Դիպլոմային աշխատանք
Պարտիզապուրակային շինարարություն
Ղեկավորելով Կրտսեր դպրոցի ուսումնական ծրագիրը` անմիջական անհրաժեշտություն համարեցի ամբողջացնել կրթությունս, գիտելիքներս պարտիզապուրակային մասով: Ինչո՞ւ անհրաժեշտ համարեցի: Քանի որ հեղինակային մանկավարժության հիմքում բացառիկ, առանցքային դեր ունի միջավայրային կրթությունն իր ազդակներով:
Ազատ, ինքնուրույն, անկաշկանդ անհատականություն ձևավորելու համար անհրաժեշտ է բաց, ներառական, բնական Պիտերպենյան արգելոցային միջավայր:
Պուրակ-կածան-արահետ-բարձունք-արգելոցները պետք է դառնային և ամբողջացնեին ուսումնական գործունեությունների, նախագծերի կամզակերպման հարթակները և, երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ, առաջնորդեց դեպի այդ երազ-իրականությունը:
Աշխատանքների սկիզբը դրվեց Սովետական Միությունից ժառանգած հենապատերի ոչնչացմամբ, ցանկապատ-դարպասների հեռացմամբ:
Հենապատերին և ցանկապատերին փոխարինելու եկան կանաչ լանջերն ու բլուրները: Տևական ընթացք պահանջվեց, որ «Մահացու հենապատերը» լքեին և անվտանգ, ներառական միջավայրը դառնար սովորողին, բնակչին առավել հարմար: Ցանկապատերի, հենապատերի հեռացման արդյունքում ծնվեցին նոր ճեմուղիներ, հեծանվաուղիներ, թեքահարթակներ, որոնք արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ կողմերը կապեցին իրար և կրթական պարտեզին: Նախկինում անանցանելի այդ հատվածը հիմա առավելագույնս հարմար է հետիոտնի, հեծանվորդի, սայլակավոր մարդու համար: Մինչ լանջերը կծածկվեին կանաչ շերտով, Հյուսիսային դպրոցի ոռոգման ցանցը նորոգվեց, ամբողջացավ, որը մինչ այդ կիսատ էր կամ էլ սնվում էր միայն մի գծից: Բացի ոռոգման ցանցի ամբողջացումից, գործուն անդրադարձ եղավ ջրհորդաններին: Դրանք նորացվեցին և տեղադրվեցին այնպես, որ անձրևաջրերը նույնպես ուղղվեին դեպի լանջեր:
Կանաչապատումից հետո աշխատանքներ սկսվեցին ներքին և հարակից պուրակների, մարգագետինների ստեղծման ուղղությամբ: «Ստեղծում ենք միայն քանդելով» կարգախոսով առաջնոդվելով` քանդեցինք Գեղարվեստի դպրոցի էստրադա-լողավազանը, նրան գրկած հենապատերով; Լողավազանին առաջիկայում կփոխարինի լճակը, իսկ հենապատերի փոխարեն կրկին խոյացան կանաչ լանջերը: Հարավային, հյուսիսային, արևելյան, արևմտյան հարթակները բարեկարգվեցին, շինաղբի հիմքից ազատվեցին, մշակվեցին կարմիր ավազով և սևահողով, և վերջում արդեն հրավիրյալ մասագետի հետ դրանք ցանեցինք:
Դպրոցին հարակից պուրակը, որը վերածվել էր աղբանոցի, անցավ մեր խնամքին և սովորող-դասավանդողով այն խնամեցինք և զարդարեցինք դեկորատիվ ծառերով: Դպրոցի շենքի շուրջը տնկեցինք գլիցինիայի և կամպսիսի թփեր, որոնք բոլորն անխտիր կանաչեցին: Դպրոցը նաև ունեցավ իր յասամանների պուրակը: Տարբեր տեսակի ՝բազմագույն յասամանները ապրիլ 24-ին գտան իրենց նոր հարթակը:
Դպրոցի հեծանվաուղիները ստեղծվում են ոսկե ավազով: Նախ դրանք ազատվում են նախկին գրունտային շերտից, ապա հարթեցվում, ծածկվում ավազե շերտով, այնուհետև գլդանը, անցնելով ստեղծված շերտի վրայով, այն ամրացնում է և հարթեցնում: Հեծանվաուղիների, կանաչի ստեղծման, ամբողջացման աշխատանքները դեռ չեն ավարտվել. դրանք անընդհատ են, քանի որ առանցքում խնամքի, բարեխղճության մանկավարժությունն է: