Գործողություն 1. «Հատակում» հարթակ
Թողեք ինձ հանգիստ: Ես ուզում եմ շնչել, ազատվել կոկորդս պատռող ցավից ու սլանալ վեր, առաջ, կողք՝ մի խոսքով բոլոր հնարավոր ուղղություններով, բացի հետ գնալուց: Ինձ խեղդում է անտարբերությունը: Ընթերցողս կմտածի, թե իմ հանդեպ են անտարբեր, դա իր հերթին, բայց… ես հոգնել եմ զգայուն լինելուց ու զգացմունքներս պահելուց:
Արցունքներիս ազատություն եմ տալիս՝ թույլ եմ, ուժեղ եմ մնում ՝ կոկորդս խեղդելով ներս եմ հոսեցնում արցունքներս, կուլ տալիս դրանք՝ անտարբեր ու անզգա եմ: Ի՞նչ եք ուզում, մարդի՛կ: Բոլորդ ունեք ձեր սեփական կյանքն ու որոշումները, բայց քննում եք ինձ, կյանքս, մարմինս, հոգիս, սիրտս, մտքերս, խոսքերս, ատելությունս, ցանկությունս, զգացմունքս: Ես ատում եմ ինձ, հոգիս, սիրտս, այն ամենը, ինչ քննում են, բայց ատում եմ յուրովի, սեփական ու այլ պատճառներով: Միգուցե, որովհետև նրանց խեսքերը ինձ խոցում են, միգուցե, որովհետև ես թույլ եմ, միգուցե` ուղղակի գիտակից եմ: Ես հասկանում եմ բոլորին, չէ, անկեղծ, հասկանում եմ, կամ էլ` գոնե դրությունը: Շատ դեպքերում լռում եմ՝ մտածելով, որ դա իմ գործը չէ, իմ որոշելիք հարցը չէ, բայց գիտակցում եմ , հասկանում, լուծումներ տեսնում : Ես լռում եմ, վատ ու լավի հանդեպ լռում եմ: Իսկ ինձ խփում են, ինձ հարվածում ու քարկոծում են: Ես ապտակողին երկրորդ այտս չեմ պարզի, բայց հակահարված չեմ տա: Դա իմ գործը չէ, կյանքի գործն է: Աստված չանի` բաժակը լցվի ու համբերությունս թափվի-գնա: Մի օր այն կլցվի, կամ կընկնի ու կկոտրվի:
Գործողություն 2. Ջրավազա ում
Կաթ…կաթ…կաթ… ինչի՞ ձայնն է. կիսաբաց մնացած խողովակի՞, անձրևի՞: Հա անձրևի, բայց այն երկնքից չէ, այլ գալիս է ներսիցս: Կարծես փոթորկի հետ ներսս լցվել էր ջրով, ու երբ ամեն բան քանդվեց, ջուրը ծածկեց փլատակները: Ձեր բառերը, ամեն մի սխալմունքս երեսովս տալը, գոյությունս ատելը լցնում է ներսս կաթիլ առ կաթիլ, դանդաղ ու կամաց: Բայց դա պիտի թափվի, չէ՞: Ինձ դրել եք ապակե սենյակի 🙂 կենտրոնում, ներսիս ջուրը թե բաց թողնեմ, դրսից եմ խեղդվում, ներսումս պահեմ՝ շունչս չի հերիքում: Իսկ դուք ապագայից եք խոսում, վաղվա օրվանից… Ես անցյալս չեմ մոռացել դեռ, հիշում եմ ձեր՝ դատարկությամբ ու անտարբերությամբ լցված դեմքերը, հիշում եմ ձեր նետած ասեղները, որոնցով ճանապարհ էր բացվում ջրի համար: Ձեր բառերը, նետած քարերը կոկորդս փակում են, կարծես օդ չլինի այդ վանդակում: Ձեր բառերից ու քո լռությունից: Մարդիկ խոսում են, ու ես չեմ ուզում լսել: Իսկ դու լռում ես, ու ես ուզում եմ անընդհատ լսել, թե ինչպես ես խոսում, ասում բառեր, որոնք ուզում եմ լսել միայն քեզնից: Ու դու չկաս, ու ներկայությունդ ինձ համար կարծես ելք է` դուրս գալու այս սենյակից ու հանգիստ ներսիցս հանելու այն, ինչ չի թողնում շնչել: Կարծես ես շնչելու ունակ չեմ, ու դու իմ շնչառական սարքն ես, կոպիտ էր, բայց դա հենց էդպես է… իմ օդը, ընդ որում մաքուր, միայն թթվածնով:
Ես խեղդվում եմ ու խորտակվում, բայց ամենասարսափելին այն է, որ ամեն անգամ ես խեղդվում եմ ու խորտակվում, հույս ունենալով, որ սա վերջինն է: Հետո կարծես ինչ-որ մեկն ինձ ջրից հանում է: Ու հենց ինձ թվում է, թե մեկին հետաքրքրում է ճակատագիրս, նորից նույն ձեռքերով գլուխս ջրի մեջ է մտցնում: Ինչո՞ւ, դե, քննադատ հասարակության անթերի՛ անդամներ, ասացեք: Չէ՛, լռեք: Ես միայն նրա ձայնն եմ ուզում լսել: Երբ ինձ մեղադրեցիր ու հիմա լռում ես, կարծես քո լռությունն ու բացակայությունը իմ անեծքը լինի, դու ասա, բայց սկզբում տես՝ ինչ կա ներսիս ավերակներում: Դա բան չի փոխի, գիտեմ…
Ուղղակի մյուս անգամ մինչև վերջ խորտակեք ամենից հոգնած փոքրիկ աղջկան… Նայում եք դեմքիս, մանկական դիմագծերիս, ու պատկերացնել անգամ չեք կարող, թե ինչեր են տեսել այս մանկան դեմքի մանկական փայլը կորցրած աչքերի, որ հիմա միայն արցունքով են փայլում, ու խամրում զայրույթից ու ցավից. ինչ է, ցավ է գուցե զգացել մարմինս կամ կոկորդիցս մինչև կրծքավանդակ վառվող հոգիս: Հա, ճիշտ է, դեռահասները հոգի չունեն, չէ՞, դա է, չէ՞, ձեր ճղճիմ մտքի թռիչքը, ցավ չենք զգում. հիմա պիտի տուն-տունիկ խաղայի ու գրքերից էն կողմ կյանք չտեսնեի: Խոսում եք, կարծես դուք գիտեք այն, ինչ գիտեմ ես, զգում եք այն, ինչ զգում եմ, հասկանում եք այն, ինչ կա ներսումս, իսկ իրականում իմ փոխարեն եք ուզում ապրել, իմ կյանքը ձերն եք դարձել ու կայացնում եք որոշումներ, որոնցից ես զզվում եմ, անում եք բաներ, որոնք ինձ սպանում են՝ դանդաղ ու տանջալի: Ատելի, չէ ցավալի մի երևույթ կա, երբ մարդիկ, ովքեր ամիսներով չէին տեսել ինձ կամ գոնե հետաքրքրվել, հայտնվում են ու սկսում հաշվել սխալներս, ընդ որում՝ ուրիշներից լսած: Սա սխալ քայլ էր, սա լավ չէր, բա ո՜ւր էիք էդ պահին, կողքիս լինեիք, կանխեիք, չթողնեիք, փոխարենը հայտվել ու ուզում եք որոշումներ կայացնել, ինչ- որ բան փոխել ձեր ուշացած ներկայությամբ:
Ինձ մոտ մի՛ եկեք. դուք էլ կխեղդվեք, մի քիչ մա՛րդ եղեք, շատ լինելը լավ չէ, սեփական խնդրիցս եմ ասում, բայց այ, մի քիչը… պետք է…