի խճուղով՝ Հրազդանի ծննդարանի, Աղստևի հովիտով: Ինչպես նախատեսել էինք, իջանք նշված վայրերում, պարերգով, ելույթներով իրականացրեցինք մեր էկոհայրենագիտական ակցիաները:

Տպավորիչ, խորհրդանշական հարթակներ են դարձել Հրազդանի` Սևանից սկիզբ առնող հատվածը, որը նախագծի շրջանակում ստացել է Հրազդանի ծննդարան, ծննդոց  անունը և Գետիկի ու Աղստևի գրկախառնության, հանդիպման վայրը:

Աղստևի հովիտը զարմանալի գեղեցիկ էր. աշնան գունապնակով, էսքիզներով չէի տեսել. երկինքն անգամ ուրիշ էր ….:

Տեսարանները գեղեցիկից մինչև վայրագության, բարաբարոսության կտորներով  մտապահելով, դիտարկելով` հասանք Ծղնեթի: Ճանապարհն անցանք երգով, պարով, «Զոնքանչատեսի» ուրախ պատմություններով:

Ծղնեթիում մեզ դիմավորեց չքնաղ, ինձ հանդիպած վրացուհիների մեջ ամենաէլեգանտ, բարեկիրթ Վիկտորիա Բալավաձեն:

Խոսեցինք, պայմանավորվեցինք առաջիկա օրերի մեր գործունեությունների մասին և տեղավորվեցինք համարներում: Ավելի ուշ սազով, կիթառով, սրինգով, դափով և խմբով դուրս եկանք քաղաք զբոսանքի:

Փողոցային ելույթներ, թբիլիսյան նեղ փողոցներ, նրբանցքներ, բակեր, պատշգամբներ և ծառեր…

Այս քաղաքում անգամ ծառերն են իրենց լավ զգում. փարթամ, հաստաբուն, վեհ, ազնվական տեսքով: Կարծես քաղաքը մի ծառե քանդակների սինպոդիում լիներ, որը չվրիպեց անգամ խմբի ամենակրտսեր մասնակցի՝ Սոնայի աչքից: Շարունակ տեսածը համեմատում էր  «Ծառ» ֆիլմի  հետ, որից անչափ տպավորվել էր:

Ծառերն այստեղ չեն խանգարում ոչ մի շինության՝ շենքի պատշգամբ, սրճարան, թե խանութի մուտք. դրանք դառնում են միջավայրի մաս, լրացուցիչ հմայք հաղորդում դրանց գործունեությանը:  Քաղաքում շատ էին եղևնիները, չինարները, նրանք գրկում էին արահետները ու խորհրդավոր հմայք հաղորդում, իսկ խաղողի թփերը ծածկում էին շենքերը. տեղեր կային, որ անգամ դրանք մայթեզրին էին:

Նոյեմբերի 6-ին կազմ, պատրրաստ եղանք Գլդանի Տեխնոլոգիական քոլեջում, որտեղ պետք է լիներ կրթահամալիրի դպրոց-պարտեզների ներկայացումը, կրթահամալիրի տնօրենի հետ հարցազրույց-ասուլիսը: Տեխնոլոգիական ցուցահանդեսով պետք է ներկայանային նաև Գլդանի այն մանկարապարտեզները, որտեղ պետք է կատարեինք փորձի փոխանակում:

Տաթև Աթոյանի և Կարինե Խառատյանի հետ միասին մեկտեղեցինք ներկայացվող նյութերը, միացրեցինք սրահի համակարգչին, պատրաստեցինք նաև կրթահամալիրի էքսպո-տաղավարը, որը, մինչ հավաքի սկսելը, արդեն գրավեց ներկաների ուշադրությունը:  Զարմացած էին նաև մեր մոբիլության վրա, քանի որ տեղում ֆիլմեր էինք սարքում և միանգամից արդեն էկրանին էր հայտնվում:

Նախագծային խմբի պարերգով, պրեզենտացիայով, ֆիլմ ողջույններով զուգորդվում էր վրացական պարտեզների ճառային, երկարաշունչ մրցանակաբաշխությունը, ինչը բարեբախտաբար ավարտվեց կրթհամալիրի տնօրենի ասուլիսով:

Լարված օրը պետք է ամփոփեինք քաղաքային զբոսանքով: Խումբը կիսվեց. մի մասը գնաց նոր Թբիլիսիի հետքերով, մյուսը` հին:

Տպավորիչ հին բակերից մեկը, որը հենց այդպես էլ կոչվում էր` «Հին բակ կամ Իտալական բակ», իր ասեղնագործ փայտե պատշգամով գրավեց մեր ուշադրությունը, որտեղ էլ մեզ ողջունեց մի հմայիչ ադրբեջանուհի` Ֆարիդա անունով: Մյուս բակը Լիսելիձեում էր. նախշազարդ դռներ, աղյուսե պատեր, խորացող նրբանցքներ, արվեստանոցներ ու արհեստանոցներ, լվացք, կատուներ ու բույր: Ասոցիացիաներ…..

Այդ չքնաղ բակերից մեկում ինձ էր սպասում մի արկած, որը մտքովս չէր անցնի երբեք….

Նեղ աստիճանը մեզ բարձրացրեց մի հին պատշագմբ, որտեղ էլ եղավ անսպասելին. պատշագմամբում սեղանի տակ թաքնված շունը կծեց ինձ: Նա կամ պետք է կծեր դստերս, կամ ինձ, որքան էլ որ ես փորձեցի զսպել նրա կատաղությունը փաղաքշական մոտեցումներով, ավաղ, չստացվեց:

Ամենավատը դրան հաջորդող էմոցիաներն էին, ես ինձ բեռ էի զգում, քանի որ պետք է գնայինք հիվանդանոց, պետք է պատվաստվեի և, բնականաբար, զբոսանքը վերափոխվեց իմ մասին հոգատարության նախագծով, ինչը ամենաքիչն էի ուզում: Ինչևէ,  հինգ ներարկում և ցուցումներ ստանալուց հետո վերադարձանք Ծղնեթի:

Առավոտյան, կիսափայտացած վիճակում, խմբի հետ հայտնվեցի Գլդանի մանկապարտեզներից մեկում:

Մանկապարտեզի մուտքը` բարձր ցանկապատերով, արդեն հուշեց,  թե ինչ էր սպասում մեզ ներսում:

Մտնելով ներս` զարմացանք շենքի ճարտարապետական լուծումից. այն հիշեցրեց երևանյան կրկեսը՝ իր շրջանաձև հրապարակով և այն շրջապատող սենյակներով:  Նախակրթարանում «Թբիլիսո» ծեսն էր:

Մեզ ուղեկցեցին խմբասենյակներ. դրանք նեղ էին չօդափոխված: Ինչ որ տեսանք, դա մեզ, մեղմ ասած, սարսափեցրեց: Ինձ թվաց ես ֆիլմում եմ հայտնվել, ֆիլմ համակենտրոնացման ճամբարների մասին:  Բոլոր սաները հագնված էին միանման` էթնո-կենցաղային հանդերձանքով, սաների մեծ մասը վախեցած, սարսափած ԼՈՒՌ լացում  էին արցունքներով, ծնողները նկարում էին, իսկ բոլոր դաստիարակները գոռալով խոսում, երգում, արտասանում էին, նույնն ի դեպ անում էին միկրոֆոնով; Խմբասենյակներից հետո մեզ բերման ենթարկեցին  դրսի վանդակ-տաղավարներ, մի խցից ուղեկցում էին մյուսը.  պատկերը նույնն էր, ծնողները ճաղավանդակից այն կողմ էին. ներսում լաց, անհասկանալի խիտ ռեկվիզիտ, դաստիարակների գոռում-գոչյուն և լացող երեխաներ;

Բոլորիս մոտ  նույն անորոշությունն էր, ինչ է սա…

Մանկուց ունեմ տարբեր ազդեցությունների դրսևորման իմ ձևերը, անգամ այս տարիքում դրանք ինձ բաց չեն թողել. դրանցից մեկը աղմուկն է, որի հետ ես հաշտ չեմ: Աղմկոտ միջավայրում առաջին բանը, որ անում եմ,  ականջներս փակելն ու տեղանքը լքելն է: Մյուսը մարդաշատ վայրերում ունենում եմ գլխապտույտ և շունչս կտրվում է, հաջորդ ֆոբիան՝ նեղ ու փակ տարածքներն են, որոնք լինում են ճնշող ու չօդափոխված: Ցավոք, նշվածները փնջով սպասում էին մեզ Գլդանի բոլոր մանակապարտեզներում, որտեղ եղանք: Իհարկե, մեզնից ինչ որ պահանջվում էր, կամ ինչ նախատեսել էինք, հնարավորության դեպքում իրագործեցինք: Երգով, պարով, խաղով փոխանցեցինք:

Հաճելի մի համագործակցության սկիզբ դրվեց Գլդանի Սանդրո Ախմեթելիի թատրոնի հետ: Թատրոնի տնօրենի՝ Գեորգի Կվաբրեձիե  հետ հանդիպումից հետո որոշվեց, որ  ամռանը կիրագործենք Բանգլադեշի օրերը Գլդանում, ինչպես նաև Գլդանի օրերը Բանգլադեշում համատեղ մի նախագիծ, որի ընթացքում թատրոնը հյուրախաղերով կլինի կրթահամալիրում:

Օրերի աղմուկը հաղթահարում էինք խաղաղության հավաքներով՝ ժամերգությամբ. այն կազմակերպում էինք առավոտյան և երեկոյան:

Ինքնաբուխ քննարկումների արդյունքում  որոշվեց  հոգևոր երգերի, աղոթքների կատարումը իրականացնել Սուրբ Գևորգ եկեղեցում:

Նախապատրաստական փուլից մինչև իրագործումը թերապիայի, տիեզերական ճանապարհ էր:

Ամեն ինչ այնքան հուզիչ էր` մեր նոր ձևավորված երգչախումբը, մեր հիասքանչ խմբավարը, մեր փորձասենյակ դարձած երթուղայինը, մեզ աջակցող ընկերները, տիարի հոգածությունը…..ամեն բան նպաստավոր էր:

Ես, բացի այն, որ միացել էի երգչախմբին, նաև Հասմիկի առաջարկով պետք է Նարեկացի և Շնորհալի ընթերցեի: Այնքան պատասխանատու պահ էր. ունեի մտավախություն, որ գուցե աղոթքը չսլվի: Չէ՞ որ խոսքի և երգի մեջ կա տարբերություն, խոսքը դժվար է լսելի դառնում, դրա համար  ավելի շատ ջանքեր են պետք:

Նարեկացուց ընթերցեցի «Մեղեդի Ծննդին», իսկ Շնորհալուց` «Լույս. Արևագալի ժամերգությունը» : 

Ուզում եմ  վկայություն անել.

Նոյեմբերի 8-ին Սուրբ Գևորգ եկեղեցում հնչեցրինք մեր աղոթքը: Սկզբից մինչև վերջ փշաքաղված էի, անէացած, ընկղմված մի սուրբ վիճակի մեջ.  երբ  զգում ես անսահման ողորմություն, ազատություն, վայելում, մաքրագործում: Երբ սկսեցի ընթերցել, ինքս իմ աղոթքից, իմ ձայնից հուզվեցի, ախր այնքան հուզիչ էր, ես ընթերցում էի Նարեկացի, Շնորհալի Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում….հավես էր, սիրուն:  Մեր աղոթքին վերջում միացան եկեղեցի այցելած հավատացյալները, եկեղեցու երգչախումբը:

Տպավորիչ էր, գեղեցիկ, զորեղ…

Այս գործուղումից որպես զորեղ, ստացված զգացողություն, ես բերեցի ինձ  հետ «Սուրբ Գևորգում» հնչեցրած մեր աղոթքը. այն դարձավ հակաբացիլ աղմուկին: Այն մաքրագործեց, սրբեց մեզ ներսից, լվաց մեր  ականջները…. դարձավ յուրօրինակ մի ապաշխարություն:

 

 

 

 

 

 

 

 

Реклама

1 комментарий в “Ժամերգությունը` հակաբացիլ աղմուկին

  1. Уведомление: «Գլդանիի նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստման թբիլիսյան փուլ» — Հռիփսիմե Առաքելյանի բլոգ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s