Կյանքում միշտ կամ մենք ենք հեռանում կամ մեզանից են հեռանում: Բոլոր տեսակի բաժանումները միշտ ուղեկցվում են արցունքներով՝ ուրախության, տխրության, սակայն երբեմն էլ հոգիդ է լալիս իր անտես աչքով:
Չարտասանված խոսքեր մնացին կոկորդումս, այս բաժանումը չէի նախատեսել, ախր չհասցրեցի ասել ներեցեք ու շնորհակալ եմ, այն խոսքերը, որ պետք է հաճախ ասես սիրելիներիդ:
Եղածը, եղած է….
Ասում են չէ՛, տիրոջ գործերն անքննելի են. Մխիթարում ենք մեզ, ասելով, որ պատահական չէր, որ Ձեր վերջին կանգառը՝ կյանքի ու հավերժության արանքում եղավ Ձեր շատ սիրելի Գեղարվեստում. սիրելի գործընկերներ, սուրճի սեղան, աշխատանքային զրույց…..ու պահը լռեց…
Չենք մոռանում Ձեր խոսքերը. «Երեխեք, գիտեք չէ, հենց վատ եմ զգում գալիս եմ Գեղարվեստ ու լավանում եմ»: Մի քանի օր է, ինչ գալիս էիք, բայց այս անգամ չկարողացանք լավացնել, մինչև վերջ պայքարեցինք, բայց չստացվեց: Կներեք….
Ես հասկացա, որ թռչուններն ամպերի լռությունից վեր ճախրելուց բացի ոչինչ չեն ուզում: Սավառնե՛ք ազատ և երջանիկ, ծնունդներից դուրս հավերժության մեջ և մենք կհանդիպենք այժմ և հետո,երբ կցանկանանք, տոնի ժամանակ, որը երբեք չի ավարտվի: