Ծովագյուղի և ծովագյուղցու հին ու նոր նկարագիրը

Տեր-Մեսրոպ-քահանա-Երիցյան-6

 

Դեռևս 883թ. Իշխանաց իշխան հայոց ապագա Աշոտ Առաջինը թագավորը (885-990թթ), Վրաց աշխարհից վերադառնալիս գալիս է Սևան` Մաշտոց Վարդապետին  (ապագա Մաշտոց Եղիվարդեցի կաթողիկոս Ամենայն հայոց 897-898թթ.) տեսակցելու և  նրա նշանավոր անապատին շնորհում է  շրջակա գյուղերը ինչպես նաև Տիրոջ Կենաց փայտի Աստվածընկալ փրկական Սուրբ նշանը…

 

Ճանապարհին կայանած վայրում հետագայում ձևավորվել է վանական համալիր, որի պաշտոնական թվագրումը հաստատված է 10-րդ դար: Աստվածընկալ Սուրբ  Խաչ եկեղեցին որոշ ընդմիջումներով գոյատևել է մինչև 17-րդ դարը: Սկզբից ի վեր հնամենի եկեղեցու տեղում վերակառուցվել է նոր եկեղեցի: Աստվածընկալ Սուրբ Խաչ եկեղեցին հարակից տարածքների հետ միասին համարվել է, որպես Սևանի մենաստանի վանքապատկան կալվածք: Եկեղեցու ներկայիս տեսքը և շինարարական նոր կառուցապատումները իրականացվել են երկրորդ աշխարհամարտից հետո ընկած ժամանակահատվածում` 1950-60թթ. Մայր Սաթենիկի (1899-1969թթ.) կողմից: Վերջինս իր կտակի համաձայն թաղված է եկեղեցու բակում: Եկեղեցու շրջակայքում պահպանվել է Քառատափ միջնադարյան գյուղատեղին, ինչպես նաև Քրիստոսից առաջ, առաջին հազարամյակը թվագրվող ամրոցի ավերակներ, գերեզմանոցներ, խաչքարեր, տապանագրեր: Եկեղեցին գտնվում է Սևանա լճի հյուսիսային հատվածում` Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի վարչական տարածքում, որի շրջակայքում պահպանվել են նաև «Քանդած ժամ» եկեղեցու ավերակները, որոնք թվագրվում են 16-17-րդ դարերը:

Ծովագյուղի ներկայիս տարածքում գեղատեսիլ աղբյուրի հարևանությամբ գտնվում է նաև 13-րդ դ. թվագրվող «Ավազով աղբյուրի» կամ ինչպես տեղացիներն են ավաղաղումով կոչում «Ազով աղբյուրի» մատուռը;

Ծովագյուղը միջնադարյան աղբյուրներում հիշատակվում է Ճապոտիկ, Ճիպոտիկ անվանումներով: Սակայն մոնղոլական արշավանքների ընթացքում` 1236թ-ից ներառյալ Ճապոտիկ գյուղը հայաթափվում է և դառնում է մոնղոլ-թաթարական հրոսակախմբերի թատերաբեմ-ճամբար և կոչվում է Չիբուխլու: Ուշագրավ և հատկանշական է, որ սա առաջին բնակավայրն էր Գեղարքունիքում, որ ստացավ թուրք-թաթարական անվանում: 1603-1604թթ. Պարսից Ծահ Աբասի սոսկալի կործանարար արշավանքների ժամանակաշրջանում Ճիպոտիկ-Չիբուխլուն մասամբ հրդեհվել և ավերվել է, սակայն հարակից հայաբնակ բնակավայրերի հետ ամբողջությամբ ամայացել է 17-րդ դարի վերջերին: 17-րդ դարի վերջերին մինչև 19-րդ դարի 28-30 թվականները այստեղ բնակվել են քոչվոր խաշնարած թուրքալեզու կարափափախ ցեղերը…

Ռուս-թուրքական պատերազմից հետո (1828-1829թթ.) Անդրիանապոլիսի հայտնի պայմանագրի համաձայն 2.09.1829թ. Արևելյան Հայաստան վերաբնակեցված հայերից մեծ թվով ընտանիքներ պատմական Բայազետի  (Դարոյնք) Արծափ գյուղից, հաստատվում են Չիբուխլու գյուղում (Արծափ գյուղը, որը հայտնի էր իր բերդով` գտնվում է Դարոյնք-Բայազետից հյուսիս-արևմուտք: Այս բերդի մոտ 650թ. հայոց սպարապետ Թեոդորոս Ռշտունին հայկական մի փոքրիկ զորագնդով ոչնչացրել է արաբական 3000 հոգուց բաղկացած բանակը, որը կազմում է Հայաստան ներխուժած արաբական զորքերի մի մասը: Ըստ հիշատակությունների Արծափի ավերակները առ այսօր նշմարվում են)…

1828-1930թթ. արյուն, ավեր, տեղահանություն: Արծափցի գաղթականների հոգնած քարավանը երկար ճամփա դեգերելով հաստատվում է Կոտայքի ներկայիս մարզի Թայչարուխ (Մեղրաձոր) և Ղարաջորան (Արայի) գյուղերում: Իսկ մյուս մասը (ավելի քան 170 տնտեսություն) հասնում է Գյոկչայի` Սևանա լճի հյուսիսային ափ, որտեղով գետ էր հոսում: Պատմում են, որ երբ գաղթականների սայլն անցել է գետով, անիվները կարմրել են առատ ձկների արյունից, այստեղից էլ գետը ստացել է իր անունը` Ձկնգետ, իսկ գյուղը հետևաբար անվանվել է պատմական Քառաթափի տեղում Ճիպոտիկ, իսկ հետագայում Չիբուխլու: 1935թ. գյուղը վերանվանվեց Ծովագյուղ…

Չիբուխլու-Ծովագյուղը ունեցել է իր Սուրբ Աստվածածին ծխական եկեղեցին, որի հիմքում 1868թ. ձևավորվել է եկեղեցական-ծխական դպրոց: Որոշակի ընդհատումներից հետո Սուրբ Աստվածածին եկեղեցու ծխական դպրոցը վերաբացվել է 1907թ.-ին:…2008թ. մեծ հանդիսությամբ նշվեց Ծովագյուղի անվանի արձակագիր Մուրացանի անունը կրող այդ դպրոցի 140 ամյակը: Չիբուխլու գյուղը ունեցել է Սուրբ Գևորգ անունը կրող մասունք, որը տեղափոխվել է Նոր Բայազետ քաղաքի առաջնորդանիստ եկեղեցի: Բնակիչները խնդրել են իրենց վերադարձնել այդ մասունքը և նրա եկամուտներից տրամադրել իրենց նորակառույց դպրոց-ուսումնարանին: 1868 դեկտեմբերի 16-ին Սուրբ Էջմիածնի սինոդը ընդառաջել է  խնդրագրին: Ուշագրավ է, որ Չիբուխլու-Ծովագյուղ այցելել է անվանի արձակագիր Մուրացանը (1854-1908թթ.) ով հարուստ տեղեկություններ է հաղորդում բնակավայրի կյանքի և կենցաղի վերաբերյալ իր հանրահայտ «Առաքյալը» վիպակում 1902թ.: Համաձայն վիպակի` գյուղի ծխատեր քահանան էր Տեր Վանին իսկ նրա օգնականն էր տիրացու Մոսին: Պատմությունը հավաստում է, որ համաձայն Մուրացանի «Առաքյալը վիպակի» գյուղում «…37թվին (1837թ.) հոկտեմբերի 6-ին չորեքշաբթի օրը մեծազոր կայսր Նիկոլայ Պավլիչը եկել ա մեր Չիբուխլում մին գիշեր կացել…): Ուշագրավ է, որ այստեղ հյուրընկալվել և գիշերել նաև 1893թ. Ամենայն հայոց կաթողիկոս ընտրված Մկրտիչ Խրիմյան Հայրիկը, որը այստեղով է ժամանել Մայր աթոռ Սուրբ Էջմիածին:

1862թ. Չիբուխլու է այցելում անվանի հայագետ, հնագետ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը, որը հարուստ տեղեկություններ է հաղորդում ինչպես նաև հատուկ հիացմունքով և դրվատանքով է խոսում Չիբուխլեցիների հյուրընկալության և պատրաստակամության մասին իր «Տեղագիր Գեղարքունի-Ծովազարդ Գավառի…» Վաղարշապատ 1895թ. հանրահայտ աշխատության մեջ, որտեղ ասվում է  «…Սրտաբաց և առավել հյուրասեր են գյուղի բնակիչները»: Ձմռանը քանի-քանի հայ ազգի և այլ ազգի ճանապարհորդներ, դեպի Թիֆլիս կամ Երևան գնալու միջոցին շաբաթներով և  ամսով բքարգել լինելով`մնում են գյուղացոց ձրի պարգևներով և ապահով անցնում ու գնում: Եվ մանավանդ թե քանի-քանիսին են այս գյուղացոց շնորհիվ ու հոգածությամբ ազատվել բքո ճիրաններից…»:

Իսկապես, կարծես աշխարհից զատված, անջատված ու լքված, իսպառ մոռացված ու ժամանակի գնացքից ուշացած մի  «ղարիբ» ուղևոր էր այս գյուղը: Մեծ քաղաքների աղմուկից և բաբախուն կյանքից զատված ու անջրպետված` հպարտ լռությամբ ծվարել էր լեռների գրկում` չկամենալով խաթարել ոչ ոքի անդորրը:

Իր խոր  ու անամոք վերքը ժամանակի մշտահոլով երթի մեջ արժանապատվորեն տանում էր ու սպիացնում` դարդին դարման խնդրելով սեգ սարերից: Կորուսյալ էրգրի այրող կսկիծը սրտներում` արյունառուշտ թուրքերի երախից մազապուրծ եղած վշտալուկ արծափցիները իրենց համար հուսո խարսխակայան դարձրին քարքարոտ Հայաստանի այս բքառատ ու խստաշունչ անկյունը:

Մաքառեցին տարերային բնության դաժան քմահաճույքների դեմ, տևական ու սրտմաշուկ խավարի ճանկերում հևացին դառնագին, սակայն տոկացին և արծվենի խիզախությամբ մարտահրավեր նետեցին փոթորկուն աշխարհին և փորձություններով լի դարերին:

Եկան ու հավերժ մնալու և տունուտեղ կառուցելու հույսով մնացին: Մնացին, որ շենանա ամայի հողն այս, դառնա այգի ու այգեստան:

Ծովագյուղցու նկարագիրը ամբողջացնելու, առավել համապարփակ ներկայացնելու համար հարկ է նշել, որ գաղթական արծափցիները, պարտադրված էին ճանապարհ ընկնել իրենց մայր ոստանից: Հասնելով Արևելյան Հայաստան` տարագիր արծափցիները պետք է ընտրեին Փամբակ-Արեգունյաց ողորկ լեռներն ու այս գետը` Ձկնգետը, որպեսզի մեղմեին իրենց ներսում ահագնացող լքյալ օջախի կարոտը: Այս ընտրությունը նաև լեռնեցու խրոխտ բնավորության արգասիք էր: Նմանատիպ մեկնությունը լիովին կբավարարեր մեծն Մուրացանին, որն իր կերտած հերոսի միջոցով զարմանում էր. «Ինչն է ստիպել այս մարդկանց այս չոր ու ցամաք լանջերին կպչելու»:

Սակայն արծափցին կպավ այս հողին, այս հողը դարձավ նրա ձեռքին զենք ու զրահ, սուր և վահան, ամրոց ու բերդ,  հավատքը, խաչ և ավետարան մահաբեր ոսոխի դեմ պայքարում: Արծափցին տքնեց, բայց երբեք չտնքած այս հողի ծանրությունից. քարը գլորեց ու նրա տեղը սերմ պահ տվեց հողին: Այսպես համատարած քարե  ժայռն ու ապառաժը նահանջեցին ու բերքաբեր հող այն դարձավ: Այսպես կյանքն այս հողի վրա` ծովագյուղցին հայացքը կապուտաչյա Գեղամա լճին, համառ տքնությամբ ու պայծառ տեսլականով առաջ գնաց, հանուն լուսավոր հարատև ապագայի և լուսաշող անսպառ հաղթանակների հավատամքով:

Հեղինակ`

Տեր Մեսրոպ քահանա Երիցյան

Գեղարքունյաց թեմի Սևանի և տարածաշրջանի հոգևոր հովիվ

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s