Ամանորի ծես: Թատրոնի խումբ: Նախագիծ

Timeline.00_13_16_05.Still022Ամանորը  հեթանոսական տոն է և

ներկայումս մենք հեռացել ենք մեր ազգայինից, հայը երկատվել է. մեկը` ներքին այն  հայն է որ կա, իր ազգային` ծագումից եկող դեմք-դիմագծով, մյուսը` արտաքին երկրորդային, ձեռք բերովի ՝ օտարահաճոն է, օտար դեմք-դիմագծով ներկայացվողը, ժամանակի «համամարդկային» նորաձեւություններով առաջնորդվողը:

Oտարացել ենք, և այդ օտարը մեզ հարազատ է դարձել, կարելի է իհարկե օտարից սովորել ինչպես է օրինակ,  նա ատամներով կառչած պահպանում սեփականը, սակայն օտարինը յուրացնելը ճիշտ չէ: Մեր կյանքը մենք ստեղծում ենք մեր ընտրության ուժով։  Սակայն այդ ընտրության արդյունքում  չպետք է հայ լինելու   ինքնագիտակցումը խամրի:  Որոնք են այս քաոսի պատճառները ՝առաջինը ինֆորմացիայի պակասն է: Ազգային դիմագիծը պետք է

պահպանվի  կրթության, մտածողության, լեզվի, սովորույթների և բարոյականության ըմբռնման միջոցով։

Ազգային մշակույթի յուրացումը պետք է սկսել դպրոցից: Մարդկանց համախմբելը ` ազգային և մարդկային արժեքները պահպանելը  պետք է լինեն ապրելակերպ, իսկ   դա իրական կլինի երբ, որ միջավայրը շնչի դրանով: Երեխան դաստիարակվում և սովորում է` յուրացնելով մեծերի փոխանցած մշակույթը: Եթե  հասարակութունը, ընտանիքը իր մեջ չի  արմատավորել  ազգայինը, ապա  այդ բացը պետք  է լրացվնել  պետական մակարդակաով, կրթությամբ: Մեր կրթահամալիրը  ստանձնել և իրականացնում է այդ մեռնող մշակույթին կյանք տալու առաքելությունը:  Ծեսերին նոր կյանք տալու համար պետք է ճանաչել դրանք, ուսումնասիրել աղբյուրները:  Թատրոնի խումբը նախաձեռնել է «Ամանորյա ծեսը կրթահամիլիրում»  նախագիծը: Նախագծի  նպատակն է , տոնը սովորողինը դարձնելը, որպեսզի սովորողը  դառնա դրա կրողն ու  փոխանցողը:  Դրա  իրագործման համար պետք է  ծանոթանալ ծեսին,  դրա մանրամսներին, որոնք ստորև ներակայացնում եմ:  Ծեսը ուսումնասիրելուց հետո` պետք է հասկանալ, թե ինչ ճանապարհ են անցնելու սովորողները, դաստաիարակները, կազմակերպիչները, ծնողները: Նախապատրաստական աշխատանքների ընթացում պետք է ծանոթանալ, ուսումնասիրել, բացի  առանձնացրած մանրամասներից, նոր աղբյուրների, պատումների  համալրում անել:

Սովորել այն  երգերն ու պարերը` (այս ծեսի դպքում  Ավետիսները, բարեմաղթանքները, չարխափան խոսքերը, գուշակությունները, հանելուկները, հեքիաթները),  ծիսական պատրաստությունները` (ապուրներ, աղանդեր, տարեհացեր, խմորեղենններ, Ասիլ-բասիլների, Կենաց  ծառ), առարկաները դրանց խորհուրդն ու պատրաստման ձևերը: Առանձնացնել նրանք որոնք հնարավոր է արդիականացնել և ներակայցնել նորովի: Ծեսին նոր կյանք տալ` չի նշանակում  հեռանալ սկզբնաղբյուրից: Սովորողները պետք է հավաքեն  նոր տեղեկություններ , հարցումներ անցկացնելով  մեծերից,  գրի առնեն, տեսագրեն, ֆիքսեն : Թատրոնի խմբի սովորողը  աստիճանաբար կդառնան նյութի, լեզվամտածողության, գեղարվեստական խոսքի,  արտահայտչամիջողների, գիտելիքների, տարբեր կարողությունների   կրողը, ձեռք կբերեն   ունակություններ ինքնուրույն աշխատելու, ինքնադրսևորվելու   և  պատրաստ կլինեն   յուրացրածը  փոխանցելու   Կրթահամալիրի  իրենց  կրտսեր սովորողներներին: Ծեսը կդառնա միջավայր  որտեղ սովորողները  նախապատրաստական և արդիականացման ճանապարհին  գործի կդնեն  իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները: Կլինի միջառարկայական կապ ծեսի նախապատրաստական շրջանում. երաժշտություն, պար, մայրենի, թատրոն , տեխնոլոգիա:  Նախագծին կարող են  մասնակցել նաև  հանրապետության տարբեր մարզերից ու համայնքերից  ներակայացնելով ու համալրելով նախագիծը:

Սովորողը կլինի  Ծեսը ճանաչողը, դրա ակտիվ մասնակիցը, փոխանցողը, տարածողը և այն կենդանացնողը:

Ստորև հավաքագրել եմ նախագծին վերաբերող բոլոր մանրամասները`պատմություն, խոհանոց, գուշակություններ, բարեմաղթանքներ:

Ամանոր, Նոր տարի

12027522_149205165426800_8265335755758017216_n

Վաղնջական ժամանակներում հայերը Նոր տարին դիմավորել են մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը. փառաբանել են բնության զարթոնքը, աղերսել աստվածներին, որպեսզի տարին բերքառատ դարձնեն:

Հայկական երկրորդ տարեգլուխը եղել է Նավասարդի 1-ը /օգոստոսի 11-ը/ և տևել է մինչև սեպտեմբերի 9-ը: Օգոստոսյան տոնը հայերը կոչել են Նավասարդ: Նավասարդ բառը կազմված է նավա/նոր/ և սարդ/տարի/ բառերից: Այս անվան մասին Անանիա Շիրակացին /7-րդ դար/, Հովհաննես Իմաստասերը/1045-1129/ և այլ նշանավոր գիտնականներ ավանդում են, թե Նավասարդը Հայկ Նահապետի դուստրերից մեկի անունն էր, որով մեր նախահայրը անվանել էր տարվա առաջին ամիսը:

Ամանորի հաջորդ օրը հայերը տոնում էին իրենց ամենաշքեղ ու ամենակարևոր տոնը: Այն նվիրված էր հայոց աստվածների հայր Արամազդին և կոչվում էր Նավասարդյան տոներ։ Նավասարդյան տոները ուղեկցվել են երգ-երաժշտությամբ, պարերով, թատերական, կրկեսային ներկայացումներով, զինախաղերով ու մարզական մրցումներով, այլ կերպ ասած`Նավասարդյան խաղերով։

Մեկ այլ ավանդության համաձայն, Հայկ նահապետը Հայոց ձորում սպանել է Բելին: Այդ հաղթությունը ենթադրաբար տեղի է ունեցել մ.թ.ա.2492թ. օգոստոսի 11-ին:

18-րդ դարում, Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք, որպես Նոր տարվա սկիզբ ընդունվեց հունվարի 1-ը, սակայն որպես տարվա սկիզբ տոնելը համընդհանուր դարձավ 20-րդ դարի սկզբներից: Տոնը կայունանում էր և նրանում ամրագրվում էին տարեմտին կամ Նոր տարում բնորոշ սովորույթները: Տոնի անունները հայոց մեջ տարբեր էին` Ամանոր, Տարեմուտ, Տարին գլուխ, Նոր տարի, Կաղանդ, Կաղինդ, Կալոնտար ձևերը, Նոր տարուն նախորդող գիշերն էլ հայտնի է Լոլեի գիշեր, Խլվլիկ, Կախ կամ Կաղ, Գոտեկախ անուններով, իսկ համշենահայերի մոտ. Ծաղկըմուտ: Բոլոր անուններն էլ ունեն իրենց բացատրություններ: Նախ` Կաղանդ, Կաղինդ, Կալոնտար ձևերը գործածվել են արևմտահայոց միջավայրում, հունական ազդեցությամբ: Արևելահայոց մեջ առավել տարածված էին Նոր տարի, Տարեմուտ ձևերը: «Լոլեի գիշեր» անունը, թերևս գալիս է այն հանագամանքից, որ Նոր տարվան նախորդող  օրը հայոց մեջ թխվող հացատեսակների շարքում `«փուռնիկ»,«կլոճ» և այլն հիշատակվում է նաև «լոլիկը» Կախ կամ Կաղ բառերը ժողովրդական ստուգաբանությամբ բացատրվում են այդ գիշեր պահուստի թարմ մրգի «Կախանները» տոն բերելու և առաստաղից կախելու, «գոտեկախը»` պատանեկան գիշերային շրջայցեր ժամանակ երդիկից գոտիով գուլպաններ կամ զամբյուղներ կախելու սովորույթով:

Ամանորի սովորույթները խմբավորում են հետևյալ երևույթների շուրջ.

-բնակարան, բնակավայրը և մարդու մարմինն ու հոգին մաքրելը, հարդարելը,

-ծիսկան ուտեստը,

-ծիսական այցելությունները,

-բախտագուշակությունները

-հաջողությունն ապահովելունմիտված և չարը կանխարգելող հմայական խոսքերը, ծիսական մաղթանքները:

 

Նոր տարվա տոնին նախապատրաստվելու ընթացքում բնակարանի մաքրությանն առանձնակի կարևորություն էր տրվում: Ոչ  միայն մաքրվում  էր բնակարանը, այլև հնարավորինս դուրս էին նետվում անպետք իրերը, նորոգվում էին վնասված մասերը:Բնակարանը  հարդարվում թր ու զարդարվում: Զարդարանքները ոչ միայն  գեղագիտական էին, այլև` չարխափան կամ բարեբեր: Չարխափանների շարքում կարելի է հիշատակել չար աչքի դեմ կիրառավող նշանները, որոնք  տեղադրվում էին ինչպես մուտքի դռան վրա, այնպես էլ` պատերին:

Նոր տարվա գլխավոր նախապատրաստություններն ուտելիքների շուրջն էին: Տոնի ժամանակ օգտագործվող ուտեստի տեսականին, դրանց ծիսական բնույթն ընդհանուր առմամբ նույնական էին հայոց շատ ազգագավառների համար, սակայն երբեմն տարբերվում էին պատրաստման կերպով, մատուցման և ճաշակման ժամանակով, անուններով: Աշնանից սկսած այս տոնի համար պահած ունենում էին զանազան չորացրած ու թարմ մրգեր, պաստեղներ, ընկուզերշիկներ և այլն: Պետք է հիշել, որ հունվարի 1-ը, ընկնելով հայոց ծննդյան տոնի շաբաթվա մեջ, պաս օր էր, և ամանորյա ուտելիքները բաղկացած էին պասին թույլատրելի ուտելեղենից: Դեկտեմբերի 30-31-ին տանտիկինները ջանասիրաբար մաքրում էին լոբին, սիսեռը, ոսպը, բրինձը, ձավարեղենը, որոնք տարբեր կերակրատեսակների ձևով պիտի զարդարեին տոնական սեղանը: Տարբեր տեղերում այդ ճաշատեսակները տարբեր էին, բայց շատերը ջանում էին դրանց թիվը հասցնել յոթի: Ահա, օրինակ, ականատեսի նկարագրությունը Բալուի ամանորյա ճաշատեսակների վերաբերյալ «ա) Պղլուր (ձավար), աղընձած ու ծեծված և խյուսի վերածված շուշմա (սուսամ), քիչ մը ծեծված մանր կարմիր պղպեղ, բավական շատկեկ ջարդված սոխ, իրարու հետ խառնելով, կը լեցնեն զանոնք մինչև կեսը կամ քիչ մը ավելի ջուրով լեցուն պուտուկի մեջ, որուն կափարիչը վրան դնելով անոր բոլորտիքը կը ծեփեն խմորով ու կը դնեն թոնիրին մեջ որ եփի, ատոր կսեն Խորու: բ)Պղլուրով ու անոր երեք անգամ սիսեռով գրեթե թոփիկի հար և նման գնդիկ կը շինեն: գ) Անուշապուր, որոն նյութերն են ծեծված ցորեն, որ մաքրված է իր թեփերեն, ընկույզ, նուշ, չամիչ, մեղր կամ ռուպ, երբեմն գազարե ալ կը դընեն, երբ զայն ունենան: դ)Փերփերապուր, ասոր ալ նյութերը կը բաղկանան չորցված փերփերե, ծեծված ցորենե, կարմիր լոպիկե (լուբիայի տեսակ մը), աղացված ոսպ, չոր, բայց քիչ պղպեղե, սոխե և շուշմայի յուղե: ե) Պահոց քեշկեկ, աս` կը բաղկանա ծեծված ցորենե, ոսպե, սիսեռե` չորցված կանկարե, ավելուկ ըսված չէր բանջարե և շուշմայի յուղե: զ) Շուշմայի հետ ասիկա զուտ ցորենի ալյուրի շաղված խմոր մըն է զոր կը բանան խիստ բարակ ու կը տապակեն շուշմայի յուղին մեջ ու հետո անոնց ամեն մեկուն երկու երեսներուն վրա կը լեցնեն կամ կը քսեն ռուպով կամ մեղրով շոեւշմային խյուսին եհտ խառնուրդը, և կը շարեն դրանք իրարու վրա, որպեսզի կակուղ մնան և թե ավելի անուշնան իրար ծեծելով: Պետք է գիտենալ, թե այս բոլոր կերակուրները պահոց կերակուրներ են»:

Շատ ընդունված էին ոսպից, սիսեռից սարքած քյուֆթան, ոսպից, սիսեռից, լոբուց, ձավարեղենից ձեթով սարքած տոլման («սուտ տոլմա»), Բալուի կերակրատեսակների մեջ հիշատակված անուշապուրի տեսակները, որ շատ տեղերում «մայրամապուր» (Մարիամի ապուր) էր կոչվում, ինչպես, օրինակ, ծեծած կորկոտով, չամիչով, չոր ծիրանով ու սալորով եփված մայրամապուրը, որի մեջ եփելուց հետո դոշաբ են դնում: Լոռեցիների համար հատուկ նշանակություն ունեին լոբին և լոբաջրով պատրաստված կերակրատեսակները: «Նոր տարին գալ չի առանց լոբու», – ասում էին լոռեցիները:

Շատ մեծ նշանակություն էր տրվում մրգերին: Չոր ու թարմ մրգերը չամիչի ու ընդեղենի հետ կազմում են ամանորյա ընթրիքի հիմնական բաղադրիչները: Որոշ տեղեր դարձյալ ջանում էին պահել «յոթ» թիվը` յոթ տեակ թարմ միրգ (օրինակ` խնձոր, տանձ, սերկևիլ, նուռ, խաղող, սեխ, զկեռ, արմավ և այլն), յոթ տեսակ չրեղեն կամ չոր մրգեր (սալորի, ծիրանի, խնձորի, տանձի, թզի, խաղողի, թթի, արմավի չրոր, զանազան չամիչներ, ունապ, փշատ և այլն), յոթ տեսակ ընդեղեն (օրինակ` ընկույզ, պնդուկ, նուշ, պիստակ, ծիրանի կորիզի միջուկը, շագանակ, ձմերուկի կորիզ և այլն), յոթ տեսակ պաստեղ (օրինակ` սալորի, ծիրանի, հոնի, մոշի, խաղողի, սերկևիլի, արմավի և այլն): Ահա թե ինչպես են նկարագրում ականատեսները Դիարբեքիրի հայերի Նոր տարվա մրգեղենի սեղանը. «… «պրկիշը» (պղնձյա կլոր սեղան) տաքուկ թոնիրին վրա դրված կըլլա, լեցուն` քաղցրավեղեններով, նպարեղեններով, բանդակներով և այլն …, որոնց նշանավորներն են ընկուզերշիկը, նշերշիկը, փոստուղերշիկը: Անդեղտան ապակիի նման պասատեղը, նուռը, սերկևիլը, արմավը ./.., սեխը, մեղրապոպը: Նաև պտուտակը, ունապը, փշատը և այլն: Փոքր սեղանի մի վրա դրված է … նշանավոր անուշեն հալվաները` ընկույզե, նուշե, շուշմայե, որոնց բույրը և համը աննկարագրելի է …»: «Տանտիկինը ցորեկին կպատրաստե «մեզեին պրկիշը»: Սեղանին վրա կը շարե նուրբ պնակներ` ամեն տեսակ մեզեղեներով լի` շաքարեղեններ, նուշ, լեպլեպի, կուտեր, նարինջ, խնձոր, նուռ և այլն: Իրիկունը, արևը մար մտնելեն վերջ, տան մեծավորը կը բազմի թոնիրին ճակատը, շուրջը ունենալով ընտանիքին մյուս անդամները: Հիմակ այս պրկիշը կը բերեն, կը դնեն թոնրին վրա. սեղանի երկու կողմը կը շարվին սեղանին շուրջը: Բոլորովին գիշեր ըլլալուն պես …, ընթրիքեն վերջ կը վերցնի մեզեի սեղանը, թոնիրի վրան կը մաքրվի, փոքրիկի մանչերն ու աղջիկները կելլեն կը նստին թոնիրին վրա` անհամբեր սպասելով «Լօլե»-ին, որ ահա կը բերվի, և մեծ պրկիշ մը դարձյալ, լեցուն հետևյալ կարգով` կարմիր չամիչով, սև չամիչ, ընկույզ, նուշ, լեպլեպի, արմավ, թուզ, սիճուգ, բոլորը իրարու վրա լեցված, որոնց ամենուն վրա կը կենան քանի մի ծալ պաստեղ: Մանուկները կը սկսին երկու ձեռքով խառնել արդեն այս խառնուրդը, որուն կըսեն «լօլեին խառնել»: Լօլեն կատարյալ չէ մանկան համար, մինչև որ չբերվի «չաթալ մոմը». ասիկա հաստ արմատ ունեցող և արմատեն քանի մը նախշուն ճյուղեր արձակող, հատկապես Լօլեին համար պատրաստված մոմ մըն է: Երեք «չաթալեն» սկսյալ` մինչև քառսուն «չաթալները» կան: Ավանդություն մը կա, թե ընտանիքը քանի անդամե որ կը բաղկանա` այնչափ պետք է որ վառված ըլլան մոմի ճյուղերը»: Քեսապում տանտիկինը «ամբարեն կը հանէր թուզի ընտիր տեսակները, չիրը, չամիչը, պաստեղը, «սուճուխ»-ը, «մըլպի»-ն, ընկոյզը, կը բովէր բեվեկ, թրջած ցորեն ու սիսեռ, կը խառնէր իրարու: Չոր մրգերն ու բովածը (կ’ավուրմու) կը դնէր ծեղէ ամաններու մէջ, ինչպես նաև պահուած պտուղները` խնձոր, տանձ, նուռ, նարինջ, սերկևիլ, ադամաթուզ: Ասոնք ճղիին ու գինիին հետ Նոր տարուան գիշերէն սկսեալ անպակաս կ’ըլլային սեղան`ն մինչև Ս. Ծնունդի երկրորդ շաբաթը»:

Նոր տարվա սիրված անուշեղեններից էին նաև աղանձը` չամիչի, մաքրած ընկույզի, նուշի ու բոված կանեփի, երբեմն` բոված սիսեռի հետ խառնած, ինչպես նաև Նոր նախիջևանում «Կաղանդ» կոչվող անուշը: Վերջինս սպիտակելոը աստիճան հարած մեղրի և կեղևից մաքրած ու բոված ընկույզի միջուկի խառնուրդն է: Դեկտեմբերի 31-ի տոնական  նախապատրաստությունների առանցքը, սակայն կազմում էին բազմաթիվ խմորեղենները: Նախ` ամենուր այդ օրը հաց էին թխում, եթե նույնիսկ մեծ քանակությամբ հաց ունենային, Նոր տարին պետք է նոր հացով սկսել: Նորոգում էին թթխմորը: Նոր տարվա համար թխվող հացի ալյուրից մի քանի բուռ 8-10 տարեկան մի աղջիկ շաղում էր` առանց թթխմոր խառնելու, այն պետք է թողնվեր ինքնաբերաբար թթվելու և սկսվող տարվա առաջին թթխմորը դառնալու: Այդ խմորից միայն մի փոքր կտոր ակշաթաթի վրա եփում և ուտեցնում էին երեխաներին, որ նրանց փորը չցավեր:Ապա թխվում էր տոնի կարևորագույն `«Տարի հաց», «Կրկենի», «Դովլաթ կրկենի»,«Կլոճ», «Փուռնիկ», և այլ անուններով հայտնի, ծիսական հացը: Տարբեր տեղերում այդ հացի բաղադրամասերը, ձևը տարբեր էր: ՏԱՐԻՆ կարող էր լինել գաթա,բաղարջ, ձվաձև, կլոր, եռանկյունի, խաչաձև և այլն` ըստ ճաշակի և ցանկության: Եթ գաթա է, ապա միջուկը`խորիսը, մեղրով է շաղախվում, և առհասարակ այս գաթայի մեջ կաթ, մածուն, կարագ, յուղ չի գործածվում: Սրա իմաստ շատ պարզ է` հայոց Ամանորը պաս օր է: Ալաշկերտում ողջ խմորն է շաղախվում ընկույզով, չամիչով, կանեփով: Սասունում  Տարի հացը կոչվում էր «Փուռնիկ» , խորիսը ընկույզի միջուկ էր, բոված կանեփի հատիկ և քաղցր պաստեղ` միասին ծեծած: Գլխավոր այն է, որ ՏԱՐԻ հացի մեջ որևէ նշան էր դրվում` կորիզ, կամ լոբի, ավելի հաճախ դրամ: «…Կաթսան է Կաղանդի փառքն ու փայլը, -գրում է քսաներորդ դարասկզբի հեղինակներից մեկը: Կաթսայի խմորն, եթե օրն է ուտիք զի Աստվածահայտնության ու Զատիկն ևս կաթա շինելու սովորություն կա,կաթով կը շաղվի իսկ եթե պահքի օր է, որպես Կաղանդինը, մեղրով կշաղվի և կըսվի խորիս կամ խորիսխ: Կաթայի երեսին վրա կը նկարվին տեսակ կենդանիներու ձևեր և շատ անգամ տաճարներու փոսիկներ, որոնց մեջ երեխեք, մանկիկ տղեկներ ցորենի հատիկներ դնելով, կը պարեն և հետո տանիքներու վրա դես ու դեն ձգելով կսպասեն, որ թռչիկներ գան, կտցեն և ուտեն…»:

 

Տարբեր տեղերում ՏԱՐԻՆ տարբեր օր են կտրում` տարեմտի ընթրիքին, հունվարի 1-ի առավոտյան, հունվարի 4-ին, հունվարի 5-ին` ճրագալուծին, հունվարի 6-ին`Ծննդին: Սասունում աշխատում էին թխել այնպես, որ կեսգիշեր չեղած կտրեին: Ջավախքում Նոր տարվա արշալույսը բացվե հետ, տանտիկինները «ՏԱՐԻն» դնում էին սկուտեղի մեջ, վրան մեղր ածում, դուրս գալիս տնից, դառնում դեպի արևելք և երեք անգամ ասում. «Դովլաթ, սարն էս, ձորն էս, արի տուն»: Ապա տուն էին մտնում, վրայի մեղրը բոլորին բաժանում, որպեսզի տարին անուշությունով անց կացնեն, իսկ «ՏԱՐԻՆ» պահում` հունվարի 4-ին կտրելու համար: Շիրակում պառավը տարին գրկում էր, տանում երդիկի շուրջը երեք անգամ պտույտ տալիս և այնտեղից գցում քուրսու վրա: ՏԱՐԻՆ կտրում էին տան բոլոր անդամների թվին հավասար, հաճախ բաժին հանելով նաև տան կենդանիներին, արտին հանդին…: ՈՒմ բաժնի միջից դուրս գար այդ նշանը, այդ տարի նա երջանիկ կլիներ կամ ընտանիքի հաջողությունը նրանից կգար: Ծիսական հացի միջի  նշանը նշանի տերը պահում էր ողջ տարին: Եթե կտրելիս դանակը դեմ էր առնում նշանին, նշանակում էր տարվա առատությունը գութանից, այսինքն` երկրագործությունից կգար: Ոմանք կտրում էին տասներկու մասի և գուշակում, թե տարվա առատությունը կամ բարեբախտությունը ո՞ր ամսից կգա:

 «ՏԱՐԻ» հացից բացի թխում էին զանազան ձևերի ու մեծության այլ խմորեղեններ, որոնք ունեին կանխատեսելու նպատակ, ինչպես նաև` հմայական խմորեղեններ: Առհասարակ ամանօրյա ուտելիքները ունեին մի քանի միտում, որոնք կարելի է խմբավորել հետևյալ կերպ.

  • հմայող-հաջողություն ապահովող
  • Գուշակությունների համար
  • չարը կանխարգելող

Հմայող-հաջողություն  ապահովող ուտելիքներից էին, օրինակ, բոլոր տեսակի հատիկները`ձավարեղենը, ցորենը և այլն, որոնց առատ օգտագործումը նախանական պատկերացումներում պիտի ապահովեր կյանքի հարատևությունը, մշտնջենականությունը: Որոշ պայամնականությամբ այդ շարքին կարելի է դասել նաև խմորեղենը, նոր թխվող հացը, որոնք նպատակ ունեին նաև տարվա առատությունն ապահովելու: Նույն իմաստն ուներ ընդեղենների առատ օգտագործումը: Մրգերի որոշ տեսակներ հայոց մեջ, ինչպես հայտնի է, հատուկ խորհուրդ ունեին: Դրանցից մասնավորապես խնձորն ու նուռը: Խնձորը ոչ միայն Նոր տարվա մրգեղենի անբաժանելի մասն էր, այլև պարտադիր էր այդ օրվա նվիրատվություններում, իսկ երբեմն` գուշակություններում: Օրինակ Պոնտոսի հայերը Տարի հացի փոխարեն տարվա «բախտավորության նշանը» խրում էին խնձորի մեջ: Հաջորդ առավոտյան  ընտանիքի անդամների թվով խնձորներ էին դնում սկուտեղի մեջ, այդ թվում` նշանը պարունակող խնձորը, և առաջարկում բոլորին  մեկական խնձոր վերցնել` ստուգելու թե ու՞մ է բաժին հասել «բախտի խնձորը»:

Գուշակությունների համար նաև թխում էին կլոր, մեջը ծակ, ցորենով ու գարիով զարդարված «հացի հոր», «գարու հոր» կոչվող խմորեղենները:  Գյուղերում թխում էին «եզան պտուկներ», «արոր», «գութան», «խնոցի», քաղաքներում ընտանիքի եկամուտը խորհրդանշող աշխատանքային գործիքի պատկերով խմորեղեն, ինչպես` «մկրատ», «մատնոց», «ուրագ», «քսակ» և այլն:  Դրանց թխոլու ձևով գուշակում, կանխատեսում էին այդ խորհրդանիշների իրական կրողների տվյալ տարվա վիճակը: Այսինքն` «հացի հորի» ուռչելը նշանակում էր հացառատ տարի,«խնոցու» ուռչելը` կաթնառատ տարի, «քսակինը» ` դրամառատ ատրի և այլն: Նույն տևժրամաբանությամբ յուրաքանչյուր մարդ կարող է թխել այն առարկայի խորհրդանիշը, որի վերաբերյալ ուզում է գուշակություն անել:

Գուշակություններ անելու նպատակով շատ տեղերում թխում էին նաև մարդակերպ ու կենդանակերպ թխվածքներ ընտանիքի անդամների թվի ահմեմատ, և տան կենդանիների տեսակներից` մեկական /եզան, կովի, ոչխարի և այլն/:  Մարդակերպ խմորեղենները Լոռիում կոչվում էին Ասիլ-Բասիլ, Գանձակում` Վասիլ: Մարդակերպ հացիկները պատրաստում էին` աչքերի, բերանի և կրծքին դրած ձեռքերի վրա չամիչներ խրելով: Թխվելու ընթացքում դրանց ուռչելը կամ սմքելը համապատասխանաբար դրական կամ բացասական գուշակություն էր տվյալ տարվա համար: Օրինակ, եթե կնոջը ներակայացնող խմորեղենի որովայնը թխելիս ուռչում էր` ընտանիքւոն նոր երեխա պիտի ծնվեր: Թխում էին կլոր, մեջը ծակ խմորեղեններ, որ «կլկալ»  էր կոչվում: Կենդանիների, թռչունների անունով թխված խմորեղենները տրվում էին ուտելու հենց այդ կենդանիներին, Նոր տարվա նոր, հոսող ջրում օծելուց հետո: Որոշ խմորեղեններ ունեին միաժամանակ հաջողություն ապահովող և չարը կանխարգելող խորհուրդ: Օրինակ, թիֆլիսահայերը սովորություն ունեին, ի թիվս տոնական այլ խմորեղենների, թխել նաև երկու հաց, որոնցից մեկը կոչվում թր «Էգ», մյուսը` «Չիք»: «Էգը» ողջ տարին պահում էին ալյուրի մեջ, որպեսզի ալյուրը առատանար, «Չիքը» գցում էին հոսող ջուրը, որ չարիքը, «չկան» անցնող ջրի հետ չքանան: Սեբաստիայում Նոր տարուն թխում էին «կայծակի հաց»  վստահ, որ այն ուտելուց հետո կայծակնահար չէին լինի: Նույն Սեբաստիայում ամանորյա հացիկներից պահում էին մինչև գարուն և, եթե գարունը չորային էր լինում, երեք անգամ թրջելով կտոր-կտոր թափում էին որևէ այրու երդիկից, որպեսզի անձրև գար: Բութանիայում, Պոլսում այդ օրվ խմորեղեններից պահում էին մինչև Տյառընդառաջ, այդ օրը չորացած հացը կոտրում և ուտում էին, որպես ատամնացավը կանխող  միոց: Չարը կանխարգելու նպատակով ընդեղենը ջարդվում էր միայն դեկտեմբերի վերջին օրվա գիշերը,հունվարի մեկից հետո մինչև Ծննդյան տոները այլևս ջարդել չէր կարելի, այլապես գութանը կվնասվեր: Առհասարակ` հունվարի մեկից մինչև Ծնունդ որևէ բան ջարդելը չարագուշակ նշան էր:

Այսօր Նոր տարին բարդ է պատկերացնել առանց տոնածառի:Այս համատարած երևույթի ուշագրավ դրսևորումներ հանդիպում ենք նաև որոծ հայակական սովորույթներում:Օրինակ,  Պոնտոսի հայերի մեջ ընդունված էր Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ մի ճյուղ խրել նախաօես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ: Այդ ճյուղը«Կաղանդի ծառ» է կոչվում: Տնեցիներից յուրաքանչյուր «Կաղանդի խառից» կտրում էր փոքր ոստ և ինքն իր լուսավոր ճակատագիրն  ապահովելու նպատակով զարդարում ընկուզեղենով: Առավոտյան տանտերը հաստ ճյուղը տանում էր եկեղեցի, քահանային օրհնել տալիս, հետ բերում տուն, տան անդամներից յուրաքանչյուրի մազերից մեկ-մեկ մազ հանում, փաթաթում ճյուղին և այն ամրացնում  գերանին: Բարեբեր իմաստ ուներ հասկերով կամ հասկերից պատրաստված «ծառերով» զարդարանքները, որոնց վրա նույնպես կախվում էին չարխափաններ: Նոր տարվա տոնական խնջույքը սկսվում էր դեկտեմբերի 31-ի ընթրիքով: Ծատ տեղերում այդ օրն այցելություններ չէին լինում, սակայն ընթրիքին ընտանիքի բոլոր անդամների ներկայությունը պարտադիր էր: Միայն նշանված աղջիկներն իրենց նշանածներին մետաքսյա գույնզգույն թելերով փնջած խնձոր էին ուղարկում և նրանցից նույնպես խնձոր էին ստանում` մեջը արծաթյա տաս կոպեկանոցներ խրած:Այլ տեղերում, ընդհակառակն, տոնական այցելություններն սկսում էին հենց այդ երեկո, ինչպես, օրինակ, Քեսապում, ուր «Նոր Տարուան» գիշերը մօտիկ ազգականներ ու դրացիներ, մեծ ու պզտիկ, իրարու կ’այցելէին: Ոչ ոք տունը կը պարպէր կամ ճրագը կը մարէր: Կէս գիշերին կը հնչէր եկեղեցու կոչնակը, կորոտային հրացանները:Գիւղացիք դուռը կը բանային, հին տաուան չարքերը դուրս դնելու ևւ Նոր տարուան բարիքները ընդունելու համար, ապա, կարգով կը շնորհաւորէին իրարու Նոր Տարին»: Տան ավագագույն անդամը բարձրացնում էր առաջին բաժակը, օրհնում սեղանը, շնորահվորում տնեցիների և ընտանիքի Նոր տարին և առաջարկում բոլորին առաջին բաժակի հետ մեղր համտեսելԱնուշ մեղր ոտենք, որ տարին բոլոր անուշ զրուցենք, անուշ լսենք, անուշ վարվենք»:  Որոշ տեղերում ընթրիքն սկսելու առաջ տան գլխավորը երեք բուռ կաղին, ընկույզ էր նետում տանիք « Շեն կենա Կալանտար, բարով Կալանտար ըլլա» խոսքերով, վստահ, որ նետված այդ կաղին-ընկույզը առաջիկա տարվա առատությունը պիտի ապահովի: Ընթրիքին հաջորդում էր աղանդեր ճաշակումը, որ բաղկացած էր թարմ ու չոր մրգերից, խմորեղեններից, ընդեղենններից…

Նոր տարվա համահայկական  սովորույթներից կարելի է առանձնացնել, առաջին հերթին, նախորդն օրն ու գիշերը 10-12 տարեկան տղաների, որոշ տեղեր նաև` աղջնակների խմբերի ծիսական շչջայցերը և տոնը շնորհավորելու ավանդույթը: Խմբերը պարելով շրջում էին փողոցներում և որևէ մեկի տանը մոտենալիս սկսում էին երգել: Սովորաբար շնորհավորում էին երգելով: Երգերը` բարեմաղթություններ էին, ընտանիքի անդամների գովք, տոնական ճաշատեսակների խնդրանք: Մինչ տներում զբաղված էին տոնական պատրաստություններով, տղաները երգելով տուն էին մտնում կամ երդիկից դատարկ տոպրակ իջեցնելով ավետում էին հին տարվա ավարտը, Նոր տարվա ԳալուստԸ: Չնայած բովանդակային մեծ ընդհանրությանը, այդ երգերը շատ էին տարբերվում: Նախ դրանցից յուրաքանչյուրը կատարվում էր տեղական բարբառով, երգերում հիշատակվող ուտելիքների թվարկումից, ըստ էության  կարելի է պատկերացնել տվյալ տեղանքի Նոր տարվ անհրաժեշտ  մթերքների առարկայական ցանկը, ապահով, բարեկցեիկ կյանքի վերաբերյալ տեղական պատկերացումները և այլն: Բերենք մի քանի օրինակ.

Կըտեր հողը խնգան փոշի

Ծոցը վրեն ծալած ոսկի

Դուռը վըրեն  փերթ ըրեքնակ,

Կտեր վըրեն բոլոր լիսնակ,

Տան սները կերոններ,

Ոսկե կամար գերաններ:

ԲԱրի րիգուն ալէլուիա,Աշեն, հաշեն, էս տունը`շեն,

Սին ու գերան` սողոմաշեն,

Տուն ավլողներ` ջուխտ աղունակ,

Ձեռնավելը` փունջ մանուշակ,

Թորոնները խորաննի են,

Հացթուխները` խսնում խաթուն,

Էս տանը կա երկու լիզու,

Մինը` բարի, մինը` չարի,

Չարինը` ընդի, բարինը` ըստի,

Բարին վեր գա, ձեզ հետ նստի,

Բարով թող գա ձեր նոր տարի,

Մուրազներուդ չիմ կատարի,

Ձեր տուն մտնու Հազար բարի,

Աճար, ցորեն, կորեկ, գարի,

Լիքը հորեր շատ ունենաք,

Կարմիր օրով, կարմիր շորով.

Ուրախ կենաք միշտ կուշտ փորով:

                                       Լոռի

Այսպիսով, Լոռիում Նոր տարուն մաղթում էին «չարի անհետացում, բարի գալուստ», «մուրազների կատարում», «լիքը  հորեր` աճարի, ցորենի, կորեկի, գարու», «կարմիր օրեր», «Կարմիր` նոր շորեր», «կուշտ փոր»:…: Իսկ «տունը շեն է», տան աղջիկները /ավլողները/ աղավնի են, տան տիկնայք` /հացթուխները/ խանումխաթուն, տունն ինքն ամբողջովին  հրաշք է, նրա թոնիրը խորան է, կտուրի հողը` խունկ, ոսկի, շրջապատված արևով ու լուսնով, տան սյուները կերոններ և այլն:

Ալյուրը, ցորենը, կորեկը, հաճարը, մաղթվում է ամենուր.

Սարերի կարմիր լալեն եմ,

Բարով եկար,

Հազար բարի,

Իմ նոր մինուճար բալեն եմ,

Խերով եկար,

Թազա տարի:

Թասը լցնեմ կարմիր գինով,

Բարով եկար,

Հազար բարի,

Փլավ բերեմ ոսկե սինով,

Խերով եկար,

Թազա տարի:

Ամբարս լցնեմ բերք ու բարի,

Բարով եկար,

Հազար բարի,

Ալյուր, ցորեն, հաճար, գարի,

Խերով եկար,

Թազա տարի:

                            Էջմիածին

Այս մաղթանքներին շատ նման է Հյուսիսային Կովկասի Ղզլար քաղաքի հայակական համայնքի միջավայրում Նոր տարուն երգվող երգում հնչող բարեմաղթությունները.

***

Ահա եկավ Նորն տարի,

Հետը բերավ նոր բարի,

Մանր տղոց ուրախ օր,

Բարի զավակ հորն ու մոր:

Մանր տղայք են ուրախ,

Ունեն  կաղին, գոզինաղ,

Սալորի չիր, չամիչ, թուզ,

Փշատ, ունապ և ընկուզ:
Մանր տղայք չմոռնաք,

Աշխարհումս չեք մենակ,

Որիշ շատ խեղճ տղայք կան

Աղքատ և անօգնական:

***

Շնորհավոր Նոր տարի,

Ծեր տունը շեն իլի,

Պարով նոր հաքնեք,

Միշտ ուրախ իլեք:

Հացը բոլ իլի,

Աչկը կուշտ իլի,

Ծեզ էլ փայ իլի,

Մեզ էլ փայ իլի:

Նոր տարին ուրախ,

Ուտենք գոզինաղ,

Չամիչ, թաթարու,

Ունենք ստանալու:

Եմիշ ու գինի

Միշտ էլ բոլ իլի,

Միշտ ուրախ ապրենք,

Մե լավ քեփ քաշենք:

Տունը շեն իլի, բարաքաթ իլի

Միշտ ջոմարդ իլեք,

Մեզ էլ միշտ հիշեք:

Շնորհավոր Նոր տարի:

                               Ղզլար

 

 

Կիլիկիահայերի մեջ երգվող երգերում հնչում է հնի ու նորի սահամանակետում սպասելիքների ամբողջությունը, որում խտացած է ամեն ինչ.« Թե խելք, թե կյանք, թե մալ»: Իսկ Նոր Նախիջևանում` հայակական գաղթօջախում, երգվող երգը շատ ավելի պարզ է. «Նորը, Հարսը, Գալանտոսը եկել է` լրիվ նոր ու առատ, շալե շապիկով ու կարմիր գոտիկով, եկել է որպես Նոր տարի և համեստորեն համաձայն է«մեկ ավուճին»:

***

Ալելուիա, ալելուիա,

Հինը գնաց, նորը կու գա,

Հինը ուրախ ճանապարհեք,

Նորի համար պատրաստեցեք

Դուռ, լուսամուտ բացեք,

Ինչ որ կամիք խնդրեցեք,

Թե կյանք, թե խելք, թե մալ,

Ամենքիդ մուրազն ալ

Կու տա, միամիտ եղեք:

Աղաներ ու խաթուններ,
Ձեզ շնորհավոր Նոր տարի,

Ապրիք շատ ու շատ տարի:

                                          Կիլիկիա

 

***

Գալանտոս տոս, տոս

Գալանտոսը եկել է,

Դուռին տակը կայնիլ է,

Շիլա շապիկ հագիլ է,

Կարմի գոտի կապիլ է,

Մեկ ավուճին խայիլ է,

Գալանտոս, տոս, տոս,

Գալանտոսը եկել է,

Դուռին տակ կայնիլ է,

Շիլա շապիկ հագիլ է,

Կարմիր գոտի կապիլ է,

Մեկ ավուճին խայիլ է:


Նոր Նախիջևան

 

Բալուում երգվող տարբերակում նույն ակնկալիքներն են.

***

Բարի եկար, Նոր տարի,

Տուր մեզի ցորեն, գարի,

լե, լե, լե, լե, ախ լե, լե

Մեր փեթակն ալիր կուզե,

լե, լե, լե, լե

Տանտիկինը եղ կուզե,

լե, լե, լե, լե

Բուխերիկս մուխ կուզե,

լե, լե, լե, լե

Մեր օճառը փատ կուզե,

 լե, լե, լե, լե

Եգուն /այգինպաղջին պտուղ տուր,

լե, լե, լե, լե

Մեր աղջիկին փեսա տուր,

լե, լե, լե, լե

Մեր տղային հարս մը տուր,

լե, լե, լե, լե

Հիւնտություն /հիվանդությունթող չըլի

լե, լե, լե, լե

Քեսատութին /վաստակի նվազում/ թող չըլի,

լե, լե, լե, լե

Հեյրան Նոր տարի

                              Բալու

 

Մեկ այլ երգում սպասելիքներն են տանտերերից, այդ թվում «շարոց, պաստեղ, չիր, ճըմուռ, քաղցու,բաղարջ, բլիթ, գաթա …» և այլն.

***

Այսօր Կախ է, վաղն է Կաղանդ,

Կախանն յո՞ր է, վաղն է Կաղանդ, ալելա,

Շարոց, բաստեղ, չիր ու հեվեք,

Գոգնոց բացեք, գոգով տվեք, ալելա:

Տուն ու երդիք լիք են շարքով,

Բարով Կաղանդ, բարկարեվով, ալելա,

Ճոլոտ մամուն ճըմուռ, քաղցու,

Ջոջիկ պապուն բաղարջ, բլիթ, ալելա:

Ճիժպիժերուս շարանշարան,

Շարոց, բաստեղ, անոյշ կաթ, ալելա:

Գոգնոց բացեք, գոգով տվեք,

Ափով բաժնենք, ծափով ուտենք, ալելա:

Լոյս է իջեր վեր գերեզմընին,

Ողորմիս ձեր լոյս մեռելին, ալելա:

Գոգնոց բացեք, գոգով տվեք,

Ափով բաժնենք, ծափով վայլենք, ալելա:

 

Նոր տարին վանում երգվող երգը իր մեջ խտացրել է ժողովրդական պատկերացումները, քրիստոնեական խորհրդանիշները, կոնկրետ գյուղի անձանց, տվյալ ընտանիքի ակնկալիքները և «ողջ հայ ազգի ողջության »  մաղթանքը:

***

Շնորհավոր տոն ու տարին,

Նոր Կաղանդն և յուր բարին,

Պատ վեր խըման, խիմ վեր քարին,

Վեմ քարն ի Պողոս Պետրոս

Բանլիս տվեց փրկիչ Յիսուս:

Տունը շեն, շեն շինական,

Յուղն ու բլիթ նստան, կերան,

Բասիլիոս անուն բարի,

Որ ազատեց խեն քրիստոնեն,

Տարին են տարին, օրն են օրեն:

Ձեր տունը շեն հետ արևուն,

Արևն էրկներ ձեր տղեքներուն,

Չարը զատաներ, բարին մոտենար:

Օղորմի աղին, ծառ տընկողին,

Լեզկա ռես Բաղտոյին,

Գըզիր Խաչոյին, տան ճեռչին:

Ուտենք, խմենք անոյշ գինին,

Ասենք օղորմին, ողջութեն հայոց ազգին:

                                                    Վանի Լեզք գյուղ

 

Երեկոյան սկսված շրջայցերը հաջորդ օրը շարունակվում էին, երբեմն` երկու –երեք օր, անդադրում ավետելով Նոր տարվա գալուստը և տոնական, զվարթ համարձակությամբ իրենց սպասելիքները  թվարկում.

***

Ավետիս, ավետիս, ավետիս,

Հա՛յ եկել է, եկել է,

Ով եկել է, գայլն եկել է,

Կարմիր կովեն յեղ կուզե,

Կուտուզ հավեն հավկիթ կուզե,

Ավետիս, ավետիս, ավետիս,

Ավետիս, ավետիս, ավետիս,

Յուղեն կռե, մեղրեն կռե, տանտիկին,

Սերեն բռնե, մեղրեն կռե, տանտիկին,

Քիչ մ՛ալ յուղ հետդ բերես տանտիկին,

Սախըն մատըդ ալ հետ չկռես, տանտիկին,

Ավետիս, ավետիս, ավետիս:

                                        Բաբերդ

 

 

 

***

Աս օր Կաղ է, վաղը Կաղընտ,

Ձեր մեռելին հոգուն տվեք ուր գա,

Տանտիկին, տանտիկին,

Էլի գնա մարագն ի վար,

Կարճ բռնե, էրկան կըյե,

Կամացուկ ուր մատիկդ չկըյես:
Ով ուր տա` շեն կենա,

Ով ուր չիտա` հավուն տոտոզը չորնա:

                                                                 Ակն

***

Նէնէներ, մամաներ

Կալնտօս տուէք

Տարին օրիկ մըն է,

Ամեն տարի, բարով հասնիք աս օրեսրս:

Դուք ալ ապրիք, մեծնաք, եավրուներս,

Աստուած շնորհք և իմաստութիւուն տայ:

                                                              Սեբաստիա

 

***

Ահա եկաւ Նոր տարի

Հետը բերավ նոր բարի,

Մանր տղաք ենք ուրախ,

Ունինք կաղին, կոզինախ:

                                Կարին

                                       

***

 Կաղնտոսը` տոս

Էլէք տուեք երկու կոկոզ.

Վով օր չտուեց`

Իրանց հաւուն ճիվը կը կոտրեմ.

Էկէր հաւ չունին`

Ճժուն կը կլոտրեմ.

Կաղնտոսը` տոս:

 

***

Կախնդող, տող ու տող,

Կայներ եմ տանքի պօլօզ,

Հատ մը թալիք կախնդող

Քամին թռուց զիմ քօլօզ:

                                  Մուշ

 

Տանտիկինը կախված տոպրակի մեջ դնում էր մրգեր, հատուկ այդ նպատակով թխված խմորեղեն, ընդեղեն, չամիչ և այլն:

Ընթրիքից հետո, կեսգիշերն անց երիտասարդները գնում էին թարմ, Նոր տարվա սկզբի հետ նորոգված ջուր բերելու: Շատ տեղերում աղբյուր` ջրի էին գնում ընտանիքի մի քանի անդամ` տարբեր նպատակներով:Առհասարակ այդ ժամի ջրին հատուկ զորություն էր վերագրվում:

Ջավախքում երիտասարդները երկաթե շիշը և ակիշը ձի արած արշավում էին գետը, նրա մեջ ցորեն ու գարի լցնում և սրբազան ջուրը տուն բերում: Երբեմն այդ ժամին բազմաթիվ մարդիկ շրջապատում էին աղբյուրը , ջերմորեն աղոթում և ջրի շիթերին խառնում Նոր տարվա բնորոշ խմորեղենների կտորներ, գարու, ցորենի հատիկներ` ասելով.

Քեզի կուտամ ցորեն, գարի,

Դուն ա ինձի տու բարի

Շնորհավոր Նոր տարի:

Ջրին բարին, ջրին մորին,

Անդնդային թագավորին,

Ջուր կաղնդե՞ր ես:

Այսպիսով շնորահվորում էին ջրի Նոր տարին միաժամանակ` մյուս խմորեղեններից, ինչպես նաև մի խուրձ խոտ թրջելով նորոգված ջրով, ջանում քաղել նրա զորությունը: Ջրի մեջ հատիկներ, հացիկներ գցելով` սովորաբար ասում էին.

***

Առ քեզի գարի,

Տուր մեզի բարի,

Առ քեզի քյումուր /ածուխ/,

Տուր մեզի էօմյուր /կյանք/,

Առ քեզի հատիկ,

Տուր մեզի զատիկ:

***

Առ գարի,

Տուր բարի,

Առ երկաթ,

Տուր դովլաթ:

 

 

***  

Առ քեզի գարի,

Տուր ինձի հազար բարի:

 

Ուշագրավ է, որ ջրի հետ առնչվող սովորություններում ակնհայտ զգացվում է կանանց ու տղամարդկանց որոշ տարբերություններ: Ջրին շնորհավորելու` «ջուրը կաղանդելու» սովորույթը վերապահված էր տարեց կանանց, նրանք էին ջրի մեջ հատիներ ու հացի, խմորեղենի կտորներ գցում, նրանք էին ասում հմայական, շնորհավորական խոսքերը:Կեսգիշերին կժերը լցնում էին տղաները, իսկ խոտի խրձերը թրջում էին տղամարդիկ:

Այդ գիշեր ջրի մեջ թրջած հացի կտորները որոշ տեղեր ամբարի մեջ պահում էին մինչև տարվա վերջ, որպեսզի հացը առատ լինի:«Հացի հոր» կոչվող կլոր, ծակ թխվածքը կախում էին տան պատից: Գիշերը թրջված խոտը, կենդանիների, երկրագործական պատկերներով  թխված հացի կտորները  առավոտյան ջրում թրջելուց հետո, ուտեցնում էին կենդանիներին: Որպես կանոն ուտեցնելու այդ պահը ուղեկցվում էր բարեմաղթություններով: Օրինակ, Խապին Գարահիսարում թռչուններին Նոր տարվա առաջին կերը տալիս երգում էին.

Ճու, Ճու, ճու, ձագուկներ, իմ սիրելի վառեկներ,

Մոտ եկեք տամ ձեզ հատիկ, որ ինձի շար հավկիթ,

Ճու, ճու, ճու, ճու, թռչնիկներ, կարմի, ճերմակ հավուկներ,

Եկեք կաղնտեմ ձեզ ալ, տամ ձեզ հատիկ, ջուր զուլալ:

Նույն կերպ և անասուններին .

Եկեք, սիրուն բուչիկներ, սիրամ ու կարմիր գույներով,

Ձեզ ալ տամ հատիկ, կեր, որ կաղնդչեք եմ բերեր:

Դուք ալ ապրիք տարիներ, ձեր սիրական զավակով,

Համբուրեմ ձեր ճակատներ, սյուսլի՜վ պուռմա կոտոշներ:

Տան ջրի բոլոր անոթները լցնում էին նորոգ ջրով: Ջրի կեսգիշերային զորությունը այնքան մեծ էր, որ ոմանք վստահ էին, որ այդ պահին հոսող ջուրը իր հետ կարող է տանել չքացնել դողերոցքով հիվանդի ցավը: Ձմեռվա այդ սառնամանիքին  հիվանդներ կային, որ մերկանում էին և մի ակնթարթով  մտնում էին գուռից հոսող ջրի տակ, ապա գրեթե մերկ վազում էին նստում թթի ծառի վրա:  Խառի տակից մեկը ձայն էր տալիս.« Ի՞նչ ես անում այդտեղ»: «Թութ եմ ուտում»- պատասխանում էր հիվանդը: «Հիմա ու թու՜թ, հիմա ու դո՜ղ»,-գոչում էր ծառի տակինը և կացնով զորավոր հարված հասցնում խառի բնին: «Ի՞նչ ես անում»,-«սարսափահար» հարցնում էր «թութ ուտողը»: «Խփում եմ ու եթե ձեռքիցս գա`հոգիդ էլ կհանեմ», սպառնում էր խառի տակինը և իբրև թե սարսափահար դողը անմիջապես լքում էր հիվանդին:

Հացից ու ջրից զատ նորոգվում էր նաև կրակը: Դեռևս քսաններորդ դարասկզբին օջախն էր տաքացնում տունը, կերակուրները նունպես պատրաստվում էին կրակի վրա: Օջախն առհասարակ տան սրբազան անկյուններից էր,  և նրա հետ կապված բազմաթիվ սովորույթներ ապահովում էին օջախի բարոյական ու առարկայակակն անձեռնմխելիությունը: Բայց Նոր տարվ օջախը առանձնահատուկ էր, երբ նորոգվում էր կրակը: Խատ տեղերում մեծ քոթուկ էին դնում օջախի մեջ` աստիճանաբար առաջ մղելու պայմանով այնպես, որ մինչև խնունդ կրակն անմար մնար: Ծննդյան երեկոյին վերցնում էին այդ քոթուկից մնացած խանձողները, տանում հանդերում թաղում, որ բերքն առատ լինի և կարկուտը չխփի, ինչպես նաև պահում էին ու կարկուտի ժամանակ դուրս նետում, որ կարկուտ կտրվի: Տնեցիներից ով ներս էր մտնում տուն, թեկուզ օրվա մեջ մի քանի անգամ, անպայման հետը թեկուզ մի փայտ էր ներս բերում և դնում օջախը` շնորհավորելով տոնի առթիվ: Միայն տան մեծի բերած փայտի կտորը մի փոքր վառվելուց հետո հանում էին, կրակը հանգցնում և մոխրում թաղում: Այդպես էին անում մինչև ջրօրհնեք, որից հետո տանում թաղում էին արտի ծայրում, որ հունձն առատլինի: Այդ օրերին օջախի կրակի պայծառությունն առհասարակ ապահովում էր ընտանիքի կյանքի պայծառությունն ու ջերմությունը տարվա ընթացքում:

Բազմաթիվ գուշակությունները Նոր տարվա անբաժան մասն էին կազմում: Ջավախքում նոր տարուն տնից առաջին անգամ դուրս գալիս հայրը գոմ էր մտնում տնեցիների ուղեկցությամբ , ձին քաշում գոմի մեջտեղը, և բոլորն անհամբեր սպասում էին, թե ձին ինքնուրույն ո՞ր ոտքը առաջինը կբարձրացնի: Աջը բարձրացնելը մեծ բարեբախտություն էր գուշակում, ձախը`ձախորդություն: Նույն Ջավախքում հունվարի 1-ն առհասարակ «բախտ-փորձուկ» էր: Երիտասարդ տղաներն ու աղջիկները նախորդ օրը թխված «ղառղռի կլիկները»` կլոր, փոքրիկ հացիկները դնում էին կտուրներին կամ դեզերի վրա և հետևում, թե դրանք կտցող ագռավները ք՞ր կողմը կթռչեն. Այդ կողմից էլ սպասվում էր հարսնացուն կամ փեսացուն:  Կիպրոսի հայերը նույն գուշակությունն անում էին եղան հետ.հունվարի 1-ի առավոտյան  տանտերը գոմ էր մտնում, լայանտերև թփով հարվածում պատերին, մսուրին, բոլոր ընտանի անասուներին, աապա երկու կլոր խմորեղեն հագցնում սիրելի եզան կոտոշներին, այդ խմորեղեններին երկու վառվող մոմ փակցնում և եզանը դեպի դուռը հրում. Եթե եզը դռան սեմը աջ կճղակով անցներ` բարի նշան էր, եթե ձախ` վատ, չարագուշակ: Ուստի ամեն ջանք գործադրում էին, ար եզը աջ կճղակով անցներ:

Այլ վայրերում գիշերը, երբ տնեցիները նստում էին մոմի լույսի ներքո և մոմի լույսից պատերին գծագրվում էին ստվերները, այդ ստվերների ձևերով, լուսավորության ու դժգունության աստիճանով գուշակում  էին դրանց տիրոջ լուսավոր կամ մութ, անորոշ ապագան տվյալ տարվա համար: Աղջիկներն էլ ձուն մաքուր լվանում էին, ,մի թասի մեջ ճերմակ ձվի կողքին դնում էին ածուխ ու հինա և գիշերը թողնում թոնրի շրթին: Եթե առավոտյան ձուն կարմրած լիներ, ենթադրում էին, որ այն դնող աղջիկն այդ տարի կարմիր բախտի կարժանանա, այսինքն ` կամուսնանա, սևանալու դեպքում  սև բախտ էր սպասվում, նույնիսկ` մահ: Աղջիկների ճակատագրի գուշակության մեկ այլ ձև էր այն սովորությունը, երբ նրանք գիշերը երեք անգամ ավլում էին թոնրի պատերը և այդ նույն ավլելը գիշերը դնում իրենց բարձի տակ: Եթե առավոտյան ավելի ճյուղերից ոչ մեկը ջարդված չէր լինում` լավ ճչակատագրի էր գուշակվում:

Գոըշակություններից զատ, մի շարք միջոցներ էին ձեռնարկում հաջողություններն ապահովելու: Նախ, խուսափում էին որևէ մեկին փոխ տալ, հատկապես` թթխմոր, դրամ, առհասարակ ծախս չէին անում: Առավոտյան տան դուռն առաջինը տան մեծն էր  բացում, որ նա ծատ տարիներ իր տանից անպակաս լիներ: Առավոտյան վաղ նոր բերած ջուրը հեղում էին տան անկյուններում` տան առատությունն ապահովելու համար, նույն նպատակով յոթ տան աղբանոցից փայտի խշուրներ էին հավաքում և գցում իրենց աղբանոցը, միմյան ցնվերներ էին տալիս, հատկապես մեծերը` փոքրերին: Վաղ առավոտյան տան մեծը մատուցարանի մեջ շարում էր հաց, գինի, մեղր և չորս խնձոր, որոնց վրա չորս մեղրամոմ էր վառվում:Մատուցարանը տանելով տան չորս անկյունները` ասում էր. «Անուշ արեք, ովքեր չեք երևում, շնորհավոր Նոր տարի»:  Ապա դուրս էր գալիս և աղոթում Աստծուն, խնդրելով, որ ամբողջ տարին իր տան համար անցնի այնպես քաղցրությունով, ինչպես քաղցր էմատուցարանը, տուն մտնում, տան բոլոր անդամներին հրավիորւմ ճաշակելու հացից ու մեղրից, ասելով` «Էսպես քաղցր պառավես»: Մեղրից խաչաձև քսում էր դռան ճակատին և վառած մեղրամոմի ծխով սևացնում քսած տեղը, մի կարմիր շոր կապում և ներս մտնելով` երեխաներին բաժանում նրանց համար թխված խմորեղենները: Դրանից հետո, մինչ նա «կաղնդում» էր հավերին, տան տղամարդը «կլկլաներն» առած մտնում էր գոմ` նախապես գոմի դռան վերևը մեղրով խաչ քաշելով, գոմեշների աջ եղջյուրին մի-մի կլկալ անցկացնում, բերաններին մի քիչ մեղր քսում:

Նոր տարվա գիշերը Նոր նախիջևանցիները վախենում էին «Խոնջոլոզների» և «Առայիմ-թառայիմ» -ների երևալուց: Խոնջոլոզները տանիքներում, կտուրի տակ ապրող էակներ էին, պատռված հագուստներով, որոնց ծվեններից երկաթե գնդեր էին կախված: Եթե  նարնցհաջողվում էր որևէ մեկին բռնել, նստում էին նրա վրա և ճնշում իրենց ծանրության տակ: Առայիմ-թառայիմները պատկերացվում էին երկաթե երկար եղունգներով, երակր ու սպիտակ մազ-մորուքով: Սրանք հիշեցնում էն պարսկահայերի «Խլվլիկը» :

Որոշ տեղեր Նոր տարվա հետ հմայում-հեռացնում էին բոլոր չարիքները: Այսպես, տան անդամներից մեկը բարձրանում էր տանիք և այնտեղ սկասում աղմուկ հանելՙ փայտով, կացնով, որևէ սուր բանով: Ներքևից մեկը հարցնում էր.

-Ի՞նչ ես անում:

_ Մուկ եմ բռնել,-պատասխանում էր վերևինը:

_Ու՞ր պիտի ուղարկես:

_Ստամբուլ (պատսասխանը պիտի պարունակեր որքան հնարավոր է հեռու երկրի անուն): Որոշ դադարից հետո վերսկսում էր աղմուկը, կրկնվում էր հարցը:

-Ի՞նչ ես անում

-Ցավ եմ կտրում:

_Ո՞ւր պիտի ուղարկես:

Ինգլիզ (Որքան անհասանելի է երկիրը, այնքան  լավ, սակայն կարող էր  ուղարկել նաև մոտիկ թշանամի կամ նույնիսկ  որևէ չսիրված մարդու տուն):

Այս երկխոսությունը կարող էր շարունակվել այնքան, մինչև  տան բոլոր կարիքները, չարիքը ուղարկեին, հեռացնեին:

Տան դուռը երբեք չէր փակվում: Առավոտ շուտ կարող էին սկսվել այցելությունները:Բոլոր հյուրերը խիստ ցանկալի էին: Այցելում էին տոհմի մեծերին, ծնողներին, խնամիներին, հարևաններին, քավորին, գյուղապետին, քահանային: Նշանված աղջկան  «փայ» էին ուղարկում  փեսացուի միջոցով: Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն տուն չէին մտնում, առնվազն մի խնձոր էին ավելացնում սեղանի բարիքներին՝ բարեկեցության և երկարակեցության մաղթանքներով: Թե տնեցիները, թե այցելուները տուն մտնում էին աջ ոտքը առաջինը մտցնելով, այլապես ձախորդություններն անպակաս կլնիեին:

Բարեմաղթանքներ

 

  • «Շնորհավոր ձեր Նոր տարին, առատ, ուրախ, անկորուստ տարի լինի, բարով հասնեք մեկ էլ էս օրվան, առողջ, երջանիկ լինեք, բոլոր պանդուխտները վերադառնան»:
  • «Շնորհավոր Նոր տարի, ամէն տարի ուրախութենով աս օրս հասնինք»: Պատասխան. «Քուկդ աշնորհավոր, բարով, խերով շատ տարիներ աս օրս հասնինք.հրամմէ, վեր նստի»:ու թոռն
  • «Տարիդ շնորհավոր: Սաղ ըլիք, ուրախութէնի տարի ըլի, ցամաք ածքով, ուրախ սրտով ամէն տարի էս օրս հասնունք, ուրախունով տարեմուտ ենք անում, ուրախութենով էլ սուրբ Յարութեանը արժանանանք, լի ու առատ ըլի, աստված մահին թանգութին տայ, հացին՝էժանութին»:
  • «Երկնավոր թագավոր, դու բարով, խերով տարի էնես, դու հալևորիս ու տղոցս, հարսներուս ու թոռներուս հետ շատ տարիներ նէասիպ էնես, մեկուճար աղջկանս մէ բարի դուռըմ բանաս»:

 

 

 

Օգտագործված գրականության ցանկ

Հ. Խառատյան՝ «Հայ ժողովրդական տոները»

Գ.Գևորգյան « Ղզլար»

Ս. Մկրտչյան՝ «Տոներ»

2 комментария в “Ամանորի ծես: Թատրոնի խումբ: Նախագիծ

  1. Уведомление: Ամանորի ծես. Նախագիծ | Անուշ Աթայան

  2. Уведомление: Ամանորյա ծես. նախագիծ | 3-1 դասարան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s