Աղոթքներ

18301347_481756228838357_2366543606732445938_n

«Եկէ՛ք խօսենք իրար հետ, -ասում է Տէրը.-եթէ ձեր մեղքերը արեան պէս կարմիր են, ապա ես ձեան պէս ճերմակ կըդարձնեմ, եթէ որդան կարմիր լինեն, կը սպիտակեցնեմ ինչպէս բուրդ» (Ես. 1:18)։

Եսայու մարգարեության այս փոքրիկ հատվածը ամենադիպուկ ու ամենաբնորոշող հատվածն է աղոթքի. աղոթքը, համառոտ ասած, մարդ արարածի զրույցն է Աստծո` արարչի և ամենայն բարիքներ պարգևողի հետ, աղոթքը Արարչի և արարածի միջև հոգեկան կապն է։ Աստծուն աղոթել կարելի է ցանկացած լավ բանի համար՝ կյանքի հարատևության, մեղքերի թողության, տառապանքների ուփորձությունների հաղթահարման, խաղաղության և ի վերջո՝ փրկության համար, Աստծուն գոհություն ու շնորհակալություն հայտնելու համար։ Աղոթում ենք մեր հարազատների, մտերիմների, բարեկամների ու ընկերների, նաևմեր ազգի ու համայն մարդկության և ինքներս մեզ համար։ Ընդհանուր առմամբ աղոթքը լինում է ինչպես միայնակ` առանձին, անհատական և ընդհանրական` միասնական աղոթք:

Առանձնական աղոթքի մասին օրինակներ կան Աստվածաշնչում, ինչպես նաև խոսքեր` հնչած անմիևապես Տիրոջ` Հիսուս Քրիստոսի շուրթերից. «Եւ երբ աղօթես, չլինե՛ս կեղծաւորների նման, որոնք սիրում են ժողովարաններում եւհրապարակների անկիւններում աղօթքի կանգնել, որպէսզի մարդկանց երեւան. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանցվարձը։ Այլ դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է,ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս։ Աղօթք անելիս շատախօս մի՛ լինէք ինչպէս հեթանոսները, որովհետեւնրանք կարծում են, թէ իրենց շատ խօսքերի պատճառով լսելի կը լինեն։ Արդ, նրանց չնմանուէ՛ք, որովհետեւ ձեր Հայրըգիտէ, թէ ինչ է ձեզ պէտք, նախքան որ դուք նրանից մի բան ուզէք։ Եւ արդ, դուք այսպէ՛ս աղօթեցէք». 

«Հա՛յր մեր, որ երկնքում ես. 
սո՛ւրբ թող լինի քո անունը. 
քո թագաւորութի՛ւնը թող գայ. 
քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, 
ինչպէս որ երկնքում է՛. 
մեր հանապազօրեայ հացը տո՛ւր մեզ այսօր. 
եւ ների՛ր մեզ մեր յանցանքները, 
ինչպէս որ մենք ենք ներում նրանց, 
որ յանցանք են գործում մեր դէմ. 
եւ մի՛ տար մեզ փորձութեան, 
այլ փրկի՛ր մեզ չարից. 
որովհետեւ քո՛նն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը 
եւ փառքը յաւիտեանս. ամէն»
(Մատթ. 6:5-14):

Արդարև, Հիսուս Քրիստոսն էլ ավետարանական բազում վկայությունների համաձայն շատ հաճախ միայնակառանձնանում էր աղոթքի (տե՛ս Մարկ 6:45, Ղուկ. 3:21, 9:18, 29, 11:1, Մատթ. 26:36) և որպես «աղոթքի ուսուցիչ» իրերկրային կյանքն ու գործը վարում էր որպես աղոթք՝ սկսած անապատի փորձությունից՝ ընդհուպ Գեթսեմանիիտառապանքները և խաչափայտը, ինչպես վկայված է Եբրայեցիներին ուղղված նամակում. «Նա էր, որ մարմնի մեջ եղած իրօրերում աղոթքներ ու պաղատանքներ էր մատուցում ուժգին գոչումով եւ արտասուքներով Նրան, ով կարող էր փրկել իրեն մահվանից» (Եբր. 5:7):

Աղոթք բառը Հովհաննես Երզնկացին (Պլուզ) հետևյալ կերպ է ստուգաբանում. «Աղոթք բառը երկվանկանի է. առաջին վանկը աղ-ն է, որն ունի աղաչական, աղերսական, սրտի խորքից բխած աղաղակի իմաստ: Իսկ ոթք-ը պատշաճ հարակցում է, որով հորջորջվում է աղոթք բառը»:

Աղոթքները լինում են երկու տեսակ՝ առանձնական և ընդհանրական:

Առանձնական աղոթքը կարող է կատարվել ամենուր, ցանկացած պահի, ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Միշտ ուրա՛խ եղեք, անդադար աղոթեցե՛ք. ամեն ինչում գոհություն մատուցեք, որովհետև այդ է Աստծո կամքը ձեզ համար ի Քրիստոս Հիսուս» (Ա Թեսաղոնիկեցիներ 5:16): Քրիստոսի այն խոսքը, թե՝ «Միշտ պետք է աղոթել», առանձին կամ անհատական աղոթքի համար է ասված, որի համար ժամանակ կամ տեղ գոյություն չունի:

 

Իսկ ընդհանրական աղոթքը հատուկ սահմանված վայրում է կատարվում, այսինքն՝ եկեղեցում, որը խորհրդանշում է աղոթողների միաբանությունը և միակամությունը: Սուրբ եկեղեցին ընդհանրական աղոթքի վայրն է՝ ըստ հետևյալ խոսքի. «Իմ Տունը աղոթքի Տուն պիտի կոչվի» (Եսայի 56:7): Հատուկ ժամի աղոթքը եկեղեցու ժամերգություններն են կամ «Հասարակաց» աղոթքը, որ և՛ առավոտյան, և՛ երեկոյան քահանաներն ու ժողովուրդը միասին աղոթում են, որովհետև այս աղոթքը պետք է միաբանությամբ լինի, դրա համար էլ հավաքվում են եկեղեցում:

«Հրապարակային կամ հասարակական աղոթքը նման է հասարակական պարտքի վճարմանը, … երբ ամենքս կարգված ժամին գնալով եկեղեցի, միաբան աղոթում ենք» (Սիմեոն Երևանցի):

Ըստ բնույթի աղոթքները լինում են հավատի և փառաբանության, զղջման և ապաշխարության, դավանական, բարեխոսական: Իրենց նշանակությամբ էլ կոչվում են «խնդրվածքներ», «օրհնություններ» և «գոհություններ»: Եկեղեցու հայրերից Սբ. Հակոբ Մծբնեցին հակիրճ տվել է դրանց բնութագրերը. «խնդրվածքներ»-ն այն աղոթքներն են, երբ գործած մեղքերի համար գթություն և ողորմություն են խնդրում Աստծուց, իսկ «օրհնություններ»-ն ու «գոհություններ»-ը նրանք են, երբ խնդությամբ գոհանում են երկնային Հորից և օրհնում Նրան Իր բոլոր գործերի համար:

Ըստ Սբ. Գրիգոր Տաթևացու աղոթքի սրբությունները երեքն են՝ սրտի սրբություն, լեզվի և ձեռքերի, քանզի աղոթքը երեք բանով է կատարվում՝ սրտով, լեզվով և ձեռքերով: Ձեռքերի սրբությունն այն է, որ ասում է Պողոս առաքյալը. «Կամենում եմ, որ մարդիկ աղոթեն բոլոր տեղերում, սուրբ ձեռքեր բարձրացնեն դեպի վեր» (Ա Տիմոթեոս 2:8), այսինքն՝ ձեռքերը մաքուր պահել ագահությունից, զրկանքներից, արյունից և այլն: Իսկ լեզվի սրբությունն՝ ինչպես Տերն աղոթեց. «Հա՛յր, ների՛ր դրանց, քանզի չգիտեն՝ ինչ են անում» (Ղուկաս 23:34), այսինքն՝ պետք է Աստծուն աղոթել՝ զերծ մնալով բարկությունից խոսքերի և գործերի մեջ: Եվ սրտի սրբությունն իր, ընկերների և Աստծո հանդեպ է: Ի՛ր հանդեպ՝ որ մաքուր լինի մեղքերից. և այս դեպքում Աստված կլսի, քանզի մարգարեն ասում է. «Եթե մեղք տեսնեի իմ սրտում, մի՞թե Տերն ինձ կլսեր» (Սաղմոս 65:18): Եվ սրբությունն ընկերոջ հանդեպ՝ որ նենգություն և խեթ չունենա իր ընկերոջ նկատմամբ. այնժամ Աստված կլսի: Իսկ Աստծո հանդեպ՝ որ սրտի զգաստությամբ պետք է այսպես աղոթել իբրև թագավորի, տիրոջ, դատավորի և բարեկամի. այսպես աղոթելու դեպքում Աստված կատարում է ամեն ցանկություն: Որպես թագավորի աղոթում ենք, քանզի հավատում ենք, թե ամենակարող է, ինչ էլ խնդրում ենք Նրանից, կարողանում է տալ: Որպես Տիրոջ՝ «քանի որ ծառայի աչքն իր տիրոջ ձեռքին է» (Սաղմոս 122:2), պետք է սրտով աղոթել: Որպես դատավորի և գործեր քննողի՝ քանզի մենք դատվում ենք Նրա առջև և խնդրում, որ չդատապարտի: Եվ որպես բարեկամի ենք աղոթում, որպեսզի ամեն բան, ինչ խնդրում ենք, կամենա տալ մեզ, ինչպես բարեկամը, որ աղերսագին խնդրեց և ստացավ:

Աղոթքի հիմքը պետք է լինի հավատքը. մարդու ամբողջ էությունը պետք է միանա Աստծո կամքին, որ նրա սրտից ճշմարիտ աղոթք բխի: Աղոթքը լինի փառաբանություն թե՛ խնդրվածք, բարեխոսություն թե՛ գոհաբանություն, միշտ պետք է Աստծո կամքի հետ միացած սրտից բխի, և այն ժամանակ այդ աղոթքը հրաշքներ կգործի, ինչպես ասում է Քրիստոս. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լեռանն ասի՝ ե՛լ և ծովն ընկի՛ր, և իր սրտում չերկմտի, այլ հավատա, թե ինչ որ ասում է, կլինի, ինչ էլ ասի, կկատարվի նրա համար: Ուստի ասում եմ ձեզ. ամեն ինչ, որ աղոթքով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ» (Մարկոս 11:22-24):

Աղոթողի կատարելատիպը Քրիստոսն է, որ աղոթում էր ամեն գործի սկզբում և վերջում (Ղուկաս 5:15; 6:12), Իր մկրտության ժամանակ աղոթեց և Նրա վրա իջավ Սուրբ Հոգին (Ղուկաս 3:21), աղոթեց և պայծառակերպվեց (Ղուկաս 9:28), ընդ որում, աղոթքը պայծառացնում է ոչ միայն մարդու արտաքինը, այլև ներքինը (Ելք 34:29): Քրիստոս պատվիրեց Իր աշակերտներին արթուն մնալ և աղոթել, որ չընկնեն փորձության մեջ, նրանք ննջեցին ու չաղոթեցին, ուստի և փորձության մեջ ընկան: Նա աղոթեց և խաչի վրա՝ մինչև անգամ Իրեն խաչողների համար: Նրա ճշմարիտ աղոթքից մարդկության համար մեծ օրինակ է «Տերունական աղոթք»-ը՝ «Հայր մեր»-ը: Այս աղոթքը խտացած պարունակում է քրիստոնեության հիմնական սկզբունքները: Այն արտահայտում է ակնածանք, խոնարհություն, հույս, հավատ, սեր, միություն, զղջում: Պատահական չէ, որ «Տերունական աղոթք»-ը հնում անվանվել է «համառոտ Ավետարան»:

Աղոթելիս շրջվում ենք դեմքով դեպի արևելք, որը մեր մեջ արթնացնում է խորը հոգևոր խորհրդածություններ. լույսը տարածվում է արևելքից, արեգակի ծագելը խորհրդանշում է Տեր Հիսուս Քրիստոսին և Նրա լույսը, Եդեմի պարտեզը Աստված տնկեց արևելքում, որտեղ բնակվեցին առաջին մարդիկ, Հիսուս Քրիստոս ծնվեց արևելքում, փրկությունը իրագործվել է արևելքում, Տերն արևելքում խաչվեց և Նրա արյունը հեղվեց, որպեսզի աշխարհի մեղքերին թողություն շնորհվի, արևելքում է սկզբնավորվել քրիստոնեությունը և եկեղեցին, Տիրոջ երկրորդ գալուստը նույնպես արևելքից է լինելու:

«Հարաժամ աղոթքի փութալը տերունական պատվեր է, միշտ և անդադար պետք է աղոթել Նրան: Քանզի, թեպետ այլ առաքինությունների համար չափ և սահման ունենք, այսինքն՝ պահոց պնդությունն ու մարմնի ճնշումը ըստ կարողության են, իսկ ողորմությունը՝ ըստ ունեցվածքի և ժամանակի պատշաճության, սակայն աղոթքի պտուղը Աստված պահանջում է ամեն ժամ և ամեն տարիքում ու դիպվածում» (Խոսրով Անձևացի): Աղոթել կարելի է բարձրաձայն, մտքում՝ արտասանելով կամ երգելով։Աղոթելու ժամանակ կարելի է խաչակնքել,ծնրադրել, ձեռքերը վեր բարձրացնել, աղոթել կարելի է ամենուր և հատկապես եկեղեցիներում: Կարևոր է աղոթքի ժամանակ ազնիվ ու անկեղծ լինել Աստծո հետ, աղոթել սրտանց ու ջերմեռանդորեն. «Նախ խնդրեցէ´ք Աստծու արքայութիւնը, եւ այդ բոլորը Աստուած ձեզ աւելիով կը տայ» (Մատթ. 6:34):Առանձնական աղոթքը կարելի է կառուցել ու կազմակերպել ինչպես Եկեղեցու սուրբ հայրերի աղոթքների հիման վրա, այնպես էլ ինքնաբուխ ու ազատ:

 

Տե՛ս աղոթքները այստե՛ղ

Նախագիծը՝ այստե՛ղ

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s