«Ճամփորդություն Փիրոսմանիի հետ» Արենիի վանք-Նորավանք-Եղեգիսի կիրճ-Սելիմի քարավանատուն- Նորատուս- Այրիվանք-Երևան

Это слайд-шоу требует JavaScript.

Ժամը՝ 09:30

Ուղևորության առաջին կանգառ՝ Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի և հոգևոր երգերի կատարում:

Պատմությունը ստորև՝

Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի, գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտ, Արփա գետի ձախ ափին, գյուղին հարող բարձունքի վրա։

Ըստ եկեղեցու արևմտյան մուտքի արձանագրության, կառուցվել է Սյունյաց արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանի կողմից 1321 թվականին, ճարտարապետն է Մոմիկը։

Վերասլաց, ներդաշնակ համաչափություններով եկեղեցի է, ունի կենտրոնագմբեթ հորինվածք։ Խորանն ունի ինքնատիպ հորինվածքի զույգ խաչաձև լուսամուտներ, արևմտյան մուտքի բարավորի զարդաքանդակի կենտրոնում, գահավորակի վրա քանդակված է Աստվածածինը՝ մանուկ Հիսուսը գրկին։ Եկեղեցու ներսում քանդակված են չորս ավետարանիչների խորհրդանշանները՝ հրեշտակ, թևավոր ցուլ, արծիվ և թևավոր առյուծ։

Եկեղեցու գմբեթը քանդվել էր 1840-ի երկրաշարժից։ 1967–72 թվականին կատարվել են եկեղեցու պատերի և ծածկի նորոգման աշխատանքներ։ 1998 թվականին պոլսահայ Արտաշես Տյուզմեճյանի բարերարությամբ եկեղեցու գմբեթը վերականգնել է իր նախնական տեսքը։

Սուրբ Աստվածածին եկեղեցին առանձնանանում է չափազանց ներդաշնակ համաչափություններով։ Մոմիկի արարումներից է եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին պահպանված «Տիրամայրը՝ մանուկ Հիսուսը գրկի» հոյակերտ բարձրաքանդակը։ Գահավորակին նստած Տիրամայրը պատկերված է իրատեսական՝ ժամանակի հագուստով։ Բարավորի ողջ մակերեսը մշակված է որթատունկի ոճավորված զարդաքանդակներով։ Եկեղեցու ներքին հարդարանքում գերակշռում է վեր խոյացող գմբեթը՝ հենված երկու որմնամույթերի և երկու առանձին կանգնած սյուների վրա, ինչը բնորոշ չէ հայկական եկեղեցիներին։ Գմբեթակիր քառակուսու առագաստներին քանդակված են չորս ավետարանիչների խորհրդանշանները։ Եկեղեցու բակում պահպանվել են տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող տապանաքարեր և խաչքարեր։ Փոքրաչափ, բայց գեղարվեստորեն քանդակազարդ խաչքարերը կերտվել են եկեղեցու հետ միաժամանակ, իսկ համեմատաբար պարզ ու կոպիտ մշակվածներն ունեն ավելի վաղ թվագրություն։ Շրջակայքում պահպանվել են նաև մենհիրների մնացորդներ, որ միջնադարում խաչազարդվել են։

Եկեղեցու մոտ գտնվում են իշխան Տարսայիճ Օրբելյանի ապարանքի ավերակները, իսկ շուրջը՝ XIV–XVII դդ խաչքարեր և տապանաքարեր[1]։

Ժամը՝ 10:00

Ուղևորության երկրորդ կանգառ՝ Նորավանք

Հոգևոր երգերի կատարում, ծանոթացում վանքի պատմությանը,  ճարտարապետոթյանը:

Պատմությունը

Նորավանքը Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկն է, որն առանձնանում է նաև իր բնական գեղատեսիլ միջավայրով։ Վկայություններ կան, որ այստեղ սրբատեղի է եղել հնագույն ժամանակներից։ Վանքը հիմնադրվել է ավելի վաղ գոյություն ունեցած երկու եկեղեցիների տարածքում` 12-րդ դ.և կառուցապատվել հիմնականում 13-14-րդ դդ.։ Նորավանքի պատմության հետ կապված են ժամանակաշրջանի հայտնի եկեղեցական և քաղաքական գործիչների անուններ։ Նորավանքում են ապրել, ստեղծագործել և այստեղ են թաղված միջնադարյան Հայաստանի նշանավոր գործիչներ ու ստեղծագործողներ։

Նորավանքը հիմնադրել է Վահանավանքի (Կապանի մերձակայքում) վանահայր Հովհաննես եպիսկոպոսը, ով 1105 թ. այստեղ հաստատվելով` ընդարձակել է վանքապատկան տարածքները, հավաքել ճգնակյաց վանականների, սելջուկ տիրակալներից հրամանագրեր վերցրել Նորավանքը եպիսկոպոսական վիճակ ճանաչելու վերաբերյալ։ Հաջորդ երկու դարերի ընթացքում Նորավանքն ընդլայնվել է` շնորհիվ Սյունիքում իշխող Օրբելյանների եկեղեցանպաստ գործունեության, ու դարձել հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոն և Օրբելյանների տոհմական գերեզմանատունը։

1238 թ. վանքը թալանվել է մոնղոլների կողմից, սակայն Աղա Խանի և Օրբելյան Էլիկում իշխանի միջև կնքված հաշտությամբ խաղաղություն է հաստատվում, որը հնարավորություն է ընձեռում վերակառուցել վանքը և ծաղկուն գործունեություն ծավալել մինչև Լենկ Թեմուրի արշավանքները` 14-րդ դարի վերջում։

Նորավանքը ժամանակի մշակութային խոշոր կենտրոն էր` սերտորեն կապված հոգևոր ու կրթական այնպիսի կենտրոնների հետ, ինչպիսիք էին Գլաձորի համալսարանը, Տաթևի վանքը և այլն։ Նորավանքում որոշ ժամանակ գործել է ժամանակի նշանավոր եկեղեցական, աստվածաբան և պատմիչ, քաղաքական ու մշակութային գործիչ Ստեփանոս Օրբելյանը` հեղինակը «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատության (1299 թ.)։

Նորավանք։ Մոմիկ

Վանքի պատմությունն անբաժանելի է միջնադարյան Հայաստանի նշանավոր ճարտարապետ և քանդակագործ Մոմիկի գործունեությունից (1250?–1339 թթ.)։

Մոմիկը որպես մանրանկարիչ ծաղկող սկսել է ստեղծագործել Կիլիկիայում, ուր ծանոթացել է խաչակիրների տարածած ուշ գոթական արվեստին։ Հավանաբար Կիլիկիա այցելության ժամանակ (1286 թ.) Ստեփանոս եպիսկոպոս Օրբելյանն է Մոմիկին հրավիրել Վայոց Ձոր, ուր նա շուտով ճանաչվում է հատկապես որպես քանդակագործ-խաչքարագործ։

Մոմիկը Արենիի Սուրբ Աստվածածին (1321թ.) եկեղեցու ճարտարապետը և քանդակագործն է։ Նրա նրբաճաշակ հարթաքանդակները զարդարում են Նորավանքի գավթի մուտքի ճակատակալ քարերը։ Մոմիկի կանգնեցրած խաչքարերը համալրել են թե Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու, և թե Նորավանքի համալիրի տարածքները. այդ խաչքարերը մինչ օրս անկրկնելի են իրենց գեղարվեստական ու ոճական կատարմամբ։ Ընդունված է Մոմիկի վերջին աշխատանքներ համարել Նորավանքի համալիրի հարավ-արևելյան մասում գտնվող Սուրբ Աստվածածին երկհարկ եկեղեցի-դամբարանը (Բուրթելաշեն), եկեղեցու արևմտյան և հարավային պատերին արտաքուստ արված երկու գեղաքանդակ հարթաքանդակները, ինչպես նաև կառույցի հարավային հատվածում գտնվող փոքրիկ, պարզ խաչքարը, որը կանգնեցված է իր իսկ հիշատակին և Մոմիկի խաչքար-մահարձանն է։

Սուրբ Ստեփանոս Նախավկա գմբեթավոր եկեղեցին համալիրի գլխավոր կառույցն է (1840 թ. երկրաշարժից կործանված գմբեթը ներկայիս վերակառուցված է)։ Միակ արևմտյան մուտքով եկեղեցին կապվում է գավթին, որը Սմբատ Օրբելյանի նախաձեռնությամբ 1261թ. վերանորոգվել է Սիրանես ճարտարապետի կողմից։ Հետագայում` 1321թ. երկրաշարժից կառույցը կրկին վնասվել է և կրկին վերակառուցվել` ամենայն հավանականությամբ Մոմիկի կողմից, որն այդ ժամանակ արդեն ավարտել էր Արենիի եկեղեցու աշխատանքները։

Մինչև 20-րդ դար Նորավանքի համալիրը տուժել է ժամանակի աղետներից, հարձակումներից, երկրաշարժերից։ 1948-1949 թթ. վերականգնվել են Սուրբ Աստվածածին երկհարկ դամբարան-եկեղեցու ծածկերը և պատերի վերնամասերը։ 1980-ական թվականների սկզբին նախաձեռնված ամբողջական վերականգնողական աշխատանքները ավարտվել են 2001 թ.։

Համալիրը

Նորավանքի համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) դամբարան-եկեղեցուց, Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուց, նրան արևմուտքից կից գավթից, Սուրբ Գրիգոր եկեղեցուց (Ստեփանոս Օրբելյանի դամբարան), միջնադարյան մատուռների և շինությունների մնացորդներից, նորակառույց Վանատնից։

Ժամը՝12:00

Ուղևորության երրորդ կանգառ՝ Սելիմի քարավանատուն այժմ Օրբելյանների Իջևանատուն: Ծանոթություն պատմությանը:

Սելիմի իջևանատուն, այժմ՝ Օրբելյանների իջևանատուն[1] Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառում՝ ԵղեգնաձորՄարտունի ավտոճանապարհին։ Գտնվում է Սելիմ լեռան վրա (ծովի մակերևույթից 2410մ)։ 5 կմ հեռավորության վրա 2829 մ բարձրություն ունեցող Արմաղան լեռն է։

Միջնադարում շինությունների մեծ մասը կառուցվում էր առևտրային ճանապարհներին, ինչն առավել հարմար էր ճանապարհորդողների համար։ Սելիմի քարավանատունը հյուրընկալություն է առաջարկել ճանապարհորդներին, ովքեր անցել են մայրուղու երկայնքով և Սելիմի (Սուլեմայի) կամ Վարդենյաց[2] լեռնանցքով։ Վերջինս Հայաստանի միջնադարյան բոլոր լեռնանցքներից լավագույն պահպանվածն է։

Վարդենյաց լեռնանցքում գտնվող 14-րդ դարի այս քարավանատունը ի թիվս նման մի շարք այլ շինությունների որպես իջևանատուն է ծառայել Մետաքսի ճանապարհի Հայաստանով անցնող առևտրականների համար[3]։ Հայտնի է, որ Մարկո Պոլոն անցել է այս տարածքով և նկարագրել է թե ինչպես էին հայերը ապրում դժվարանցանելի լեռների մեջ։

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԱՌՈՒՑՎԵԼ Է 1332 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՇԽԱՆ ՉԵՍԱՐ ՕՐԲԵԼՅԱՆԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ։ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ Է ԵՒ ՈՒՆԻ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵՔ։14-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ՀՈՐԻՆՎԱԾՔ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄ։

Քարավանատունը ունի ճարտարապետական մեծ ընդհանրություն գյուղական բնակելի տան հետ։ Հատկապես դա վերաբերվում է գլխավոր դահլիճի հատակագծին։ Դա 13×26մ ուղղանկյունաձև սենյակ է, որը յոթ զույգ մույթերով բաժանվում է միջին (5,3մ) և կողային (3,05մ, 3,02մ) նավերի։ Դահլիճը լուսավորվում է երեք երդիկների միջոցով[4]։ Երկարությունը 35,5մ է, տարածքը՝ 298 քառ.մ։ Ունի եռանավ դահլիճ՝ 7 զույգ մույթերով, բաժանված միջին և կողային նավերի, միակտոր քարե ջրավազան։ Մույթերի միջև կառուցված են մսուրները՝ 64 ձիերի համար։ Վերջում կան 2 փոքրիկ սենյակներ՝ հյուրերի համար։ Նախասենյակի մուտքն ունի հարուստ հարդարանք։ Շքամուտքի երկու կողմից տեղադրված են կենդանիների պատկերներ, արևելյան մասում՝ ցուլ, արևմտյան մասում՝ մարդու դեմքով առյուծ՝ թագը գլխին, որի վրա օձ է հարձակվում։

Քարավանատան շքամուտքը հայ միջնադարյան նոր ճարտարապետական ոճի նմուշներից էր, որը այդ ժամանակ ձևավորվում էր քաղաքներում։ Ճարտարապետները մտահոգ էին, որ շենքը գեղեցիկ տեսք ունենար մոտ հեռավորությունից, տարբերվեր հարևան կառույցներից և ուշադրություն գրավեր։ Այդ պատճառով ճակատի ձևավորումը դեկորատիվ միջոցներով կարևոր դեր ուներ։ Ճարտարապետները դիմում են շթաքարային բարձրաքանդակներին, որի կարկառունությունը յուրահատուկ նրբերանգ է տալիս՝ շնորհիվ լույսի և ստվերի խաղի։ Սելիմի քարավանատանը, այդպիսի աստիճանաձև զարդաքանդակով, հարդարված է սլաքաձև խորշը, մուտքի վերևում։

13-14-րդ դարերում, այժմյան Վայոց ձորի և Սյունիքի մարզերը պատկանում էին Սյունիքի իշխանությանը, որի տիրակալն էր Օրբելյանների տոհմը։ Վերջիններս Չինգիզ խանի թոռից ոչ միայն ետ են վերցնում իրենց հողերը, այլ նաև կարողանում են ազատորեն զբաղվել ներքին գործերով, մասնավորապես՝ շինարարությամբ։

Սելիմի քարավանատունը ավերվել է 15-16-րդ դարերում, հիմնովին նորոգվել է 1956-1959 թվականներին։ Ամբողջովին վերականգնվել է կտուրի սալածածկը, նորոգվել են հարավային պատն, ներսի խարխլված պատերն ու կամարները։ Կառույցը պատկանում է բազիլիկաձև տիպին[5]։

Շենքի ճակատի երկու բարձրաքանդակները Օրբելյանների իշխանական տան զինանշաններն են[6]։

ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Վարդենյաց լեռնանցքը Վայոց ձորի մարզը կապում է Գեղարքունիքի մարզին։ Ավանդության համաձայն՝ քուրդ առաջնորդ Սուլեմայի տղան սիրահարված է եղել Գեղարքունյաց աշխարհի գեղեցկուհիներից մեկին և միշտ այցելության է եկել նրան։ Մի անգամ էլ ձմռանը, ճանապարհը դժվարանցանելի է եղել, հազիվ ճանապարհի կեսը անցած, գիշերը վրա է հասել, կորցրել է ճանապարհը ու խեղդվել ձնաբքի մեջ։ Քուրդ առաջնորդը իր տղայի հիշատակին կառուցել է մի իջևանատուն, որ ձմռան բուքերին Եղեգնաձորի լեռնանցքով անցնողներն իջևանեն այնտեղ մինչև եղանակի պարզվելը, ապա շարունակեն ճանապարհը։ Լեռնանցքը այդ ժամանակից կոչվում է Վարդենյաց լեռնանցք։ Հենց այդ տեղում էլ ավել ուշ կառուցվել է այժմյան քարավանատունը[7]։

Ժամը՝ 14:00

Ուղևորություն չորորդ կանգառ՝ Նորատուս:

Ծանոթություն պատմությանը: Հանդիպում տեղի դպրոցի տնօրենին, պայմանավորվածություններ «Գետը համայնքում» նախագծի շրջանակում, համագործակցության եզրեր: 

 

Պատմությունը

Նորատուսը (Նորադուզը) հնագույն բնակավայր է` բրոնզի և երկաթի դարերով թվագրվող բազմաթիվ հուշարձաններով։ Այժմյան գյուղը հիմնադրվել է 1829 թ., գտնվում է ծովի մակերևույթից 1934 մ բարձրության վրա։ Նորատուսը միջնադարում երբեմն անվանվել է գյուղաքաղաք։ Կարծիք կա, որ սա է ավանդական Գեղամ Նահապետի կառուցած Գեղարքունիքի բերդ-ավանը, որը նա կոչել է «Նորատունս»` նոր տներ։ Պահպանված միջնադարյան կառույցները թվագրվում են 9-17-րդ դարերով։

Մինչև 19-րդ դ. Նորատուսը եղել է Ծմակ գավառի վարչական կենտրոնը։ 13-14-րդ դդ. Նորատուսը Զաքարյանների սեփակա-նությունն էր և նրանց կառավարչի նստավայրը. արձանագրու-թյուններում կառավարիչն անվանվում է դեմեթար կամ մեփորել, որը նշանակում է առաջնորդ։ 16-րդ դարում Գեղարքունիքի չորս իշխանական տներից մեկի` Ազարյաններից Մելիք Բարիքը իր նստավայրը մոտակա Գանձակ գյուղից տեղափոխում է Նորատուս։

Նորատուսի վերաբերյալ հյուսված ավանդազրույցներից մեկը նկարագրում է օսմանյան թուրքերի ներխուժումը Գեղարքունիք և նրանց կռիվը Գեղամ իշխանի դեմ։ Ունենալով շատ քիչ զինվորներ` վերջինս իր մարդկանց հրամայում է զինվորական համազգեստ հագցնել խաչքարերին, և թշնամու համար ստեղծել խաբկանք` հեռվից թողնելով մեծաքանակ և ուժեղ բանակի տպավորություն։ Թուրքերը սարսափահար փախուստի են դիմում, իսկ Գեղամն իր խմբով հարձակվում և պարտության է մատնում թշնամուն։

Բացի գերեզմանատնից, գյուղում և շրջակայքում կան նաև մի շարք այլ հուշարձաններ։

Սբ Աստվածածին կիսավեր եկեղեցի — Գտնվում է գյուղի կենտ-րոնում, կառուցվել է 9-րդ դարի վերջին` Գեղարքունիքի Սահակ իշխանի կողմից։ Եկեղեցու գմբեթավոր սրահը ամբողջովին կառուցված է եղել սրբատաշ մեծ քարերով. բակում բազմաթիվ խաչքարեր և տապանաքարեր կան։ Ամենահին արձանագրու-թյունն այստեղ փորագրված էր մի խաչքարի վրա (996 թ.), որն այժմ ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում։

Սբ Գրիգոր կամ Դոփուց վանք — Գտնվում է գյուղի հարավային եզրին։ Թեև ընդունված է այն թվագրել 13-րդ դարով, սակայն արձանագրություններն ու շինարվեստը վկայում են, որ շենքը կառուցվել է դեռ 10-րդ դ.-ից առաջ։ Վանքի արևմտյան պատին պահպանվել է Հերակղ (Հերակլ) Հավնունի իշխանի արձանա-գրությունը։ Ըստ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի` կոչվել է Դոփուց (Դափունց, դահիրա) վանք և եղել է կուսանոց։

Գյուղամիջում ցրված խաչքարերից հնագույնը նվիրված է կամրջի կառուցմանը և թվագրված է 1211 թվականով։ Սբ Աստվածածին եկեղեցուց դեպի արևելք, ուր կան նաև տապանա-քարեր, խաչքարերի մի խումբ կա. այստեղ հավանաբար Ջուղայեցոնց ընտանեկան գերեզմանատունն է եղել. խաչքա-րերից մեկը թվագրված է 1553 թվականով։

Մատուռ — Գտնվում է գյուղից մոտ 2 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող բարձունքի վրա, շինված է եղել սրբատաշ քարերով. պահպանվել են միայն պատերի ստորին շարքերը։ Արևմտյան պատը շարված է խաչքարերով, իսկ բակի շուրջը կան խցերի ավերակներ։ Ամենահին արձանագրությունը վերաբերում է 1560 թվականին, բայց շենքի հին մասը թվագրվում է 13-րդ դարով։

Տեքստի խմբագրումը` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանի ազգային կոմիտեի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի։

 ՈՒՂԵՒՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԿԱՆԳԱՌ՝  ՀԱՅՐԱՎԱՆ

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ, ԼՈՂ, «ԳԵՏԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ:

Պատմությունը
Հայրավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից:
1211-ին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ: Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան XVI դ. տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են: Հայրավանքը գործել է մինչև XIX դ: 1980-ական թթ. վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել:
Եկեղեցու տարածքում հնագիտական ուսումնասիրություններ են կատարվել  1952,1972,1973թթ.  Հ.Մնացականյանի  ղեկավարությամբ: Պեղվել են մի շարք բնակարաններ և բնակատեղի: Անենավաղ նյութը վաղբրոնզեդարյան սև փայլեցրած անոթի պատահաբար գտնված կտոր է: Միջին բրոնզի դարին են վերաբերում գունազարդ անոթների երկու բեկորներ,որոնցից մեկը զարդարված է  կարմիր ֆոնի վրա սպիտակ ներկով արված հակադիր սակրերի պատկերներով:
Հուշարձանին առավել յուրահատուկ է երկաթի դարի մշակույթը(բրոնզե,երկաթե,ոսկրե և քարե  զենքեր,գործիքներ  ու զարդեր): Հայտնաբերվել են նաև  կավե կուռք,բազմազան անոթներ,սուզակներ,կրակարաններ  և այլն: Հիմքեր կան ենթադրելու,որ  եկեղեցու առափնյա ժայռին կառուցված կիկլոպյան ամրոցը,որը  եղել է պարսպապատ բնակավայրի միջնաբերդ,վերաբերում է նույն ժամանակաշրջանին: Հայրավանքից գտնվել են նաև միջնադարյան հասարակ ու ջնարակած կավանոթների  նմուշներ:

ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ

Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին`Լենկթեմուրի  արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել:

Տեղադրությունը

Հայրավանք  վանքային համալիրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս-արևելյան մասում Սևանա լճի ափին, ժայռեղեն հրվանդանի վրա։

Ճարտարապետությունը

ՈՒնի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից:Եկեղեցին պահպանվել է՝ արևմուտքից կից գավթով։ Եկեղեցին, կառուցված է IX դարի վերջին, 6.15մ x 7.15մ ներքին առանցքային չափերով, հարավից և արևմուտքից (բացվել է գավիթը կառուցելու կապակցությամբ) մուտքերով։ XIIդ. վերջին կառուցված գավիթը, պատկանում է երկսյուն գավիթների տիպին, արևելքից ավելացրած են երկհարկանի ավանդատներ, որոնք ընդգրկում են եկեղեցու արևմտյան աբսիդը։ Գավիթն ունի երդիկավոր, ութանիստ, շթաքարեզարդ գմբեթ՝ շարված սև և կարմիր շեղադիր քարերից։ Վանքի բազմաթիվ վիմագրություններից հնագույնը կատարված է 1211թ.-ին։

Ժամը՝ 20:00

Վերադարձ Երևան

 

 Նպատակ՝  Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ. «Նկարում ենք Փիրոսմանի» նախագծի և «Գետը համայնքում »նախագծշրջանակում   վերը նշված վայրերի պատմության, մշակույթի, ճարտարապետության և գետերի հիմնախնդիրների ծանոթացում, նոր գործընկերության առաջարկներ:

Արդյունք՝ Հաշվետու պատումներ, ֆոտոշարեր՝ անհատական, խմբային՝ կայքում, բլոգներում, ռադիոթողարկումներ, տեղանքի մասին նոր տեղեկություններ, բանահավաքություն, ուղիղ եթերներ:

Սնունդը`  ծնողների միջոցներով, բրդուճներ, միրգ

Անհրաժեշտ իրեր ճամփորդի համար՝
1. Թվային միջոցներ՝ տեսաձայնագրող սարքեր

2.Առաջին օրվա սնունդ՝  նախաճաշի բրդուճներ/ձեր և վրաց ընկրեների համար, միրգ
3.Ջուր 1լ./անհատական ջրամանով/
4.Հարմար ուսապարկ՝ երկու ուսով, քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
5.Անհատական ճամփորդական սպասք ( մեկ օրվա համար նախատեսված)
6. Աղբի տոպրակներ, ձեռնոցներ
7. Լողազգեստ, սրբիչ՝ ցամքոց (  աշնանային բաճկոն)
8.Հագնում եք սպորտային կոշիկներ՝ հարմար քայլարշավին, չսահող
9.Անձրևապաշտպան բաճկոն
10.Արևապաշտպան գլխարկ, ակնոց, արևապաշտպան քսուք

 

Ճամփորդության համակարգող՝  Քնարիկ Ներսիսյան

Մասնակիցներ՝

  1. Գիորգի Ճեիշվիլի
  2. Նանա Կվիցիանի
  3. Նուցա Մախարաձե
  4. Աշոտ Բլեյան
  5. Քնարիկ Ներսիսյան
  6. Կարինե Մացակյան
  7. Ռինա Շագինյան
  8. Կարինե Խառատյան
  9. Սյուզի Մարգարյան
  10. Լուսինե Խաչատրյան 10-րդ դասարան
  11. Մնացական Հովհաննիսյան 10 –րդ դասարան
  12. Մանվելյան Մարգարիտա 11-րդ դասարան
  13. Մարտիրոսյան Մելինե 11-րդ դասարան
  14. Նիկողոսյան Անուշիկ 11-րդ դասարանան
  15. Անի Նավասարդյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s