Փորձեր: Ամեն ինչ այնքան ծորուն է, երբ կարոտում ես…

Պարանի լվացքը չորահացի նման փշրվում է,

Փողոցներն արդուկ արվածի բույր ունեն,

Կծիկ լուսնի ծայրը բռնած,

երեկոն է կատվախաղ տալիս.

ամեն բան այնքան ծորուն է,

երբ կարոտում ես…

Հեշտ էր քեզ մոռանալը.

հազար անգամ քեզ թաղել եմ տողատակերում,

գրչիս ծայրով թանաքել եմ ներկայությունդ ու թողել քեզ թղթից անդին։

Ասում են՝
հայերենում հարյուրհազարավոր բառեր կան,
բայց քեզ նկարագրել չեմ կարող,
և վաղուց մտածված մի բառ,
որ մոլորվել է աղոթքներում,
կգա ու կպատմի քո մասին.
անունդ է…
*
Ես ուզում եմ ապրել
քեզ տրված վերջին հրաժեշտը
այն թատրոնում,
որտեղ խամաճիկներին կարգին դերեր կվստահվեն՝
մանրակրկիտ տեսարաներով,
երկուսով կհետևենք լարերին
հետաքրքրությամբ,
տեղ-տեղ ասելիքից կհոգնենք,
կգա հաջորդը,
հետո՝ ես,
սպասում եմ հրամաններիդ՝
թուլացած ասելիքի թշվառությունից,
լվացել եմ դեմքս քեզնից,
պարում եմ, պարում…
*
Ես կանգ եմ առնում
ծննդյան տոների նախօրեին,
հաշտվում, համբերում,
և մի ձայն,
որ կարող էր լինել կողքիս,
մնում է իր հետ՝
խնայելով հիշողություններս…
*
Աշխարհը գլխաշորով է մանրանկարում մեզ,
միասին ենք, թեև վստահ չենք վարպետի ուժերին,
ու գիշերը անցյալ է դառնում.
ես ստուգում եմ ժամանակը,
որ հաղթում է աստվածներին…
*
Իմ քաղաքը, որ պատմում է բոլորին,
թե ինչպես լինել առաջնորդ,
ինչպես բղավել ոչ մի տեղ տանող արձագանքներով,
լիքն է ոչ թե մարդկանցով,
այլ նրանց արանքի դատարկ տարածությամբ,
որ կարող ես թաքցնել մուրացկանների բացվող-փակվող ձեռքերում
ու դրանց զնգզնգացող պարունակությամբ…
*
Ես փորձում եմ քանդել քարքարոտ դեմքդ,
որ ամպրոպից անգամ չի փոխում իր ձևը,
դու բղավում ես ռոք համերգի եկած հանդիսատեսի ձայնով,
որ օգնության կանչի է նման,
հետո փորձում եմ առանձնացնել աչքերդ՝
հյուսիսային օվկիանոսի գույն,
ու հետո արտաքսել ինձ
իմ ու քո արանքի բոլոր անկյուններից…
*
Մենք գրում էինք այն մասին,
թե ինչպես պիտի ապրեն ուրիշները,
մինչդեռ ինքներս չգիտեինք՝ ինչպես ապրել,
ուրախ էինք, և քաղաքը փախչում էր փողոցներից,
մենք համերգ ու կինո էինք գնում,
հետո մրցում մեր նայած ֆիլմերի,
գրած հոդվածների ու հարցազրույցների քանակով,
դիմանկարների, որ այդպես էլ կարգին չսովորեցինք գրել,
ուղեգրական ակնարկների, որ ոչ մի տեղ էլ չհասցրին մեզ,
ու մենք մնացինք այստեղ, որովհետև
երջանիկ էինք ու հա,
այսօր էլի սիրում էինք կյանքը…
Գիտես՝
Մեռնելուց վախ չունեմ,
Միայն ափսոս է,
Որ հազար տարի քնեմ
Ու քո երազը չտեսնեմ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s