ԿԱՐԻՆԵ ՔՈԹԱՆՃՅԱՆ

13419251_1737221869882209_1915117423052312985_n

1916 թվի ամռանը Կարսում Չարենցը մտերմանում է Կարինե Քոթանճյանի հետ.նրանց միջև ծնունդ է առնում <<հրկիզող>> մի սեր:
Կարինեին հաջողվում է համոզել Եղիշեին գնալ Մոսկվա:
Չարենցի մոսկովյան օրերի միակ վկան Կարինեն էր: Նա իր հուշերում պատմում է,որ Չարենցը օրերով փակվում էր իր սենյակում,գրում էր ու գրում…
Ծնվում էր <<Ծիածանը>>,որի ձեռագիր ժողովածուն պիտի նվիրեր Կարինեին`այսպիսի մակագրությամբ.
Կարինե Քոթանճյանին
Դու իմ վերջի~ն,իրիկնայի~ն,աստղայի~ն քույր:

1917թվի մարտին Չարենցը հեռանում է Մոսկվայից:Կայարանում նրան ճանապարհ է դնում Կարինեն: Չարենցը նրան նվիրում է <<Հեռացումի խոսքեր>>-ը.
-Կարդա,նոր եմ թխել…

…Անցնում են Կարինեի ու Չարենցի ապրած գեղեցիկ մտերմության,հոգեկան երջանկության մոսկովյան աստեղային պահերը…մնում են գույները`նուրբ,նուրբ կարոտ ներշնչող…
Իսկ երկու տարի անց`1919-ին,Չարենցը մի վերջին անգամ պիտի վերհիշեր իր հին կարոտները.

Ու էլ ամեն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում,
Պիտի անդարձ ես հեռանամ,պիտի գնամ.աչքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում,
Ասեք նրան`Չարենցն ասավ-մնաս բարո~վ,մնաս բարով..
.

Քաղաքի հին թաղերից մեկում`Դամրբուլաղի և Գետառի հարևանությամբ`հողե հում աղյուսներից շարված տների,սապնաջրեր տանող առվակների և փայտաշեն զուգարանների շարքում,հարևան տների պատերին հենված-կանգնած էր հազիվ պահպանվող մի տնակ:Այդ տնակում էր ապրում յոթանասունն անց,դեռ կարմրաթուշ,արծվաքիթ մի հայ կին`անունը Կարինե:Աչքերը կապույտ էին,ատամնաշարն`անխախտ,թարմություն ու կայտառություն էր զգացվում նրա շարժումներում:Տեսքը լեռնցու էր,շարժուներն`արագ,նայվածքը`ջերմ,նաև թախծոտ:Իսկ երբ խոսում էր,երբ փայլատակում էին ջերմությամբ լի աչքերը,թվում էր,թե վաղուցվանից ծանոթ ես հետը,թվում էր,թե ճանաչել ես դեռ երիտասարդական տարիներից:
-Կարինե Քոթանջյանն է,-շշնջաց ընկերս,որ նրա ամուսնու ազգականն էր,-Կարինե,-ձայն տվեց նա:
-Գառնի,դո՞ւ ես:Համեցե’ք,համեցե’ք:
Ցածրիկ և իրար վրա բացվող դռների միջև պտտվեց ու ետ գնաց Կարինեն,որպեսզի ճանապարհ տա մեզ մտնելու տուն:Տան շեմին կռացանք,ներս մտանք:Զարմանալի բան էր.մեր դեմ բացվեց լայն,գեղեցիկ մի սենյակ,որ հրճվանքով ընդունեց մեզ հին պատեֆոնից հնչող <<Մուրկա,մայա Մուրկա>>ուրախ երգով:
-Եղիշեն շատ էր սիրում այս երգը հեղափոխության տարիներին:Դրա համար էլ ես ձեզ դիմավորեցի նրա սիրած երգով,իր գնած սկավառակով:Ներիր ինձ,Գառնիկ,դու գիտես,որ ես դեռ ապրում եմ Եղիշեի շնչով:Այդ իմ ծերունական հիվանդությունն է,-ասաց Կարինեն:
-Կարինե,բա որ Գևորգը լսի:
Գևորգը Կարինեի ամուսինն էր,հիմա որպես լուսանկար ժպտում էր պատից կախված:Նրանք երեխաներ չէին ունեցել:
-Գևորգը շատ էր սիրում Եղիշեին:Եղիշեն նրան չէր սիրում.-Միլպետին ո՞վ է սիրել,որ ես սիրեմ,-ասում էր Չարենցը:-Միլպետն էլ սիրելու բա՞ն է,որ սիրեն:Կարինեն,եթե գժված չլիներ,Գևորգին չէր սիրի,բա նրա նագանը,բա նրա <<անգլերենը>>Աստաֆյանի վրա`<<Քեթալմայթ,քաղաքացի>>:

Այսպես ես ծանոթացա Կարինե Քոթանջյանի հետ:

-Հիմա արդեն ինձ թվում է նույնիսկ,որ Եղիշեին չեմ էլ ճանաչել,որ նա անիրական մի բան է եղել իմ կյանքում:Եղիշեի փոխարեն իմ կողքին ապրել է նրա բանաստեղծության ոգին,աննյութ,անտես Եղիշեն:Եղիշեն ինձ համար նյութեղեն չէր,հնչյուն էր,խզված ձայնով երգ էր,շարական կամ աղոթք`խորանից եկող:Նրան բռնել չէր կարելի,նրան միայն լսել էր պետք,տեսնել հարկավոր չէր,զգալ էր պետք:Նա ոգի էր,մարդ չէր:Նա ջերմացնում էր ինձ իր պոեզիայով,որ երգ էր,մրմունջ:Եղիշեն ինձ համար հրաշքներով լի աշխարհ էր,իմ հայրենիքն էր,իմ հավատն ու կյանքը:Ինչ էինք մենք այն ժամանակ,եթե ոչ մի ոգևորված,հիացած գոյություն,որոնցից շատ հեռու էին ժանգի համը և քաղքենիական հաճույքները:
-Սուրճ կխմե՞ք,-հանկարծ հարցրեց նա և իր կանացի,տանեցու տոնով սկսեց երգել.
-Նագան,նագան ջան,յոթ կրական ջան…Եղիշեի սիրած երգերից մեկն էր:Քանի դեռ ամուսինս կար,նա ամուսնուս բարկացնելու համար երգում էր <<Նագան>> երգը և նայում էր նրան այնպես,կարծես ուզում էր չարաճճի մանկան պես իմանալ,թե ինչպես էին ազդում նրա վրա երգն ու իր <<նենգությունը>>:
Չարենցը սուրճ խմելիս լրջանում էր,նա գիտեր սուրճ խմել,բայց հետո անպայման ամուսնուս հոգու հետ սկսում էր խաղալ:
-Գնանք Մաուզերի դվորը խայֆա խմելու,-դիմում էր ամուսնուս:-Գառնիկ,դու գիտե՞ս՝ որտեղ է այդ Մաուզերի դվորը:
-Էլլարի մոտ չէ՞:
-Այո,Արամուսի ճամփին:
…Երբ սուրճը պատրաստ էր,երբ քառասուն աղբյուրների մեկական բաժակ ջրերը դրվեցին սեղանին,Կարինեն հանկարծ լռեց,աչքերում արցունքներ երևացին,և ձեռքերը սկսեցին դողալ:
-Ի՞նչ եղավ,Կարինե,-վախեցած մոտ վազեց Գառնիկը:
-Ոչինչ,Գառնիկ,ոչինչ,հիմա կանցնի:Երբ նրան տարել են տնից,նա ճիշտ այսպես նստել է սուրճ խմելու,և չեն թողել,որ խմի:Դուք ինձ ներեք,խնդրում եմ,արդեն դյուրագրգիռ եմ դարձել,մեծ մասամբ ապրում եմ հիշողություններով…Ես նրա բանաստեղծության մեկ տողն եմ միայն,երիտասարդական տարիների մեկ ճիչը…

Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում,
Ասեք նրան`Չարենցն ասավ`մնաս բարով,մնաս բարով:

Նա իր սուրճը թողեց,դուրս եկավ սենյակից:Մենք լուռ նստած լսում էինք,թե ինչպես էր չխկչխկում սյունից կախած թիթեղյա լվացարանի երկաթե ձողը. լվացվում էր Կարինեն,որ արցունքների հետքերը չերևային այտերի վրա:

ՎԱԼՏԵՐ ԱՐԱՄՅԱՆ

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s